Մայրս` Տիեզերք

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ

Մայրս ծնունդ էր թուրքական ամենածայրագոյն վայրագութիւնը ապրած երկու տարագիրների` մարաշցի Եակոբ Աստուրեանի եւ սվազցի Մարիձա Ուզունեանի: Հօր` Յակոբ Աստուրեանի ընտանիքը, Մարաշում բարւոք կեցութիւն են ունեցել: Մայրը յայտնի կարուհի է եղել, հայրը կտորեղէնի արհեստանոց է ունեցել, որը եւ նպաստել է հինգ երեխաների ու նաեւ հաշմանդամ հօրաքրոջ բարեկեցիկ կեանքին: Եղեռնի սկզբին բոլոր զաւակները` 2 աղջիկ եւ 3 տղայ, ամուսնացած, նոր ընտանիք կազմած, իրենք էլ զաւակների տէր են եղել: Երբ տարագրութիւնը սկսւում է, թուրքերը հրի են մատնում Աստուրեանների տունը եւ թոյլ չեն տալիս Յակոբի մօրը` դուրս գալ տնից: Իր կնոջը փրկել ուզող հօրը սպաննում են հէնց դռների առջեւ, իսկ մայրը այդ կրակէ բոցերում այրւում է իր մղկտացող զաւակների աչքերի առջեւ: Յակոբին, որն իմ մեծ հայրս էր դառնալու, ըստ մօրս նկարագրութեան, ողջ կեանքում հետապնդել, տանջել է այդ պատկերը:

Քոյրերը մահացել են Տէր Զօրի ճանապարհին, եւ քանի որ տղամարդկանց առանձնացրած են քշել, Յակոբը անտեղեակ է մնացել իր կնոջ եւ երեխաների ճակատագրից: Սկզբում նրան զինուորագրել են, ուր մի քանի շաբաթ աշխատել է որպէս հիւսն, յետոյ լսելով, որ սպաննելու են, փախել է, փրկուել գնդակահարումից, սարսափահար վազել, յաճախ կրկին բռնուելու վտանգի առաջ կանգնել եւ, վերջապէս, կիսամեռ հասել է Հալէպ:

Այդ նոյն ժամանակ Սեբաստիայից, Փոքր Հայք, Սվազ, ամենավայրագ կոտորածն ու աւերը տեսած, դէպի Տէր Զօր հասած, այդ ճանապարհին թուրք զափթիեների ձիու սմբակների տակ ճզմուած երկու որդիների դիակները ճանապարհին թողած, միայն իր վեցամեայ երրորդ որդու հետ Ռաքքա փախած, բռնուած, կրկին Տէր Զօր բերուած Մարիձա Ուզունեանը, որը յետոյ իմ մեծ մայրս էր դառնալու, իր փրկած միակ որդու` Յովհաննէսի հետ երկրորդ անգամ փախչելով այդ մահաբեր անապատից` չորս ամիս յետոյ բազում տանջանքներով հասնում է Հալէպ:

Մեծ մայրս` Մարիձան, ոչ ունեւոր, մեծ ընտանիքի առաջին զաւակը լինելով, ինչպէս ընդունուած էր Արեւելքում, դպրոց չի յաճախում, թէեւ Սեբաստիան յայտնի է եղել իր բարձրորակ վարժարաններով` (Արամեան, Մխիթարեան, Ներսիսեան), այլ տանը օգնում է մօրը, իր քոյրերին մեծացնում: Այդ իսկ պատճառով թրքախօս է մնում: Սակայն իր գեղեցկութեամբ աչքի ընկնելով, բարձրահասակ, կապտաչեայ պարմանուհի, 18 տարեկանին գրաւում է Ուզունեան մեծահարուստ գերդաստանի Առաքել որդու սիրտը, ամուսնանում է, ունենում երեք արու զաւակ` ուրախութիւն եւ երջանկութիւն պարգեւելով ողջ գերդաստանին: Այդ երջանկութիւնը շուտով հիմնովին խորտակւում է տեղահանութեան նախորդ գիշերը` 1915թ, յունիս 18-ին:

Ուզունեանների ծխախոտի դաշտերում աշխատող թուրքերը, որոնք մինչ այդ ծուլօրէն, բայց հեզաբար են ծառայել, իւրաքանչիւր անգամ աշխատավարձ ստանալիս տէրերի ձեռքերն ու ոտքերը համբուրել, յանկարծ յունիսի սկիզբներին նկատելիօրէն փոխուել են ամբողջովին: Վեցամեայ Յովհաննէսին, որը սիրել է հօր հետ դաշտում շրջել, տարագրութեան նախորդ օրը, թուրքերից մէկը հպարտօրէն յայտնել է, որ գիշերը իրենց մորթելու են: Ըստ հայի սովորութեան, լուրը դեռ լրջօրէն չընդունած, չվերլուծած` գերդաստանի տղամարդիկ նոյն գիշեր գլխատւում են իրենց իսկ թուրք աշխատողների ձեռքով, իսկ առաւօտեան արդէն սուգի մէջ մխրճուած, անգլուխ մնացած գերդաստանի կանանց ու երեխաների տեղահանութիւնն է սկսւում:

370.000 հաշուող հայ բնակչութեան եւ մի քանի տասնեակ հազար 200 տարի առաջ ստիպողաբար թրքացած հայերի արու արմատը ամենածանր տանջանքներով ոչնչացւում է 15 օրում, իսկ անկար ծերունիներին, կանանց եւ երեխաներին նոյնքան վայրագաբար քշում են Սվազից Մալաթիա, յետոյ` Չելեպիլերի ձորը, ուր նախճիրն է սկսում, կենդանի մնացածներին քշում Ռաքքա, այնտեղի կիրճում մի մասին այրում: Ի վերջոյ պէտք էր այդ ամբողջ բնակչութեանը ինչ-որ ձեւով ոչնչացնել: Մեծ մայրս իր հիւանդ, կիսամեռ որդու հետ  քշւում է Մուսուլ, որտեղից փախչում է, ճանապարհին բռնում են եւ ուղարկում Տէր Զօր: Որոշ ժամանակ այնտեղ մնալուց յետոյ, կրկին փախուստի է դիմում փոքրաթիւ տղամարդկանց խմբի հետ, որոնք սկզբում արգելում են նրան իրենց հետեւել երեխայի պատճառով, ստիպելով, որ իրենց միանայ առանց երեխայի, որը կարող էր իր հիւանդ տնքոցներով ու լացով մատնել իրենց: Մեծ մայրս, սակայն, հիւանդ երեխան գրկին, հեռուից հետեւելով նրանց, գիշերները միայն քայլելով` հասնում է Հալէպ:

Հարիւր հազարաւոր անօթի, հիւանդ ու կիսամերկ հայ գաղթականներով լեցուած Հալէպը հազիւ էր պահում իր գոյութիւնը: Մարդկային աննկարագրելի թշուառութեան  այդ խառնարանում, իրենք իրենց չվերագտած, հալածուող ու անօթեւան, հայի բեկորները փորձում են գտնել  իրենց կորցրած ընտանիքի անդամներին եւ հարազատներին: Երկար որոնումից յետոյ որբանոցում Յակոբն էլ  գտնում է իր երեք որդիներից միայն երկուսին, որոնցից տեղեկանում է, որ երրորդ որդին սովամահ է եղել ճանապարհին, իսկ կինը չկարողանալով տանել տանջահար վիճակը` նետուել է Եփրատ ու խեղդուել: Որբացած երկու եղբայրները անպաշտպան, խելակորոյս, հետեւելով մարդկային հոսանքին, երկար ու ողբալի թափառումներից յետոյ բերուել են Հալէպի որբանոց:

Այդ օրերին Հալէպում աւետարանական պատուելի Ահարոն Շիրաճեանը, բոլորին յայտնի` պատուելի Ահարոն անուամբ, գերմանացի միսիոնարների  օգնութեամբ, հաւաքում եւ սնում է 13 հազարից աւելի որբեր, միաժամանակ զինուորների արտահագուստի հիւսուածքեղէնի գործատեղի բացում, փրկուածներին աշխատանք հայթայթում: Ճակատագրի բերումով,  Յակոբը եւ Մարիձան, իրար բոլորովին անծանօթ, աշխատանք են գտնում այդ նոյն գործատեղում` դրա դիմաց ստանալով երկու կտոր հաց եւ ձրի կեցութիւն այդ գործատեղիի մի անկիւնում:

Յակոբը փոքրուց, իր հօր հիւսուածքեղէնի գործատեղում, ծանօթ լինելով աշխատանքին, անմիջապէս դառնում է հսկիչ: Մարիձան իր աննկարագրելի աշխատասիրութեամբ գրաւում է Յակոբի ուշադրութիւնը:

Յօշոտուած հոգիներով, թանկագին կորուստների կսկիծը սրտերում, մղձաւանջային պատկերները իրենց մտապատկերում զմռսած` շատերն են պատուելի Ահարոնի գործատեղում աստիճանաբար կեանքի վերադառնում, իրենց կրկին մարդ զգում, շատերն են նոր ընտանիք կազմում: Նրանց թւում` Մարիձան եւ Յակոբը, երկուսն էլ` անդառնալի կորուստներ ունեցած, երկուսն էլ դժոխքից փրկուած, իրենց առաջին ամուսնութեան փրկուած զաւակներով, Մարիձան վեցամեայ մէկ զաւակով` Յովհաննէս, իսկ Յակոբը` երկու` Սարգիս եւ Աւետիս, ամուսնանում են: Դեռ ընտանեկան յարկի տակ չմտած` մեծ հօրս Սարգիս որդին մահանում է: Նոր կորուստով երկու տարագիրները սկսում են իրենց կեանքի երկրորդ փուլը:

Թէեւ պատերազմն աւարտուել էր Թուրքիոյ պարտութեամբ, սակայն դաշնակից  անգլիացիները ամէն կերպ փորձում էին օգնել, որ Թուրքիան կանգուն մնայ, չկորցնի յատկապէս հայկական տարածքները, որի համար էլ Թուրքիան գործադրել էր Ցեղասպանութիւնը: Ըստ 1916-ի բերանացի համաձայնութեան, ինչպէս գիտէք,  հանրայայտ Սայքս-Փիքօ դաշինքի, Մերձաւոր Արեւելքը բաժանւում էր գօտիների, ուր ֆրանսական գօտի էր դառնում Սուրիան, Կիլիկիան եւ Հայաստանի հարաւային նահանգները:

Անգլիական գօտին` Միջագետքը, Իրաքը, Պաղեստինը, Յորդանանը, իսկ Դամասկոսը, Հալէպ-Մուսուլը արաբներին էր յանձնւում:

1918-ի զինադադարը հաստատում էր, որ ֆրանսացիներին է յանձնւում Կիլիկիան: Սակայն անգլիացիների նենգամիտ միջամտութեան արդիւնքում, Կիլիկիան պիտի վերադարձուէր թուրք ցեղասպանին: Հաշուենկատ, շահամոլ բանակցութիւնները շարունակւում էին, մինչդեռ կոտորածից Հալէպ ճողոպրած հայերը, անտեղեակ կեղծ բանակցութիւնների արդիւնքներից, ֆրանսական բեռնակառքերով, նաեւ` անգլիական, եւ նրանց ծախսերով վերադառնում էին Մարաշ, Այնթապ, Ուրֆա, Զէյթուն, Հաճըն:

Միաժամանակ Հալէպում կեցութիւնը ժամ առ ժամ վատթարանում էր, քաղաքը իր շրջակայքով տնքում էր ոչ միայն սովամահ, հիւանդ, հարիւր հազարաւոր տարագիրներին պատսպարելու ծանրութիւնից, երկրի ահաւոր աղքատութիւնից, այլ նաեւ` քաղաքական անորոշ վիճակից: Արաբները վերջապէս ուզում էին տէր կանգնել իրենց երկրին:

Հալէպի քաոսային, սովամահութեան վիճակում յայտնուած հայութիւնը փրկութեան յոյսով է ընդունում ֆրանսացիների եւ անգլիացիների պաշտպանութեամբ Կիլիկիոյ իրենց շրջանները վերադառնալու առաջարկը, անտեղեակ` նրանց դաւերից:

Ամէն կողմից խաբուած, ահռելի կոտորածից մազապուրծ փրկուած հայութեան յոյսերը կրկին արթնացել էին:  Ֆրանսայի արտաքին գործոց նախարար Պրիանտը, հաւաստիացրել էր Նուպար փաշային` հայկական վեց վիլայէթներում անկախ, ինքնավարութիւն հաստատել: Մաշուած, մարդկային անհատականութիւնը, իրենց ողջ ունեցուածքը, ընտանիքը, հարազատութիւնը կորցրած հայութիւնը լաւատեսօրէն է ընդունում, որ վերջապէս երկու քաղաքակիրթ տէրեր են ունենալու` յանձինս ֆրանսացիների եւ անգլիացիների, որոնք փրկելու են իրենց թուրքերից, եւ գոնէ իրենք ապրելու են իրենց պապենական տարածքներում:

Ֆրանսացի զօրավար Պրեմոնթին է յանձնւում ղեկավարելու հարիւր քսան հազար թափառական հայ տարագիրներին Կիլիկիոյ իրենց քաղաքները` Մարաշ, Ատանա, Զէյթուն, Այնթապ եւ Հաճըն վերադարձը:

Այդ նոյն օրերին անգլիացի սպաներից մէկը, որը պատուելի Ահարոնի հիւսուածեղէնի գնորդ-պատասխանատուն էր, տեսնելով Յակոբի առանձնայատուկ կարողութիւնն ու նորամուծութիւնը հիւսուածեղէնի գործում, առաջարկում է նրան ընտանիքով Անգլիա, Մանչեսթըր տանել` այնտեղ աշխատելու: Յակոբը կտրականապէս մերժում է` յայտնելով, որ իր երկիր` Մարաշ է վերադառնալու, պապենական հողում իր նոր կազմած ընտանիքով բազմանալու: Աւելի ուշ, տարիներ յետոյ է անդրադառնում ու վերլուծում անգլիացի սպայի ցաւակցական քմծիծաղը հրաժեշտի պահին:

Յակոբը եւ Մարիձան իրենց մէկական զաւակներով, հազարաւորների հետ, բռնում են Մարաշ վերադարձի ճամբան: Ճանապարհին Յակոբը գտնում է իր երեք եղբայրներին:

Այն հաստատ համոզմամբ, որ վերջապէս իրենց հայրենի հողի վրայ ֆրանսացիների եւ անգլիացիների հսկողութեամբ ունենալու են ապահով կեանք, հայութիւնը նոր յոյսերով վերադառնում է Մարաշ եւ Կիլիկիոյ այլ շրջանները:

Վերադարձող հայութիւնը Մարաշում եւ այլուր նոր դժուարութեան առջեւ են կանգնում: Հայերի տները ողջ ունեցուածքով թուրքերն արդէն սեփականացրած լինելով` չեն ուզել վերադարձնել: Ֆրանսացիների յաճախակի միջամտութիւնը, որոնք, ըստ իրենց խոստումների, պարտաւորուած էին հայերին պաշտպանելու, աւելի թուրքերի օգտին է եղել: Հայերն յայտնել են իրենց դժգոհութիւնը` ֆրանսացիներին յիշեցնելով, որ հայ լեգէոնականներն են ֆրանսացիների համար կռուել, ոչ թէ թուրքերը, եւ ֆրանսացիներից յոյսերը կտրած` հայերը իրենց ձեռքն են վերցնում թուրքերին հայերի պապենական տներից վտարելու գործը: Յակոբի պապենական տունը հրդեհուած, ոչնչացուած լինելու պատճառով, ստիպուած, իր մեծ քրոջ տնից, որը ողջ ընտանիքով բնաջնջուել էր,  դուրս է նետում նրանց ողջ ունեցուածքին տէր դարձած թուրքին եւ իր նորաստեղծ ընտանիքով  բնաւորւում է այնտեղ:

Ժողովուրդը տարուած իր նոր կեցութեամբ` անտեղեակ էր անգլիացիների ծրագրին, որոնք ֆրանսացիներին քաղաքական դաշտից դուրս նետելու հեռանկարով  թուրքերի հետ սերտ յարաբերութիւնների մէջ լինելով` օժանդակում էին թուրքերի վերջնական ամրացմանը Կիլիկիոյ ողջ տարածքում: Աւելի հակիրճ` Մարաշի անգլիական «պաշտպանութիւնը» սոսկ դիւանագիտական խաղ էր, որին կրկին զոհ էր գնալու վերադարձած հայութիւնը:

Կոտորուած հայութեան համար այլեւս հանգստութիւն չկար: Թուրքը դեռ չէր հաշտւում այն մտքի հետ, որ դեռ կենդանի մնացած հայութիւնը փորձում էր մէկ անգամ եւս տէր կանգնել իր հողին ու ունեցուածքին: Դէպի Մարաշ եւ Մարաշից դուրս շրջագայող հայերը կողոպտւում ու սպաննւում էին, եւ «պաշտպան» անգլիացիները կամ ֆրանսացիները բոլորովին չէին միջամտում, աւելի՛ն, զէնք էին մատակարարում թուրքերին` մերժելով հայերի զինուելու խնդրանքը: Շարունակուող սպանութիւնները աւելի յաճախակի դառնալով` վերածւում էին կոտորածի: Մարաշի Ս. Աստուածածին եկեղեցում պատսպարուած երկու հազար հայութեան հրկիզումը արդէն բացայայտ նոր կոտորածի նշանն էր: Շուարած, անօգնական հայութիւնը այլեւս չգիտեր` ո՛ւմ ապաւինել:

Մեծ մայրս` Մարիձան, այդ օրերին` յղի, փորձում է համոզել ամուսնուն` Յակոբին, հեռանալ Մարաշից: Ճանապարհների անապահով վիճակը, կացութեան անորոշութիւնը, ֆրանսացիների անորոշ քաղաքականութիւնը ստիպում են նրանց` շարունակել մնալ Մարաշում: Սակայն թուրքերի բացայայտ գործողութիւնները, օր ցերեկով ֆրանսացիների պարզած դրօշակը վար իջեցնելու եւ փոխարէնը թուրքականը պարզելը, արդէն թուրքերի կրկին զօրացման բացայայտ ազդանշան էր:  Կոտորածը սկսւում է նաեւ քաղաքում: Կրկին անզէն հայ բնակչութիւնը պատսպարւում է եկեղեցում, այս անգամ` Ս. Քառասնից Մանկանց, ուր մեծ հայրս ֆրանսացի զինուորների հետ փորձում է պաշտպանել ներսում ապաստանող հայութեան: Թուրքերի գնդակներից մէկը ծակում, անցնում է մեծ հօրս ֆէսը, բարեբախտաբար չվնասելով նրան: Ըստ մօրս պատմածի, հայրը հոգատարութեամբ պահել է այդ ֆէսը` ի վկայութիւն հայրենի Մարաշի վերջնական կոտորածի:

(Շար. 2)

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button