Նալպանտեան. «Սաֆարովի Սքանտալային Գործը Լուրջ Հարուած Է Հասցրել ԼՂ-ի Բանակցային Գործընթացին»

 «Ցաւօք, մենք նոյնպէս, աշխարհի մեր անկիւնում, ականատեսն ենք եղել անհանդուրժողականութեան ու ատելութեան: Տարէց տարի Հայաստանն իր մտահոգութիւններն է բարձրաձայնել այս ամբիոնից ռազմատենչ հռետորաբանութեան, միջազգային յանձնառութիւնների կոպտագոյն ոտնահարման ու հակահայկական հիստերիայի մասին, որը պատուաստւում է ատրպէյճանական հասարակութեան մէջ իր ղեկավարութեան ամենաբարձր մակարդակներից», ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանին յայտարարեց Հայաստանի արտաքին գործոց նախարար Էտուարտ Նալպանտեան:
    Ան իր ելոյթին մէջ դիտել տուաւ, որ մարդու իրաւունքներով զբաղող բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ իրենց ահազանգը հնչեցուցին Ատրպէյճանի մէջ այլատեացութեան, ցեղապաշտութեան, անհանդուրժողականութեան ու մարդու իրաւունքներու ոտնահարումներու աղաղակող դէպքերուն մասին. անոնք նաեւ զգուշացուցած են հայերուն հանդէպ ատելութեան քաղաքականութեան առնչութեամբ։
    «Եւ ի՞նչ է Ատրպէյճանի արձագանգը: Այն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրութեան սպասելիքները, այլեւ մշտապէս նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք քաղաքակիրթ աշխարհի արժէքներին դէմ են: Վերջին նման դէպքը Ատրպէյճանի կառավարութեան կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն էր, մարդ, ով Պուտափեշտում կայացած ՆԱԹՕ-ի ծրագրի ժամանակ քնի մէջ հայ սպայ էր կացնահարել, պարզապէս որովհետեւ նա հայ էր: Ատրպէյճանի ղեկավարութիւնը նրան ազգային հպարտութեան խորհրդանիշ է դարձրել եւ օրինակ, որն հետեւելու է երիտասարդութիւնը», նշեց Նալպանտեանն ու աւելցուց. «Աշխարհի արձագանգը միաբերան էր եւ շատ պարզ՝ դատապարտելով այն, ինչ կատարուեց Պաքուի կողմից: Ատրպէյճանն իր զարմանքն է արտայայտում միջազգային հանրութեան կեցուածքի կապակցութեամբ: Եւ ինչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրութիւնը կը ծափահարի՞ սարսափելի մարդասպանի հերոսացմանը: Ատրպէյճանի ղեկավարութիւնը շարունակում է ձեւացնել, թէ այս քայլը համապատասխանում է ոչ միայն Ատրպէյճանի սահմանադրութեանն ու օրէնսդրութեանը, այլեւ միջազգային օրէնքների եւ համապատասխան եւրոպական կոնվենցիայի նորմերին ու սկզբունքներին: Այդ երկրի ղեկավարութիւնը պնդում է, թէ այն, ինչ արուել է, շատ լաւ է: Տխուր է, որ մի երկրի սահմանադրութիւն ու օրէնսդրութիւն կարող է թոյլ տալ մարդասպանի հերոսացում եւ աշխատավարձի վճարում այն բոլոր տարիների համար, որ վայրագ մարդասպանն անց է կացրել բանտում»:
   Նալպանտեան յիշեցուց, որ Եւրոխորհրդի մարդու իրաւունքներու յանձնակատարը  զգուշացուցած է, որ «նման մարդու հերոսացումն ու պարգեւատրումը դէմ է գնում մարդու իրաւունքների պաշտպանութեան ու օրէնքի գերկայութեան բոլոր ընդունուած չափանիշներին: Եւրոպական խորհրդարանի նախագահն ու Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը զգուշացրել են, որ ի չարս է գործադրուել եւրոպական իրաւական փաստաթուղթը: Մարդու իրաւունքների հարցերում ՄԱԿ-ի բարձր յանձնակատարը  նշել է, որ «այս լրջութեան էթնիկական մղումներով ատելութեան յանցագործութիւնը պէտք է դատապարտուի եւ ըստ պատշաճի պատժուի, ոչ թէ հասարակաւ հերոսացուի», յայտնեց Նալպանտեան:
«Շատ պարզ է, որ միջազգային իրաւական սկզբունքների ու օրէնքների մասին տարբերուող պատկերացումներ կան, տարբերուող պատկերացումներ Ատրպէյճանում եւ աշխարհի միւս մասերում, թէ ինչն է լաւ, եւ ինչը՝ վատ: Սա խորապէս անպատասխանատու եւ ամօթալի վարքագիծ է ոչ միայն ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամի համար, այլեւ ՄԱԿի անդամի համար:
«Յստակ է, որ միջազգային հանրութիւնը չպէտք է հանդուրժի ատրպէյճանական ղեկավարութեան ջանքերը՝  յարմարեցնելու միջազգային իրաւունքը սեփական ռասիստական գաղափարախօսութեանը: Ներքին հարուստ կորուփցիոն փորձ ունենալով՝ Պաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական յարաբերութիւնների հարթութիւն‘ օգտագործելով այն որպէս գործիք՝  սեփական թիւրընկալումներն ուրիշների վրայ բարդելու համար: Միջազգային հանրութիւնը չի կարող հանդուրժել Ատրպէյճանի փորձերը՝  փոխարինելու օրէնքի գերակայութիւնը նաւթի գերակայութեամբ», ընդգծած է արտաքին գործոցնախարարը:
Նալպանտեան նշեց, թէ Սաֆարովի սքանտալային գործը լուրջ հարուած հասցուցած է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին եւ վտանգած տարածաշրջանային փխրուն անվտանգութիւնն ու կայունութիւնը:
     «Ատրպէյճանը տարածաշրջանի անվտանգութեան ու կայունութեան համար վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դէմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդւում են իր ղեկավարութեան ամենօրեայ ռազմատենչութեամբ, ոչ միայն մերժելով երեք համանախագահ երկրների առաջարկները՝ զինադադարի ռեժիմն ամրապնդելու, շփման գծում դէպքերի ուսումնասիրման համար հետաքննական մեխանիզմ հաստատելու վերաբերեալ, այլեւ զինադադարի կանոնաւոր խախտումներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ատրպէյճանի շփման գծում, այլեւ Հայաստանի հետ սահմանին սադրանքներ հրահրելով, հայկական պատմական ու մշակութային արժէքների հանդէպ անդադար բարբարոսութիւններ իրականացնելով»:

Ան նաեւ նկատել  տուաւ, թէ մինչ Հայաստանը, միջազգային միջնորդներուն հետ համադրաբար կը ջանայ բանակցային սեղանին շուրջ քննարկել տագնապը, Ատրպէյճան կը բազմապատկէ իր ռազմական պիւտճէն՝ վերջին քանի մը տարիներուն ընթացքին աւելի քան քսանապատիկով եւ ատով կը հպարտանայ։ «Մինչ Հայաստանը եւ միջազգային հանրութիւնը կոչ են անում դիպուկահարներին հեռացնել շփման գծից, Ատրպէյճանի ղեկավարութիւնը մերժում է այն եւ դիպուկահարների դպրոց բացում երիտասարդների համար: Մինչ Հայաստանը կոչ է անում տարածաշրջանային համագործակցութեան, որը կարող է կողմերի միջեւ վստահութեան ամրապնդման գործիք դառնալ. ատրպէյճանական իշխանութիւնները յայտարարում են, որ Թուրքիայի հետ նրանք կը շարունակեն շրջափակումը մինչեւ Հայաստանում ոչ մի հայ չմնայ», դիտել տուաւ ան:
          «Հայաստանը եւ միջազգային հանրութիւնը մէկ լեզուով են խօսում Լեռնային Ղարաբաղի հարցի առումով: Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման վերաբերեալ փաստաթղթերը, որ ընդունուել են ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին 2010-ին եւ նախարարական համաժողովներին Հելսինկիում՝ 2008-ին,  Աթէնքում՝ 2009-ին, Ալմաթիում՝  2010-ին, Վիլնիւսում՝  2011-ին, համանախագահ երկրների նախագահների յայտարարութիւնները Մեծ ութնեակի գագաթաժողովներին Լաքիլայում՝  2009-ին, Մուսկոկայում՝ 2010-ին,  Տովիլում՝  2011-ին եւ Մեծ Քսանի երկրների գագաթաժողովին Լոս Գապոսում՝  2012-ին, դրա վկայութիւններն են: Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այս փաստաթղթերին, համահունչ է միջազգային հանրութեան դիրքորոշմանը՝  կարգաւորման հասնելու դրա հիման վրայ:
    «Չնայած երեք համանախագահ երկրների ակտիւ ջանքերին, անհնարին է եղել հակամարտութեան լուծման առումով բեկման հասնելու, քանի որ ադրբեջանական կողմը մէկը միւսի հետեւից մերժել է միջնորդների կողմից ներկայացուած բոլոր առաջարկները:
«Անկախ Ատրպէյճանի ապակառուցողական պահուածքից, Հայաստանը կը շարունակի ջանքեր գործադրել Ղարաբաղի հարցի բացառապէս խաղաղ ճանապարհով լուծման ուղղութեամբ‘ հիմնուած ՄԱԿ-ի կանոնադրութեան ու միջազգային իրաւունքի նպատակների, սկզբունքների ու նորմերի վրայ», յայտնեց Էտուարտ Նալպանտեան:
      Նալպանտեան Երկուշաբթի, 1 Հոկտեմբերին, հանդիպում մը ունեցաւ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղար Պան Քի Մունի հետ՝ անոր ներկայացնելով ղարաբաղեան հիմնախնդիրի կարգաւորման գործընթացի աշխատանքները:
Ան ողջունեց մարդասպան Սաֆարովի ազատ արձակումէն ետք՝ Պան Քի Մունի եւ ՄԱԿ-ի այլ կառոյցներու կողմէ միանշանակ արձագանգները:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button