Կին ռեժիսորներն իրենց ֆիլմերում հիմնականում անդրադառնում են կանանց հուզող խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կին» միջազգային կինոփառատոնը 14-րդ անգամ  մեկ հարթակում կհամախմբի աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կին կինոռեժիսորների: Փառատոնին կներկայացվի 60 ֆիլմ 20 երկրից: Այն այս տարի կանցկացվի նոյեմբերի 14-18-ը: Բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երևանում։ Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը և ժյուրիի անդամ Տատյանա Դանիելյանցը:

«500 դիմում ենք ունեցել տարբեր երկրներից, բայց 60 կինոնկար ենք ընտրել ցուցադրելու համար: Կան մասնակիցներ Իսպանիայից, Ռուսաստանից, Իսրայելից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Մեքսիկայից, Իրաքից, Կորեայից, Կոսովոյից և այլ երկրներից: Մրցութային ծրագրում Հայաստանը կներկայացնեն կինոռեժիսորներ  Անժելա Ֆրանգյանը, Մանե Բաղդասարյանը, Քրիստինա Ղազարյանը»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Օհանյանը:

Նրա խոսքով` կին ռեժիսորներն իրենց ֆիլմերում հիմնականում անդրադառնում են կանանց հուզող խնդիրներին, հասարակության մեջ իրենց դերին, սակայն շոշափում են նաև պատերազմին վերաբերող հարցեր:

Փառատոնի հիմնման նպատակը ստեղծագործող կնոջ դերը վերաիմաստավորելն է: Այն նպաստում է նաև տարբեր մշակույթների փոխընկալմանը:

Օհանյանը շեշտեց, որ իրենք ցանկանում են ավելի լսելի դարձնել կանանց ձայնը, աշխարհը ներկայացնել ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց տեսանկյունից:  

«Առաջին անգամ 11 տարի առաջ եմ եղել այս փառատոնին: Ինձ դուր է գալիս կին ստեղծագործողներին աջակցել այս ձևով: Իհարկե, աշխարհի տարբեր երկրներում կան նման փառատոններ: «Կին» կինոփառատոնը հարստացնում է դրանց գունապնակը: Հյուրերի ծրագրում ներկայացնելու եմ նաև իմ կինոնկարներից մեկը»,-ասաց  Տատյանա Դանիելյանցը:

Դանիելյանցի խոսքով` տարբեր հայացքների տեր են ժյուրիի անդամները, ինչը շատ կարևոր է: «Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է գնահատում ներկայացված ֆիլմերը: Ես կարևորում եմ կրեատիվությունը, նոր, հետաքրքիր թեմաները: Կան մարդիկ, որոնց համար առաջնային է դերասանների խաղը:

Առաջին հերթին փառատոնը  նոր լեզվի փնտրտուք է, զրույց նոր թեմաների շուրջ: Այստեղ փնտրելու ենք նորարարական ֆիլմեր, հետաքրքիր, կարևոր թեմաներ»,-եզրափակեց նա:

Փառատոնն ունի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր, հյուրերի ծրագիր, հետահայաց ցուցադրություն` նվիրված  իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին, ԲԱՖՏԱ 2017-ի կարճամետրաժ ֆիլմերի հավաքածու, կանադական «Կանացի հայացք»  փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր:

Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր:  Դրանք են` «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժիսորներ՝ Ջեյն Մագնուսսոն և Հայնեկ Պալլաս, Շվեդիա), «Ձյուն կար» (ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան, Ֆրանսիա, Հայաստան),  «Քամին փչում է» (ռեժիսոր՝ Արմինե Անդա, Հայաստան),  «Մեղեդի ստեղծողները» (ռեժիսոր՝ Լեսլի-Անն Կոլս, Կանադա),  «Քամու հպումը» (ռեժիսոր՝ Օլգա Վերեմեևա, Ռուսաստան):

Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր, կլինեն կլոր սեղան, քննարկումներ:

Մարիամ Օհանյանն ասաց, որ փառատոնի ավարտին կշնորհվի «Լավագույն ֆիլմ» մրցանակը, հատուկ մրցանակ, դիպլոմներ, «Լավագույն ռուսական ֆիլմ» մրցանակը, որը տրվում է Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից:

Փառատոնի ժյուրիի անդամները բարձրակարգ մասնագետներ են Հայաստանից և արտերկրից:

http://armenpress.am/arm/news/912318/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button