«Համաշխարհային Բանկը Հայաստանի Առանցքային Գործընկերներից Է». Վարչապետ

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Վարչապետ Կարէն Կարապետեանը 11 Սեպտեմբերին մասնակցել է Հայաստանի Հանրապետութեան եւ Համաշխարհային բանկի գործընկերութեան 25ամեակին նուիրուած համաժողովի բացմանը:

Ողջոյնի խօսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Համաշխարհային բանկի հետ սերտ եւ շարունակական բնոյթ կրող համագործակցութիւնը, որը զարգացման միտում ունի:

«Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետութեան առանցքային գործընկերներից է: Մենք յաջողութեամբ համագործակցում ենք տնտեսութեան կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարուայ ընթացքում ՀԲ աջակցութեամբ իրականացուել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ժամանակակից ինստիտուտների ձեւաւորմանն ուղղուած բազմաթիւ ծրագրեր: ՀԲ խմբի տարբեր կառոյցների կողմից տրամադրուած գործիքներն օգնել են ապահովելու տնտեսական աճ, զարգացում եւ առաջընթաց: 2014 թուականից մենք թեւակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալութեան ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին: Ներկայումս Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը նախաձեռնել եւ իրականացնում է մեր տնտեսութեան արմատական բարեփոխումներին եւ արդիականացմանն ուղղուած համակարգային ծրագիր, որը պահանջում է առկայ ռեսուրսների մոբիլիզացում (միջոցներու կեդրոնացում-Խմբ.), դրանց օգտագործման արդիւնաւէտութեան բարձրացում եւ է՛լ աւելի սերտ համագործակցութիւն մեր հիմնական գործընկերների հետ», ասել է Կարէն Կարապետեանը:

Վարչապետը նշել է, որ կառավարութեան ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաեւ Հայաստանի գործընկերների կողմից եւ գոհունակութեամբ փաստել, որ ՀՀ կառավարութեան եւ Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են:

«Ապագային ուղղուած մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար եւ խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պէտք է հանդիսանայ Հայաստանի եւ Համաշխարհային բանկի համագործակցութեան առանցքային յենասիւնը: ՀԲ լայնածաւալ փորձը եւ գիտելիքների բազան կ՛օժանդակեն կառավարութեանը ռեսուրսների արդիւնաւէտ եւ խելացի օգտագործմամբ եւ մրցունակութեան բարձրացմամբ՝ ապահովելու տասնամեակների առաջանցիկ զարգացումը: Այս տեսանկիւնից Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարուայ ընթացքում ցուցաբերած աջակցութիւնը շատ տպաւորիչ է. նախաձեռնուել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական (դրամական-Խմբ.) հոսքը կազմել է 2,3 մլրդ. ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը (թղթապանակը-Խմբ.) Հայաստանի Հանրապետութիւնում 620 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում է», ասել է կառավարութեան ղեկավարը:

Վարչապետ Կարապետեանի խօսքով՝ համաշխարհային տնտեսութեան պայմաններում զարգացման եւ առկայ մարտահրաւէրների յաղթահարման համար անհրաժեշտ է ժամանակակից մրցունակ տնտեսութիւն եւ արդիւնաւէտ պետական կառավարում, եւ ապագայում յաջողութեան կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կը կարողանան ժամանակին համընթաց ձեւափոխել տնտեսական աճի մոդելը (նա-խատիպը) եւ ապահովել առաջանցիկ, կայուն, երկարաժամկէտ տնտեսական աճ:

«Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգութիւնն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսութիւն: 21-րդ դարի այսպիսի տնտեսութիւնը պէտք է զարգանայ շնորհիւ դինամիկ (շարժուն-Խմբ.) թուայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացուելով (յարմարելով-Խմբ.): Դա հնարաւոր կը լինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակաւորում ունեցող, մոտիվացուած (մղում ունեցող-Խմբ.) աշխատուժի առկայութեան դէպքում: Ապագայ Հայաստանի հիմքը պէտք է դրուի հէնց դպրոցից եւ շարունակուի անընդհատ», ընդգծել է Կարէն Կարապետեանը:

Վարչապետը համոզմունք է յայտնել, որ նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգի կայացման եւ զարգացման գործընթացում ինչպէս ՀԲ թիմից, այնպէս էլ Հայաստանից ներգրաւուած մասնակիցները կը շարունակեն համատեղ ջանքերով իրենց փորձառութիւնն ու գիտելիքները լաւագոյնս ծառայեցնել ապագայ Հայաստանի տեսլականի իրագործմանը:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button
 

STAINLESS STEEL

 

–>