ՀՅ Դաշնակցութեան Արխիւների Հարազատ Հայելին. «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան Պատմութեան Համար» Արխիւային Փաստաթղթերի Բազմահատոր Ժողովածուի Շնորհահանդէսը*

ՍԻՐԱՆՈՒՇ Գ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Բանաս. գիտ. թեկն.

Ես կը խոստանամ, որքան ալ շունչ ունենամ,
Տէրը կամենայ, կատարեմ այս աշխատանքը:
ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ

2016 թուականի փետրուարի 10-ին` Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Պատմութեան հիմնարկի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնի սրահում տեղի ունեցաւ Երուանդ Փամպուքեանի «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» արխիւային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհահանդէսը: Ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը, սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը, անուանի պատմաբաններ, կուսակցական գործիչներ եւ բազմաթիւ հիւրեր:

Շնորհահանդէսը խորհրդանշական էր նրանով, որ Հայաստանում առաջին անգամ գիտական պատշաճ մակարդակով ներկայացւում եւ արժեւորւում էր ՀՅԴ արխիւների հաւաքման, պահպանութեան ու տպագրութեան շուրջ 100-ամեայ դժուարին գործը` մեր օրերում այն ընթերցող հասարակութեանը ներկայացրած վաստակաշատ գիտնական, կուսակցական եւ ազգային գործիչ Երուանդ Փամպուքեանի ստուարածաւալ հատորների տեսքով:

Բացելով հայոց նոր պատմութեան ամենաբարդ ու ամենաողբերգական ժամանակաշրջանի` 1890-1915թթ. վաւերագրերն ամփոփող «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» ժողովածուի շնորհահանդէսը` Հայաստանի ԳԱԱ Պատմութեան հիմնարկի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը նկատեց, որ ընթերցողն ապշում է հէնց միայն այն գաղափարից, որ այդ ահռելի աշխատանքը կատարուել է մէկ անձի կողմից, ով որպէս խմբագիր` ներկայացնում է իր տեսակէտն ու գնահատականը եւ միեւնոյն ժամանակ հետազօտողին ազատ է թողնում սեփական մտորումների ու վերլուծութիւնների հետ: Ա. Մելքոնեանն արձանագրեց, որ հատորներում ներկայացուող նիւթերը ոչ միայն Հայ յեղափոխական դաշնակցութեանն են վերաբերում, այլ նաեւ` 19-20 դդ. հայ ազգային ազատագրական պայքարին: Դրանով ընթերցողի առաջ յառնում է հայ ժողովրդի նոր պատմութեան վերջին շրջափուլի ամբողջական պատկերը:

 

Ա. Մելքոնեանը ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց նաեւ այն փաստի վրայ, որ ժողովածուի 12-րդ հատորը թէեւ կազմուած է ժամանակագրական կարգով, բայց նրա խմբագիրը, միահիւսելով նոր յայտնաբերուած փաստերը, ամբողջական պատկերացում է տուել հայ ժողովրդի համար ամենաօրհասական պահի` Հայոց մեծ եղեռնի մասին:

Արխիւային գործի կազմակերպման նպատակով ՀՅԴ կատարած աշխատանքների հարուստ տարեգրութիւնը ներկայացրեց «Վէմ» հանդէսի խմբագիր, պատմական գիտութիւնների դոկտոր Գէորգ Խուդինեանն իր «ՀՅԴ արխիւների ոդիսականը» գիտական զեկուցման մէջ: Անդրադառնալով Ե. Փամպուքեանի անգնահատելի աշխատանքին` նա ուրուագծեց դրա համար հիմք ծառայած ՀՅԴ արխիւների կուտակման, պահպանութեան ու երկրէ երկիր տեղափոխութեան պատմութեան հիմնական հանգրուանները: Գ. Խուդինեանը նշեց, որ ՀՅ Դաշնակցութիւնը միակ ազգային կուսակցութիւնն է, որ սեփական արխիւն ունի, որի հարուստ նիւթերը ոչ միայն անգնահատելի սկզբնաղբիւրներ են, այլեւ` նրա անցած պատմութեան անբաժանելի մասը: Նա խօսեց այն մասին, թէ ինչպէս հեռաւոր 1893 թուականին Ժընեւում հաստատուելուց յետոյ կուսակցութեան հիմնադիրներից Ռոստոմը (Ստեփան Զօրեան) «Դրօշակ»-ը խմբագրելու հետ միասին զբաղւում էր Զուիցերիայի ազատ միջավայրում ՀՅԴ փաստաթղթերը հաւաքելու, կուտակելու եւ պահպանելու գործով: Քիչ անց` կուսակցութեան գործունէութեան տասնամեակի հետ կապուած, Քրիստափոր Միքայէլեանը իր զինակից ընկերներին յանձնարարում է գրել իրենց յուշերը, բայց այդ ժամանակ գործը կիսատ է մնում: Սակայն իր յամառութեան շնորհիւ Ռոստոմը կարողանում է պահպանել Ժընեւում ստացուող նիւթերը, դասաւորում է դրանք, նշում, թէ ո՛վ է տուեալ գրութեան հեղինակը եւ այլն: Սա ՀՅ Դաշնակցութեան արխիւային գործը կազմակերպելու առաջին քայլն էր: Ռոստոմի շնորհիւ էր, որ Եղեռնի նախօրէին` 1914թ. վերջերին, սնդուկների մէջ դասաւորուեցին ու Կ. Պոլսից Սոֆիա տեղափոխուելով` ի վերջոյ Ժընեւում հանգրուանեցին «Ազատամարտ»-ի խմբագրութեան շէնքում պահուող Արեւմտեան Բիւրոյի եւ Հայաստանի Բիւրոյի Կ. Պոլսի հատուածի կարեւոր վաւերագրերը` նախքան դրանց մնացած մասի բռնագրաւումը 1915թ. ապրիլի 11-ի գիշերը: Իսկ Ժընեւ հասնելուց յետոյ Ռոստոմը փաստաթղթերի պահպանման վերաբերեալ յստակ յանձնարարութիւններ է տուել պատերազմի տարիներին կուսակցութեան կեդրոնատեղիում փաստօրէն մենակ մնացած Անտոն Գոշին, եւ վերջինս, 1915-ից սկսած, զբաղւում էր նաեւ արխիւային գործով: Ուշագրաւ է եւ այն փաստը, որ 1917 թուականի Փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ Փեթերսպուրկում Ռոստոմը առաջին հերթին մտնում է յեղափոխութեան արդիւնքում բացուած ցարական Օխրանայի արխիւները, որտեղից հանում է ՀՅ Դաշնակցութեան գործիչներից ժամանակին բռնագրաւուած թղթերը, մասնաւորապէս` կուսակցութեան 1890թ. Մանիֆեստի բնօրինակը:

Հայաստանի Հանրապետութեան հիմնումից յետոյ` կուսակցութեան 9-րդ Ընդհանուր ժողովում` 1919 թուականին, ստեղծւում է երեք հոգուց բաղկացած (Վարանդեան, Վրացեան, Ռուբէն) յատուկ մարմին, որը պէտք էր զբաղուէր ՀՅԴ արխիւները կարգի բերելու եւ հրատարակելու գործով: Սակայն այդ գործը զանազան պատճառներով նորից կանգ է առնում:

Եւ միայն 1920-ական թուականներից սկսած` «Հայրենիք» ամսագիրը սկսում է պարբերաբար հրատարակել դաշնակցական գործիչների յիշողութիւնները, որոնք գրի էր առնում Նիկոլ Աղբալեանը, իսկ 1933 թուականին նրան է միանում Սիմոն Վրացեանի խմբագրած «Վէմ»-ը:

1930-ական թուականներին Սիմոն Վրացեանը մասամբ կատարեց 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումը` հրատարակելով «Դիւան ՀՅ Դաշնակցութեան» փաստաթղթերի ժողովածուի 2 հատորները: Նոյն տարիներին այդ գործը շարունակեց Աբրահամ Գիւլխանդանեանը: Նա առաջինն էր, որ կանոնաւոր ձեւով դասաւորեց ու համարակալեց ՀՅ Դաշնակցութեան արխիւների թղթածրարները: Այդ ժամանակ էլ արխիւը Ժընեւից տեղափոխուեց Փարիզ, որտեղ մնաց Բ.  Աշխարհամարտի ընթացքում, որից յետոյ այն հանգրուանեց Միացեալ Նահանգներում` սկզբում «Հայրենիք»-ի խմբագրութեան շէնքում եւ ապա Պոսթընի արուարձան Ուոթըրթաունում, որտեղ էլ գործում է մինչ օրս:

1980-ականներից սկսուել է ՀՅ Դաշնակցութեան արխիւները ներառող «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» ժողովածուի առաջին հատորների հրատարակութիւնը: Սիմոն Վրացեանի սկսած գործը շարունակել եւ առաջին չորս հատորները հրատարակել ու հինգերորդ հատորի մի մասը տպագրութեան է նախապատրաստել նրա աշակերտը` Հրաչ Տասնապետեանը, որի մահից յետոյ այդ մեծ գործն իր ուսերին է վերցրել եւ բարեխղճօրէն իրականացնում է Երուանդ Փամպուքեանը:

Վերջում Գ. Խուդինեանը ընդգծեց, որ ներկայացուող բազմահատորեակն ըստ էութեան առաջնային սկզբնաղբիւրների ժողովածու է, քանզի 1890-1915 թթ. Հայոց պատմութեան առանցքային առարկան եղել է ՀՅ Դաշնակցութիւնը, եւ Հայոց քաղաքական պատմութեան հայկական սկզբնաղբիւրների հիմնական մասը հէնց այս բազմահատորեակում զետեղուած նիւթերն են, մինչդեռ հայ հետազօտողները մինչ օրս հիմնականում օգտագործում էին մեր մասին օտարների թողած արխիւային նիւթերը, որոնցում սուտն ու ճշմարտութիւնը կողք-կողքի են:

Այնուհետեւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա իրաւացիօրէն նկատեց, որ արխիւներն այն յենասիւներն են, որոնց վրայ կերտւում է պատմութիւնը: Նախարարը բարձր գնահատեց Երուանդ Փամպուքեան գիտնականի ու ազգային գործչի ներդրումը մեր ժողովրդի Նոր պատմութեան վաւերագրերի ուսումնասիրութեան եւ հրատարակութեան գործում:

«Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» ժողովածուի 12-րդ հատորը` որպէս Հայոց ցեղասպանութեան պատմութեան սկզբնաղբիւր» թեմայով զեկուցումով հանդէս եկաւ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի տնօրէն, ակադեմիկոս Ռուբէն Սաֆրաստեանը: Նա կարեւորեց Հայոց ցեղասպանութեան նախապատմութեան վերաբերեալ հատորում կուտակուած հարուստ նիւթերը, որոնք համոզիչ փաստերով ցոյց են տալիս, որ Ա. Աշխարհամարտի սկզբի առաջին երեք ամիսների ընթացքում արդէն սկսուել էր ցեղասպանութեան իրականացման երիտթուրքական ծրագրի գործադրումը: Յատկանշական է, որ այդ առումով երիտթուրք պարագլուխները կարեւոր դեր էին յատկացնում երկրի մահմետական բնակչութեանը քրիստոնեայ հայերի դէմ տրամադրելուն: Ռ. Սաֆրաստեանի բնորոշմամբ, սոյն հատորը պէտք է  ընկալել ոչ միայն որպէս հայոց պատմութեան մի ժամանակահատուածի վաւերագրերի ժողովածու, այլ նաեւ որպէս կարեւոր փաստավաւերագրական սկզբնաղբիւր` ցեղասպանագիտութեան տեսակէտից: Հատորը արտացոլում է նաեւ ՀՅ Դաշնակցութեան միջազգային գործունէութիւնը Ցեղասպանութեան ժամանակահատուածում: Զեկուցողը որպէս օրինակ նշեց 12-րդ հատորում տեղ գտած` 1917-ին Սոցինտերնի Սթոքհոլմի համաժողովին ներկայացուած 35 էջանոց փաստաթուղթը: Դրա բովանդակութիւնից պարզ է դառնում, թէ ինչպէս է կուսակցութիւնը կարողացել արագօրէն վերականգնել կատարուածի ընդհանուր պատկերը եւ ներկայացնել այնպէս, որ փաստաթուղթը հասկանալի լինի ժամանակի առաջադէմ հասարակայնութեան համար:

Շնորհահանդէսին իր ողջոյնի խօսքն ասաց նաեւ ԵՊՀ պատմութեան բաժանմունքի տնօրէն, փրոֆեսէօր Էդիկ Մինասեանը: ՀՅԴ արխիւների` ընթերցողի դաշտին յանձնուած հերթական` 12-րդ հատորը նա որակեց որպէս ամփոփ աշխատութիւն, որը գալիս է լրացնելու ցեղասպանութեան պատմութեան արդէն եղած ուսումնասիրութիւնների թողած բացը: Բանախօսը կարեւորեց, որ սոյն հատորում ներկայացւում են ոչ միայն Հայոց մեծ եղեռնին նախորդած պատմական իրադարձութիւնները, այլ նաեւ` այդ ողբերգութիւնը վերապրածների առանձին յուշագրութիւնները եւ արխիւային փաստաթղթերը: Նա առանձնացրեց նախ` Եղեռնը վերապրածների փաստաթղթերի հիմնական մասը, ապա երկրորդ հատուածը` Եգիպտոսում հանգրուանած մուսալեռցիների գործունէութեանը վերաբերող արխիւային փաստաթղթերը, երրորդ վերապրածների` Եղեռնից յետոյ գրած յուշերը, չորրորդ` Հալէպում հանգրուանած վերապրածների թղթերը: Է.  Մինասեանի կարծիքով, հատորում ներկայացուող պատմական վաւերագրերը թոյլ են տալիս ծանօթանալու ժամանակին անտեսուած այն փաստերին, որոնք յաճախ վրիպել են ուսումնասիրողների աչքից: Նա ընդգծեց նաեւ, որ Ե. Փամպուքեանը որպէս գրքի խմբագիր` ոչ միայն փաստահաւաք է, այլ նաեւ` հետազօտող, նիւթերը վերլուծող, ծածկագրերի, գաղտնագրային անունների վերծանող:

ՀՅԴ պատմութեան թանգարանի ստեղծման եւ ՀՅԴ արխիւների հետ միասին Ֆրանսայում հանգրուանելու պատմափուլին անդրադարձաւ ՀՅԴ թանգարանի տնօրէն, պատմաբան Անուշ Ամսէեանը: Նա կարեւորեց ՀՅԴ թանգարանի դերը կուսակցութեան մասունքները կործանումից փրկելու գործում: Ա. Ամսէեան ներկայացրեց նաեւ, թէ ինչ դժուարութիւնների գնով են փաստաթղթերին զուգահեռ փրկուել եւ ի մի բերուել դաշնակցական գործիչների ու մտաւորականների յուշերը, անձնական իրերը եւ այլն: Նա ընդգծեց, որ թէեւ թանգարանի ստեղծման գաղափարն առաջացել էր Ռոստոմի մտքում, բայց այն իրագործելու բուն քայլն արուեց 1915 թուականին, քանի որ այդ ժամանակ այնքան նիւթ էր հաւաքուել, որ դրանք փաստաթղթերից առանձնացնելու անհրաժեշտութիւն առաջացաւ: Բացի կուսակցական մասունքներից` թանգարանում հաւաքուել են նաեւ ժամանակի ազգային մշակոյթի տարրեր` տեքորաթիւ-կիրառական արուեստի նմուշներ: 1930-ականներին թանգարանային նմուշները հաւաքուեցին Փարիզում, որտեղ Մոնմորանսի արուարձանում ձեռք բերուած ՀՅԴ Տանը հանգրուանեցին տասնամեակներ շարունակ Ժընեւում հաւաքուած եւ որպէս երեք մշակութային օճախ կազմաւորուած ՀՅԴ արխիւը, գրադարանը եւ ՀՅԴ պատմութեան թանգարանը: 1947-1948 թթ. արխիւը տեղափոխուեց Պոսթըն, իսկ թանգարանն ու գրադարանը մնացին Փարիզում մինչեւ 2006 թուականը, երբ ՀՅԴ թանգարանը տեղափոխուեց Երեւան: 2007-ին բացուեց առաջին ցուցասրահը, որի համար ընտրուեց շատ ընդգրկուն թեմա` «Հայաստանի Ա. Հանրապետութեան պատմութիւնը»: Դա արուեց տարածքի սղութեան եւ այն պատճառով, որ յաջորդ տարի լրանալու էր Հայաստանի Ա. Հանրապետութեան 90-ամեակը: Թանգարանը ներառում է ոչ միայն անձնական իրեր, այլ նաեւ` լուսանկարներ եւ որոշ փաստաթղթեր: Ա. Ամսէեանը յոյս յայտնեց, որ ապագայում թանգարանը վերջապէս սեփական շէնքը կ՛ունենայ, եւ հնարաւոր կը լինի 100 տարուայ ընթացքում հաւաքուած ցուցանմուշներն ամբողջութեամբ ցուցադրել:

Շնորհահանդէսի վերջում` մինչեւ «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» բազմահատորեակի խմբագրի ելոյթը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը ներկայացրեց Երուանդ Փամպուքեանի գիտական պատկառելի կենսագրութիւնը: Այնուհետեւ Ե. Փամպուքեանն իր շնորհակալական խօսքում վարակիչ պարտաւորութիւն եւ պատասխանատուութիւն ստանձնեց շարունակելու հայոց պատմութեան ամենադժուարին ժամանակահատուածն արտացոլող, ծայրայեղ դժուարութիւնների գնով փրկուած ՀՅԴ արխիւներն ուսումնասիրելու եւ հրապարակելու գործը:

Վերջում «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» ժողովածուի 12-րդ հատորին իր գնահատականը տուեց Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանը` ընդգծելով, որ սոյն հատորով մեծ ներդրում է արուել ցեղասպանագիտութեան բնագաւառում: Նրա կարծիքով,  երկար տարիներ Հայոց ցեղասպանութիւնը դիտուել է աշխարհաքաղաքական շահերի կամ մաքրոպատմութեան տեսանկիւնից, սակայն այն նաեւ միքրոպատմութիւնների համադրութիւն է, ինչը փայլուն կերպով ներկայացուած է տուեալ հատորում: Վերապրածների յուշագրութիւնների, տարբեր վայրերում գայմագամների, ոստիկանապետների, այլ պաշտօնեաների գործողութիւնների տեսքով պատկերուած են ժամանակի իրադարձութիւնները: Հայոց ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրութեան ասպարէզում իր ներկայ հատորով կատարած վիթխարի ներդրման համար Երուանդ Փամպուքեանը Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի կողմից պարգեւատրուեց «Ճեյմս Պրայս» յուշամետալով:

Շնորհահանդէսը աւարտուեց ներկաների եւ երեւելի գիտնականի միջեւ հարց ու պատասխանով: Բազմամարդ դահլիճում, հիւրերի հոծ բազմութեան ներկայութեամբ անցկացուած «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» ժողովածուի շնորհահանդէսը ցոյց տուեց, որ ՀՅԴ գործիչների յաջորդական սերունդների կողմից փրկուած եւ այժմ պատմաբան-գիտնականների դատին ներկայացուող ՀՅԴ պատմութեան վաւերագրերը եղել ու մնում են հայ ժողովրդի պատմական ժառանգութեան անբաժանելի մասը եւ միեւնոյն ժամանակ մեզանով հետաքրքրուող օտար ուսումնասիրողների մեծ ուշադրութեան առարկան: Այսօր էլ նրանք ոչ միայն բաց են ուսումնասիրողների համար, այլեւ իրենց զգալի մասով արդէն հրապարակուել են` դրանով իսկ դիւրացնելով վերջիններիս գործը: Եւ ՀՅԴ գործիչների յաջորդական սերունդների կողմից կատարուած տասնամեակների աշխատանքը շարունակող Երուանդ Փամպուքեանը այսօր էլ լի է իր մեծ գործը աւարտին հասցնելու աւիւնով ու վճռականութեամբ:

* Ընդունուել է տպագրութեան 25.02.2017:

«Վէմ», 2017, թիւ 1(57) յունուար-մարտ

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>