7րդ Վիրաւոր Զինուորը Արցախում Վերանորոգուած Առանձնատուն Ստացաւ «Թուֆենկեան» Հիմնադրամից

Արցախեան ազատամարտի ընթացքում վիրաւորուած զինուոր Կամօ Դաւթեանն Ուրբաթ, Օգոստոս 11ին բնակարանամուտ նշեց Մարտունու շրջանի Նոր Շէն գիւղում:

Առանձնատունը վերանորոգուել է «Թուֆենկեան» հիմնադրամի կողմից՝ «Վիրաւոր զինուորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են «Թուֆենկեան» հիմնադրամի գործադիր տնօրէն Րաֆֆի Դուդակլեանը եւ Մարտունու շրջանի վարչակազմի, «Թուֆենկեան» հիմնադրամի, գիւղի համայնքի, ՀՅԴ «Մերուժան Մոսիեան» Կոմիտէի եւ տեղի լրատուամիջոցների ներկայացուցիչներ:

2003 թուականից ի վեր «Թուֆենկեան» հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախին աջակցելու նպատակով: 2016թ. Ապրիլին, ի պատասխան Քառօրեայ պատերազմին, հիմնադրամը հանգանակային հրատապ արշաւ նախաձեռնեց պատերազմից տուժած անձանց օգնելու համար: Այս հրատապ դիմումի արդիւնքում ստացուած դրամական միջոցների եւ անհատ նուիրատուներիի յաւելեալ աջակցութեան շնորհիւ «Թուֆենկեան» հիմնադրամը վերանորոգել կամ նոր տներ է գնել 6 վիրաւոր զինուորների համար՝ երեքը Մարտակերտի, երկուսը Հադրութի եւ մէկը Ասկերանի շրջաններում:

Չնայած նախաձեռնութիւնն ի սկզբանէ միտուած է եղել Քառօրեայ պատերազմին մասնակցած զինուորներին աջակցելուն, յետագայում այն ընդլայնուել է, ներառելով բնակարանային կարիքներ ունեցող բոլոր այն զինուորներին, ովքեր վիրաւորուել են մարտի դաշտում եւ արդիւնքում ի զօրու չեն վերանորոգել իրենց տները կամ նոր բնակարաններ գնել:

«Իր կեանքը մեր հայրենիքի համար վտանգած իւրաքանչիւր զինուոր արժանի է ապրել արժանապատիւ կեանքով, որն անհնար է առանց բարեկարգ տան: Արցախի զինուորների համար տներ կառուցելով, վերանորոգելով կամ նոր տներ գնելով մենք՝ ոչ միայն աջակցում եւ մեր երախտագիտութիւնն ենք յայտնում այս խիզախ անձանց եւ նրանց ընտանիքներին, այլ նաեւ օգնում ենք քայլ առ քայլ վերակառուցել Արցախը», բնակարանամուտի արարողութեան ընթացքում ա-սաց «Թուֆենկեան» հիմնադրամի գործադիր տնօրէն Րաֆֆի Դուդակլեանը:

Կամօ Դաւթեանը նախաձեռնութեան շրջանակներում ընդգրկուած եօթերորդ զինուորն է եւ Արցախեան 90ական թուականների ազատամարտի երկրորդ մասնակիցը, ով «Թուֆենկեան» հիմնադրամից նոր կամ վերանորոգուած տուն է ստացել: Ազատամարտի ընթացքում Կամօն միացել էր Նոր Շէնի ինքնապաշպանական խմբին եւ խիզախաբար կռուելով ծանր վնասուածք ստացել մարտերից մէկի ընթացքում:

Այժմ Կամօն 50 տարեկան է: Բնոյթով աշխատասէր Կամօն մարտի դաշում կրած վնասուածքի պատճառով այլեւս չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել: Նոր Շէնում նա ապրում է կնոջ եւ երկու դստրերի հետ: Հետեւելով հօր օրինակին, Կամոյի որդին որպէս պայմանագրային սպայ ծառայում է Արցախի պաշտպանութեան բանակում:

Մինչեւ վերանորոգումը, Կամոյի ընտանիքն ապրում էր հին գիւղական տանը, որը ոչ միայն անբարեկարգ վիճակում էր, այլ նաեւ չունէր սանհանգոյց եւ խոհանոց: Հետեւաբար, ի հաւելումն ընդհանուր վերանորոգման աշխատանքներին, հիմնադրամը կառուցել է խոհանոց, սանհանգոյց եւ միջանցք՝ ընդլայնելով առանձնատունը կցակառոյցի միջոցով:

«Երջանիկ եմ, որ վերջապէս այնպիսի տուն ունեմ, որտեղ մենք հպարտ կը լինենք ապրել: Միակ ցանկութիւնս է, որ պատերազմում կռուած բոլոր ընկերներս գլխի վերեւում տանիք ունենան եւ ապրեն իրենց սեփական տներում», բնակարանամուտի ընթացքում ասաց Կամօ Դաւթեանը:

Չնայած 2016 թուականի արտակարգ իրավիճակն աւարտուել է, Արցախի զինուորների բնակարանային կարիքները դեռեւս լուծուած չեն: Հաշուի առնելով նմանատիպ օգնութեան կարիք ունեցող վիրաւոր զինուորների թիւը, հիմնադրամի այս նախաձեռնութիւնը շարունակական բնոյթ կը կրի:

«ԹՈՒՖԵՆԿԵԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

Հիմնադրամը բացուել է 1999թ. գործարար Ջէյմս Թուֆենկեանի կողմից՝ նպատակ ունենալով հզօրացնել տեղի քաղաքացիների նախաձեռնութիւնները, աջակցել հասարակութեան առաւել խոցելի խմբերին, նպաստել շրջակայ միջավայրի պաշտպանութեանը եւ խթանել սոցիալական արդարութիւնը Հայաստանում: 2003թ. ի վեր հիմնադրամը ընդլայնել է իր գործունէութեան շրջանակը դէպի Արցախ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման եւ զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գօտիներում:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>