ԱԺ-ն ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է զինծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ նախագծում առկա նորամուծությունները նպատակ ունեն լուծել տարիների ընթացքում կուտակված խնդիրներ պաշտպանության համակարգում, գիտակրթական ոլորտում, պահեստազորային պատրաստության հետ կապված հարցերում, սոցիալական արդարության և ծառայության նկատմամբ հավասարության սկզբունքների վերաարժևորման մեջ: «Մասնավորապես, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հիմքերի ցանկից հանվել են գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը միաժամանակ մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն իսկ տարկետում ստացած անձանց համար պահպանվում է նշված իրավունքը մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Զաքարյանը:

Տարկետման հիմքերի ցանկից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը , որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով՝ ի դեմս բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած այն անձանց, ովքեր ցանկություն կունենան ուսումնառության ընթացքում անցնել ռազմական պատրաստություն, իսկ ուսման ավարտից հետո պաշտպանության նախարարության հետ կկնքեն պայմանագրային սպայական ծառայության անցնելու պայմանագիր՝ երեք տարի ժամկետով պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով: «Մանրամասները կսահմանվեն կառավարության կողմից սահմանված ենթաօրենսդրական ակտերով»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Թափանցիկության, արդարության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով ծավալուն փոփոխություններ են նախատեսված զորակոչի ենթակա անձանց և զինծառայողների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացում, որի շրջանակներում հետազոտության և փորձաքննության կարգերը, զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկը սահմանելու է կառավարության որոշմամբ: «Զորակոչն ապահովող մարմինների ցանկից հանվել են մարզպետների կողմից ստեղծվող տեղական զորակոչային հանձնաժողովները, հստակեցվել են զորակոչի կազմակերպումը և իրականացման գործընթացում զինվորական կոմիսարների, մարզային և հանրապետական զորակոչային հանձնաժողովների իրավասությունները»,- մանրամասնեց փոխնախարարը:

Համապատասխան հիմքեր ունեցող զորակոչիկների բնակության վայրին մոտ զորամասում ծառայության նշանակվելու արտոնությունները փոխարինվել են զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չընդգրկվելու և յուրաքանչյուր 6 ամիս լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունքով: 

http://armenpress.am/arm/news/912342/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button