Նարեկ Սարգսյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի հերթական նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 8-10-ը կայացել է Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի 78-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, նստաշրջանը նպատակ ուներ ամփոփելու այնպիսի միջազգային համաձայնագրերի իրականացման ձեռքբերումներն և մարտահրավերները, որպիսիք են Կայուն Զարգացման Օրակարգը՝ մինչև 2030 թվականը, Քաղաքների զարգացման նոր օրակարգը և Կայուն բնակարանային տնտեսության մասին ՄԱԿ-ի Ժնևյան խարտիան:

Նստաշրջանի 2-րդ օրը կայացել է Նախարարական համաժողովը, որը նվիրված էր ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի հիմնադրման 70-ամյակին:

Համաժողովի ժամանակ պարոն Նարեկ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրում մատչելի բնակարանների հասանելիության մասով իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

Նախարարական համաժողովն ամփոփվել է կայուն բնակարանային տնտեսության և քաղաքային զարգացման մասին Ժնևի նախարարական հռչակագրի ստորագրմամբ: 

Նստաշրջանի օրերին Նարեկ Սարգսյանը հանդիպել է շվեյցարաբնակ գործարար Վարդան Սրմաքեշի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են գործարարի կողմից Հայաստանում իրականացվելիք մի շարք ներդրումային ծրագրերին առնչվող խնդիրներ, մասնավորապես` «Հին Երևան» և Երևան քաղաքում միջին հարկայնության բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը:

http://armenpress.am/arm/news/912267/

Կարդացէք նաև

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն այլևս արդիական չէ նույնիսկ Ռուսաստանի համար
Ստամբուլի պատմական երկաթգծի կայարանում հարգել են մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակը
Ադրբեջանի ընդդիմությունը ցույցերի է պատրաստվում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Դամասկոս-Երևան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին Երևանում
Թուրքիայի ներքին գործերի նախարարը բողոք է ներկայացրել «Ակոս»-ի սյունակագիր Ասքըն Օրանի դեմ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button