«ԹԵՐԹ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆԻ ՀԵՏ

«Հայաստանը Կարող Է Մեծ Դեր Ունենալ Իրանի Իրական Պատկերը Աշխարհին Ներկայացնելու Հարցում»

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանի արտգործնախարարի այցը Երեւան ճիշդ ժամանակին էր՝ յաջորդել է ԴԱԷՇի դէմ Իրանի յաղթանակին: Նա բնորոշեց՝ այցը «պատգամ էր»: Կարէն Խանլարեանի խօսքով՝ Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում, դիւանագիտական շրջանակներում Իրանի վստահելիութեան չափը ցոյց տալու առումով:

 

«ԹԵՐԹ».- Պարո՛ն Խանլարեան, Հայաստանում էր Իրանից ժամանած պատուիրակութիւնը՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի գլխաւորութեամբ: Հայ-իրանական յարաբերութիւններում յատկապէս վերջին շրջանում փոխադարձ այցելութիւնները բաւական ակտիւ (աշխոյժ-Խմբ.) բնոյթ են կրում: Ձեր տպաւորութեամբ՝ այս անգամուայ հանդիպումն առանձնանո՞ւմ էր նախորդներից, թէ ուղղուած էր նախկին պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքը ստուգելուն:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Աւելի շատ երկրորդը: Այցը նպատակ ունէր նախկին պայմանաւորուածութիւնները ամրագրել, վերանորոգել: Կարծում եմ, որ հանդիպման ժամանակը տարածաշրջանային զարգացումների համատեքստում կարեւոր էր, պատեհ էր այն պայմաններում, երբ Իրանը մեծ դեր խաղաց ԴԱԷՇի ոչնչացման հարցում: Դրանով նոր էջ է բացւում քաղաքական հաւասարակշռումների առումով:

Ընդհանուր հայացքով նայելիս, հասկանում եմ, որ շատ ճիշդ պահ էր ընտրուած այցի համար: Կարելի է անգամ պատգամ համարել այս այցը:

 

«ԹԵՐԹ».- Նկատի ունէք՝ «պատգամը» Իրանի կողմից Սիրիայում ԴԱԷՇ ահաբեկչական կազմակերպութեան ոչնչացմա՞ն մասին էր:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Կարծում եմ՝ այո:

 

«ԹԵՐԹ».- Իրանը կարեւորո՞ւմ է Հայաստանին ահաբեկչութեան դէմ պայքարի գործընթացներում:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- ԴԱԷՇի գլխաւոր թիրախներից մէկը Իրանի Իսլամական Հանրապետութիւնն էր, եւ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանն Իրանի համար եղել է վստահելի հարեւան: Ահաբեկչութեան դէմ պայքարում երկու երկրները կարողացել են նոյնիսկ համադրել իրենց ջանքերը: Հիմա արդէն, երբ ԴԱԷՇը ոչնչացուել է, ես կարծում եմ, նոր քաղաքական իրավիճակի առջեւ ենք կանգնած:

 

«ԹԵՐԹ».- Պարո՛ն Խանլարեան, պէտք է նկատենք, որ իրանական պատուիրակութեան այցը Հայաստան յաջորդել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Իրանական կողմն արդեօք հետաքրքրուա՞ծ է այդ համաձայնագրով, գուցէ շահագրգիռ է առաջին աղբիւրից տեղեկանալ այդ համաձայնագրի ընձեռած հնարաւորութիւնների վերաբերեալ, ինչպէս կարծում են հայաստանեան փորձագէտները:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Չի բացառւում: Ճիշդ է, որովհետեւ մեծ թուով գործարարների առկայութիւնն այս պատուիրակութեան հետ, խօսում է այն մասին, որ Իրանը ցանկանում է իմանալ, թէ Հայաստանը կարո՞ղ է «կամրջել» իրեն Եւրոմիութեան հետ:

Մենք գիտենք նաեւ, որ Հայաստանը հիմնականում Եւրասիական տնտեսական միութեան տիրոյթում է աշխատում: Դա նոյնպէս ինքնին հետաքրքրական հանգամանք է Իրանի համար: Իրանը նոյնպէս հետաքրքրուած է Ռուսաստանի հետ համագործակցութեան զարգացմամբ. դա երկուստեք ցանկալի հեռանկար է:

Հայաստանի կողմից Եւրոմիութեան հետ համաձայնագիր կնքելը կարեւոր քայլ է. թէեւ դա չի նշանակում, որ Հայաստանը միանգամից դառնում է Եւրոմիութեան հետ գործընկեր, այնուամենայնիւ, սկզբնական քայլերն արւում են, որ Հայաստանը դառնայ Եւրոմիութեան հետ հիմնական գործընկեր, որը նաեւ Իրանի համար է լաւ հնարաւորութիւններ ապահովում:

 

«ԹԵՐԹ».- Հայ-իրանական յարաբերութիւնների տնտեսական զարգացման հարցում կարեւորւում է, ինչպէս դուք էլ նշեցիք, ԵԱՏՄի դերը: Իրանը պատրաստւում է յատուկ համաձայնագիր ունենալ ԵԱՏՄի հետ Հայաստանում ազատ առեւտրի գօտի ստեղծելու ուղղութեամբ: Պէտք է նկատենք, որ Սիւնիքի մարզում ազատ տնտեսական գօտի ստեղծելու մասին խօսւում է արդէն գրեթէ 2 տարի: Դուք տեղեա՞կ էք, իրականում հիմա ի՞նչ փուլում է գտնւում Մեղրիում ազատ առեւտրի գօտի հիմնելու գործընթացը:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Ես այս վերջին ամիսներին հնարաւորութիւն ունեցայ մօտիկից ծանօթանալու ազատ տնտեսական գօտի ստեղծելու գործընթացներին: Բաւականին գործ է կատարուել, եւ նկատելի է՝ երկու երկրներն էլ՝ ե՛ւ Իրանը, ե՛ւ Հայաստանը շահագրգռուած են այն կեանքի կոչելու հարցում:

Ես կարծում եմ՝ լուրջ ակնկալիքներ պէտք է ունենալ գործընթացից, ձեռքբերումներ կարելի է սպասել մօտ ապագայում:

 

«ԹԵՐԹ».- Հայաստանի եւ Իրանի պաշտօնատար անձինք պարբերաբար նշում են, որ երկու երկրների յարաբերութիւններում առաջնահերթ է տնտեսական համագործակցութեան զարգացման խթանումը: Վիճակագրական տուեալներով՝ մէկ տարում առեւտրում աճ է գրանցուել: Ի՞նչ էք կարծում՝ ինչի՞ հաշուին է այդ աճն արձանագրուել, բացի քննարկումներից՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկւում տնտեսութեան զարգացման համար:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Կարծում եմ՝ ակնբախ, շօշափելի արդիւնքներ չեն գրանցուել դեռ, բայց հիմքեր են կառուցւում տնտեսութեան զարգացման համար, յատկապէս էներգետիկայի (ուժանիւթի-Խմբ.) բնագաւառում համագործակցութեան լաւ հեռանկարներ կան: Հիդրոքաղաքականութեան (ջրային ելեկտրականութեան քաղաքանութեան-Խմբ.) ոլորտում կարծես թէ շատ լուրջ մտադրութիւններ կան երկու երկրների մօտ՝ Արաքս գետի վրայ էներգետիկ կայանների կառուցման առումով: Կարծում եմ՝ եթէ դրանք իրականացուեն, Հայաստանի տնտեսութիւնը բաւականին կը կայունանայ:

 

«ԹԵՐԹ».- Իրանի եւ Հայաստանի միջեւ պաշտօնատար անձանց հանդիպումներում մշտապէս է կարեւորւում էներգետիկ համագործակցութեան հարցը: Այս անգամ էլ, ինչպէս նշում են կողմերը, թեման կրկին քննարկուել է: Հետաքրքիր է՝ քննարկումներն արդեօք եղած, մեր իմացած էներգետիկ համագործակցութիւնների՞ մասին են, թէ նոր համագործակցութեան հեռանկարներ էլ են քննարկւում:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Կարծում եմ՝ հիդրոկայանների հիմնման մասին է խօսք գնացել նաեւ: Մենք մօտ ապագայում կը տեսնենք այս ոլորտում համագործակցութիւն: Իհարկէ նաեւ լուրջ քննարկումներ կան Իրանից Հայաստան արտահանուող գազի ծաւալների մեծացման հետ կապուած:

Իսկ հիդրոքաղաքականութեան եւ ընդհանրապէս տնտեսական յարաբերութիւնների ոլորտում համագործակցութեան հարցում խնդիրներ են առաջանում, քանի որ Իրան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ ունի բաւականին մեծ ընդհանուր սահման, իսկ այնտեղ անկայունութեան սպառնալիքներ կան: Լաւ կը լինէր, որ կայունութիւնը լինէր նաեւ այդ հարցում:

Սա ենթադրում է մի շարք այլ քաղաքական բնագաւառում կայունացմանն ուղղուած քայլեր: Դժուար կը լինի, բայց կարծում եմ, որ տարածաշրջանում եղած ստատուս քուոն՝ ԴԱԷՇի դէմ Իրանի յաղթանակը Ադրբեջանին էլ կը ստիպի հեռու մնալ իր միլիտարիստական (ռազմապաշտական-Խմբ.) քաղաքականութիւնից, եւ մի քիչ կայունութիւն կ՛առաջանայ յատկապէս Անդրկովկասեան տարածաշրջանում:

 

«ԹԵՐԹ».- Պէտք է նկատենք, որ Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի՝ Իրան այցից յետոյ խօսւում էր այն մասին, որ հայկական կողմը քննարկել է Իրանից գազ գնելու եւ Իրանի տարածքով թուրքմենական գազ տարանցելու հարցը: Ձեր տպաւորութեամբ՝ որքանո՞վ են իրականութեանը մօտ այս խօսակցութիւնները:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Չեմ կարծում, թէ կը կարողանամ դրանց իրատեսութեան չափը նշել, բայց որ գոյութիւն ունեն այդ բանակցութիւններն ու խօսակցութիւնները, փաստ է: Եւ կարող եմ ասել, որ մտադրութիւններն էլ կան իրանական կողմից:

Եթէ Իրանի դէմ եղած պատժամիջոցներն էլ քչանան, կարծում եմ, Հայաստանն աւելի մեծ շահագրգռութիւններ կունենայ Իրանի հետ փոխհամագործակցութեան հարցում:

 

«ԹԵՐԹ».- Խօսենք Հայաստան-Իրան քաղաքական յարաբերութիւններից: Այստեղ կարծես թէ ոչ մի խնդիր չկայ: Վերջերս միայն հայ-իսրայէլական յարաբերութիւնների յարաբերութիւններում նկատուող զարգացումների, մասնաւորապէս ՀՀ արտգործնախարարի՝ Իսրայէլ այցի պատճառով հնչեցին կարծիքներ, որ հնարաւոր է՝ Իրանին դուր չգայ հայ-իսրայէլական յարաբերութիւնների մերձեցումը: Իրականում՝ Իրանում ինչպէ՞ս է ընկալւում հայ-իսրայէլական յարաբերութիւններում եղած շարժը:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Ոչ մի նման խնդիր չկայ այստեղ: Բայց նաեւ պէտք է նկատի ունենանք, որ Իրանը Հայաստանի համար կարող է ռազմավարական գործընկեր լինել միայն հզօր լինելու պարագայում, հզօր Իրանն է, որ կարող է լաւ գործընկեր լինել:

Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետութիւնը Իրանի հետ յարաբերութիւններին այդ դիտանկիւնից պէտք է նայի: Պատմական ու մշակութային անցեալը բաւարար չէ, նոր քաղաքական «ստատուս քուոյ»ի լոյսի տակ նաեւ պէտք է դրուի այն մտայնութիւնը, որ Իրանի հզօրացումը կարող է կայունացնել տարածաշրջանը:

Այս օրերին Իրանը պէտք ունի դուրս գալ մեկուսացումից: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում, դիւանագիտական շրջանակներում Իրանի վստահելիութեան չափը ցոյց տալու առումով:

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button