Պատմութիւններ` Թուրքիոյ մէջ ապրող հայերու շրթունքներով

«ի տարբերութիւն Թուրքիայի` այստեղ անհանգստացնող չկայ: Այստեղ գիշերը 12-ից յետոյ էլ մենակդ դուրս գնաս, ոչ մի մարդ քեզ անհանգիստ չանէ: Իսկ Թուրքիայում կը մօտենան, կ’ուզեն ծանօթանալ` վատ ձեւով, եթէ տուրիստ ես` աւելի վատ»:  հենց այսպէս սկսուեց խօսակցութիւնը ազգութեամբ զազա 23 ամեայ Մրզէի հետ: Նա ծնուել է Պուրսայում, ապրում է Ստամբուլում, եւ միայն վերջերս  է իմացել, որ տատը հայ է: Մրզէի հետ ծանօթացանք շատ պատահական, սրճարանում, Ստամբուլ մեկնելուց մի քանի ժամ առաջ: Հայաստան էր եկել ընկերոջ` Արմանի հետ: Այցելութեան 20 օրն էլ բաւական էր, որ Մրզէն սիրահարուէր Հայաստանին ու ասէր. «Ես չեմ ուզում վերադառնալ»: Բայց վերադառնալ պարտաւոր էր: Մրզէն սովորում է թուրքական Կայսերի քաղաքում գտնուող Էրջիես համալսարանի Հայոց լեզուի եւ գրականութեան բաժնի երրորդ կուրսում: Չնայած հայերէն գրել եւ կարդալ գիտի, բայց խօսելիս դժուարանում է: Հոգ չէ, մեզ հետ էր նաեւ Արմանը` Մրզէի ընկերը, ով ընկերուհուն մենակ չթողնելու համար նոյնպէս եկել էր Հայաստան:

«Մրզէն ռասիստ քաղաքում` Կեսարիայի համալսարանում  է հայերէն ուսանում: Ինձ շատ դուր եկաւ, երբ հետաքրքրուեցայ, դերսիմցի հայերու պատմութիւնն ինձ պատմեց: Ես իմ գրցածի չափ օգնեցի»,- ասում է Արմանն ու նշում, որ ինքն էլ երբեմն սխալներով է խօսում հայերէն: Կատակում է. «Ես արեւմտահայերէն եմ խօսում»:

Մրզէն հենց դժուարանում էր հայերէն խօսել, Արմանն իր արեւմտահայերէնով օգնութեան էր հասնում, շարունակելով պատմել Մրզէի Հայաստան գալու պատմութիւնը.

«Ինքը անպայման պէտք է Հայաստանը տեսնէր: Իր  նպատակը տարբեր էր, հիմա աւելի տարբեր է:  Ասեց` այս տարի Հայաստան գնամ` այդ գործը վերջանայ: Ին՞չ ասել է այդ գործը վերջանայ: Իր դպրոցում  ուսուցիչներն ասում են, եթէ դուք թուրքական պասպորտով Հայաստան մտնէք ու մի խնդիր ունենաք, էնտեղ Թուրքիայի դեսպանատուն չկայ, ոչ մի մարդ ձեզ չի կարայ օգնել: Եթէ խնդիր ունենաք մէջտեղ կը մնաք: Երկու նպատակ  ունէր Մրզէն` գնալ Հայաստանը տեսնել, եւ երկրորդ` միւսներն ալ տեսնէին, որ Հայաստան գնալն ու վերադառնալը խնդիր չէ:  Ես էլ ասեցի, եթէ առաջին անգամ Հայաստան պիտի գնաս մենակդ մի գնար:  Ինձ հետ պիտի գնաս: Քանի որ, եթէ հիմա հաւատում ես, թէ քո հայերէնը բաւարար է, պիտի գնաս ու հասկանաս, որ բաւարար չէ»:

Ի դէպ, Մրզէի դասախօսներից երեքն ադրբեջանցիներ են, որոնք հայերէն են դասաւանդում:

Ինչպէս Ստամբուլում ապրող հայերի 70 տոկոսը, այնպէս էլ Արմանը, հայերէն չգիտէր: Պատճառն այն էր, որ տանը ծնողները թուրքերէն էին խօսում.

«հայրս հայերէն չգիտէր, իր ժամանակով հայկական դպրոց չկար, կամ կար, ինքը չի գնացել: 60 տարեկան մարդ է, մի քանի բառ գիտի հայերէն, դժուար է հիմա սովորեցել: Մայրս գիտի հայերէն: Տան մէջ հայերէն չենք  խօսում, թրքերէն ենք խօսում, ճար չկայ: Ես կարծում էի, որ շատ լաւ հայերէն գիտեմ, քանի որ հայկական դպրոց եմ գնացել,  բայց, երբ Հայաստան եկայ տեսայ, որ ոչ մի բան չեմ գիտէր: Դուրս  կը գնաս մարդոց կը նայես, ի՞նչ են ասում, ես ոչ մի բան չեմ հասկանում, ես ահաւոր վիճակ ունեմ: Ուրեմն, ասեցի, ես լաւ հայերէն պէտք է սովորեմ, իմ մայրենի լեզուն է»,– պատմում է Արմանը:

35-ամեայ Արմանն արդէն երրորդ անգամ է Հայաստանում: Հայաստանցի հայերի մենթալիտետը, կենցաղն ու բառապաշարը տասը մատի պէս գիտի: Ցանկանում է, որ Մրզէն էլ նոյնն իմանայ: Ասում է, որ պէտք է նաեւ փողոցային հայերէնին, ինչպէս ինքն է ասում` «քեարթուների» բառապաշարին էլ տիրապետի:

Թէեւ Արմանն արդէն երրորդ տարին, իսկ Մրզէն առաջին անգամ է Հայաստանում, բայց 20 օրուայ ընթացքում հասկացել է, որ  Երեւանում իրեն զգում է ինչպէս տանը: Այստեղ փողոցներում, սրճարաններում նա ժամերով կարող է թուրքերէն խօսել, եւ ոչ ոք նրան թարս աչքով չի նայի, ինչը Թուրքիայում գրեթէ անհնար է: Այնտեղ եթէ զգան որ քրիստոնեայ ես եւ խաչ ես կրում, հանգիստ չեն թողնի.

«Խաչս կը դնեմ, դրսում կը զբօսնեմ, մարդը կը տեսնէ կ’ըսէ` օ՜ , խաչակիր է, կեաւուր է, անաստուած է: Թուրքերի համար կապ չունի, թէ դու ինչ փոքրամասնութիւն ես` հայ, քուրդ, յոյն, զազա, բոլորի հետ նոյն ձեւով են վարւում: Կան թաղամասեր, որտեղ ծայրահեղականներ են ապրում, կը կատղեն, ինչեր ասես կ’ըսեն: Ստամբուլի մէջ, եթէ պոլիտիկական չխօսես` Կարօ Փայլանի նման, խնդիր չկայ: Եթէ սկսես թուիթերում, ֆեյսբուքում պոլիտիկական խօսէս, անպայման քեզի կը գտնեն` անհանգիստ կ’անեն»,- ասում է Արմանը:

Թէեւ, ինչպէս ինքն է ասում, բացայայտ «պոլիտիկական» չի խօսում, բայց փոխարէնն ամէնուր ասում է, որ հայ է. «ամէնուր կը պոռամ, որ հայ եմ»:

«Հայերը երկուսի բաժնուած են. կան հարուստ եւ աղքատ հայեր: Փոքրամասնութիւնների միութիւնների շէնքեր կային, որ հիմա  թուրքերի ձեռքն է: Էրտողանն ասեց` դրանք կը վերադարձնենք, եթէ Սահմանադրութեան փոփոխութեանը կողմ քուէարկէք: Այն հայերը, որ պէտք է այդ շէնքերը վերցնէին, ասացին, ա՜, Էրտողանը մեր ախպերն ա, միւսներն էլ  ասում էին` Էրտողանը վատ մարդ է, մի հաւատացէք,  քո վերցրած շէնքերը չէք կրնայ օգտագործէք: Թուրքացած հայեր շատ կան»:

Այսքանից յետոյ հետաքրքիր էր նաեւ իմանալ` Արմանը, ով ծնուել ու մեծացել էր Ստամբուլում, որտեղ հայերն աղաւնու պէս վախեցած են ապրում, արդեօ՞ք լսել է իր անցեալի պատմութիւնը, ովքեր են եղել իր տատերն ու պապերը:

«Մեր տարիքովները մեզ չէին պատմեր, որ չվախենանք: Մօր կողմին կը հարցնեմ` կ’ասէ չգիտեմ, չեն պատմեր, կը հարցնէինք` կը լռէին: Իմ տատիկիս հայրը  (հօրական կողմի-խմբ.) ցեղասպանութեան ժամանակ Ամերիկայում էր, եւ լսել էր, որ Թուրքիայի մէջ հայերին հաւաքում են: Ամուսնացած էր, երեխաներ ունէր, ինքն Ամերիկա ձգել էր, որ աւելի դրամ աշխատէր: Ասել է շուտով գնամ, իմ կինն ու երեխաներն այնտեղ են` վերցնեմ Ամերիկա տանեմ: Այն ժամանակներում երեք ամիս կը տեւէր Ամերիկայից Թուրքիա գնալը: Սեբաստիա գնացել է, նայել է ոչ կինը կայ, ոչ երեխաները, տունը փլուած է, իր հարեւանին հացուցել է, որտեղ են կինն ու երեխաները, այդ մարդն ասել է` «Դու ի՞նչ  գործ ունես այստեղ, անպայման պէտք է պախկուես մի տեղ, որ քեզ էլ չտանեն: Դու մոռացիր քո կնոջն ու երեխաներին, նրանք գնացին»:  Վեց ամիս մի ախոռի մէջ տատիկիս հօրը թրքական մի աղա է պահել, յետոյ ինքն ալ  շնորհակալութիւն յայտնելու համար նրա պատը շինել է: Պատշար է եղել: Ասել են. «Դու մենակ ես, կինդ ու երեխաներդ չենք գիտէր որտեղ են, երեւի մահացել են, քանի որ ազգանունով չեն կարողացել գտնել: Քեզի նորից ամուսնացնենք: Մեզ մօտ գիւղում մի կնիկ կայ, ով իր ամուսնուն ու երեխաներին կորցրել է: Դու էլ մենակ ես, ինքն էլ մենակ է, ձեր պատմութիւններն էլ նոյնն են, նորից ամուսնացնենք ձեզ»: Այդ ամուսնութիւնից ծնուած երեխաներից մէկը հօր կողմի տատիկս է: Եթէ չմիանային, հիմա մենք չպիտի լինէինք»,-իր նախնիների պատմութիւնն աւարտեց Արմանը:

Յ.Գ. սա` երեք ժամ տեւած զրոյցի ընդամէնը մի հատուածն էր: Արմանն ու Մրզէն նաեւ գաղտնիքներ պատմեցին, որոնք պէտք է մնային սրճարանի պատերի ներսում: Չէ որ այդ գիշեր պէտք է Ստամբուլ վերադառնային, քաղաք, որտեղ հայերը լռում են:

Էլէն Մուրատեան

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button