Ինձ համար առաջնայինը սահմանն է. Շուշան Պետրոսյան

Հայկական շատ երգեր կան, որոնք դեռ չեմ հասցրել երգել:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում այս մասին ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ նշելով, որ այդ երգերից մեկը Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգն է, որի բազում կատարողներ կան, բայց ինքը կուզենար այն իր ձևով ներկայացնել:

«Մարտակերտի, Մարտունու մասին երգեր ունեմ, կցանկանայի Հադրութի և Ակնայի մասին ևս ունենալ: Ինձ համար առաջնայինը սահմանն է. չէ՞ որ ամեն ինչ սկսվում է սահմանից: Ինձ համար պատիվ է լինել առաջնագծում՝ սահմանն անառիկ պահող զինվորների կողքին,- ասել է Շ. Պետրոսյանը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Շ. Պետրոսյանը ասել է, որ աշխատում է «Ծննդավայրս իմ աչքերով» խորագիրը կրող նախագծի վրա, բայց դեռ փակագծերը չի ուզում բացել:

«Կանեմ հնարավորինս ամեն ինչ, որ Արցախում երիտասարդների կյանքն էլ ավելի աշխուժանա: Մարտակերտի հետ հատուկ ձևով կապված եմ: Երբ Մարտակերտում կինոթատրոն բացեցինք, դիմեցի Պաշտպանության նախարարությանը, որպեսզի ամեն կիրակի զինվորների համար կինոցուցադրություն կազմակերպվի և ցանկալի է, որ ֆիլմերն անպայման «Օսկար»-ի արժանացած լինեն: Իմ պիլոտային բոլոր ծրագրերն իրագործվում են Մարտակերտում, նոր միայն տարածվում ողջ Արցախով մեկ»-ասել է Շ. Պետրոսյանը և հավելել, որ Մարտունիում ևս կինոթատրոն է բացել, որն ունի հարուստ ֆիլմադարան:

Ըստ երգչուհու՝ Ազգային ժողովի պատգամավորի իր առաքելությունը տեսնում է հայ ազգային մշակութային հիմնահարցերի լուծմանն ուղղված առաջարկների ներկայացման մեջ:

«Ես գտնում եմ, որ հայկական երգարվեստը յուրօրինակ զենք է: Միջնադարից սկսած ցայսօր մենք պայքարել ենք նաև երգով: Միջնադարյան երգեր ունենք, որոնք դեռևս վերծանված ու երգված չեն. պետք է ի լուր աշխարհի ներկայացնենք այդ աստվածային մեղեդիները: Կարևոր է նաև այլ ազգերի մշակույթների ազդեցությունների տակ չընկնենք: Մեծ ցավ եմ ապրում, երբ մեքենայից լսում եմ թրքական բայաթու ելևէջներ կամ ռաբիս , անճաշակ երգեր: Մենք պիտի ամենուր տարածենք մեր ազգային երաժշտությունը՝ նրա գույնը, համն ու հոտը»,-ավելացրել է Շ. Պետրոսյանը:

Artsakhpress.am

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button

 

STAINLESS STEEL