Շաքէ Մանգասարեանը՝ Ռադիօ «Այգ»ի Խօսուն Այգաբացների Պահապան

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը մշտապէս իր ուշադրութեան ու հոգատարութեան կենտրոնում է պահում օտար ափերում ազգանպաստ գործունէութիւն ծաւալող մեր հայրենակիցներին. նրանցից մէկին՝ Արաբական Միացեալ Էմիրութիւններում գործող «Այգ» առցանց ռադիօկայանի հիմնադիր-ղեկավար Շաքէ Մանգասարեանին ՀՀ սփիւռքի նախարարը վերջերս պարգեւատրեց «Մայրենիի դեսպան» մեդալով: Արժանաւոր հայուհու հետ ինձ հնարաւորութիւն ընձեռուեց զրուցելու «Հայերն Այսօր»ի համար. ստորեւ մեր ընթերցողների ուշադրութեանն ենք ներկայացնում այդ հարցազրոյցը (յապաւումով-Խմբ.):

 

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք եօթ տարի շարունակ անձնուիրաբար, սեփական միջոցներով աշխատում էք «Այգ» ռադիօկայանում. ասացէք, խնդրեմ, ի՞նչ նորութիւններ ունէք «Այգ»ի ծրագրերում:

ՇԱՔԷ ՄԱՆԳԱՍԱՐԵԱՆ.- Եօթ տարեկան է «Այգ»ը. այն այսօր Սփիւռքում գործող վիթխարի ռադիօկայաններից մէկն է: Ես հետեւողական եղայ, կապեր հաստատեցի Հայաստանի հանրային ռադիոյի հետ եւ սիրով համագործակցում ենք: Իմ համագործակցութեան մշտական ու շատ սիրելի օղակը նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութիւնն է:

Փակագծերը բացեմ եւ ուրախութեամբ  ասեմ, որ շուտով պէտք է համագործակցենք Վատիկանի ռադիոյի հետ. զրուցել եմ պարոն Կարէն Հալաջեանի հետ, համագործակցութեան հիմքը գցուած է, ապագայում կ՛ունենանք նաեւ նոր հաղորդաշարեր, գնալով պէտք է տարածուի ու ընդլայնուի մեր գործակցութիւնը: Հայաստանի հանրային ռադիոյի «Կամուրջ» հաղորդաշարն ունի Սփիւռքի ձայն, որի միջոցով կապի մէջ ենք Սփիւռքի միւս ռադիոկայանների հետ: Մեր հաստատած կապերի շնորհիւ մեր դիմատետրի էջերում լուսաբանում ենք Միջին Արեւելքի, յատկապէս՝ Սիրիայի, Հայաստանի եւ միջազգային լուրերը՝ մասնաւորապէս համագործակցելով արեւմտահայերէնով լրատուական դաշտերի հետ, որոնցից լուրեր ենք ստանում մեր էլեկտրոնային նամակների միջոցով: Կապեր ունենք Ֆրանսիայի «Նոր Յառաջ»ի, Պոլսի «Ժամանակ»ի, Յունաստանի, Ամերիկայի Միացեալ Նահանգների լրատուամիջոցների հետ: Այսպէս ասած՝ լուսարձակի տակ ենք դնում նաեւ արեւմտահայերէնով հրատարակուող մամուլի կայքերը, օրինակ՝ Հալէպի «Գանձասար»ը, Լիբանանի «Ազդակ»ը, «Զարթօնք»ը եւ «Էրեբունի-անկախ Հայաստան լրատու»ն, Հայաստանից՝ «Եռագոյն»ը, Յունաստանից՝ «Ազատ Օր»ը, Միացեալ Նահանգներից՝ «Ասպարէզ»ը, «Հորիզոն»ը, «Հայրենիք»ը: Արեւելեհայերէնով մամուլը նոյնպէս յատուկ տեղ ունի մեր դիմատետրում, օրինակ՝ Իրանի «Ալիք»ը,  ՌԴից Մոսկուա քաղաքի «Դէպի Արարատ»ը եւ հայաստանեան առաջնակարգ մամուլի էջերը: Արցախի լրատուական հաղորդումները մեր ամէնօրեայ եթերով վերահեռարձակւում են. ուղիղ մէկ տարի է, ինչ մենք Արցախի լուրերի «Օր» լրատուական հիմնական հաղորդումն ու Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի «Ճշմարիտ Ճանապարհ» հոգեւոր հաղորդումն ենք հեռարձակում:

 

 ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Խօսենք նաեւ ռադիօ «Այգ»ի երաժշտական հաղորդումների մասին. ի՞նչ երաժշտութիւն է իր ունկնդիրներին մատուցում ձեր ռադիօկայանը:

ՇԱՔԷ ՄԱՆԳԱՍԱՐԵԱՆ.- Բարձրաճաշակ երաժշտութիւն՝ հայկական ժողովրդական-գուսանական երգ ու երաժշտութիւն, ազգագրական, էստրադային, դասական, համաշխարհային երաժշտութեան լաւագոյն կատարումները: Մենք հսկայական, հարուստ ձայնադարան ունենք:

 

ԿԱՐԻՆէ ԱՒԱԳԵԱՆ.- Սիրելի՛ հայրենակցուհի, ձեր նուիրումով ու հետեւողական աշխատանքով հանդերձ՝ ո՞ւմ էք պարտական 24 ժամ հեռարձակուող «Այգ»ի անխափան աշխատանքի ու անսպառ ձայնի համար:

ՇԱՔԷ ՄԱՆԳԱՍԱՐԵԱՆ.- Անկեղծօրէ՛ն պէտք է ասեմ՝ կեանքիս ընկերոջը, քանի որ ի՛նքն է իմ յենարանը, ինձ ոգեւորողը, ֆինանսաւորողը. եթէ ինքը չհաւատայ հայութեան, հայ ազգի մեծ ներուժին, մշակութային ու հոգեւոր մեծ ժառանգութեանը, ապա այդպիսի նուիրում ու աջակցութիւն չի ունենայ իմ գործում:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button