Գործազրկութեան Վտանգի Առաջ Կանգնած Ուսուցիչները Տեղաւորւում Են Աշխատանքի. Լեւոն Մկրտչեան

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».-  13 Սեպտեմբերին «Ծառուկեան» խմբակցութեան պատգամաւոր Լուիզա Սարգսեանը խորհրդարանում կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ յայտնեց, որ տասնեակից աւելի դպրոցների օպտիմալացումից (միացումէն) յետոյ բազմաթիւ ուսուցիչներ մնացել են գործազուրկ, մի քանի համայնքային դպրոցներում աշակերտները բոյկոտեցին ուսումնական գործընթացը. ըստ ծնողների՝ տարբեր խոչընդոտներ կան այլ համայնքի դպրոց հասնելու համար: Պատգամաւորը հարցրեց. «Վարչապետն ասաց՝ օպտիմալացման արդիւնքում ուսուցիչների աշխատավարձերը կը բարձրացուեն, եւ դուրս մնացած ուսուցիչները կը տեղաւորուեն այլ դպրոցներում, այս ծրագիրն իրականացուե՞ց»:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանը պատասխանեց, որ հանրապետութիւնում օպտիմալացման գործընթաց տեղի չի ունենում: «Երբ Մայիսին վարչապետն այցելեց նախարարութիւն, վերցրինք մի շարք չափանիշներ, եւ այդ ժամանակ հիմնական չափանիշը դարձաւ քաղաքային դպրոցների վերանայումը: Մենք հասանք նրան, որ եթէ դպրոցն ունի 9 դասարան, եւ ամէն դասարանի թուաքանակը սահմանել ենք 30, ապա գոնէ երեք հարիւր աշակերտ պիտի ունենայ դպրոցը, որ 1-ից 9-րդ դասարանները կարգաւորի», ասաց նախարարը: Նրա խօսքով՝ Երեւանում դպրոցների 30 տոկոսը գերբեռնուած է, 30 տոկոսը՝ թերբեռնուած, ուստի սա պէտք է կարգաւորուի:

Մկրտչեանը տեղեկացրեց, որ խօսքն ընդամէնը 13 դպրոցի մասին է, որոնցից մի քանիսն են համայնքային: «Փիւնիկի դպրոցում է եղել ձեր նշած իրավիճակը: Հիմա գործընթացը սառեցուած է, եւ կողք-կողքի երկու դպրոց կայ այնտեղ, երկու շէնքերի վիճակն էլ պէտք է բարելաւուի», ասաց նա:

Նախարարը նշեց, որ Երեւանում Կոնդի դպրոցը, օրինակ, մարող դպրոց էր, որտեղ մնացել էր 50-60 աշակերտ: Մկրտչեանի խօսքով՝ ուսուցիչների դէպքում եւս պրոբլեմ (հարց-Խմբ.) չկայ: «Նրանց աշխատանքի հետ կապուած խնդիրները կարգաւորւում են, եւ տնօրէններն անձամբ գործընթացի մէջ են: Գործազրկութեան վտանգի առաջ կանգնած ուսուցիչներին այլ քաղաքներում առաջարկւում են այլ տեղեր: Եթէ կան ուսուցիչներ, որ դեռ որոնում են աշխատանք, դիմում են նախարարութիւն, փորձում ենք այդ հարցերը կարգաւորել», եզրափակեց Մկրտչեանը:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button