Երկրաշարժից 29 տարի անց. Գյումրիում դեռ հոգսեր ու կուտակված խնդիրներ կան. Սամվել Բալասանյան

ԳՅՈՒՄՐԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած կատարված աշխատանքներին՝ երկրաշարժից 29 տարի անց Գյումրիում դեռ հոգսեր ու կուտակված խնդիրներ կան:
«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ այս մասին նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ փաստելով, որ դրանք ոչ միայն բնակարանային խնդիրներն են, այլև տնտեսական: «29 տարվա ընթացքում մեծ գործ է կատարվել, ինչն ակնհայտ է: Բայց մենք ոչ միայն մեր բնակֆոնդն էինք կորցրել, այլ նաև մեր արտադրական ներուժը: Մենք կորցրեցինք այդ ներուժի մոտ 70 տոկոսը»,– նշեց Սամվել Բալասանյանը: Գյումրու քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ տարբեր ծրագրերով քաղաքում բնակարանային խնդիրը լուծվեց՝ չնայած Գյումրիում դեռ ավելի քան 2 հազար տնակ կա: «Տնակների հստակ թիվը հնարավոր կլինի ասել հաշվառումից հետո 2018 թվականին, որը նաև կհստակեցնի թե տնակում բնակվողներից քանիսն են իրական անօթևաններ: Հուսով եմ, այդ տնակային ավանները շատ շուտով կպակասեն: Այդ թիվը այս պահին մոտ 2500-ի է հասնում, բայց երբ պարզենք, թե քանի տնակում են հիմա իրականում բնակվում, կարծում եմ, այդ թիվը կնվազի»,-նշեց քաղաքապետը՝ փաստելով, որ այս պահին Գյումրիում կա մոտ 500 ընտանիք, որոնք չեն հաշվառվել նոր բնակարաններում, ինչը նշանակում է, որ նրանք, նոր բնակարան ստանալով, ինչ-ինչ պատճառներով չեն շտապում հրաժարվել տնակի գրանցումից: Սամվել Բալասանյանը նաև հիշեցնում է, որ 1926 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում դեռ ժամանակավոր կացարաններ ունեցող 2 թաղամաս կա: 
Գյումրու քաղաքապետը սեփական փորձից ելնելով է նշում, որ ժամանակն է արդեն չսպասել այլ աջակցության՝ քաղաքում տնակներից ազատվելու. քաղաքապետն իր աշխատավարձն ամբողջովին փոխանցում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: Նախաձեռնությանը որոշակի մասնակցություն ունի նաև քաղաքապետարանի աշխատակազմը:
Գյումրու քաղաքապետը վստահ է՝ քաղաքը զարգացնելու ներուժ կա՝ հատկապես զբոսաշրջություն ոլորտով: «Գյումրին մարզական ու մշակույթի քաղաք է, բայց նաև ունի լուրջ ներուժ զբոսաշրջության զարգացման համար: Հուսով եմ, քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ծրագիրը և այն ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքները, որ իրականացվելու են Գյումրիում, կնպաստեն դրան»,-հավելեց քաղաքապետը:

Արմենուհի Մխոյան

http://armenpress.am/arm/news/915037/

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button