«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆԻ ՀԵՏ

0
2081

«Արցախի Միջազգային Ճանաչումը Մեր Արտաքին Քաղաքական Օրակարգի Առաջնահերթութիւններից Է»

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը հարցազրոյց է տուել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին:

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ».- Պարոն Մայիլեան, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան շուրջ վերջին զարգացումների եւ յատկապէս Հայաստանից ԱՄՆ հեռացող դեսպանի աղմկայարոյց յայտարարութեան ֆոնին դուք վերստին յստակեցրիք ղարաբաղեան խաղաղ կարգաւորման գործընթացում ԱՀի դիրքորոշումը՝ յայտարարելով, որ Մադրիդեան սկզ-բունքները վաղուց արդէն հնացած են եւ չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացի համար: Նաեւ կարեւորեցիք միջնորդների հետ աշխատանքն այնպիսի հունով, որ նրանք կարգաւորման համար հնացած մօտեցումներ չօգտագործեն: Կ՛ուզենայինք իմանալ՝ արդեօք հնարաւորութի՞ւն էք ունեցել այս տեսակէտը փոխանցել միջնորդներին:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ մենք յայտնել ենք մեր դիրքորոշումը՝ Արցախի լիարժէք մասնակցութեամբ բանակցային գործընթացի եռակողմ ձեւաչափի վերականգնման եւ բանակցային գործընթացի հետ կապուած որոշ մօտեցումների վերանայման անհրաժեշտութեան վերաբերեալ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումը բխում է կարգաւորման գործընթացի առաջմղման շահերից, ինչը թոյլ կը տայ նոր ազդակ հաղորդել բանակցութիւններին:

Ինչ վերաբերում է ամերիկացի դիւանագէտ Ռիչարդ Միլսի յայտարարութեանը, հարկ եմ համարում նշել, որ ադրբեջանաղարաբաղեան հակամարտութիւնը տարածքային բնոյթ չի կրում: Եւ պատահական չէ, որ նոյն Միլսի դիտարկմամբ՝ հայ հասարակութիւնը չի ընդունում որեւէ հեռանկար՝ կապուած տարածքային զիջումների հետ:

Տարիներ շարունակ հնարաւորութիւն եմ ունեցել տարբեր միջազգային փորձագիտական եւ դիւանագիտական շրջանակներին ներկայացնել, թէ ինչո՛ւ այս հակամարտութիւնը տարածքային վէճ չէ: Մասնաւորապէս, հարցը նրանում է, որ երբ 1988թ. սկսուեց հակամարտութեան նոր փուլը, նախկին ԼՂԻՄի շուրջ գտնուող տարածքները, անգամ ԼՂԻՄի կազմում գտնուող շրջաններից մէկն ադրբեջանցիների վերահսկողութեան տակ էին: Այսինքն, չնայած այդ տարածքները վերահսկում էին ադրբեջանցիները, այնուամենայնիւ, հակամարտութիւն կար: Հետեւաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարաւոր է հասնել հակամարտութեան կարգաւորմանը:

Այս ամէնը վկայում է այն մասին, որ հիմնախնդրի լուծման հնարաւորութիւնների որոնումը տարածքային զիջումների հիման վրայ անհեռանկարային է եւ չի արտացոլում հակամարտութեան էութիւնը:

Ինչպէս բազմիցս նշել է Արցախի Հանրապետութեան նախագահը՝ կարգաւորման առանցքում պէտք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրաւունքը:

 

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ».- Պաշտօնական Ստեփանակերտը միջազգային հանրութեանը ներկայանում է անփոփոխ դիրքորոշմամբ, այն է՝ բանակցային լիարժէք ձեւաչափի վերականգնում եւ Արցախի մասնակցութիւնը հակամարտութեան կարգաւորման բոլոր փուլերին: Ձեր ուշադրութիւնն ենք հրաւիրում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երեւանում հնչեցրած այն յայտարարութեանը, ըստ որի՝ ՀՀում Դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Ն. Փաշինեանն, ամենայն հաւանականութեամբ, ուժեղ մանդատ կ՛ունենայ, ինչը թոյլ կը տայ վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղութիւններում, ներառեալ ղարաբաղեան խնդրի հանգուցալուծումը: Ինչպէ՞ս կը մեկնաբանէիք նախագահի խորհրդականի յայտարարութիւնը:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշումները կարգաւորման շուրջ յստակ են: Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները տարիներ շարունակ հետեւողականօրէն ընդգծել են բանակցութիւնների եռակողմ ձեւաչափի վերականգնման անհրաժեշտութիւնը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետութեան ուղղակի եւ լիիրաւ մասնակցութեամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգաւորումն առաջ մղելու եւ գործընթացում արդիւնաւէտութիւն ապահովելու համար:

Կարգաւորումն, իր հերթին, պէտք է հիմնուած լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրաւունքի իրացման փաստի ճանաչման վրայ: Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանութիւնների պատրաստակամութիւնը՝ թէ իւրէ ստանձնել տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան ապահովման համար պատասխանատուութեան իրենց բաժինը:

Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտութեան մասին յայտնել է նաեւ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը, ինչը նաեւ ամրագրուած է ՀՀ կառավարութեան ծրագրում:

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանաղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանաւորուած, անիրական են:

 

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ».- Մեր հարեւան եւ բարեկամ երկրի՝ Իրանի հետ հայկական երկու պետութիւնների յարաբերութիւնները մշտապէս հաւասարակշռուած են եղել: Իրանի նկատմամբ կիրառուող արեւմտեան պատժամիջոցների համատեքստում հարաւկովկասեան հանրապետութիւնների դիրքորոշումները կարող են տարբեր լինել՝ այդ երկրի հետ յետագայ յարաբերութիւնները կառուցելու առումով: Հնարաւո՞ր է, արդեօք, Իրանի նկատմամբ Արցախի դիրքորոշման փոփոխութիւն:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Մենք բազմիցս ենք յայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ յարաբերութիւնների հաստատման պատրաստակամութեան վերաբերեալ: Նաեւ հաշուի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ. ձգուող սահման, յուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասութիւնները խաղաղ հանգուցալուծում կ՛ունենան, եւ Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնայ հայկական պետութիւնների վրայ:

 

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ».- Ձեր հարցազրոյցներից մէկում, անդրադառնալով ապրիլեան պատերազմից յետոյ ստեղծուած իրավիճակին եւ մասնաւորապէս Բաքուի կողմից հակամարտութեան կարգաւորման բացառապէս խաղաղ հունին վերադառնալու կոչերի անտեսման փաստին, շեշտել էք այն միտքը, որ անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական եւ դիւանագիտական միջոցներ, ինչը կ՛ապահովի խաղաղ գործընթացի անշրջելիութիւնը: Այդ առնչութեամբ ի՞նչ կ՛ասէք:

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼԵԱՆ.- Ներկայումս մենք մեր անվտանգութիւնն ապահովում ենք հիմնականում ռազմական միջոցներով, որը դասւում է «կոշտ ուժ»ի տարրերի շարքին: Սակայն համոզուած ենք, որ անվտանգութեան աստիճանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաեւ «փափուկ ուժ»ի տարրերի, մասնաւորապէս՝ Ադրբեջանի նկատմամբ զսպման քաղաքական-դիւանագիտական միջոցների կիրառում, ներառեալ՝ Արցախի անկախութեան միջազգային ճանաչմանն ուղղուած քայլեր: Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթութիւններից է, որը կ՛ապահովի խաղաղ գործընթացի անշրջելիութիւնն ու տարածաշրջանային անվտանգութիւնը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here