ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԷ ԱՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Ջերմօրէն շնորհաւորում եմ Սփիւռքի մեր հայկական կրթօճախների բոլոր մանկավարժներին` հայ ուսուցչի մասնագիտական տօնի առթիւ:

Այս օրերին Հայաստանում, աշխարհի շատ երկրներում նշում են Ուսուցչի օրը, եւ ես ուզում եմ շնորհակալական խօսք ասել ձեզ` Սփիւռքի հայկական դպրոցների սիրելի ուսուցիչներ եւ տնօրէններ:

Ձեզ, որ այդքան սէր, ջերմութիւն էք ներդնում` ստեղծելով հայ շունչն ու ոգին սերմանող դպրոցներ, որպէսզի կարողանաք օտար երկրում հայ երեխաներին սովորեցնել մայրենի լեզուն եւ հայոց պատմութիւնը, դպրոցը դարձնելով հայ երեխայի փոքրիկ հայրենիքը:

Շնորհիւ հայ դպրոցի է հիմնականում հայը հայ մնացել հայրենիքից դուրս, իր հոգում եւ սրտում վառ պահել Մայր հայրենիքի նկատմամբ սէրն ու համակրանքը: Հայկական դպրոցներում հայոց լեզուի, մշակոյթի ու պատմութեան դասընթացների կազմակերպումը ձեր բոլորի համատեղ նուիրական աշխատանքի, հայրենասիրական, հայապահպանական արդիւնաւէտ գործունէութեան արդիւնքն է: Ձեր նուիրական գործի արդիւնքն է այն, որ հայ երեխան սեփական անձի մէջ սնում է պատկանելութիւնն իր ազգին:

Ձեր ջանքերի, ինքնազոհողութեան առհաւատչեան է այն, որ հաղորդւում եւ սերնդէ սերունդ փոխանցւում են հային բնորոշ ազգային հպարտութեան զգացումը, գեղեցիկը, բարին ու արդարութիւնը խորութեամբ ընկալելու, ազնիւ ու արժանավայել գործերով ինքնութիւն հաստատելու յատկանիշները, վերջապէս` հայի որակները:

Օտար երկրներում դպրոցների` որպէս ազգաշէն կառոյցների գործունէութիւնը հպարտութեան զգացում է առաջացնում մեզանից իւրաքանչիւրի մօտ, յոյս պարգեւում, հաւատ ներշնչում: Ձեր` հայ մանկավարժներիդ, նուիրական հայրենասիրական գործունէութիւնը, անշուշտ, նպաստում է հայ երեխաների ազգային ինքնութեան գիտակցութեան բարձրացմանը, նրանց հոգիներում հայկականութիւն սերմանմանը:

հայ դպրոցի սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի յարգարժան պատասխանատուներ, ուզում եմ իմ անսահման շնորհակալութիւնը եւ ամենամեծ խոնարհումը փոխանցել Ձեզ, որ կարողացել էք օտար հողում հայապահպան մեծ ծրագրեր, ՙհայ դպրոց՚ ծրագիրն իրողութիւն դարձնել: Յիրաւի, երիցս բարդ է Հայրենիքից հեռու հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան մեծագոյն առաքելութիւնն իրականացնելու Ձեզ վստահուած գործը: Ձեր` հայ մանկան հայեցի լեզուամտածողութեան ձեւաւորման նպատակամէտ գործունէութիւնն անվերապահօրէն եւ ամենամեծ դրուատանքների է արժանի: Փառք ու պատիւ ձեզ, ձեր մարդակերտումի եւ հայակերտումի մեծ գործին:

Սփիւռքի մեր սիրելի ուսուցիչներ,

Հայաստանի Հանրապետութիւնը, հայրենիքն ու պատուարն է համայն հայութեան, համոզուած եղէք` հայրենի իշխանութիւններն անում են հնարաւորը` Սփիւռքի հայ դպրոցի խնդիրներին աջակցելու համար: Այսօր առաւել եւս անհրաժեշտ է Ձեր կամքը, տոկունութիւնը, երբեք չխաթարուող հաւատը վաղուայ օրուայ հանդէպ, քանզի Ձեզնով, ու Ձեր կրթած ու դաստիարակած աշակերտներով է հիւսւում հայի ու Հայաստանի ապագան:

Հայաստանի զօրութիւնը Սփիւռքի զօրութիւնն է, Հայաստանն ուժեղ է ուժեղ Սփիւռքով:

Բարին ընդ Ձեզ, սիրելի ուսուցիչներ:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>