«Վահան Տէրեանի Անյայտ Նախաձեռնութիւնը. Հայ Որբերի Յուշերը»

Հինգշաբթի, 9 Փետրուարին՝ Վահան Տէրեանի ծննդեան օրը, տեղի ունեցաւ  Գէորգ Էմին-Տէրեանի «Վահան Տէրեանի Անյայտ Նախաձեռնութիւնը. Հայ Որբերի Յուշերը» գրքի շնորհանդէսը:

«1915 թուականի Դեկտեմբերին Վահան Տէրեանն այցելել է Երեւան եւ Ցարսկայա փողոցում (ներկայումս՝ Բիւզանդի փողոց, շէնքը չի պահպանուել) գտնուող որբանոցի սաներին յանձնարարել նկարագրել Հայոց Ցեղասպանութիւնը: 8-15 տարեկան երեխաներն իրենց մանկական բառապաշարով պատմում են այն ամէնը, ինչ կատարուել է: Սակայն 100 տարի այս  փաստաթղթերը գաղտնի են պահուել», գրքի շնորհանդէսին ասաց Գէորգ Էմին-Տէրեանը:

Այս շարադրութիւնները պահուել են  «ուսանողական տետրակ» անունով: Գրքի հեղինակի կարծիքով, այսպիսի անուանում տալով այս կարեւոր փաստաթղթերին, մի բարի մարդ այդպէս փրկել է դրանք:

«Դրանք Հայոց Ցեղասպանութեան մասին յուզիչ վկայագրեր են: Որպէս վաւերագրութիւն, պատմական փաստ հսկայական նշանակութիւն ունեն, նորութիւններ կան  պատմութեան նրբերանգների վերաբերեալ, բազմաթիւ ճշգրտութիւներ», ասաց նա:

Գրքում ներկայացուած է 24 երեխայի գրած 34 տեքստ. «Ինչպէս եղել են, այդպէս տպուել են՝ տառասխալներով, ջնջումներով»:

 Գէորգ Էմին-Տէրեանի խօսքով, բացի նրանից, որ երեխաների ձեռագրերը բացառիկ փաստաթղթեր են, որոնք պատմագիտական շատ կարեւոր նիւթ են պարունակում, նրանք հսկայական ազդեցութիւն են թողել Վահան Տէրեանի յետագայ կեանքի եւ ստեղծագործութեան վրայ:

«1915 թուականից Տէրեանի կեանքը, պօէզիան կտրուկ փոխւում է: Այս ամէնը շատ կարեւոր են նրա պօէզիան հասկանալու համար», ասաց նա:

1885 թուականի Փետրուարի 9ին æավախքի Ախալքալաքի գաւառի Գանձա գիւղի քահանայ Սուքիաս Տէր Գրիգորեանի բազմանդամ ընտանիքում ծնւում է 11րդ զաւակ Վահանը Տէրեանը: 1897թ. Տէրեանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր աւագ եղբայրները: Եղբայրների մօտ ապագայ բանաստեղծը սովորում է ռուսերէն ու պատրաստւում ընդունուելու Մոսկուայի Լազարեան ճեմարան: 1899թ. Վահան Տէրեանը ընդունւում է Լազարեան ճեմարան, ուր ծանօթանում է Ալեքսանդր Միասնիկեանի, Պօղոս Մակինցեանի, Ցոլակ Խանզադեանի եւ այլ՝ ապագայում յայտնի դարձած, անձնաւորութիւնների հետ:

Աւարտում է Լազարեան ճեմարանը 1906թ., այնուհետեւ ընդունւում Մոսկուայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզուի եւ գրականութեան բաժինը: Դեկտեմբերի 3ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մօտ գիշերում էր Օնիկ Օհանջանեանը: Թէեւ ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում՝ «իբրեւ քաղաքականապէս վնասակար անձնաւորութիւն», որին դատ է սպասւում:

1906  թուականին նա գրում է «Էստոնական Երգ», «Աշնան Երգ», «Սիրտս Ցաւում Է Անցած Գնացած Օրերիս Համար», «Աշնան Մեղեդի», «Հրաշք Աղջկան», «Ցանկութիւն» եւ այլ բանաստեղծութիւններ: «Մուրճ» ամսագրի 7, 9, 11-12 համարներում տպագրւում է Վահան Տէր Գրիգորեանի «Էլեգիա», «Էստոնական Երգ», «Ինձ Թաղէք, Երբ Կարմիր Վերջալոյսն Է Մարում», «Աշնան Երգ» բանաստեղծութիւնները:

1908թ. Թիֆլիսում լոյս է տեսնում Տէրեանի ստեղծագործութիւնների «Մթնշաղի Անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունւում թէ՛ ընթերցողների, եւ թէ քննադատների կողմից: 1915 թուականին «Մշակ» թերթում հրատարկւում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծութիւնների «Երկիր Նայիրի» շարքը:

1917թ. Հոկտեմբերին Վահան Տէրեանը ակտիւօրէն մասնակցում է բոլշեւիկեան յեղափոխութեանը եւ այն յաջորդած քաղաքացիական պատերազմին: Լենինի ստորագրութեամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը:

1919 թ. Տէրեանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմեան միջինասիական հանրապետութիւններ), սակայն ծանր հիւանդութեան պատճառով ստիպուած է լինում մնալ Օրէնբուրգում, ուր եւ վախճանւում է 1920թ. Յունուարի 7ին:

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button