Նովրուզի խորհուրդն ու ընդունված արտահայտությունները. մարտի 21-ին տոնում են «նոր օրը»

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցիներն աշխարհի այն սակավաթիվ ժողովուրդներից են, որոնք ունեն սեփական Ամանորը՝ այն նշելով հատուկ օր և հատուկ արարողակարգով: Իրանական Նոր տարին ժամանակակից պարսկերենով կոչվում է Նովրուզ և նշվում մարտի 21-ին, ընդ որում, հաշվի է առնվում արևի ցիկլը, գիշերահավասարը: Տոնը բառացիորեն թարգմանած նշանակում է նոր օր: Տոնը նշվում է իրանական քաղաքակրթական ազդեցության տակ գտնված ժողովուրդների շրջանում ևս:

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ այն իրենից ենթադրում է ամանորյա տոնակարություն և նշվում է դեռ միջնադարից: Արմատներով տոնը չափազանց հին է, ծիսակարգում պարունակում է նաև մինչ իսլամական Իրանի հավատալիքների բազմաթիվ տարրեր: Մասնավորապես, տոնին նախորդող վերջին չորեքշաբթին, որը հայտնի է «չհարշամբե սուրի» անվամբ, շատ նման է հայկական տրնդեզի տոնակատարությանը: Իրանցիները կրակ են վառում, թռչում են կրակի վրայով և մտնում են նոր տարեկան ցիկլ:

«Տոնակատարությունը շատ հետաքրքիր և ուրախ է անցնում: Իրանցիներն այցելում են միմյանց տներ, շնորհավորում են: Նովրուզի տոնական սեղանը կոչվում է հաֆթսին, այն պետք է ունենա 7 բաղկացուցիչ, որը սկսվում է պարսկերեն սին տառով: Շատ դեպքերում իրանական Նովրուզի տոնական սեղանը նման է մեր զատկական տոնական սեղանին: Սեղանին լինում է բարեբերությունը խորհրդանշող ուտեստներ, դրվում է դրամ, քացախ և այլն»,–  «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց Վարդան Ոսկանյանը:

 

Իրանագետը նկատեց, որ իրանցիները միմյանց տարբեր կերպ են շնորհավորում: Պարսից լեզվում շնորհավորանքները չափազանց հարուստ են, սակայն սովորաբար ասում են «Նովրուզ փիրուզ բադ», նշանակում է շնորհավոր Նովրուզը, դրանից բացի ասվում է «Նովրուզ-է թան փիրուզ բադ, հար ռուզ-է թան Նովրուզ բադ», որը նշանակում է շնորհավոր ձեր Նովրուզը, թող ձեր ամեն օրը Նովրուզ լինի:

Մինչ Նովրուզը, իրանցիները հատուկ մեկ օր ունեն, որը կոչվում է խանեթեքանի, այն բառացիորեն նշանակում է տները թափ տալ, որի ընթացքում աշխատում են ազատվել հին իրերից, հագուստից, տունը համալրել նոր իրերով:

Տոնակատարությունը տևում է մինչնովրուզյան շրջան և Նովրուզից հետո ընկած մինչև 13-րդ օրը, որը հայտնի է «սիզդահ բեդար» անունով: Այս ընթացքում իրանցիները պարտադիր տոնակատարությունների շրջափուլը ավարտում են բնության գրկում: Իրանագետը նշեց, որ շատ տարածված են ճամփորդությունները:

«Իրանցիներից շատերը նախընտրում են Հայաստանը: Դա շատ կարևոր է Հայաստանի համար զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից: Հայաստանն էլ իրանցիներին շատ լավ է ընդունում: Տարբեր գերատեսչությունների կողմից մի շարք միջոցառումներ են կազմակերպվում հենց իրանցիների համար: Իրանցիներից շատերը նախընտրում են Հայաստանը նախ նրա համար, որ մոտ երկիր է, դրանից բացի, իրենց դուր է գալիս հայերի հյուրընկալ մոտեցումը: Իհարկե, կան մանր-մունր խնդիրներ, բայց ընդհանուր տպավորությունը դրական է»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանցիները կարևոր հանգամանք են համարում Հայաստանի անվտանգ լինելը: Դե մատուցված ծառայություններն էլ իրանցիների քիմքին և գրպանին հարիր են: Որոշ թերություններ ևս կան: Մասնավորապես, ցամաքային ուղին նախընտրած իրանցիները, Վարդան Ոսկանյանի խոսքով, միշտ բարձրաձայնում են ճանապարհների հարցը, հատկապես Մեղրիից եկող հատվածը:

 

«Այս իմաստով եթե Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնենք, զբոսաշրջային ենթակառուցվածքներ լինեն, ապա կարող ենք Երևանի զբոսաշրջային հոսքը թեթևացնել՝ ուղղորդելով այլ քաղաքներ: Ի դեպ, Հայաստանը իրանցիներին հնարավորություն է տալիս այցելել Վրաստան: Եթե հակառակ ուղղությամբ հոսք լինի, ապա զգալի կնպաստի Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը»,-հավելեց իրանագետը:
http://armenpress.am/arm/news/883341/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL