Բենուա Ամոնը Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում ԼՂ հարցով պատրաստ է նոր հանդիպում կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հրատապությունն աշխարհին հիշեցվեց նախորդ տարվա ապրիլի 2-5-ը տեղի ունեցած բախումների ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Nouvelles d’Armenie-ի հետ զրույցում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Բենուա Ամոնը:

«Ունեցանք այն բանի ապացույցը, որ «սառեցված հակամարտություն» արտահայտությունն ադեկվատ չէ այս իրավիճակը նկարագրելու համար, այն պարագայում, երբ ամեն տարի ունենում ենք բազմաթիվ զոհեր: Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ առանձնահատուկ պատասխանատվություն ունի որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Ֆրանսիան իր գործընկերների հետ համագործակցությամբ միանգամից ներգրավվեց ապրիլի 5-ին հաստատված հրադադարին հասնելուն ուղղված գործընթացներում»,– նշել է Ամոնը:

Նրա խոսքով`մեծ ու վտանգավոր սխալ կլինի կարծել, այնուամենայնիվ, որ ներկայումս իրավիճակը կայունացել է, իսկ բախումները կարող են վերսկսվել ցանկացած պահի` ծանր հետևանքներ բերելով ողջ տարածաշրջանին: «Այս իրավիճակը պարտադրում է լուծում գտնել այս երկարատև հակամարտության համար: Կարգավորման բաղադրիչները հայտնի են»,- նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:   

Ընտրվելու դեպքում Բենուա Ամոնը պատրաստակամություն է հայտնում բանակցություններն առաջ մղելու նպատակով նոր հանդիպում կազմակերպել: «Հաշվի առնելով, որ միջազգային մակարդակում անորոշության գործոնները բազմապատկվում են` ժամանակն է վերջ դնել այս հակամարտությանը, որը խեղում է երկու երկրների բնակչությունների ու պետությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև ստեղծում է անկայունության մթնոլորտ ողջ տարածաշրջանում: Ուստի ժամանակն է այսօր, որ յուրաքանչյուրը վերցնի իր պատասխանատվության բաժինը: Հենց սա է պետք ասել Նախագահ Ալիևին ու ՆախագաÕ ° Սարգսյանին: Համաձայնություն հասնելու համար հիմքերն առկա են»,- ամփոփել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:
http://armenpress.am/arm/news/887381/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button