Լինելու Ենք Նախաձեռնող՝ Մեր Քաղաքական Ուղեգիծն Առաջ Տանելու Իմաստով. Արսէն Համբարձումեան

0
1416

«ԵՐԿԻՐ».- Խորհրդարանական արտահերթ ընտրութիւններուն Դաշնակցութեան արձանագրած արդիւնքները չարդարացուցին սպասելիքները, միւս կողմէ, քաղաքական ուժը պատրաստ էր նման զարգացման: Ստորեւ կը ներկայացնենք «Երկիր»ի թղթակից Մարիամ Պետրոսեանի զրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հետ:

ԱՐՍԷՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Վերջնական գնահատումներ դեռ չենք արել, առաջիկայ օրերին ընտրութիւնների արդիւնքների ամբողջական վերլուծութիւն կ՛արուի տարբեր տեղերից ստացուող տեղեկատուութեան հիման վրայ: Պէտք է արձանագրեմ, որ ընտրութիւնների արդիւնքները մեր սպասելիքները չարդարացրեցին, մենք ակնկալում էինք, որ շատ աւելի բարձր ցուցանիշներ կ՛ունենանք եւ ներկայացուած կը լինենք Ազգային ժողովում: Միւս կողմից՝ պատրաստ էինք նաեւ նման զարգացման: Կարծում եմ, որ համեստ ցուցանիշների արձանագրումը երկու հանգամանքով է պայմանաւորուած. առաջին՝ ընտրութիւնները տեղի ունեցան յեղափոխական էյֆորիկ (խանդավառ) տրամադրութիւնների ներքոյ, երկրորդ՝ ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերը սահմանափակ ժամանակ ունէին՝ կազմակերպչական եւ քարոզչական աշխատանքներն ամբողջ ծաւալով իրականացնելու առումով: Անկասկած, այս երկու գործօնն իրենց բացասական ազդեցութիւնն ունեցան եւ դա էր հիմնական պատճառը, որ արձանագրուեցին նման արդիւնքներ: Բայց կարծում եմ՝ ընտրութիւնները նաեւ ցոյց տուեցին, որ, ի տարբերութիւն միւս քաղաքական ուժերի, Դաշնակցութիւնն ունի բաւականաչափ կայուն ընտրազանգուած, ինչը մեզ յոյս է ներշնչում, որ կարող ենք յետագայ քաղաքական գործունէութիւնն իրականացնել՝ յենուելով մեր համակիրների բաւականին հոծ շրջանակի վրայ:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Էական տարբերութիւն կայ Երեւանում եւ մարզերում արձանագրուած ցուցանիշների միջեւ, ինչո՞վ էք դա բացատրում:

ԱՐՍԷՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Ինչ վերաբերում է Երեւանում համեստ արդիւնքներ արձանագրելուն, ապա նախորդ ընտրութիւնները ցոյց են տուել, որ Երեւանում ունենք համակիրների շատ աւելի համեստ շրջանակ, ուստի այս առումով օրինաչափ էր արձանագրուած արդիւնքը: Միաժամանակ պիտի ասեմ, որ, ի տարբերութիւն նախորդ ընտրութիւնների, այս անգամ առանձին տարածքներում եւ բնակավայրերում քուէարկութեան պատկերը տարբերւում էր, եւ եղել են մարզեր, որտեղ բաւականաչափ լաւ ցուցանիշներ ենք ունեցել, եղել է մարզ, որտեղ երկրորդ արդիւնքն ենք գրանցել, աւելին, մի քանի մարզերում ներկայացել ենք որպէս երրորդ քաղաքական ուժ:

Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել՝ քաղաքական ուժերի մասին ճիշդ չէ դատողութիւն անել խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ունեցած ձայներով, քանի որ այդ ցուցանիշները շատ փոփոխական կարող են լինել, ինչի վկայութիւնն են ե՛ւ վերջին արտահերթ, ե՛ւ 2017ի խորհրդարանական ընտրութիւնները: Դրանք յստակ արձանագրում են մի պարզ իրողութիւն՝ շատ կարճ ժամանակահատուածում հնարաւոր է տրամադրութիւնների այնպիսի փոփոխութիւն, որ արձանագրուած տուեալներն էականօրէն տարբերուեն նախորդներից: Սա վերաբերում է ե՛ւ նախկին «Ելք» դաշինքին, ե՛ւ դրան մաս կազմած կուսակցութիւններին, ե՛ւ խորհրդարանական միւս ուժերին: Եւ եթէ համեմատելու լինենք, ապա կը տեսնենք՝ եթէ ՀՀԿն այս ընտրութիւններում, նախորդի համեմատ, կորցրել է իր ձայների աւելի քան 90 տոկոսը, իսկ ԲՀԿն՝ շուրջ 70 տոկոսը, ապա Դաշնակցութեան կորուստները շատ աւելի փոքր են, ինչը նոյնպէս մտածելու տեղիք է տալիս: Ես վստահ եմ՝ եթէ ընտրութիւնները 6 ամիս յետոյ տեղի ունենային, կ՛ունենայինք բոլորովին այլ պատկեր: Վստահ եմ նաեւ, որ առաջիկայ զարգացումները քաղաքական ուժերի վարկանիշի վրայ էական ազդեցութիւն են ունենալու:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ ի՞նչ եզրայանգումներ է անելու Դաշնակցութիւնը: Համաձա՞յն էք այն տեսակէտի հետ, որ Դաշնակցութիւնը եւս ռեբրենդինգի (ապրանքանիշը նորոգելու-Խմբ.) կարիք ունի:

ԱՐՍԷՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ.- Դաշնակցութիւնն այն ուժն է, որը չեմ կարծում, թէ պիտի մոդային տուրք տայ: Դաշնակցութիւնը կայացած քաղաքական ուժ է, ուստի չեմ կարծում, որ ռեբրենդինգի անհրաժեշտութիւն ունենք: Մեր օրակարգերն աւելի մատչելի ներկայացնելու խնդիր ունենք, բայց ոչ թէ՝ դրանք փոխելու: Կրկնում եմ՝ խնդիր ունենք մեր օրակարգերը, քարոզչական դաշտում մեր ասելիքը մատչելի կերպով մեր քաղաքացիներին ներկայացնելու: Ի տարբերութիւն այլ քաղաքական ուժերի, որոնց պարագայում անձերի փոփոխութիւնը էական ազդեցութիւն կարող է ունենալ քաղաքական ուժի գործունէութեան եւ գոյութեան վրայ, Դաշնակցութեան պարագայում հնարաւոր չէ, որ նման բան տեղի ունենայ այն պարզ տրամաբանութեամբ, որ Դաշնակցութիւնը մէկ կամ մի քանի անձերի շուրջ համախմբուած ուժ չէ: Եւ անկախ ղեկավար կազմի ներկայացուցիչների փոփոխութիւնից՝ կուսակցութիւնն ունի իր յստակ ուղեգիծը, ծրագիրը, ասելիքը, եւ այդ առումով չեմ կարծում, թէ խորքային վերատեսութեան կարիք ունենք: Տակտիկայի (մարտավարութեան-Խմբ.) հետ կապուած, անշուշտ, խնդիրներ կան, որ կուսակցութիւնը պիտի վերանայի որոշակի մօտեցումներ, կազմակերպական առումով հսկայական անելիք ունենք, որը նոր իրողութիւնների պարագայում պիտի կարեւորուի: Այս տեսանկիւնից անելիքի հսկայկական դաշտ կայ:

Բացի այս՝ որպէս արտախորհրդարանական քաղաքական ուժ՝ մեր անելիքը եւ ասելիքը ճշգրտումների ենթարկելու հարց ունենք, քանի որ չեմ կարծում, թէ խորհրդարանում ներկայացուած ընդդիմութիւնը գաղափարական եւ կադրային իմաստով ունի այն ներուժը, որ հանդէս գայ որպէս այդպիսին: Ըստ իս՝ իրական ընդդիմութիւնը ձեւաւորուելու է խորհրդարանից դուրս, եւ այս առումով Դաշնակցութիւնը հսկայական անելիք ունի մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրաւէրների ֆօնին, որոնց մասին քարոզարշաւի ժամանակ բարձրաձայնել ենք: Առաջիկայ ժամանակահատուածում պիտի փորձենք ոչ թէ հակազդողի, արձագանգողի դերում լինել, այլ նախաձեռնողի՝ տարբեր խնդիրների հետ կապուած մեր մօտեցումները ներկայացնելու եւ մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here