Գեղարոտի դամբարանում հնագետները հայտնաբերել են մանկան զոհաբերության հետքեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ամերիկյան արշավախումբն այս տարի Գեղարոտի պեղումների ժամանակ մեկուսացած համալիր է հայտնաբերել, որն եզակի է ողջ Հայաստանի եւ ամբողջ Ք. ա. 3-րդ հազարամյակի մշակույթի համար:

Գեղարոտի արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանն «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համալիրում հնագետները դամբարաններ են պեղել, որոնք, սակայն, իրենց գույքով առանձնապես աչքի չեն ընկնում: «Դրանք շարքային թաղումներ են, բայց  յուրաքանչյուրն ունի ինչ-որ փոքրիկ առանձնահատկություն: Դրանցից մեկը մանկական թաղում է: Երեխայի գանգի վրա մենք արհեստական տրավմայի հետք ենք հայտնաբերել, ինչը վկայում է, որ գործ ունենք զոհաբերության հետ»,-ասաց նա:

Ռուբեն Բադալյանի խոսքով` մանկական թաղման հարեւանությամբ բնակելի կառույց է բացվել, որի պեղումները, սակայն, դեռ շարունակվում են: «Այն մշտապես բնակեցված կառույց է եղել, որի հատակին մնացել են Ք. ա. 3-րդ հազարամյակի իրերն այնպես, ինչպես դրանք դասավորվել են 5000 տարի առաջ»,-ասաց հնագետը՝ հավելելով, որ տարածքում  հայտնաբերվել են նաեւ քարե գործիքներ, պայտաձեւ օջախ,  անոթների կույտ` մեկը մյուսի մեջ դրված:

Հնագետը փաստեց, որ հուշարձանը բավական հեռանկարային է: Դեռ նախորդ տարիներին Գեղարոտի տարածքում բրոնզե իրերով լի դամբարան է պեղվել: «Տեղանքից նաեւ բրոնզե հատվածներով փայտե լուծ, ձիու գանգեր եւ սանձ են հայտնաբերվել, ինչպես նաեւ՝ վարազի եւ  գորտի տեսքով արձանիկներ, ոսկե ուլունքներ,  օբսիդիանե նետասլաքներ»,-ասաց Բադալյանը:

Նա նշեց, որ վերջին 20 տարում հնագետներին հաջողվել է պեղել հուշարձանի միայն 2 տոկոսը: «Պեղումներն իրականացվում են հայ-ամերիկյան համատեղ «Արագած» ծրագրի շրջանակում: Գեղարոտի պեղումների հետ կապված երկու մենագրություն շատ շուտով կհանձնվի մասնագետների և այս գիտությամբ հետաքրքրվող ընթերցողների դատին»,-նշեց Ռուբեն Բադալյանը:

Գեղարոտի հնավայրում հայ-ամերիկյան արշավախումբը պեղումներ է իրականացնում դեռ 1998 թվականից:

http://armenpress.am/arm/news/912194/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button