«Երազանքս Է Հայաստանում Առողջապահութեան Մակարդակը Բարձրացնել»

«ԱՐԱՐԱՏՆԻՈՒԶ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ Prime Health Care-Ի ՆԱԽԱԳԱՀ ԲԱՐԵՐԱՐ ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆԻ ՀԵՏ

 Վարեց՝ ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ

 ԱՄՆում հայապահպանութեան դժուարութիւնների, հայ-ամերիկեան յարաբերութիւնների եւ այլ հարցերի մասին «Արարատնիուզ»ը զրուցեց ամերիկահայ, գործարար, բարերար Prime Health Care-ի (Օնտարիօ, Կալիֆորնիա) նախագահ, առողջապահութեան ոլորտի պատասխանատու Մայք Սարեանի հետ: Նրա հետ խօսել ենք նաեւ իր ընտանեկան պատմութեան, երազանքների եւ Հայաստանի հետ կապուած նպատակների մասին:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Պարո՛ն Սարեան, ինչո՞ւ ընտրեցիք հէնց բժշկութեան ոլորտը:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Փոքրուց եմ ցանկացել այս մասնագիտութիւնն ունենալ: Ես ցանկանում էի օգնել, լինել այն մարդկանց կողքին, ովքեր հիւանդանոց գնալու եւ բժշկի կարիք ունէին: Ու որոշեցի ընտրել այս մասնագիտութիւնը եւ արդէն շուրջ 30 տարի է այս գործի մէջ եմ:

 

 ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Այսօր բժշկութիւնը միակ մասնագիտութիւնը չէ, որ ունէք, դուք նաեւ զբաղւում էք բիզնեսով եւ քաղաքականութեամբ: Նշուածներից ո՞րն է ձեզ աւելի հոգեհարազատ:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Իմ մասնագիտութիւնը՝ բժշկութիւնը, ինձ համար շատ սիրելի է, որովհետեւ այն հնարաւորութիւն է տալիս շտկել մարդկանց առողջութիւնը, նրանց կեանքն աւելի լաւը դարձնել: Նոյնն էլ քաղաքականութիւնն է, որովհետեւ լաւ ղեկավարը, քաղաքական գործիչը կարող է երկրի համար այնպիսի բաներ անել, որ մարդկանց կեանքը բարելաւուի, աւելի լաւը դառնայ: Ինձ համար քաղաքականութիւնը բժշկութիւնից յետոյ երկրորդ կարեւոր բանն է: Երկրի ղեկավարութիւնը շատ կարեւոր դեր է խաղում երկրի բարգաւաճման, առաջընթացի հարցում, եւ եթէ լինեն սխալ ղեկավարներ, երկիրը կարող են հետընթացի տանել:

Եւ այս երկուսն էլ իրականում շատ կարեւոր են՝ առողջապահութիւնը, որը հոգում է մարդկանց առողջութեան համար, եւ քաղաքականութիւնը, որը հոգում է երկրի անվտանգութեան, տնտեսութեան եւ այլնի համար, որովհետեւ առանց տնտեսութեան անկարելի է առաջ գնալ:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Ձեր գործունէութեան ընթացքում, լինի առողջապահութեան եւ քաղաքականութեան ոլորտում, դուք չէք մոռանում նաեւ Հայաստանի մասին եւ ամէն կերպ փորձում էք օգտակար լինել: Կ՛առանձնացնէ՞ք այն կարեւորները, որոնք արել էք հայրենիքի համար:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Հայաստանը բախտաւոր է, որովհետեւ մեծ Սփիւռք ունի, 7 մլն. հայեր են ապրում աշխարհի տարբեր քաղաքներում: Այսպիսով, Հայաստանի մեծագոյն հզօրութիւնը, գանձը սփիւռքահայութիւնն է: Եւ Սփիւռքի հայերը պէտք է օգտակար լինեն Հայաստանին, ներդրումներ անեն տարբեր ոլորտներում, որովհետեւ մենք տարբեր մասնագիտութիւններ ունենք, եւ մեր գործունէութեան շրջանակներում կարող ենք օգտակար լինել Հայաստանին:

Կարեւոր է, որ Սփիւռքի յայտնի անձինք, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ եւ լաւ գաղափար, օգտակար լինեն Հայաստանին՝ լինի տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու-Խմբ.), մշակոյթի թէ այլ բնագաւառներում:

Արդէն 4 տարուց աւելի է՝ ես առղջապահութեան նախարարութեանը բաւականին անհրաժեշտ գործիքներ, սարքաւորումներ եմ ուղարկել ու փորձում եմ օգուտ տալ Հայաստանին: Այսօր ես նաեւ զբաղւում եմ հիւանդանոցների ղեկավարութեամբ եւ իմ աշխատանքով փորձում եմ ամէն բան անել հայրենիքիս համար:

Հիմա նպատակ ունեմ օգտակար լինել ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Արցախին: Անընդհատ մտքիս է, որ հայ զինուորի համար ինչ-որ բան անեմ:

Վերջապէս, ես ցանկանում եմ, որ Հայաստանում բժշկութեան մակարդակը բարձրանայ եւ հասնի եւրոպական, ամերիկեան ստանդարտներին (չափանիշներուն-Խմբ.):

Վերապատրաստումներ լինեն, սարքաւորումներ լինեն, անընդհատ զարգացում լինի այս ոլորտում, որ մարդիկ հէնց Հայաստանում օգնութիւն ստանան: Եւ բժշկուելու համար ոչ թէ Հայաստանից արտերկիր գնան, այլ ուրիշ տեղերից գան մեր երկիր:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Իսկ Հայաստանում որո՞նք են այն հիմնական բացթողումները, խնդիրները, որոնց լուծումը առաջնային պէտք է լինի:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Օրինակ՝ Հայաստանի հիւանդանոցները չունեն միջազգային հաւատարմագրում՝ Եւրոպայի համար ընդունուած է որպէս DNV, իսկ ամերիկեան հասարակութեան համար՝ Joint Commission: Այս երկու ստանդարտները համաշխարհային ճանաչում ունեն. սրանք են հաւատարմագրումների հիմքը: Եւ Հայաստանում այս որակեալ ստանդարտները պէտք է դրուեն: Սակայն, 3-5 տարի է հարկաւոր, որ այս ստանդարտները գործեն: Կարեւոր է, որ այդ ամէնը չարուի սխալ ձեւով, չարուեն սխալ գործողութիւններ՝ ի վնաս հիւանդների:

Չափազանց կարեւոր է, որ դրսում գտնուող մարդիկ վստահեն հայկական հիւանդանոցներին, վստահ լինեն, որ Հայաստանի հիւանդանոցներում գործում են այս եւրոպական եւ ամերիկեան ստանդարտները: Հիւանդանոցներում բժշկական սխալները պէտք է հասցուեն 0ի: Այս ստանդարտները պէտք է դրուեն, որ դրսի մարդիկ գան եւ վստահ լինեն, որ որակեալ բուժում կը ստանան:

Առանց այս ստանդարտների առողջապահութեան մակարդակ չի կարող լինել: Յուսով եմ, որ Հայաստանը մի օր կ՛ունենայ այս ստանդարտները: Ես մօտ 50 հիւանդանոց եմ ղեկավարում ԱՄՆում,  եւ բոլորն էլ ունեն այս ստանդարտները: Առանց դրա չես կարող, կարեւոր է դա: Ինչը որ մենք այսօր պէտք է անենք, ես 3000-4000 գործիք պէտք է ուղարկեմ Հայաստան՝ նարկոզի (թմրեցուցիչ-Խմբ.) եւ շնչառական սարքաւորումներ, տպագրական սարքեր եւ այլն:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Ասացիք, որ նաեւ մտքեր կան Արցախի հետ կապուած, մօտ ապագայում կա՞ն ծրագրեր, որոնք ուղղուած կը լինեն հէնց Արցախի առողջապահութեան ոլորտում փոփոխութիւններին:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Ես Արցախի պաշտպանութեան նախարարի հետ եմ խօսել, ասացի որ ցանկանում եմ՝ զինուորներն առաջին բուժօգնութիւնն ունենան: Հիմա պէտք է շտապօգնութեան համար անհրաժեշտ բոլոր սարքաւորումները ուղարկենք Ղարաբաղ, որ հայ զինուորը պէտք եղած ժամանակ, երբ վիրաւորում ստացած կը լինի, միանգամից օգնութիւն ստանայ, նոյն ժամին եւ չսպասի, մինչեւ իրեն կը հասցնեն Ստեփանակերտ կամ Երեւան: Ես դա պէտք է ուղարկեմ իրենց համար, որովհետեւ սահմանին մեր եղբայրներն են, ովքեր կը պաշտպանեն մեր հողերը: Եւ ուրիշ այլ գործիքներ էլ պէտք է ուղարկենք թէ՛ Ղարաբաղ, թէ՛ Հայաստանի տարբեր շրջաններ:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Պարո՛ն Սարեան, ի՞նչ յարաբերութիւններ ունէք ԱՄՆի իշխանութիւնների հետ եւ այդ ոլորտում Հայաստանի հետ կապուած ի՞նչ ծրագրեր կան:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Այստեղ ազդեցիկ մարդկանց շրջանում բաւականին ընկերներ ունեմ, ես՝ որպէս ամերիկահայ, հանդիպել եմ ԱՄՆի երկու նախագահների՝ Քլինթոնի եւ Օբամայի հետ: Տարբեր հանդիպումների ժամանակ միշտ խօսել եմ հայ ժողովրդի մասին, կոչ արել օգտակար լինել Հայաստանին:

Կարեւորը՝ որ ամերիկեան կառավարութիւնը բարեկամ լինի Հայաստանին: Տեսակէտ կայ, որ Հայաստանը մօտ է միայն Ռուսաստանի հետ, բայց դա սխալ է, մենք կապեր ունենք ե՛ւ Եւրոպայի, ե՛ւ ԱՄՆի հետ:  Եւ այսօր մենք ապրում ենք Ամերիկայում ու կ՛ուզենք, որ այս երկիրը բարեկամ լինի Հայաստանին:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Գո՞հ էք այսօրուայ հայ-ամերիկեան յարաբերութիւններից:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Այո՛, բայց ցանկանում եմ, որ այդ յարաբերութիւնները, որ մենք հաստատել ենք այս 25 տարուայ մէջ, հիմա աւելի բարելաւուեն ու աւելի լաւանան:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Ի՞նչ է ձեզ համար Հայաստանը:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Ես այսքան ժամանակ բնաւ Հայաստանում չեմ եղել, բայց ես Լիբանանում յաճախել եմ հայկական դպրոց: Եւ ինձ համար Հայաստանը ամէն մի հայի տունն է, մեր ժողովրդի օջախն է: Առանց Հայաստանի հայ ժողովուրդը չի լինի: Մենք Սփիւռքի մէջ հայեր ենք, օրինակ՝ ես ծնուել եմ Լիբանանում, աղջիկս ծնուել է Ամերիկայում, բայց մենք քանի որ հայ ենք, մեր օջախը Հայաստանն է: Սփիւռք եւ Հայաստան՝ մենք պէտք է ջանք չխնայենք մեր հայրենիքը պահպանելու համար:

Այսօր, դժբախտաբար, մարդիկ լքում են Հայաստանը, որովհետեւ տնտեսութիւնը տկար վիճակում է: Այս հարցով ես շատ մտահոգ եմ, կ՛ուզեմ, որ Հայաստանը զօրանայ, բարգաւաճ երկիր լինի, որ մեր հայ ժողովուրդը լաւ ապրի, փոխանակ աղքատ լինելուն, հարուստ լինի:  Արդէն հարուստ ենք մշակոյթով՝ երաժշտութեամբ, գրականութեամբ, բայց կ՛ուզեմ, որ հարուստ լինենք նաեւ տնտեսապէս: Մեր ժողովուրդը խելացի է, ու վստահ եմ, որ մենք դրան կը հասնենք, եթէ Սփիւռքը եւ Հայաստանը միացեալ աշխատեն:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Նպատակ ունէ՞ք Հայաստան գալու:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Արդէն քանի տարի է՝ ցանկանում եմ Հայաստան գալ, բայց ժամանակ չի լինում: Շատ եմ ուզում գալ Հայաստան ու տարբեր շրջաններով պտըտուել: Այդտեղ շատ մարդկանց հետ եմ խօսել՝ բժիշկների, առողջապահութեան նախարարի, որոշակի գաղափարներ ունեմ, որ ուզում եմ կիսուել նրանց հետ, փորձենք կամաց-կամաց մեր առողջապահութեան համակարգի մակարդակը բարձրացնել, աւելի լաւը դարձնել. դա է իմ նպատակը:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Պարո՛ն Սարեան, կը պատմէք՝ ինչպէ՞ս հասաք ԱՄՆ, որտեղի՞ց են ձեր նախնիները:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Իմ մեծ հայրը Բալուից էր, մեծ մայրս՝ Ադանայից, նրանք ամուսնացել են այնտեղ: Ցեղասպանութեան ժամանակ իրենց ուղարկել են Դէր Զօր, որտեղ էլ 4 տարի ապրել են: Յետոյ եկել են Լիբանան, հայրս այնտեղ է ծնուել: 50 տարի Լիբանանում ապրելուց յետոյ 1976 թուականին այնտեղի պատերազմի պատճառով, երբ արդէն 14 տարեկան էի, եկանք ու հաստատուեցինք ԱՄՆում:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայաստանից դուրս դժուա՞ր է հայ մնալը:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Այս հարցը ինձ միշտ մտահոգում է, հայապահպանութիւնը դժուար է Հայաստանից դուրս: Մարդիկ զարմանում են, որ ես լաւ հայերէն եմ խօսում, որովհետեւ Լիբանանում ես հայկական նախակրթարան, հայկական դպրոց եմ գնացել: Բայց հիմա նոր սերունդը քիչ-քիչ սկսել է հայկական դպրոց չգնալ, աւելի շատ ամերիկեան դպրոց են գնում: Հիմա իմ աղջիկը 7 տարեկան է, նրան հայկական դպրոց ենք տարել, որովհետեւ վստահ եմ, որ հայ դպրոցը երեխային հայ կը պահի: Բայց հիմա նաեւ դժուար է հայկական դպրոցներ պահելը: Անցած տարի 1.5 մլն. դոլար տուեցի, որ մէկ հայկական դպրոց փրկուի:

Հայկական դպրոցները սփիւռքում շատ կարեւոր են, եւ ես ցանկանում եմ, որ իմ աղջիկը հայերէն սովորի ու հիմա էլ սովորում է, որ իմ զաւակները, չնայած ԱՄՆ քաղաքացիներ լինեն, բայց հայ մնան, նաեւ կ՛ուզեմ Հայաստանում տուն ունենալ:

 

ԷՄՄԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Իսկ ի՞նչ երազանքներ ունէք այսօր:

ՄԱՅՔ ՍԱՐԵԱՆ.- Իմ երազանքն  է, որ մէր ժողովուրդը բարգաւաճի, որ հայ ժողովուրդը լաւ ապրի: Ուզում եմ զօրաւոր երկիր լինենք ու մենք բոլորս հպարտանանք տարբեր ոլորտներում՝ գիտութեան, առողջապահութեան, տեխնոլոգիաների, մեծ յաջողութիւններ ունենանք, ժողովրդավարական երկիր լինենք: Երազանքս դա է. մեր ժողովուրդը շատ է չարչարուել, ու հիմա ուզում եմ, որ լաւ ապրի:

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button