Թալեաթի եւ Էնվէրի հետ Սապահ-Գիւլեանի եւ Մուրատի շփումները Պոլսում

Հաջի Մուստաֆայից, Ադրիանուպոլսից, Մալգարայի կողմերից ահագին թուով զինուորականներ էին լցուել՝ մեծ ու փոքր. բոլորն էլ ժամանակաւոր արձակուրդ առած՝ Պոլիս կամ իրենց տներն էին գնում:

Ահմէտ Էֆէնտին եկաւ յայտնեց, որ գնացքի մէջ եղող մի քանի ժէնէրալներ եւ շատ թուով սպաներ ու գնդապետներ «փափագ եւ ըղձանք» են յայտնում «Հինչակ էֆէնտիներին» տեսնելու:

Գնացինք դահլիճը.- ծափահարութի՜ւն: Սկսուեց ընդհանուր խօսակցութիւն՝ «եղբօր նման»: Մեծից մինչեւ փոքրը ցոյց էին տալիս՝ որ «Հինչակներին» շատ են սիրում, մեծամեծ ծառայութիւններ են մատուցել, որ նրանց կռիւների ժամանակ՝ իրենք սրտով նրանց հետ էին. մէկն էլ ասաց՝ որ եթէ «մի քիչ էլ առաջ երթային, Բաբ Ալին պիտի առնէին, եւ իրենք խօսք էին արել չընդդիմադրելու…»: Ոմանք էլ ընկեր Մուրատի ձեռքը սեղմեցին՝ ասելով որ իրենք, ակամայիցս Սասունի կռիւներին մասնակցել էին, ու զղջում ապաշաւանք էին յայտնում, թէ ինչո՛ւ թիւրիմացութիւն էր եղած եղբայրների մէջ եւ իրարու վրայ գնդակ էին արձակած…:

Արեւելյան շողոքորթութիւնը իր բառամթերքը սպառեց:

Հարցրին թէ՝ «իրա՞ւ է, որ մեր երկու Քոմիտէները միացել են»:

Ասացինք, որ մեր Պարիզ եղած ատենը՝ դեռ ո՛չ:

Որպէս աւետիք, մեզ երկարացրին «Լը Մատէն»ի այն թիւը, որով յայտարարւում էր՝ որ «Սահմանադրութիւն եւ ապակեդրոնացում» (Սապահէտտինի) ու «Միութիւն ու Յառաջադիմութիւն» (Րիզայի) Թուրք երկու Կուսակցութիւնները միացել, իրարու հետ ձուլուել են…:

Մեր շանթահարուած յուսախաբութիւնը զսպեցինք եւ խօսակցութեան ընթացքը շարունակեցինք:

Զինուորականները շատ հետաքրքրուեցան գիտնալ թէ սոցիալիզմը ի՞նչ բան է, որ «Հինչակներինը» կը քարոզեն:

Բացատրեցինք:

«Աստուած վկայ, այդ շա՛տ լաւ բան է, ինչո՞ւ չընդունենք», ասաց ծերունի ժէնէրալը: Միւսները գլխով արեցին, որպէս հաւանութեան նշան:

Մի երիտասարդ գնդապետ ասաց, որ ինքը սոցիալիզմի մասին շատ է կարդացել, միայն մի բանի համամիտ չէ. այն՝ որ «սոցիալիստները հակամիլիտարիստականներ են», «եթէ մեզ արձակէին, աւելացրեց, մենք ի՞նչպէս պիտի ապրէինք»:

Հասկացրինք, որ սոցիալիզմի քարոզած հակամիլիտարիզմը գալիս է պաշտպանելու նոյնիսկ զինուորականների ամենակենսական շահերը: Երբ խնդրին թանձրացեալ ձեւ տալով, ասացինք որ իրենց կեանքը իրենցը չէ, այլ Սուլթան Համիդին եւ նրա շուրջ եղող Իզզէտներին, Մելհամէներին, որ իրենք լոկ գործիք էին… բոլորը միասին աղաղակեցին որ՝ «ճշմարիտ» է. եւ ամէն մէկը սկսեց իր տարտը լալ, յայտնելով որ ամիսներով ռոճիկի երես չեն տեսնում եւ իրենց ընտանիքներից առած աղէխարշ նամակները ուղղակի իրենց  հոգին են ցնցում, այնքան որ ողբալի կացութեան մէջ են ընկնում յաճախ:

Մեզ ո՞վ պիտի պահի:

Երկար բացատրեցինք թէ՝ ինչպէս արտադրութեան միջոցները ընդհանուրի սեպհականութիւնը պիտի լինին եւ ո՛չ թէ մասնաւորների. եւ դրա հետեւանքը կը լինի, որ ընկերութիւնը իր իւրաքանչիւր անդամի մարդավայել գոյութիւնը կ’ապահովի:

-«Այդ շա՜տ լաւ բան է, շա՜տ լաւ. դրանից էլ ի՞նչ լաւ բան կարող է լինել» ասաց «մեր» ծերունի ժէնէրալը:

-«Բայց մենք ամէնքս էլ պիտի աշխատենք» աւելացրեց գնդապետը:

-Հա՛րկաւ, հաստատեցինք:

-«Իշտէ ա՛յդ չեղաւ, «Հինչակ» էֆէնտի»:

Գնացքը հասաւ Կ. Պոլիս:

ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ.-Կ. Պոլիս ենք, շրջապատուած ընկերներով. ժամանակ չկայ կորցնելու. աշխատանքի եւ գործի բաժանում անելուց յետոյ՝ մենք հետամտեցինք իրերի դրութիւնը ուսումնասիրելու եւ հաստատութիւնները ու մարդկանց լաւ ճանաչելու:

Պոլսոյ տէրն ու տիրականը «մեր» Շաքիր Պէհաէտտին Բէյն էր: Ծայրագոյն խանդավառութիւնը՝ անտիրութեան մէջ՝ ընդհանուր էր:

Մի քանի անգամ փոխադարձ տեսակցութիւններ ունեցանք «Երիտասարդ»ների հետ, ինչ որ ժամանակին լրագրութեան նիւթ դարձաւ:

Հազիւ 10 օր անցած, Շաքիր Պէհաէտտինը մեզ իմաց տուեց, որ Սալոնիկի իրենց Կեդրոնական Վարչութեան անդամները եկած՝ տեսակցութիւն են ուզում:

Շահզատէ Բաշի, «Իտտիհատ»ականների Կենդրոնավայր ակումբի մէջն ենք: Պէհաէտտինը մեզ ներկայացրեց իր երկու ընկերներին՝ Թալաթ եւ Էնվէր:

Մի քանի հարեւանցի խօսակցութիւնից յետոյ՝ Էնվէրը հեռացաւ: Նա մեզ վրայ թողեց կնամարդու տպավորութիւն. արցախեցիների գործածած կուստօ բառը նրան շատ լաւ էր պատշաճում.- մի մարդ՝ որ գռեհիկ հոգի ունի, շքեղազարդ հանդերձով, սեթեւեթեալ, կնոջական ծեքծեք ձեւերով: Կոտրտուքը, նազանքը, դիմացինին ամէն գնով հաճելի երեւալու ունակութիւնը այդ մարդու մէջ ծայրագունութեան էր հասել,- «Պարսկական մի ղէյլանչի»:

Թալա՞թը.- դա շահմար օձ էր. աչքերի բոլորակների վրայ արեան բիծեր. պարանոցը կարճ, թուրք պաշտօնէի «կիրթ» ձեւերով. կեղծաւորութիւնը, խորամանկութիւնը, խաբեբայութիւնը քանդակուած էր դէմքի գծերի մէջ: Այդպիսի դէմքեր ամենից լաւ վկայականն են՝ բնաւորութիւնը որոշող: Խօսում էր գլխահակ. աչքերը միշտ վար պահած. շարունակ թարթիչները իրար զարկելով: Խօսքի թելը շարունակելիս՝ նա խօսակցի երեսին էր նայում՝ գաղտագողի, տեսնելու համար թէ՝ ի՛նչ տպաւորութիւն է թողնում իր ասածը: Իսկ խօսակցի պատասխանի ժամանակ՝ անթարթ աչքով դիտել եւ ժպտալ, հաւանութեան նշաններ ցոյց տալ.- հոգին արհեստականօրէն վարագուրողի ունակութիւններ են դրանք: Դրանք արեւելեան դիւանագէտների պատմական շարժ ու ձեւեր են, որոնք նշանակուած են թոյլ չտալու դիմացինին, որ իր հոգին կարդայ, մինչդեռ ինքը՝ այդ յաջողութիւնը ձեռք պիտի բերի՝ այդպիսի փոխ-առնովի եւ շինծու ձեւերով.- մի անզարգացած մարդ:

Ուղիղն ասած՝ արհամարանքս չէի կարողանում պահել, երբ մարդը խօսում էր ամենաբարձր խնդիրների մասին: Ընկեր Մուրատը մինչեւ անգամ քանիցս թեւքս մշտեց, երբ տաքանում, ձայնս բարձրացնում էի:

Թալաթի առաջին խօսքն եղաւ, որ ինքը Սալոնիկի իրենց Կեդրոնական Վարչութեան կողմից յատուկէն եկել է եւ հրահանգ ունի ուսումնասիրելու բոլոր Կուսակցութիւնները, տեսնելու թէ՝ ի՞նչ հոսանքներ կան եւ ծանօթանալու կուսակցութեանց ղեկավարիչների հետ: Ուստի խնդրեց տեղեկութիւն տալ՝ մեր Կուսակցութեանց Հիմնական Սկզբունքների մասին:

Իրեն բաւականութիւն տուեցինք:

-«Շա՜տ գեղեցիկ մի Կուսակցութիւն, շա՜տ օգտակար. երկիրը ձեզ պէտք ունի».- սկսեց մի շարք սուտակասպաս, երեսպաշտ, մարդելոյզ բառեր, դրուատիքներ թափել: Այս նախապատրաստութիւնից յետոյ, հարց դրեց թէ՝ «Ի՞նչ է ձեր եւ Դաշնակցականների տարբերութիւնը»:

Հասկանալի է, թէ իր թրքական ուղեղովը ի՛նչ էր ուզում իմանալ եւ հարցը ո՛ւր պիտի գլորէր:

Մեր պատասխանը եղաւ.- արդեօք պարոնը շատ լաւ ըմբռնե՞ց մեր Կուսակցութեանց ղեկավարիչ սկզբունքները, մեր ասածները. մեր տուած բացատրութիւնները ամէն ինչ հասկանալի դարձրի՞ն, թէ ո՛չ, եթէ լուսաբանութեան կարօտ կէտեր դեռ կան, դարձեալ խօսենք…:

-«Ո՛չ. ամեն ինչ պարզ, հասկանալի եղաւ. այդ մասին՝ շիտակը, շատ գոհ մնացի», պատասխանեց «Իտտիհատ»ի Կեդրոնական Վարչութեան պատուիրակը:

-Արդ, աւելացրինք, ձեզ խորհուրդ ենք տալիս՝ ուղղակի յարաբերութեան մէջ մտնել Դաշնակցութեան ղեկավար անձերի հետ, որոնք արդէն ձեր բարեկամներն են. եւ նրանցից հարցնել, տեղեկանալ՝ թէ ի՞նչ է իրենց Կուսակցութեան գաղափարաբանութիւնը: Այդ անելուց յետոյ՝ մեզնից եւ նրանցից ձեր լսածները համեմատութեան կը դնէք եւ ինքներդ եզրակացութեան կը հասնէք այն տարբերութիւնների մասին, որ ձեզ հետաքրքրում են:

Խորամանկը մի քիչ յանկարծակի եկաւ:

Աւելացրեց. «Բայց նրանք յեղափոխական անուն ունին. կարելի՞ է, տեսնուա՞ծ է, որ մի կառաւարութիւն թոյլ տայ որ երկրի մէջ յեղափոխական անունով Կուսակցութիւններ լինեն»:

-Բայց այդ հարցը մեզ ինչո՞ւ էք տալիս…: Այո՛, Հերվէն, Վայեանը յեղափոխական սոցիալիստներ են Ֆրանսիայի մէջ: Բայց ինչո՞ւ չէք ուզում այդ հարցը ուղղակի Դաշնակցականներին դնել:

Մենք շատ լաւ էլ գիտէինք, որ մեզնից առաջ Դաշնակցականների հետ տեսնուել, խօսել, զրուցել էր, բարեկամական տեսակցութիւններ ունեցել, եւ նոյն իսկ նրանց էլ հարցրել՝ թէ «ի՞նչ էր իրենց ու Ս. Դ. Հնչակեանների տարբերութիւնը»:

Այնու ամենայնիւ, մեր խօսակիցը ցոյց տուեց, որ ընդունում էր մեր խորհուրդը եւ այդ միջոցով էր որ իր ցանկութեանը պիտի հանսէր:

-«Ես հրահանգ ունիմ ձեզ մի առաջարկ բերելու», ասաց:

-Ուրախութեամբ կը լսենք, հրամմեցէ՜ք, պատասխանեցինք:

-«Քանի որ ապահովութիւն չկայ, դեռ Սուլթան Համիտը ողջ է եւ «Հին րէժիմ»ի մարդիկ կարող են խռովութիւններ յարուցանել, աւելի լաւ չի՞ լինիլ, որ գաք, մեզ միանաք եւ միատեղ Ազգային պահպանութեան թիկնապահների մի զօրաբանակ կազմենք՝ ամէն պատահականութեանց դէմ դնելու համար»:

Մենք պատասխանեցինք.

Ա.- Սուլթան Համիտի ողջ մնալու պարագան բացարձակապէս իրենցից կախումն ունէր եւ դրան իրենք էին ցանկացողները.- ասացինք թէ՝ իրենց պարագլուխը ինչեր էր մեզ յայտնել այդ մասին:

Բ.- Հասկացրինք, որ «ազգային» եզրը մենք չենք ընդունում, որովհետեւ՝ մեր գաղափարաբանութեան համեմատ՝ Թիւրքիայի մէջ ո՛չ թէ ազգ, այլ ազգեր կան.

Գ.- Պոլսոյ մէջ «ազգային թիկնապահներ»ի զօրաբանակ կազմելով՝ դեռ գաւառները փրկած չենք լինել. եւ՝

Դ.- Րէակցիայի պարագային ամէնից շատ վնասուողները աւելի Հայերը պիտի լինին՝ ամեն տեղ. եւ քանի որ Հայերի կողմից հակասահմանադրական ո՛չ մի կասկած կարող է լինել, ուստի աւելի եւ նպատակայարմար չէ՞ր լինիլ, որ մենք՝ Հայերս ազգային զատ խմբեր կազմակերպէինք, իրենք՝ Թուրքերը՝ զատ. ու դրուած հարցը այդ ուղղութեամբ վճռէինք:

-«Բայց ինչո՞ւ օսմանցիական հողի վրայ չկանգնենք», հարցրեց Թալաթը:

Ասացինք, որ մեզ համար Օսմանցի եւ Թուրք հոմանիշ բառեր են.- Օսմանցի Հայեր չկան, չեն կարող լինել. կան Օսմանեան հպատակ, Օսմանեան քաղաքացի Հայեր:

-«Բայց մի՞թէ Ֆրանսիա մեր ասածին պէս չէ. այնտեղ բոլորն էլ ֆրանսիացիներ չե՞ն»:

-Թիւրքիան Ֆրանսիա չէ. այնտեղ՝ կայ ազգութիւն, այստեղ՝ ազգութիւններ. երկու երկրների միջավայը, տարերը համանմանութեան եզրեր չունին:

-«Չի՞ լինիլ, որ ձեզ հետ համաձայնութեան գանք. ի՞նչ պայմաններ կ’առաջարկէք»:

Առարկեցինք, որ ա՜յսքան անց ու դարձերից յետոյ՝ այլեւս փորձելու փորձանքին պիտի չենթարկուենք. իրենց եւ մեր մէջ՝ որեւէ պայման, համաձայնութիւն չի կարող լինել. եթէ ուզեն՝ Ընդդիմադիր Կուսակցութեան իրաւունքով կը մնանք եւ կը գործենք, իսկ եթէ ոչ՝ պատրաստ ենք վերադառնալու:

Թուրքը սկսեց երկինք-գետինք իրար խառնել, ջանալով մեզ համոզել՝ որ մենք ամէն ազատութիւն պիտի վայելէինք, որպէս Կուսակցութիւն. միայն թէ՝ յարեց. «Իմ ասելս այն էր, որ կուսակցական տարբերութիւններից չարամիտները չօգտուէին»:

Մենք երկար-բարակ բացատրութիւններով առարկեցինք, որ իսկական սահմանադրական երկրներում, գործունէութեան եւ հասկացողութեանց տարբերութիւնները անհրաժեշտօրէն իրարու պիտի բաղխին, որպէս ընթացիկ կեանքի հրամայական պահանջ. եւ եթէ «չարամիտները» դրանից կարող են օգտուել, ո՛չ նուազ պիտի օգտուէին ե՛ւ բարեմիտները, որոնք կը նախապատրաստուէին գործերը է՛լ աւելի յառաջ մղելու եւ զարգացած կարգեր ստեղծելու:

Մեր խօսակիցը յայտնեց, որ ինքը չափազանց գոհ մնաց բացատրութիւններից եւ կը խնդրէր, որ աւելի յաճախ տեսակցութիւններ ունենայինք:

Վերջապէս մնա՜ք-բարով ասացինք, եւ հեռացանք ա՛յն որջից, ուր 3-4 ժամ կեղծաւորութիւնը, ստախօսութիւնը, խաբեբայութիւնը իրենց թեւերը լայն բաց էին արել, ուր օձն էլ իր թոյնն  էր թափում եւ մենք ստիպուած էինք այդ վատառողջ բուրումները ծծել ու համբերել…:

Նենգամտութեան կողմից, սրանք իրենց Փարիզի վարիչներից անցել էին:

Երեւում էր, որ «Իտտիհատ»ականները որոշել էին անպատճառ մեզ իրենց թակարդի մէջ ձգել եւ մի կերպ մեզ հետ համաձայնել՝ մեր բերանը գոցելու, մեր խօսքը կարճացնելու դիտաւորութեամբ:

Մի քանի օրից յետոյ՝ եկաւ հանգուցեալ Յակոբ Պապիկեանը.- մի բարեմիտ մարդ, արտաքուստ շատ համեստ, քաղցր խօսուածքով մի Հայ: Նկուն, ընկճուած կեցուածք ունէր: Հայերէն լաւ չէր կարողանում արտայայտուել. ուստի Հմայեակ Խոսրովեանին խնդրեց իր թարգմանը լինել:

Նա ասաց.- «Եկել եմ՝ «Իտտիհատ»ական Կուսակցութեան կողմից, պաշտօնապէս. եւ միսիա ունիմ ձեզ հետ մի քանի կարեւոր խնդիրների մասին խօսելու եւ համերաշխութիւն, համագործակցութիւն առաջարկելու՝ Օսմանականութեան հողի վրայ»:

Իր ոգեթափ, կորագլուխ դրութիւնը ուղղակի մեր սրտին զարկաւ:

Աճապարեցինք իրեն յայտնել, որ լաւ կամ վատ հայ լինելու յատկանիշը հայ լեզուն գիտնալ-չգիտնալու մէջ չէ. հասկացրինք, որ իրեն բնաւ, ո՛չ մեղադրում, ո՛չ էլ արհամարհում ենք այդ Կուսակցութեան մէջ գտնուած լինելուն համար: Բացատրեցինք՝ թէ ինչո՛ւ չպիտի կարողանանք Օսմանականութեան հողի վրայ ո՛րեւէ պայմանաւորումի, ո՛րեւէ համաձայնութեան գալու «Իտտիհատ»ի հետ, այն պարզ պատճառով, որ այդ տեսակէտով՝ նրանց եւ մեր մէջ հակոտնեայութիւն կայ:

Պապիկեանն ասաց, որ «Օսմանականութիւն» ասելով, ինքը հասկացրել է՝ Օսմանեան Պետութիւն:

Մենք տուեցինք այդ գաղափարի պատմականը եւ բացատրեցինք նրա մէջ բովանդակուած քաղաքական ու ազգայնական հասկացողութիւնները:

Նա է՛լ աւելի սրտաթափ եղաւ, ինքը իրեն անյարմար դրութեան մէջ զգաց. մի տեսակ հոգեկան խռովքի մէջ ընկնելով՝ թէ ինչո՞ւ ինքը մի այդպիսի գաղափարի պաշտպանութիւն էր յանձն առել:

Ասացինք իրեն, որ պատասխան տայ, թէ ուղղակի ասում են՝ չենք կարող:

Այնուհետեւ իրեն զգացմունքներին դիմելով՝ խնդրեցինք, որ մեզ հետ խօսի որպէս Հայ.- ինչ որ խոստացաւ:

Զանազան խնդիրների շուրջ հարց ու փորձ անելով՝ մեզ ասաց, որ «Իտտիհատ»ականները ցանկանում են անպատճառ ձեզ հետ մի կերպ համաձայնութեան գալ. նոյն իսկ՝ «Ձեր ուզած թուով երեսփոխաններ տալով ու պէտք եղած ամէն զիջումներ անելով»:

Ուզեցինք գիտնալ՝ թէ այդ «անպատճառ»ին տակը ի՛նչ կայ:

Իր հասկացողութեամբ, դրանով նրանք ցանկանում էին երկիրը զերծ պահել ներքին ցնցումներից եւ խռովութիւններից:

Շնորհակալութիւն յայտնեցինք:

Մեզ շատ վաղուց հասկանալի էր եղած «Իտտիհատ»ի ներքին քաղաքականութեան ուղղութիւնը. Պապիկեանի ասածները մեզ աւելի պարզաբանեցին, քան լուսաբանեցին:

Դրանից յետոյ մենք այլեւս պաշտօնական ո՛րեւէ յարաբերութիւն չունեցանք «Իտտիհատ»ականների հետ՝ ուղղակի կերպով. ի բաց առեալ այն առաջարկները, որ մի քանի անգամ ընկեր Մուրատի բերանով՝ Թալաթը եւ Ջավիտը արել էին, մասնաւորապէս պարլամենտական ընտրութիւնների ժամանակ, երբ իրենք գտնւում էին տագնապալից օրերի մէջ,- ինչ որ մեր կողմից անհետեւանք էր մնացել:

Երկաթէ Պատրիարքը.- Իզմիրլեան Սրբազանի վերադարձը՝ պատմութեան մէջ հազիւ տեսնուած՝ եզակի բնոյթ ունեցող մի դէպք էր: Դա Դեմոկրատական, պայքարող գաղափարի յաղթութեան էջերի մէջ կը մնայ անզուգական.- ծովածաւալ բազմութիւն, խանդաւառութիւն՝ զառանցանքի հասնող ցնծութեան աղաղակներ…

Երեկոյան, ժամը 9.30ի ատեններն է: Սրբազանի աջն առնողների շարանը չէր վերջանում:

Մտանք Երուսաղեմատուն. մենք վերջինն ենք. սպասաւորող եպիսկոպոսները ասացին, որ Սրբազանը յոգնած, պարտասած՝ հանգստանալու ելաւ եւ այլեւս կարողութիւն չունի, ուժասպառ ընկողմանել է: Ետ էինք դառնում՝ մեր այցետոմսերը թողնելով եւ վաղը գալու մտադրութեամբ, երբ ետեւներիցս յանկարծ դուռը բացուեց.- Տիրայր Վարդապետը վազել, իմաց էր տուել՝ առանց հիւրամեծար եպիսկոպոսների հրահանգներին սպասելու:

Հազիւ ներկայացուած՝ Սրբազանը մի ձեռքով իմ գլուխս առաւ գրկի մէջ եւ կուշտ կուշտ համբուրեց, իսկ միւսով՝ ընկեր Մուրատին. արտասուեց, կսկծաց, հեկեկաց… «Աստուած ա՛յն տեղ չարժանացրեց, ա՛յս տեղ արժանացրեց», արտասուքի մէջ մրմնջաց, մղկտաց…:

Խարախանեան Ներսէս Սրբազանը ուրախութիւնից էլ բառեր չէր գտնում «Բարձրեալին» փառաբանելու՝ եղած հրաշքին համար:

Ներսէս Եպս. Խարախանեանի հետ մեր անձնական յարաբերութիւնները սկսուել էին դեռ 1887-1888-ին, երբ ինքը Տարօնի առաջնորդական տեղապահ էր եւ ես գտնւում էի Մշոյ Ս. Կարապետի վանքում: Այդ շրջանումն էին, այդ ժամանակ, Ռափայէլը եւ Ալէքսանը: Մեր նորագոյն պատմութեան համար՝ այդտեղ մասնաւոր էջեր կան, որոնց մասին՝ իր ժամանակին: Իսկ ընկեր Մուրատին նա հանդիպել էր՝ առաջին անամ՝ Սասուն գնալիս:

Ընկեր Մուրատի գալուց յետոյ՝ Կեդր. Վարչութիւնը միջոցներ էր ձեռք առել՝ Երկաթէ Պատրիարքին եւ Տարօնի Արծուին՝ Երուսաղէմից դուրս հանելու եւ Եգիպտոս, Եւրոպա անցնել տալու: Այդ նպատակով՝ արդէն նամակագրութիւններ էինք ունեցել եւ դրամական առաքում կատարել: Խարախանեան Սրբազանը համաձայնութիւն էր յայտնել, բայց Երկաթէ Պատրիարքը՝ իր բնորոշիչ պատասխանի մէջ՝ այս միտքն էր պաշտպանել. «Թող վատ բռնապետը չկարծէ թէ կեանքէս վախցայ եւ իր ճիրաններէն խոյս տուի: Աստուած զիս կ’ազատէ անոր ձեռքէն եւ զինքը կորագլուխ կ’ընէ…»:

Սրբազանի «ա՛յնտեղ»ի եւ «ա՛յստեղ»ի ակնարկը այդ մասին էր: Ապա ցանկութիւն յայտնեց, որ շուտով առանձին տեսակցութեան երթանք. ասելիքներ ունէր:

Ժողովրդեան անծայրածիր բազմութեան ցոյցերի միջից տուն վերադարձանք, յոգնատանջ սրտով, հոգեկան թրթռումների մէջ.- մենք անցնում էինք այն փողոցներով, ուր մեր առաքինի ընկերները, նահատակներն էին ընկել. մենք կտրում էինք ա՛յն արիւնաշաղախ պողոտաները, ուր մեր Կուսակցական, Հայ նորագոյն Յեղափոխական Պատմութիւնն էր կոփուել, դարբնուել: Ամբողջ միջավայրը, քարը, անկիւնը, պատը՝ Պատրիարքարանից մինչեւ Կէտիկ-Փաշայի բարձունքը՝ մեզ համար մի մի անմոռաց, մի մի անթառամ յիշատակներ էին. ամէն ինչ լեզու դարձած՝ մեզ հետ էին խօսում. մեր աչքերը որքան ներկային էին դարձել, այնքան էլ հոգին՝ սխրալից անցեալին… եւ բոլորը, բոլորը կազմում էին մի միութիւն, մի ամբողջութիւն, մի մեծութիւն:

Իշխանի գալուստը.- Հեւ ի հեւ Շաքիր Պէհաէտտինը մեզ իմաց տուեց, որ Սապահէտտինը գալիս է, իրենք հեռագրեր ունին, եւ մասնաւորապէս խնդրեց, որ «արտաքոյ կարգի ընդունելութիւն» չանենք:

Մեր ընկերները վարձել էին մի վիթխարի նաւ: Ահագին բազմութիւն: Նաւի ցռուկը, խելքը, կողքերչը, կայմերը դրօշակազարդուել էին Ս. Դ.  Հնչակեան Կուսակցութեան զինանշաններով. – առաջին հայեացքից երեւում էր թէ որի՞նն էր. ովքե՞ր էին մէջը գտնուած խուռներամ բազմութիւնը:

Հազիւ Սարայ Բուրնուից անցած՝ Մարմարայի բացերն էինք մտել, երբ տեսանք՝ որ Եըլտըզի կողմից մի զարդարուած նաւ՝ զինուորական նուագախմբով, ուղղակի դէպի մեզ է գալիս:

Դա «պալատականների», «ազնուականների» նաւն էր, որ գնում էր դիմաւորելու Սուլթան Մէջիդի թոռանը:

Մեզ հասնելիս՝ եկող նաւի նաւավարը նշան արեց մեր նաւապետին: Նաւերը իրարու մօտեցան:

«Պալատականների» նաւից երկու հոգի եկան մեզ հրաւիրեցին իրենց նաւը՝ տեսակցելու, ծանօթանալու համար: Ընկեր Մուրատի հետ նաւն անցանք: Ջերմ ծափահարութիւն: Յառաջ անցաւ Ֆուատ փաշան եւ մի փոքրիկ բանախօսութիւն արաւ՝ ֆրանսերէն լեզուով: Իր եզրակացութեան մէջ ասաց. «… Ես Հնչակեաններին եմ ճանաչում՝ որպէս այս երկրի ազատութեան առաջին մարտիկները, առաջին արիւն թափողները, առաջին շարժում կատարողները եւ մեզ քնից զարթեցողները…: Այս ազատութիւնը, իսկապէս, մենք ձեզ ենք պարտական, դուք էք բերել…»:

Ժողովուրդը նրան կոչում էր Դէլի Ֆուատ Փաշա, որ նոր էր աքսորավայրից դարձել: Նրա մէջ «դէլի»ութեան ո՛չ մի նշան կար.եղածն այն էր, որ նա ճշմարտախօս, խօսքը երեսին ասող, յամառ բնաւորութեան տէր մարդ էր աննուաճ ոգւով, Բիւզանդական ընթացիկ շողոքորթութիւնից հեռու: Հակաիտտիհատական բոլոր շարժումների մէջ՝ նա որոշ դեր էր խաղացել:

Էտհէմ Փաշան վերյիշեց «տխուր» անցեալը. ասաց՝ որ «Հնչակեանները, իսկապէս, այս երկրի առիւծներն են. նրանք ամիսներով իր կանոնաւոր զինուորների դէմ կռուեցան. եւ դա արդէն նշան էր, թէ նրանք ո՜րքան ազատասէրներ են»:

Ամէն մէկը բերեց իր մեծարանքի հարկը:

Մենք շնորհակալութիւն յայտնեցինք՝ դարձեալ ֆրանսերէնով:

Բայց մեր աչքից չխուսափեց Բիւրհանէտտինը՝ Սուլթան Համիտի հարազատ ձագուկը: Նա անցած-դարձածը լսում էր, ժպիտներ էր արձակում, որպէս թէ ինքն էլ մասնակից էր ուրախութիւններին. բայց ժպիտի հետ՝ երեսից ուղղակի ժանգ էր թափում, անդադար ձեռքը դէպի գլուխը, երեսն էր տանում, կարիճը կծածի պէս անհանդարտ էր… բայց ժպտում էր:

Եկաւ մեր ակնկալած իշխանը:

Ընկեր Մուրատը, թուրքերէն լեզուով, բարի գալուստի ճառ կարդաց, վեր հանեց Թիւրքիայի մէջ գտնուող բոլոր ժողովուրդների, մասնաւորապէս Հայ ազգի տառապանքը. շեշտեց հասարակական անկեղծ գործունէութեան անհրաժեշտութիւնը: Ամէն ոք իշխանից դրական, տեւական եւ արմատական մի բան էր ակնկալում:

«Երիտասարդ Թիւրքիայի դեսպանը»– Եկաւ ե՛ւ Ահմէտ Րիզան. նա մի փոքր ուշացաւ. Եւ Պէհաէտտինը դա մեզ բացատրել էր նրանով, որ իրենք նրան միսիա էին տուել՝ յանուն «Երիտասարդ Թիւրքիայի» պտոյտ անել Եւրոպական բոլոր մայրաքաղաքները, այցելել արքունիքները, տեսնել պէտք եղած պաշտօնական անձնաւորութիւնները եւ հաստատութիւնները, ու նրանց խօսել «Երիտասարդ Թուրքեր»ի անելիքների մասին, ապահովութիւններ տալ եւ ջանալ շօշափել, փոխադարձաբար, նրանց կարծիքները եւ միտումները՝ «Նոր րէժիմ»ի Թիւրքիայի մասին:

Լրագրերը գրեցին, ժամանակին, Ահմէդ Րիզային եղած փառաւոր ընդունելութիւնները: Այդ մեզ առանձին տեղեկութիւններ տուեց ե՛ւ Բահա բէյը:

Եղած ընդունելութիւններից փառաւորագոյնը եղած էր՝ Աւստրօ-Հունգարական արտաքին գործոց նախարար Բարօն Էրէնթալինը:

Բարօն Էրէնթալը 2-3 ժամ խօսել, զրուցել էր «Երիտասարդ Թիւրքիայի դեսպանի» հետ: «Դեսպանն» էլ Կ. Պոլիս մտած օրից՝ մեծ գոհունակութիւն էր յայտել նրա արած այդ արտաքոյ կարգի մեծարանքների մասին. եւ ասել էր՝ որ Բարոնը ամենայնիւ իրեն ապահովութիւններ էր տուել Աւստրօ-Հունգարիայի բարի կամեցողութեան նկատմամբ եւ յայտնել էր, որ ինքը առաջին պաշտպանը պիտի լինէր «Նոր րէժիմ»ի Թիւրքիային, եւ հաւատարիմ իր երկրի աւանդական քաղաքականութեանը, միշտ պիտի պաշտպանէր Թիւրքիայի ամբողջութիւնը եւ անձեռնմխելիութիւնը:

Ահմէդ Րիզան այդ մասին «կատարեալ ապահովութիւն էր ձեռք բերել»:

Հազիւ 3-4 օր անցած՝ Բոսնիա-Հերցեգովինայի կցումը յայտարարուեց՝ ի լուր աշխարհի:

Եւ Ահմէդ Րիզան՝ «Երիտասարդ Թիւրքիան», «Իտտիհատ»ը իր ապահովութիւնը ձեռք բերեց…:

Այլեւս մասնաւոր սպասելիքներ չունէինք. այժմ՝ դէպի գործ:

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button