Պոլսո Հայոց պատրիարքարանում այսօր տեղապահի ընտրություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին տեղի կունենան պատրիարքի տեղապահի ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղապահի ընտրությունները կսկսվեն Հայաստանի ժամանակով 16.00-ին, ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը:

Տեղապահի ընտրություններում թեկնածություն է ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Սակայն Մաշալյանը նախօրեին «Ռադիո Ակոս»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ պատրաստվում է մարտի 15-ին հայտարարել իր թեկնածությունը հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն: Նա կոչ  էր արել իր կողմնակիցներին ձայները տալ Բեքչյանին:

Ավելի վաղ Բեքչյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով պատրիարքի հավանական թեկնածուներից մեկն է:

Ընտրությունների ժամանակ քվեարկությունը կիրականացվի դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առավելագույն ձայները:

Ընտրված տեղապահը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը:

Տեղապահի ընտրությունից հետո կձևավորվի Նախաձեռնող խումբը, որը պետք է նախապատրաստի նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Խումբն ամեն ամիս ժողովրդին պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ զեկույց կներկայացնի: Այն պետք է հավասար պայմաններ ապահովի պատրիարքական թեկնածուների համար` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով: Եթե վեց ամսվա ընթացքում պատրիարքի ընտրություններ չիրականացվեն տեղապահի և Նախաձեռնող խմբի համար վստահության քվե կպահանջվի:
http://armenpress.am/arm/news/882581/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL