ԴԱՏԱՍՏԱՆ

«Գրպանները դրամով լեցուն որեւէ մէկին երբեւիցէ կախաղան չեն հանել»:

Ռուսական

«Ամենագեղեցիկ փետուրները երբեմն  բախտը խրում է տխմարի գլխարկին»:

Դայքս

       Պատերազմի տարիներին եւ յետոյ, մօտ մէկ տասնամեակ,  կուշտ ուտելը կենսական խնդիր էր մեզ համար, ասացի մեզ համար, քանի որ ամենաբարդ պայմաններում, նոյնիսկ պատերազմի ընթացքին, ամէնուրէք լինում են ճարպիկ օգտուողներ, որ կրակի միջից հանում են իրենց շահը, իսկ ցոփ կեանք վարողները անպակաս են։ Այդ օրերին,  երբ սեղան էինք նստում եւ մայրս կերակուր էր բաժանում, միշտ կրկնում էր իր խարբերդցու առոգանութեամբ. «Տնտե՛ս, հաւսա՛ր տես, դատաստանին չերթաս սեւերես»։

       Տասնամեակներ են անցել, իսկ այդ խօսքերը դեռ հնչում են ականջիս, բայց երկար ժամանակ ինձ անհասանելի էր նրանց  խորը իմաստը, չնայած բազում էին անարդարութեան օրինակները մեր  առօրեայ շրջապատում։ Իմ այսօրուայ կարծիքով այն արդար լինելու կոչ էր, ոչ թէ քարոզչութիւն, քանզի մայրս այդ մակարդակի ոչ պատրաստութիւնն ունէր եւ ոչ եւս մտածելակերպը։

Այս եւ նման յիշողութիւնները յուշում են մի տարօրինակ հարց, թէ մեր բարձրաստիճան պաշտօնեաները, պետական այրերը  եւ իշխանաւորները երբեւիցէ ունենո՞ւմ են մտային փայլատակումներ նման հարցադրումներով։ Չեմ կարող ժխտական կարծիք տալ, վստահ լինելով, որ սխալ եւ նոյնիսկ մեծ սխալ կը լինի բոլորին միեւնոյն պարկի մէջ դնելը եւ բոլորին միեւնոյն գնահատականը տալը։

Եթէ անհերքելի փաստ է, որ հիմնական հոգսը մեր հայրեակիցների համար, լինեն նրանք հայրենաբնակ թէ անծայրածիր սփիւռքի որեւէ տարածքի բնակիչ, երկրի անվտանգութեան ապահովութիւնն է, ապա նոյնը չենք կարող ասել այդ երկու հատուածների փոխադարձ արդար եւ ճշմարիտ հարաբերութիւնների վերաբերեալ։ Առիթը ունեցել ենք եւ դարձեալ կրկնելը աւելորդ չենք համարում, որ հայրենիքը եւ սփիւռքը փոխադարձաբար իրար ճանաչելու համար դեռ երկար ճամբայ պիտի անցնեն կամ աւելի ճիշտ կլինի ասել, թէ անհրաժեշտ մակարդակի վրայ չեն նրանց փոխադարձ ճանաչումը։

 

Համացանցի կայքիս մէջ գրութիւն ստացայ՝ Հալէպի դժողքից փախած եւ  Երեւան հաստատուած ուսուցչուհի Սոսի Միշոյեան-Տապպաղեանի ստորագրութեամբ։ Աղի արցունքով գրուած գրութիւն, որ անհասկանալի է դարձնում հայրենաբնակների եւ եկուրների փոխ-ըմբռնումները։ Մի քանի նմուշ. «Հոգւոյս ծարաւովը կը տոչորիմ… Խնդրում եմ հայերէն խօսա՛, հա, կըսէ չհասկցող ազգակիցդ քեզիԲախումներ ու անընդհատ լեզուի պայքար հայրենիքիդ մէջ… Ինչպէ՞ս չխրտչիլ, երբ համալսարանի դասախօսդ կը պնդէ, որ արեւելահայերէնն է ճիշդը եւ այժմէականը ու քո լեզուն հին է ու՝ անհետացման եզրին: Եւ, եթէ որոշել ես էստեղ ապրես՝ ապա էստեղի լեզուն պիտի սովորես ու էստեղի լեզուով գրես, կամ Ինչի՞ էք եկել էստեղ, մեղք են ձեր երեխէքը, էստեղ ապագայ չկայ, գնացէք ուրիշ երկիր, հա՛մ ձեզ համար լաւ կը լինի, հա՛մ էլ երեխէքին Բայց ո՞ւր երթալ՝ գտնելու համար  վայր մըթէ՛ որպէս ՀԱՅ եւ թէ՛ որպէս արժանաւոր ՄԱՐԴ ապրելուԳալով երազներու երկիրս, չհիասթափէի ամէն առիթի՝ «Էս երկիրը երկիր չի» արտայայտութիւնը լսելով»։

Որքան որ Սոսին եւ իր նմանները  դժուար եւ անհաճոյ դիպուածներ ունենան իր եւ մեր երազած հողին վրայ, ճիշդ լուծումն այնտեղ հաստատուելն է, անշուշտ չմոռանալով, որ այս ծուռ մտայնութիւնը որքան որ տարածուած լինի հայրենաբընակների մօտ անարդար կը լինի ընդհանրացնել, քանզի կան ճիշտ եւ անաչառ մտածողներ եւ գնահատողներ, թեպէտ լուսանցքում։ Որեւէ երկիր գաղթած անձը այդ կամ նման պահեր ապրած է շաղուած տերբեր համեմունքներով ։

Դատաստանին սեւերես լինելու թեկնածուները բազում են, որ  զբաղեցնում են պետական կառոյցի տարբեր հարթակներ եւ երբ նրանց առիթ է տրուում սխալների բացատրութին տալու, ապա որպէս յանկերգ կրկնում են, թէ քսան հինգ տարին շատ կարճ ժամկէտ է երկիր կառուցելու համար, առանց գիտակցելու, որ թեպէտ իրաւ է, որ եթէ կատարեալ երկիր ունենալը երկարաժամկէտ եւ տքնաջան աշխատանքի արդիւնք է, ապա այն կարելի է կորցնել մէկ գիշերուն ընթացքին եթէ նրա հիմքերը ի սկզբանէ հաստատուն չեն եւ նրա պահպանումը մեր հանապազօրեայ գուրգուրանքի առարկայ չէ։

Որեւէ  երկրի համար օրուայ առաջին հրամայականը իր բնակչութեան պահպանումն է ամէն տեսակի կորուստներից։ Մեր ժողովուրդը, միսների նման գոյատեւման իրաւունք ունի եւ այդ գայատեւումը խիստ վտանգի տակ է։ Թերեւս այդ նպատակով էր, որ մեր պաշտպանութեան նախարարութիւնը փորձեց վերափոխել բանակի զօրակոչման սկզբունքները, վերացնելով «ՏԱՐԿԷՏ»-ի իրաւունքը որոշ ուսանողների համար, իրաւունք, որ ըստ երեւոյթին բաց դուռ էր տարբեր տեսակի  խարդախութիւնների, կաշառակերութեան եւ որոշ բարձր պաշտօն զբաղեցնող արտոնեալների զաւակների համար զինծառայութիւնից խուսափելու համար։ Այն դարձաւ բաւական աղմկալից բանավեճերի նիւթ եւ ուսանողները փողոց ելան բողոքի ցոյցի «ՏԱՐԿԷՏԸ լինելու Ա» պաստառներով, որ պարզ ապացոյց է, թէ այդ գրութեան յետեւում կանգնած ուսանողը ոչ միայն տարեկէտի արժանի չէ այլ նաեւ ուսանող կոչուելու, քանի որ իր տարրական մայրենիին  տիրապետելու հանգամանքը նոյնիսկ չունի։

Նոյնքան աղմուկ եղաւ ընտանեկան բռնութիւնների կանխարգելման վերաբերիալ, որ հարցադրումը որքան որ ճիշդ եւ տեղին է, մեկնաբանութիւնները անհրաժեշտ բարձրութեան մակարդակի չէին։ Արդի պայմաններում, երբ մեր երկիրը ստորագրում եւ յանձնառու է լինում Եւրոմիութեան հետ եւրոպական չափանիշներով օրենսդրութիւններ հաստատելու, չնայած նման պարտաւորութիւն եղած էր արդարադատութեան վերաբերեալ մի քանի տարի առաջ՝ առանց արդիւնքի, կարծում ենք, թէ հարազատ ընտանիքում  բռնութիւնների մասին խօսելը մնում է շարքից դուրս, չնայած ներկայացուած բացատրութիւնները յագեցած են «նրբացուցիչ դէպք յանցանանց»-ներով։ 

Բոլոր պայմաններում այդ տեսակի վերաբերմունքը յարիր չէ մի հասարակութեան համար, որ կը սոնքայ  հազարամեայ մշակոյթի տէր լինելու  հանգամանքով ։

Երկրի վերակառուցումը,  գրուած օրենքների կամ պայմանգրերի չէ, որ կարոտում է, այլ սրտացաւ եւ սիրով յագեցած ղեկավարների, որոնք երկնքից  չէ, որ պիտի իջնեն այլ մեր շրջապատի արդար ծննունդը պիտի լինեն դուրս դնելով պատահական արկածայիններին։

Ճիշտ է ասել ֆրանցացի մտաւորական Ժիւլ Միշլեն. թէ «Քաղաքականութիւնը այն արուեստն է, որ կարողանում է տիրանալ հարուստների դրամին եւ չքաւորների քուէին, հիմնաւորելով, թէ մէկին պաշտպանում է միւսից»   –

 

Ռ.Յ.

 

 

 ՅԱՒԵԼՈՒՄ

 

Աչքներս լոյս, մեր ապագան կերտող գիտնականները հայրենի հողի վրայ նոր կարեւոր սարքաւորում են ստեղծել, որ առայժմ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ  փուլի մէջ է, այսինքն փորձարկման է ենթարկուում։

 ՖԼԱՄԻՆԳՕ է կոչուում հայրենի Գեղարքունիք մարզի գեղանի կապուտաչեայ Սեւանի՝ միջնադարեան եկեղեցվոյ դիմացի լողափը, նման ամիսներով եթեր  սփռուող Ֆուլ Հաուս  կամ այլ նման կոչեցեալ սերիալներին։

Դիտողներ կան հաւանաբար, բայց հարց տուող չկայ, թէ ինչո՞ւ եւ ո՞վ են հեղինակները եւ նրանց կողքին հովանաւորները։

Շատ ծիծաղելի կը լինէր, եթէ այդքան տգէտ, տխուր եւ ցաւալի չլինէր։

Թերեւս մենք դեռ հասուն չենք նրբութիւնը գնահատելու։

Դա մեր երկիրն է եւ վերջ։

 

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button