Երեւանի Պաշտօնական Արձագանգը՝ Ալիեւի Վերջին Յայտարարութեան

ԵՐԵՒԱՆ.- Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ Երկուշաբթի, 9 Հոկտեմբերին, կառավարութեան նիստին ընթացքին յայտարարեց, որ Ղարաբաղեան հարցի կարգաւորման ուղղուած բանակցային գործընթացը այսօր կը վերսկսի առանց որեւէ նախապայմանի:

«Հայաստան տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ կ՛ուզէ խափանել բանակցութիւններու վերսկսումը, բայց այժմ ստիպուած է հրաժարելու այդ քաղաքականութենէն», յայտարարեց Ատրպէյճանի ղեկավարը:

Հայաստանի նախագահի մամլոյ քարտուղարը ներկայացուց Ալիեւի այս յայտարարութեան վերաբերեալ Սերժ Սարգսեանի տեսակէտը, որ կ՛ըսէ. «Բոլորին վաղուց յայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարութիւնը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Վերջին յայտարարութիւնները այդ շարքից էին՝ միակ տարբերութեամբ, որ այդ սադրանքն իրականացուել է Բաքուի կենտրոնում, այլ ոչ թէ Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թէ բանակցութիւններին ինքը թելադրողի դիրքերից է հանդէս գալիս: Բաքուի հաշուարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները չկատարելու պատասխանատուութիւնից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջեւ: Մեր եւ Բաքուի պատկերացումները խայտառակութեան մասին խիստ տարբերւում են: Գուցէ Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակութիւն է համարուել նախապէս ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից հետ կանգնելը: Խայտառակութիւն է, երբ միջազգային ասպարէզում այլ պետութիւնների ղեկավարների ներկայութեամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար: Խայտառակութիւն է, երբ փորձում են միջազգային հանրութեանը եւ սեփական ժողովրդին խաբել:

Բանակցութիւնների գնալու հայկական կողմի համաձայնութիւնը որեւէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխութիւն ԼՂ կարգաւորման հարցում կամ յետքայլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանաւորուածութիւնների կատարման հրամայականից:

Եթէ միջազգային այդ պայմանաւորուածութիւնների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշուած նախապայման, ապա բոլորը գիտեն, թէ ինչ են այս կապակցութեամբ բազմիցս յայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն: Զաւեշտ է, որ միջազգային հանրութեան առջեւ խայտառակուելուց խօսում է մի երկիր, որի նախաձեռնութեամբ ստեղծուած միջազգային պաշտօնեաներին կաշառելու այսպէս կոչուած բարեգործական հիմնադրամի մասին փաստերը չեն իջնում միջազգային մամուլի առաջին էջերից: Թերեւս Ադրբեջանի այդ խայտառակութիւնը կոծկելու այլ ճանապարհ չի մնացել, քան ինչ-որ մտացածին յաղթանակների մասին գլուխ գովելը: Մէկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր նախագահների յոխորտանքները յօդս են ցնդել՝ բախուելով Արցախի ժողովրդի անբեկանելի կամքին եւ կայացած Արցախի Հանրապետութեան իրողութեանը: Յստակ է, որ մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանէ ձախողուած են: Մենք յանձնառու ենք ղարաբաղեան հիմնախնդիրը կարգաւորել բացառապէս խաղաղ միջոցներով»։

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button