Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն աջակցություն են հայտնում Էմանուել Մակրոնին

0
43

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը մայիսի 7-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է En Marche! շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին նշվում է խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի՝ Մակրոնին ուղղված նամակում:

«Ցանկանում ենք ողջունել Փարիզում ապրիլի 24-ին Ձեր կատարած այցը Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան և շնորհակալություն հայտնել, որ հարգանքի տուրք մատուցեցիք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին: Ձեր քայլը լիովին տեղավորվում է Ձեր ներգրավվածության գծի մեջ, մասնավորապես ապրիլի 24-ը Հանրապետության օրացույցում ներառելու նախաձեռնության մեջ: Այն վկայում է զոհերի համար արդարության պահանջին Ձեր նվիրվածության մասին՝ զոհեր, ովքեր «ենթարկվել են 20-րդ դարի ամենադաժան կոտորածներից մեկին», ինչպես նույն օրը նշել էր ԱՄՆ նախ ագահը:

Արժանապատվության ու մարդու իրավունքների այս հարցը, որի շուրջ մեծ պայքար է ընթանում, պաշտպանության կարիք ունի, մասնավորապես, համարձակ, առաջընթացին ու արժեքներին նվիրված պետական գործիչների պաշտպանության կարիքը:  

Այս հարցում Ձեր ներգրավվածությունը, ապրիլի 24-ին Ձեր կատարած քայլը, Ձեզ հետ ունեցած մեր հանդիպումը, հայկական հարցի հետ կապված Ձեր արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև Ֆրանսիայի դիրքերի վերականգնմանն ուղղված Ձեզ առաջնորդող ընդհանուր քաղաքական սկզբունքները մեզ համոզում են, որ Դուք այդպիսի գործիչ եք: Մենք ևս համոզված ենք, որ միավորումը, ավանդական պառակտումներից առաջ անցնելն է, որ մեզ թույլ կտան հաղթահարել ճգնաժամերը:

Հենց այդ պատճառով էլ այս նամակով ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել Ձեզ առաջիկա նախագահական ընտրություններում»,- նշված է Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի նամակում:

Ավելի վաղ Էմանուել Մակրոնին աջակցություն էր հայտնել նաև Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը:

Մայիսի 7-ին կայանալու է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, որի ժամանակ կմրցեն ապրիլի 23-ին կայացած առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները` Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը: En Marche! շարժման առաջնորդ, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը ստացել էր ընտրողների ձայների 23.9%-ը, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21.4%-ը:
http://armenpress.am/arm/news/888632/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here