Գարեգին Բ կաթողիկոսն «Արմենպրես»-ի 100-ամյակի առթիվ հյուրընկալեց գործակալության տնօրենին

0
650

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Արմենպրես» լրատվական գործակալության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  հյուրընկալեց գործակալության տնօրեն Արամ Անանյանին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Վեհափառն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց «Արմենպրես»-ի տնօրենին ու աշխատակիցներին գործակալության կարևոր առաքելության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց լրատվամիջոցների դերակատարությունը հասարակության կյանքում արժեքների պահպանության և փոխանցման գործում՝ մասնավորապես ընդգծելով ԶԼՄ-ների կրթադաստիարակչական առաքելության անհրաժեշտությունը: Գարեգին Բ կաթողիկոսը նաև անդրադարձավ «Արմենպրես»-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև գործակցությանը:

«Տեղյակ եմ, որ նախանձախնդիր եք Սուրբ Էջմիածնի գործունեության լուսաբանման նկատմամբ՝ դրանով ձեր նպաստը բերելով Հայոց եկեղեցու գործունեության հանրայնացմանը: Մեծապես գնահատում ենք «Արմենպրես»-ի  աշխատանքը: Ուրախ եմ նաև, որ լավ գործակցություն է առկա Մայր Աթոռի և ձեր միջև: Այս առիթով ցանկանում ենք շնորհավորել Ձեզ գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, որը պատվաբեր և պատասխանատու հանգրվան է: Բարձրորեն գնահատելի է գործակալության անցած պատմական այս ուղին և նրա ծանրակշիռ վաստակը հայ լրագրության մեջ»,- ասաց Վեհափառը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ գործակալությունն ավանդաբար Մայր եկեղեցու կողքին է:

««Արմենպրես»-ն այսօր արդեն լրահոսը թողարկում է 5 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանից նաև արդեն ֆրանսերեն: «Արմենպրես»-ն արդեն թողարկում է օրական 300 լուր: Տարվա ընթացքում պետք է որակապես բարելավենք ֆոտոծառայությունների և տեսածառայությունների աշխատանքը և 100-ամյակը դարձնենք դեպի առաջ նայելու հնարավորություն»,-ասաց Անանյանը:

«Արմենպրես»-ն այսօր ունի 25 գործընկեր, 4 միջազգային լրատվական կառույցի անդամ է, և այդ թիվն առաջիկայում ավելացնելու է:

 

 

 

http://armenpress.am/arm/news/959694/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here