Խմբագրական «Վէմ»-ի. – Հայաստան-Քիւրտիստան. Բանտարկուած Հարեւանութիւն

Բանալի բառեր. Իրաքեան Քիւրտիստան, Արեւելեան հարց, Հայկական հարց, քրտական հարց, Սեւրի պայմանագիր, Հոյպուն, Ապտիւլլա Օճալան, Քիւրտիստանի աշխատաւորական կուսակցութիւն, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւն, Ուիլսընեան Հայաստան:

Իրաքեան Քիւրտիստանի 25  սեպտեմբերի հանրաքուէով սկիզբ առած խոր յեղաբեկումները վերջին ամիսներին մեր տարածաշրջանում արձանագրուող աշխարհաքաղաքական լուրջ փոփոխութիւնների առաջին ծիծեռնակներն են:

Ծաւալուող գործընթացների հիմքում ընկած են ինչպէս տարածաշրջանի որոշ երկրների ընթացիկ-քաղաքական հաշուարկները, այնպէս էլ ողջ Մերձաւոր-Միջին Արեւելքի վերաձեւման ռազմավարական նպատակները: Առաջին առումով դերակատարը Քիւրտիստանի թիկունքին կանգնած Իսրայէլն է, որը փորձում է սոսկ հակակշիռ ձեւաւորել դէպի Միջերկրական ծով «շիայական միջանցք»-ի ճարտարապետ Իրանի հանդէպ: Իսկ ահա երկրորդ իրողութիւնը պայմանաւորուած է «Մեծ Մերձաւոր Արեւելք» ծրագրի հեղինակ Միացեալ Նահանգների միանգամից մի քանի դաշտերում սկսած բարդ խաղով:

Դրանցից մէկը Հարաւային Կովկասն է, որտեղ արդէն սկսում են ճեղքեր տալ անցած դարի 20-ական թուականներից տարածաշրջանն աքցանի մէջ վերցրած ռուս-թուրքական «մուրճ»-ի ու «սալ»-ի շօշափուկները: Մեր տարածաշրջանի հիւսիսում` Վրաստանում Միացեալ Նահանգները արդէն ամրապնդել է սեփական ներկայութիւնը, ուստի երբ հարաւում էլ ձեւաւորւում է իրաքեան Քիւրտիստանը, անխուսափելի է դառնում ողջ Արեւմուտքի առաջնային ուշադրութեան կենտրոնացումը Լեռնային Ղարաբաղի միջոցով տարածաշրջանի «աշխարհաքաղաքական ճօճանակ»-ի վերածուած Հայաստանի վրայ: Միմեանց զուգահեռ սկիզբ առած ամերիկեան ու եւրոպական ճնշումները մի կողմից` Թուրքիայի, իսկ միւս կողմից` Ազրպէյճանի հանդէպ, գալիս են հաստատելու այն իրողութիւնը, որ տարածաշրջանի կոտորակման եւ վերահամարկման համար Միացեալ Նահանգներին ու Եւրոպային հարկաւոր են երկու հարեւան «աշխարհաքաղաքական բանտախցերում» պարփակուած Հայաստանն ու Քիւրտիստանը:

Այդ բանտախցերից առաջինը ձեւաւորուել է Լենին-Աթաթուրք դաշինքով աւարտուած` Հայաստանի հողերի փուլային բաժանման արդիւնքում:

Իսկ ահա երկրորդը 1930-ականների Սաատապատի դաշինքով քրտական հարցին բաժին ընկած մերձաւոր-միջինարեւելեան աքցանն է:

Առաջինը փակում է հնարաւոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի ուղղահայեացը, իսկ երկրորդը` հորիզոնականը, ինչը նշանակում է, որ ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր հայերի ու քրտերի ճակատագրերը հատւում են մէկը միւսի հետ, բայց այս անգամ ոչ թէ փոխադարձ շահերի անլուծելի հակասութեան, այլ երկու նեղլիկ «աշխարհաքաղաքական բանտախցեր»-ի պատուհաններից ներս թափանցող լոյսի ճառագայթների խաչաձեւումի տեսքով: Այդ ճառագայթները լուսարձակում են հետեւեալ ակնյայտ իրողութիւնը. 20-րդ դարասկզբի աղէտների արդիւնքում ժամանակաւորապէս տարբեր «բանտախցերում» յայտնուած Հայաստանն ու նոր ձեւաւորուող Քիւրտիստանն իրականում սահմանակից երկրներ են: Իսկ երկու ժողովուրդներին վերջին երկու դարերի ընթացքում բաժին ընկած դժբախտութիւնների հիմնական պատճառն այն է, որ նրանք իրենց ընդհանուր սահմանի ուրուագծերը ժամանակին տարբեր կերպ են պատկերացրել:

Որովհետեւ ի տարբերութիւն դեռեւս 1878-ին Արեւելեան հարցից առանձնացած եւ Օսմանեան կայսրութեան կոտորակման գործընթացի հիմնական ազդակի վերածուած Հայկական հարցի, քրտական հարցը միջազգային դիւանագիտութեան մէջ է մտել մօտ 40 տարի անց` Սեւրի պայմանագրով, որով յաղթական Անտանտի դաշնակից Հայաստանի Հանրապետութիւնը ձեռք է բերել պատմականօրէն իրեն պատկանող 6 վիլայեթների ու Հայկական Կիլիկիայի մօտ մէկ երրորդը` մնացածը զիջելով Թուրքիային եւ ապագայ Քիւրտիստանին: Ասում ենք` ապագայ, քանի որ Սեւրով որոշւում էին միայն ինքնավարութիւն ստացող Քիւրտիստանի մօտաւոր սահմանները, բայց ո՛չ կարգավիճակը, եւ վերջինս անկախանալու իրաւունք էր ստանալու, եթէ մէկ տարուայ ընթացքում դիմէր Ազգերի լիկայի խորհրդին:

Մինչդեռ Եւրոպայում հաստատուած երիտթուրքերի յորդորներով օրուան քրտական վերնախաւն աւելին ստանալու նպատակով Ֆրանսա ուղարկեց Շերիֆ փաշայի պատուիրակութիւնը եւ յաւակնութիւններ յայտնեց առանց այդ էլ երեք մասերի տրոհուող հայկական հողերի` հայերին բաժին ընկած հատուածի հանդէպ: Միւս կողմից էլ` տարուելով իր բառապաշարում լայնօրէն «Քիւրտիստան» հասկացութիւնն օգտագործող Մուսթաֆա Քեմալի խոստումներով` քրտերն աշխուժօրէն մասնակցեցին նրա գլխաւորած ազգայնական շարժմանը եւ Հայաստանի դէմ սանձազերծուած պատերազմին:

Քեմալի հետ համագործակցելու ճանապարհով քրդերը յոյս ունէին պահպանել Հայոց ցեղասպանութեան արդիւնքում ձեռք բերած ահռելի թալանը, իսկ Հայաստանի ոչնչացումով` ազատուել Ցեղասպանութեան մէջ յանցակցի խարանից, բայց կրկնակի անգամ խաբուելով` այդպէս էլ ոչինչ չստացան: Փոխարէնն իր իշխանութեան ամրապնդումից յետոյ, 1922-1923 թուականներից Քեմալն անցաւ քրտերի ճնշման եւ ուծացման քաղաքականութեանը: Այդ պայմաններում 1920-ականների կէսերից սկիզբ առած քրտերի հակաթուրք ելոյթների ընթացքում աստիճանաբար բիւրեղացաւ հայ-քրտական փոխբացասող յաւակնութիւնները մի կողմ դնելու եւ ընդհանուր թշնամու դէմ ուժերը համախմբելու անհրաժեշտութեան գիտակցումը: Դրանցից ամենահզօրի` Արարատի 1926-1930թթ. ապստամբութեան պարտութիւնը բացայայտեց նաեւ այն իրողութիւնը, որ ինչպէս հայ, այնպէս էլ քիւրտ ժողովուրդների անկախութիւն ձեռք բերելու խնդիրը բախւում է ոչ միայն թուրքական բռնապետութեան, այլեւ` վերջին պահին նրան անպայման օգնութեան հասնող Խորհրդային Ռուսաստանի եւ ապա ԽՍՀՄ-ի հակազդեցութեանը, ինչը եւ դարձաւ այդ ապստամբութեան պարտութեան խորքային պատճառը:

Ուստի այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածաշրջանում պահպանւում էր ժամանակին Սիմոն Վրացեանի մատնանշած ռուսական «մուրճ»-ի ու թուրքական «սալ»-ի` արտաքուստ հակադիր, սակայն իր էութեան մէջ միասնական աքցանի հզօր ներգործութիւնը, ո՛չ հայ եւ ո՛չ էլ քիւրտ ժողովուրդներն ի վիճակի չէին հասնելու իրենց ազգային իղձերի իրականացմանը:

Դրա նոր ու ամենավերջին վկայութիւնը ԽՍՀՄ-ի անմիջական աջակցութեամբ 1978թ. հիմնուած եւ 1984թ. Թուրքիայի դէմ զինեալ պայքար սկսած Քիւրտիստանի աշխատաւորական կուսակցութեան արիւնոտ պայքարի տեղատւութիւնն էր, որի առաջնորդ Ապտիւլլա Օճալանը վերջում անգամ քաղաքական ապաստան չստացաւ Ռուսաստանում եւ Արեւմուտքի հետ իրականացուած «փրիմաքովեան աճուրդում» վերածուեց պարզ մանրադրամի, ուստիեւ երկրէ երկիր դեգերելուց յետոյ, ի վերջոյ առեւանգուեց Թուրքիայի յատուկ ծառայութիւնների կողմից:

Ասուածից ակնյայտ է դառնում, որ տարածաշրջանում սկիզբ առնող աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում երկու բախտակից ժողովուրդները կա՛մ մշակելու են ռազմավարական հեռանկարի ընդհանուր տեսլական, կա՛մ էլ յայտնուելու են քրտերի ցեղասպանութեան ու Հայաստանի պատմական հեռանկարի կորստեան վտանգի առաջ: Ընդ որում, խնդրի լուծումն աւելի հրատապ է հէնց քրտական կողմի համար, որի ներկայ քաղաքական յայտի օրինականութիւնը չի ճանաչւում հարեւան երկրների կողմից:

Թուրքերը, արաբները, իրանցիները` իւրաքանչիւրն իրենց դիտանկիւնից, մերժում են քրտերի ինքնորոշման իրաւունքը, իսկ քրտական հայրենիքի գաղափարը պարզապէս անհեթեթ են համարում: Իրանի արեւմուտքում ձեւաւորուած, Միջագետքի հիւսիսում բնաւորուած եւ ապա դէպի Սիրիա ու Հայաստան տարածուած քրտերի մեծ մասն այսօր ոչ միայն հեռու է իր պատմական հայրենիքից, այլեւ նրա յստակ ընկալումն էլ չունի: Դրան գումարւում է նաեւ Թուրքիայում բնակուող նրանց մի խոշոր հատուածի ուծացման իրողութիւնը եւ նոյն գործընթացների տարածումը նաեւ այլ երկրներում:

Ուստի թէեւ ողջ 20-րդ դարի ընթացքում Հոյպունն ու ՔԱԿ-ը կենտրոնացել էին Թուրքիայի հարաւ-արեւելքում քրտական պետութիւն հիմնելու խնդրի վրայ, բայց այսօր Քիւրտիստանը ստեղծւում է Իրաքի տարածքում: Այս կապակցութեամբ Թուրքիայի Իմրալի կղզու բանտում գտնուող ՔԱԿ-ի հիմնադիր եւ առաջնորդ Ապտիւլլա Օճալանը վերջերս հրատարակուած իր հատորներից մէկում դառնութեամբ նկատել է, որ իրաքեան Քիւրտիստանի ճակատագիրն իրեն յիշեցնում է Ցեղասպանութիւնից փրկուած «Փոքր Հայաստան»-ի ճակատագիրը: Նա գրում է. «Իրաքեան Քիւրտիստան» կոչուող երեւոյթը քաղաքական բեմահարթակին յայտնուել է այն ձեւով, ինչը նման է հետեւեալին. ճիշդ այնպէս` ինչպէս ի պատասխան հելլէնների ու հայերի կողմից իրենց պատմական հայրենիքի կորստի` նրանց տրամադրուել է իւրայատուկ սննդականոնի սննդաբաժին` հայրենիքի փոքր կտորի տեսքով»: Սա խիստ կարեւոր խոստովանութիւն է Թուրքիայի արեւելեան երկրամասերի պատկանելութեան վերաբերեալ:

Բայց ահա Ա. Օճալանի ազգակիցների մի մասն այդ «սննդականոնի սննդաբաժնի հանդէպ այլ վերաբերմունք ունի: Նրանք նման կերակրատեսակը դիտարկում են որպէս 40 միլիոնի հասնող իրենց հայրենակիցներին կազդուրելու համար անհրաժեշտ նախաճաշ` Հարաւային Քիւրտիստանի տեսքով, որին հետեւելու է ճաշը` Արեւմտեան Քիւրտիստանի ստեղծումով (ներկայիս Սիրիայի տարածքում), ապա ընթրիքը` որպէս «Հիւսիսային Քիւրտիստան» (ներկայիս Թուրքիայի ողջ արեւելքը, այդ թւում` Ուիլսընեան Հայաստանը), իսկ վերջում էլ աղանդերը` Արեւելեան Քիւրտիստանի (ներկայիս Իրանի տարածք) տեսքով: Ընդ որում, քրտերի ամենախոշոր զանգուածը եւ դրանով պայմանաւորուող ամենամեծ յաւակնութիւնները Թուրքիայի տարածքում են` թուրք-սիրիական ու թուրք-իրաքեան սահմանագծից հիւսիս-արեւմուտքում, հասնելով մինչեւ Տէրսիմի, իսկ հիւսիս-արեւելքում` Արարատով պսակուող Հայկական պարի լեռները, քանի որ զազաներին նոյնպէս նրանք համարում են իրենց ցեղակիցներ, իսկ հայերին, ասորիներին ու միւս ժողովուրդներին դիտում են սոսկ որպէս ապագայ «Ժողովրդավարական համադաշնակցային Քիւրտիստան»-ի լիիրաւ քաղաքացիներ: Դրա համար են Թուրքիայի քիւրտերն այսօր նախկին «Միացեալ եւ անկախ Քիւրտիստան»-ի պահանջը քողարկել Ժողովրդավարական համադաշնակցային Քիւրտիստանի տեսլականով` ՔԱԿ-ի հիմքի վրայ ստեղծելով նրա քաղաքական թեւը` ի դէմս Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան (HDP), որն իր ներկայացուցիչներն ունի այդ երկրի խորհրդարանում: Այսինքն քիւրտերն այնքան են առաջադիմել, որ լիուլի իւրացրել են պասքերի, իրլանտացիների եւ եւրոպական այլ ժողովուրդների պայքարի հարուստ փորձը, բայց միեւնոյն ժամանակ նաեւ այնքան են կտրուել իրականութիւնից, որ «մոռացել են» ըմբռնել մեր տարածաշրջանի կոտորակման արեւմտեան քաղաքականութեան հիմնական իմաստը` Մեծն Թուրքիան` Մեծն Քիւրտիստանով փոխարինելու նպատակի կատարեալ բացակայութիւնը:

Ուրեմն Հայկական լեռնաշխարհի քարտէզի վերաձեւումը պարզապէս անհնար է իրականացնել առանց նրա տիտղոսակիր պետութեան ու ազգի` Հայաստանի ու հայութեան աշխուժ մասնակցութեան: Իսկ դրանում հայկական յաւակնութիւններն ամենեւին էլ «Մեծն Հայաստան»-ի պահանջ չեն, քանի որ Ուիլսընեան Հայաստանն ու Հայաստանի Հանրապետութիւնը կազմում են հայկական պատմական հողերի մօտ մէկ երրորդը: Նման քաղաքական յայտով մենք յաւակնում ենք միայն նոր ու նորագոյն ժամանակների միջազգային իրաւունքով մեզ պատկանող Արեւմտեան Հայաստանի տարածքների մի մասին, այսինքն` Սան Ռեմօ-Սեւր-Ուիլսընի Իրաւարար վճիռ երկմիասնական փաթեթին` ելքով դէպի Սեւ ծով: Իսկ Վանի, Պիթլիսի եւ Էրզրումի նահանգներն ինչպէս Ռուսաստանի կողմից 1917-ին ճանաչուել են որպէս «հնուց ի վեր հայկական», այնպէս էլ 1920-ին դաշնակիցների ջանքերով պայմանագրային եւ իրաւարարական ամրագրում են ստացել որպէս Սեւրի պայմանագիր ու Ուիլսընի Իրաւարար վճիռ: Մինչեւ Հոկտեմբերեան յեղաշրջումը Հայկական հարցի շուրջ Ռուսաստան-Արեւմուտք խորքային հակասութիւնները յաղթահարուել են, իսկ ահա պոլշեւիզմը, ինչպէս յայտնի է, որեւէ կապ չունէր ռուսական ազգային շահի հետ:

1920թ. նոյեմբերի 22-ի իր Իրաւարար վճռով ժամանակի մեծագոյն ժողովրդավար Վ. Ուիլսընը յստակօրէն երեք մասի է բաժանել հայկական պատմական հողերը, որպէսզի նրանց համար պայքարող երեք ժողովուրդներից որեւէ մէկը դժգոհ չմնայ: Դա է եղել քաղաքակիրթ աշխարհի  վճիռը, որի իրականացումը Լենին-Աթաթուրք դաշինքի ձեւաւորումով յետաձգուել է, բայց չի հանուել գերտէրութիւնների հեռահար-ռազմավարական օրակարգերից: Ուրեմն եթէ տարածաշրջանում սկիզբ առած յեղաբեկումների պայմաններում երկու բախտակից ժողովուրդների մօտ բացակայում է ռազմավարական հեռանկարի ընդհանուր ընկալումը, ապա քիւրտերի ցեղասպանութեան ու Հայաստանի պատմական հեռանկարի կորստեան վտանգները միասնաբար յաղթահարելու համար մնում է մէկ ճանապարհ` Վ. Ուիլսընի կողմից ժամանակին իրականացուած իրաւարարութեան արդիւնքների ընդունումը:

Պատճառն ակնյայտ է. ինչպէս 1878 թուականին պալքանեան ժողովուրդներին իր վերահսկողութեան տակ պահելու համար օսմանեան վերնախաւը խրախուսեց Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Պերլին պատուիրակութիւն ուղարկելու քայլը` երկրի անդամահատումը նրա մասերի ինքնավարութեամբ փոխարինելու նպատակով, այնպէս էլ 1920 թուականին Սեւրի պայմանագրով Հայաստանի առանձնացումը կանխելու համար երիտթուրքերը եւ ապա քեմալականները խրախուսեցին Փարիզ մեկնած Շերիֆ փաշային ու քրտական շրջանակներին` նրանց խոստանալով ինքնավարութիւն: Ուստի բնական է, որ այսօր էլ քրտական հարցի լուծումը ձախողելու համար թուրքական սադրիչ քարոզչամեքենան արդէն սկսել է խօսել քրտերի ձգտումների ու «Մեծն Հայաստան»-ի հայկական տեսլականի անլուծելի հակասութեան մասին: Ուրեմն այս անգամ էլ Հայկական հարցն է խաղարկուելու Թուրքիայի կողմից` քրտերի յաւակնութիւնները զսպելու եւ ապա նրանց ցեղասպանութիւնն ու դուրս մղումն «արդարացնելու» համար:

Հետեւութիւնը մէկն է. երկու ժողովուրդները կարող են խուսափել թուրքական խարդաւանքների նոյն կարուսելի մէջ երրորդ անգամ պտտուելու հեռանկարից միայն ու միայն մի դէպքում. եթէ իբրեւ հիմք ընդունեն արդէն իսկ կայացած Ուիլսընեան իրաւարարութեան արդիւնքները: Իսկ դրա համար նրանք դեռեւս մտածելու ժամանակ ունեն, որովհետեւ մինչ այդ պարտաւոր են գիտակցել իրենց առջեւ բացուող յստակ աշխարհաքաղաքական տեսլականը: Տարածաշրջանային սթաթիւս-քուոյի պահպանման համար ներկայումս ձեւաւորուած Ռուսաստան-Թուրքիա-Իրան «մարտավարական եռանկիւնին» քաղաքակրթական ընդհանուր հիմք չունի եւ տեսանելի հեռանկարում պայթեցուելու է հէնց իր` Ռուսաստանի կողմից: Որովհետեւ Ռուսաստան-Արեւմուտք ներկայ դիմակայութեան հիմքում ընկած է ոչ թէ կողմերի հեռանկարային շահերի անլուծելի հակասութիւնը, այլ դեռեւս 19-րդ դարում ռուս-բրիտանական յարաբերութիւններում արձանագրուած եւ ի վերջոյ Անտանտի ձեւաւորմանը յանգեցրած մրցակցութեան ու համագործակցութեան հանգրուանների յաջորդականութեան  ուրուագիծը: Ներկայումս պայքարը տեղափոխուել է 2018թ. մարտին Ռուսաստանում առկայ վարչակարգի վերարտադրութեան տարբերակների շուրջ ընթացող ստուերային առեւտրի հարթութիւն, որում «ազնիւ մակլեր»-ի դերն իրենց վրայ են վերցրել Իսրայէլն ու Միացեալ Նահանգների հրէական լոպին: Սա ցոյց է տալիս, որ ինչպէս քրտական, այնպէս էլ հայկական հարցերը վաղ թէ ուշ դառնալու են ոչ թէ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայութեան, այլ մրցակցութեան ու համագործակցութեան առարկաները:

Ուրեմն համաշխարհային մակարդակի վրայ` աշխարհաքաղաքական տեղաշարժերի տեսանելի հեռանկարում, Իրաքի, Սիրիայի եւ ապա Թուրքիայի բաժանման խնդիրն իրական է` որպէս Նոր Անտանտայի ձեւաւորման հանգրուանային գործընթացի անխուսափելի հետեւանք: Սակայն կարճաժամկէտ առումով, տարածաշրջանային ուժերի ներկայ դասաւորութեան պայմաններում, քրտական հարցի հետագայ սրումը յանգեցնելու է նրան, որ իրաքեան Քիւրտիստանը, վերածուելով Թուրքիայի, Իրանի ու Իրաքի ընդհանուր թիրախի, առաւելագոյնը ստանալու է Իրաքը համադաշնակցութեան վերածելու հնարաւորութիւն:

Նման պայմաններում քիւրտերը պէտք չէ շտապեն սեպտեմբերի 25-ին իրենց ձեռք բերած անկախութեանը հռչակագրային տեսք տալու հարցում: Իսկ հայերն իրենց հերթին, պէտք չէ ոգեւորուեն Ղարաբաղի հարցում ստացած «շնչառութեան վերականգնման» հնարաւորութիւնից եւ առաջիկայում Թուրքիայի դիրքորոշումներում հնարաւոր «մեղմացումներից»:

Իրաքեան Քիւրտիստանի անկախութեան հանրաքուէով սկիզբ առած գործընթացները վկայում են, որ աշխարհաքաղաքական տեղաշարժերի «գնացքը» պոկուել է իր տեղից եւ դանդաղօրէն արագութիւն է հաւաքում: Նորին մեծութիւն ժամանակը աշխատում է ճնշուած ու իրաւազրկուած ժողովուրդների օգտին, ուստի նրանից առաջ ընկնելու փոխարէն` հայերն ու քրտերը իրենց ներկայ «աշխարհաքաղաքական բանտախցերից» պէտք է լայն երկխօսութիւն սկսեն միմեանց հետ` ազատօրէն քննարկելով փոխադարձ անվստահութեան պատճառ հանդիսացող թեմաները` սկսած Հայոց ցեղասպանութեան պատմութիւնից մինչեւ Հայաստանի ու Քիւրտիստանի ապագայ սահմանների ու բարիդրացիութեան հարցերը:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button