Պարկ և քարոզ՝ երկու առաջարկ հոգևորականներին

0
519

Վազրիկ Բազիլ

Հայկական համայնքներում յաճախ խօսւում է «հայկական զգացուﬕ» մասին, որ նա պակսում է երիտասարդութեան մէջ, որ առանց այդ զգացուﬕ հիւծւում է «հայկական ինքնութիւնը», որ համայնքների առաջնահերթ պարտականութիւնն է «մատաղ սերնդին» փոխանցել այդ զգացումը։ Հակիրճ ասած՝ «հայապահպանութիւնը» զգացական հարց է։

 

Իհարկէ ես դեռևս չեմ հասկացել թէ ի՞նչ է նշանակում «հայկական զգացում» կամ որո՞նք են այդ զգացուﬕ տարրերն ու նշանները։ Սակայն կռահելով ասածի և համոզուածի ﬕջուկը պիտի «զգացում» բառը փոխարիէի «զգայարանք» բառով և վերոյիշեալ ամփոփումը՝ հետևեալով՝ «հայապահպանութիւնը» զգայական հարց է։

 

Զգայարանքները հայ մշակոյթի մէջ որբակեաց են, կարծես թէ երկրորդական լինեն, թերագնահատելի՝նոյնիսկ ﬔղք, ﬕնչ հոգեկանը ծնողանում է և դառնում ճշմարտութեան, բարութեան ու գեղեցկութեան ակունք։ Հաւանաբար քրիստոնէութեան թիւրըմբռնուﬓ է, որ սատարում է նման նախապաշարուﬓերի տարածմանը։ Ճիշտ է, որ քրիստոնէութեան մէջ արմատացած է մարﬓի ու զգայարանքների հանդէպ թերագնահատանքն ու արհամարանքը՝ այն աստիճան որ Աստուծուն մօտենալու և ﬕանալու համար անհրաժեշտ է համարւում «սպանել« մարﬕնը և չէզոքացնել զգայարանքները։ Պղոտինը (205 Ք.ծ.յ.) նոյնիսկ ամանչում էր, որ մարﬕն ունէր։ Սակայն սա քրիստոնէական հայեցակէտ չէ, որովհետև նախ մարﬕնը Աստծոյ արարչագործութեան մաս է կազմում ու «բարի» է, և ապա կենդանի մարﬕնը հոգեկանի և զգայականի անքակտելի ամբողջութիւնն է։ Թոյլն ու չարն ու ﬔղքը սերում են այդ ամբողջութիւնից և ոչ թէ ﬕայն մարﬓականից կամ զգայականից։

 

Սակայն անկախ աստուածաբանական այս մտքերից մարդաբանութիւնը ﬔզ ուսուցանում է, որ ճանաչողութեան հիմքը զգայարանքներն են։ Թովմաս Ակուինացիի (1225-1274) նշանաւոր ասոյթը հանրածանօթ է՝ „Nihil est in intellectu, quod non fuerit in sensu“, որը նշանակում է՝ «Իմացութեան մէջ ոչինչ կայ, եթէ նախօրօք զգայարանքների մէջ չի եղել»։ Լայպնիցը (1646-1716) լրացնում է այս գաղափարը շարունակելով՝ „nisi intellectus ipse“, «բացի ինքը իմացութիւնը»։ Այն ինչ որ ինձ այստեղ հետաքրքրում է ոչ այնքան ճանաչողութեան էութեան հարցն է, այլ գործնական այն հետևումը որ նոր սերնդին  «հայկականութիւնը» փոխանցելու համար պէտք է զգայարանքներից սկսել իմացութեան հասնելու համար։ Զգայարանքները այսօր կրկին թերագնահատւում են, բայց լրիւ տարբեր պատճառով։ Այսօր թուայնացուﬓ է, որ  եռածաւալ իրական աշխարհը սեղմում է համակարգիչի երկածաւալ աշխարհում, մարդը սակայն եռածաւալ էակ է և երեխաների կազմաւորման համար հոտոտելիքը, շօշափելիքն ու ճաշակելիքը նոյնքան կարևոր են ինչքան համակարգիչի ﬕջոցով տեսնելն ու լսելը։ Նոյնիսկ այս պարագային էլ իրական ձայներ ու գոյներ լսելն ու տեսնելը տարբեր է և այս տարբերութիւնը նկատելն էլ կոփում է երեխաների նկարագիրը։ Ինքնութիւնն էլ, թէ անհատականը և թէ հաւաքականը, online չէ, այլ offline, ոչ թէ երկծաւալ, այլ եռածաւալ։

 

Համայնքները փորձում են ամէն գնով առինքնել երիտասարդութիւնը, իրենց ներգրաուել համայնքային աշխատանքների մէջ, որպէսզի երբ հին սերունդը հրապարակից քաշուի նոր սերունդը ստանձնի և շարունակի համայնքային կամ գաղութային աշխատանքները։

 

Այս ջանքերում համայնքներն ու հովիւները կեդրոնանում են երիտասարդների վրայ և յաճախ մոռանում են մանուկներն և մանուկների ծնողները։ Մինչ բարդ է թափանցել երիտասարդների գիտակցութեան ու ներաշխարհի մէջ և աւելի ժամանակատար՝ եթէ նրանք արբունքի տարիքի մէջ են, աւելի դիւրընթաց է հասնել մանուկների անգիտակցին՝ զգայարանքների ﬕջոցով։ Հինգ զգայարանքների ﬕջոցով կարելի է մանուկներին ընտելացնել, մտերմացնել հայ մշակոյթի հետ և յուսալ, որ աւելի ուշ, երբ երեխաները ﬔծանան, այդ մտերմութիւնը հանգի հարազատութեան։ Սակայն այս բոլոր նկրտուﬓերը ապարդիւն կը ﬓան, եթէ ծնողները չը գործակցեն և բոլոր պարտականութիւնը բեռնեն համայնքների և հոգևորականների ուսերին։ Մինչ երիտասարդների պարագային ծնողների դերը սահմանափակ է, մանուկների պարագային դա էական է։

 

Այս ներածականից յետոյ ահաւասիկ իմ երկու առաջարկները։

 

Ա) Պարկ

Ամէն հոգևորական թող երեխաներ մկրտելուց յետոյ ծնողներին ﬕ պարկ նուիրի։ Այդ պարկը թող հինգ զգայարանքները սնող հինգ առարկաներ պարունակի՝ բոլորն էլ հայկական յղուﬓերով, ինչպէս ներոյիշեալ ցանկում։ Այս ցանկը ոչ սպառիչ է, ոչ վերջնական և ոչ էլ հարկադրական։ Կարևորը սկզբունքն է, իսկ օրինակները փոխարինելի են։

 

Տեսողական                    Այբուբենը՝ ամէն գիր տպուած, գծագրուած կամ                                                                                               լուսանկարուած առանձին թուղթի վրայ                                                     Լսողական                       Կոﬕտասի որևէ ﬕ մանրասկաւառակ

Ճաշակելիք                     Նուռ

Շօշափելիք                     Տեսանելիքի նման

Հոտոտելիք                     Խունկ կամ Papier d’Armenie

 

Երբ երեխան չոչում կամ խաղում է, թող գրերը երեխայի շրջապատում լինեն՝ յատակի կամ գորգի վրայ, որպէսզի ինքը խաղալու ժամանակ այդ գրերը անընդհատ տեսնի։ Երեխաների աչքն ու ձեռքը պիտի տենսեն, շօշափեն, ակռկեն այս առարկաներին, առանց որ ծնողները երկար բարակ այբուբենի կամ հայերէն լեզուի մասին խօսեն կամ այդ գրերը դիտուﬓաւոր երեխաների ուշադրութեանը յանձնեն։ Իրենց առկայութիւնը երեխաների շրջապատում բաւարար է։

 

Նոյն անուղղակի կերպով թող երեխան խաղալու ժամանակ ենթախորքում Կոﬕտասի երաժշտութիւնը լսի՝ օրը գոնէ մէկ ժամ։ Այսպիսով մանուկները կամաց կամաց կը մտերմանան հայկական երաժշտութեան և հայկական դասական երաժշտութեան հետ, առանց ծնողների առընթեր բացատրութիւնների կամ ﬔկնաբանութիւնների։ Նոյն սկզբունքը կարելի է կիրառել ﬕւս առարկաների պարագային։ Նուռի օշարակ և խունկի կամ Papier d’Armenieի բոյր։

 

Հոգևորականները թող այս պարկը մկրտութիւնից յետոյ յանձնեն ծնողներին և իրենց հակիրճ բացատրեն այս ﬕջոցառման նպատակն ու սկզբունքը։ Սա առաջին քայլն է։ Իսկ երկրորդը՝ նոյնքան կարևոր՝ այն է, որ մկրտող հոգևորականները պարբերաբար, տարին երկու անգամ հանդիպեն ծնողներին և տեղեկանան թէ արդեօք իրենք գործադրում են այս առաջարկը և որոնք են իրենց փորձառութիւնները։ Այս խօսակցութիւնն ու պարբերական յիշեցումը անհրաժեշտ է, որովհետև ծնողները նոյնքան ուղեցոյցի պէտք ունեն, ինչքան մանուկները։

 

 

Բ) Քարոզ

Այս կիրառական կէտին ուզում եմ աւելացնել վարդապետական ﬕ կէտ՝ պատարագիչների քարոզների բովանդակութիւնը։

 

Ինչքան լաւ կը լինէր, եթէ հոգևորականները նաև այն հարցի մասին քարոզէին, որ զգայարանքներն էլ կրթութեան ու կրթանքի կարօտ են, որ թուայնացած այս ժամանակում հաղորդակցութեան նոր ﬕջոցները պէտք է գիտակցաբար ու վերապահութեամբ գործածուեն, որ ծնողները պէտք է իրենց ընտանեկան կեանքում ժաﬔր վերապահեն՝ մանաւանդ երեխաների ներկայութեամբ, որոնց ընթացքին իրենք ոչ բջիջային հեռաձայնը գործածեն, ոչ համացանցում դեգերեն, և ոչ հեռատեսիլ նայեն, այլ երեխաների հետ խաղան, երգեն, պարեն, արտասանեն, այսինքն բոլոր զգայարանքները բանեցնեն։

 

Հաղորդակցութեան այս նոր ﬕջոցները ﬔզ նոյնիսկ անասնացնում են։ Անասունը իր հակազդեցութիւնների մէջ անﬕջական է, որովհետև իր բնազդը անխաթար է, ﬕչդեռ ասունը, այսինքն մարդը, թոյլ և անորոշ բնազդ ունի և մշակոյթ է ստեղծում զսպելով իր կիրքերը, զգացուﬓերն ու ձգտուﬓերը։ Անասունը չի կարող ինքն իրեն զսպել և հետևում է իր բնազդին։ Հաղորդակցութեան նոր ﬕջոցները ﬔզ ստիպում են SMSին, Facebookին, twitterին ևայլն անﬕջապէս պատասխանել, անﬕջական ներկայութիւն ցուցաբերել, անﬕջապէս կարծիք յայտնել՝ համաձայնել, հակառակել, հաւանել։, Այս անﬕջականութիւնը անասնական է, ոչ ասնական, մարդկային։ Այսօրուայ գոնէ Եւրոպայում տիրող հանրային դիւրագրգռութիւնն ու յարձակողականութիւնը այս անﬕջականութեան հետևանքներն են։

 

Ինչքան լաւ կը լինէր, եթէ հոգևորականները նաև այն հարցի մասին քարոզէին, որ երեխաների կեանքը կշռոյթի պէտք ունի՝ աﬔնօրեայ կանոնաւոր կրկնութեան։ Այս առօրեայ կշռոյթը կոչւում է ծէս։ Ծէսը և ծիսակատարութիւնը ﬕայն կրօնական երևոյթներ չեն, այլ ընդհանուր մարդկային։ Ընտանիքներն էլ պէտք է մշակեն իրենց ծէսերը, որոնք երեխաներին վստահութիւն են ներշնչում և ինքնավստահութիւն տալիս։ Ծէսն էլ կրթութեան ու կրթանքի մաս է կազմում։

 

Եւ ինչքան լաւ կը լինէր, եթէ հոգևորականները նաև այն հարցի մասին քարոզէին, որ խօսելուց բացի լռելն էլ առաքինութիւն է։ Յովհաննէս Մանդակունի կաթողիկոսը (410-490) «լռութիւնը» դասում է, «խոնարհութիւնից» առաջ, կարևոր առաքինութիւնների շարքին։

Բեռլինի Յիսուսեան գիշերօթիկ ﬕ վարժարանում տնօրէնը ամէն առաւօտեան աշակերտների հետ նախաճաշից առաջ մատուռ է գնում ոչ թէ առաւօտեան պաշտամունքը կատարելու, այլ երեք վայրկեան ﬕասնաբար լռելու համար։ Հայերէնում «լռել» և «լսել» բառերը նոյն ակունքը ունեն։ Լսելու համար լռել է պէտք։ Նաև եկեղեցում։ Ինքնամփոփուելու ու կեդրոնանալու յատկութիւնները զօրացնում են երեխայի անհատականութիւնը և նպաստում իր առօրեայ յաջողութեանը։ Դասական հռետորութիւնը ուսուցանում է ոչ ﬕայն լաւ խօսելու արուեստը՝ ars bene dicendi այլ նաև լռելու արուեստը՝ ars tacendi, որը չի հակադրւում խօսելուն, այլ ամբողջացնում է խօսելու արարքը։ Լռելու ունակութիւնն էլ կրթութեան ու կրթանքի մաս է կազմում։

 

Երբ հոգևորականները այս հարցերի մասին քարոզեն, կ՚օգնեն ընտանիքներին, կը նպաստեն երեխաների կրթութեանը, իրենց կ՚ընտելացնեն հայ մշակոյթի հետ և կ՚ուսուցանեն, որ աղօթել ոչ թէ ﬕայն խօսել է նշանակում, այլ նաև լռել՝ լսելու համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here