Թուրք հակահայ գործիչ. «ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու հայկական լոբբիստական կազմակերպություններն ընկած են համշենցիների հետևից»

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի»` ASİMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը, որը վերջերս սկսել է հաճախ թիրախավորված ելույթներ ունենալ Թուրքիայի իսլամացված և ծպտյալ հայության մասին, գրեթե մեկ ամիս առաջ անդրադարձել է նաև համշենահայության խնդրին: Ինչպես հաղորդում է Akunq.net-ը, թուրքական «Դողան» լրատվական գործակալության և «Հյուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե ՀՀ Սփյուռքի նախարարությունը և հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից հովանավորվող որոշ կառույցներ ու գիտնականներ, Թուրքիայի Սևծովյան շրջանում ապրող համշենցիներին օգտագործելով ու պնդելով, թե այս տարածքում կիրառվող համշեներենը հայերենի մի բարբառն է, հանդես են գալու նախ` մայրենի լեզվով կրթության, ապա` հողային պահանջով:

ASİMDER-ի նախագահը նաև ենթադրել է, թե հայկական լոբբիստական կազմակերպությունները, որոնց կենտրոնը գտնվում է Եվրոպայում, Թուրքիայի Սևծովյան շրջանի համշենցիներին հարկադրելու են «համշենական սփյուռք» ստեղծել իրենց եվրոպաբնակ ազգականներից, և նաև ասել. «Հայկական լոբբին ձգտում է եվրոպաբնակ համշենցիներից «համշենական սփյուռք» ձևավորել, որը կպաշտպանի նրանց վերադարձն այդ հողեր, կարծես թե նրանց բռնի կերպով են այդտեղից աքսորել: Այդ փորձերի հետ մեկտեղ, սույն տարածքում գործունեության դաշտ որոնող ՀՀ Սփյուռքի նախարարությունն իր աջակցությամբ գործող որոշ կազմակերպությունների միջոցով ընկած է կողմնակիցներ հավաքելու հետևից, ովքեր Ռիզեի և Արդվինի նահանգներում քննարկումներ և կոնֆերանսներ կկազմակերպեն` համշենցիների հայ լինելու և համշեներենի` իրականում հայերեն լինելու թեմաներով: Որոշ ուսումնասիրողներ կան, ովքեր գիտնականի անվան տակ զանազան աշխատանքներ են տանում Սևծովյան շրջանում: Այդ ուսումնասիրողներից է իրեն «համշենահայ» համարող Արդվին նահանգի Խոփա գավառում ծնված Հուրիյե Շահինը, ով ասելով, թե «Ժողովուրդների լեզուներն եմ ուսումնասիրում», հետազոտություն է կատարում տվյալ շրջանի համշենցիների վերաբերյալ և նոր հրատարակած իր գրքից բացի` տպագրում է նաև «Համշեցու գոր» ամսագիրը, որը նաև տարածում է Հեմշինում և Խոփայում: Նմանատիպ աշխատանքների և տարածվող հանդեսների միջոցով նպատակ ունեն մայրենի լեզվի հարցին անդրադառնալով` նոր գիտակցություն ձևավորել: Շուտով հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ համագործակցող որոշ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համշենցիների անունից հանդես կգան պաշտոնական դիմումով` առ այն, որ համշենցիների բնակավայրերում երեխաների հաճախած դպրոցներում թույլ տրվի համշեներենի ուսուցումը, ճիշտ այնպես, ինչպես` քրդերենի դեպքում»:

Գյուլբեյը պնդելով, թե ձգտում կա Եվրոպայում, Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում ու Հայաստանում ապրող համշենցիներից սփյուռք ձևավորել, նաև հավելել է. «Հայաստանում ապրող համշենցիներից սյուռք կազմավորելու առաջին փորձը եղել է «Ձայն համշենական» ամսաթերթի հրատարակումը: ASİMDER կազմակերպությունը, սույն հարցին հետևելով, նկատել է, որ Վրաստանի Բաթում քաղաքում ևս առկա են իսլամացված համշենցիների 5 գյուղեր, որոնց բնակչությունը Ստալինի ժամանակաշրջանում աքսորվել է Ղազախստան և Կիրգիզիա, իսկ հետագայում` վերադարձել Աբխազիա և Վրաստան: Բացի այդ, համշենցիներ կան նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում, ովքեր արդեն փորձում են կազմակերպվել: Մինչև 2015 թ. նրանք չէին կարողանում կապեր հաստատել Թուրքիայի համշենցիների հետ: Շուտով Թուրքիայի Սևծովյան շրջանում ՀՀ Սփյուռքի նախարարության և ԱՄՆ-ի ու Եվրոպայի հայկական լոբբիստական կազմակերպությունների աջակցությամբ մի ներկայացուցչական «Համշենցիների կոնֆերանս» է կազմակերպվելու, որին մասնակիցներ են հրավիրվելու աշխարհում ապրող բոլոր համշենցիներից: Այդ համաժողովում մայրենի լեզվով կրթություն պահանջելու վերաբերյալ որոշում է կայացվելու, և այդկերպ առաջին հիմքն է դրվելու` համշենական սփյուռքի ձևավորման ուղղությամբ: Մենք, որպես ASİMDER կազմակերպության գլխավոր կենտրոն, կոչ ենք անում Թուրքիայի Հանրապետության Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարություններին` միջոցներ ձեռնարկել դրա դեմ»:

ASİMDER-ի անգրագետ նախագահի այս հայտարարության մեջ, բնականաբար, կան բազմաթիվ սխալներ, որոնցից մեկն այն է, թե Ստալինի հրամանով Ղազախստան և Կիրգիզիա աքսորված համշենահայերը հետագայում վերադարձել են Աբխազիա և Վրաստան: Իրականում 1944 թ. Ստալինի հրամանով Միջին Ասիա աքսորված հեմշիլների միայն մի մասն է վերադարձել, այն էլ` ոչ թե Աբխազիա, այլ` Կրասնոդարի երկրամաս և Ռուսաստանի այլ շրջաններ, իսկ Աբխազիայի համշենական համայնքը ձևավորվել է դեռևս 19-րդ դարից սկսած ու, հատկապես, Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից անմիջապես հետո, երբ դեռ քրիստոնյա մնացած համշենահայերը օսմանյան ծանր լծից, իսլամացումից և ստույգ մահից փրկվելու նպատակով գաղթեցին այդ տարածքներ: Սակայն այստեղ կարևոր է ոչ թե հակահայ թուրք գործչի բոլոր սխալների մատնանշումը, այլ` այն փաստը, որ Գյոքսել Գյուլբեյը, անշուշտ հատուկ ստացված պատվերով, փորձում է թիրախավորել Թուրքիայի համշենահայերին, այն էլ` արտակարգ դրության մեջ գտնվող Թուրքիայի…

ASİMDER-ի նախագահին հիշեցնենք, որ մայրենի լեզվով կրթության իրավունքը մարդու բնական իրավունքներից է, որն ամրագրված է Լեզվի մասին շրջանակային կոնվենցիա, հատկապես, որ ներկայում հայոց լեզվի` Համշենի բարբառը հետզհետե անհետանում է: UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասը» մատնանշել է, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է, և համշենահայերենը տեղ է գտել «բացահայտ վտանգի տակ գտնվող» լեզուների դասի տակ: Համշենահայերի նոր սերունդը, ցավոք, արդեն գրեթե չի կարողանում հաղորդակցվել հայոց լեզվի` Համշենի բարբառով: Դրա պատճառները մի քանիսն են. ուրբանիզացիան, գլոբալիզացիան, ինչպես նաև` զուտ սուբյեկտիվ գործոնը, երբ Թուրքիայի շատ համշենահայ ծնողներ միտումնավոր կերպով իրենց զավակների հետ չեն խոսում համշենահայերեն, որպեսզի նրանք կարողանան «ավելի լավ յուրացնել պաշտոնական լեզու թուրքերենը և այդպիսով լավ աշխատանք գտնելու հնարավորություն ունենան»:

Մելինե Անումյան

Akunq.net

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button