Մայրս Տիեզերք

 ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Այդ ծանր, արիւնալի կացութեան մէջ ծնւում է մայրս` Լուսինը, Մարաշ վերադարձած նորաստեղծ ընտանիքի առաջին աղջիկ զաւակը:

Այդ 1920 թուականն էր: Կիլիկիոյ հայութեան երկրորդ եղեռնը:

Մեծ մայրս սրտի կսկիծով էր պատմում, թէ ինչպէ՛ս այդ վտանգուած, անապահով օրերին չկամութեամբ էր ընդունւում իւրաքանչիւր ծնունդ: Հայութեան համար ոչ միայն պարզ չէր իրենց ճակատագիրը, այլ բոլորովին անտեղեակ էին իրենց ճակատագրի շուրջ մշակուող քաղաքական ծրագրերին: Ինչպէս տեսնում էք,  կոտորածից յետոյ էլ հայութիւնը քաղաքական մտածողութիւն չի ձեռք բերում եւ չունի նոյնիսկ այսօր:

Մեծ հայրս` Յակոբը, Մարաշի մի քանի երեւելի հայերի հետ` Խրլոպեան, Աստարճեան, տեսակցում են ֆրանսացի զօրավար Քերեթի հետ` պաշտպանուելու համար զէնք խնդրելու, երբ նոյն պահին թուրք պատուիրակութիւնը, ճերմակ դրօշակ պարզած, զինամթերք չունենալու պատճառով, մտնում են նոյն զօրավարի մօտ, առանց պայմանի ֆրանսացիներին յանձնուելու: Ի զարմանս հայ պատուիրակների` զօրավար  Քերեթը յայտարարում է, որ իրենք` ֆրանսացիները, արդէն հեռանում են եւ հայերին յանձնում են թուրքերին: «Հաշտուեցէք նրանց հետ, մենք այլեւս գործ չունենք», ասում է նրանց: Սա լինում է ֆրանսացիների վերջին յայտարարութիւնը` ի «պաշտպանութիւն» հայերի:

Հայերին կատաղած թուրքերին յանձնելուց յետոյ ֆրանսացիները, որոնք կարծես յայտնուել էին հայերին վերջնականապէս կոտորելու թուրքերի ծրագիրը իրագործելու, հեռանում են ոչ թէ հայերին էլ իրենց պաշտպանութեամբ հեռացնելու քաղաքներից, այլ փախուստ են տալիս գիշերով, գաղտնօրէն, ձիերի սմբակներին թաղիքներ կապած, ըստ մարաշցիների պատմածի: Այդ նոյն գիշեր մօտ եօթ հազար հայեր, որոնց մէջ նաեւ Մարաշի յայտնի դէմք Խրլոպեանին գլխատելով եւ գլուխը ողջ Մարաշով պտտեցնելուց յետոյ, սրի է քաշւում հայութիւնը` իրենց յաղթանակը տօնող թուրքերի կողմից:

Այս ամէնի մասին մեծ մայրս պատմում ու ոչ մի կերպ չէր ներում ֆրանսացիներին, ընդհակառակը, նրանց պատասխանատու էր համարում տեղահանութիւնից, անապատներից, մահացու կիրճերից փրկուած հայութեանը խաբելով իրենց երկիրը վերադարձնելու եւ կրկին կոտորել տալու արարքի համար:

Ըստ տուեալների, Մարաշ վերադարձած 27.000 հայութեան 14.000-ը կոտորւում է անգլիացիների եւ ֆրանսացիների հսկողութեամբ: Այս իրականութիւնն էր օտարների խոստումին վստահող մեծ յոյսերով հայրենի Մարաշ վերադարձածների ճակատագիրը:

ֆրանսացիների փախուստի գիշերը մեծ հօրս ընտանիքը նորածին զաւկով, իրենց երկուսի փրկուած որդիներով  եւ  իր երկու եղբայրների հետ, մի քանի անգամ թուրք աւազակների յարձակումից փրկուելով` աննկարագրելի դժուարութիւններից յետոյ հասնում են արաբական գիւղ` Համա, ուր սրտաբացօրէն հիւրընկալւում են արաբ անծանօթ ընտանիքի տան մի սենեակում:

Երբ մեծ մօրս` Մարիձային հարցնում էի, թէ ինչպէ՛ս դիմացան, նրա պատասխանը նոյնն էր` «Ամա՛ն եաւրըմ, ամբողջ գերդաստանիդ արիւնալի սպանութիւնը տեսնելէ ետք, Տէր Զօր հասնողին, հոնկէ կրկնակի փախչողին համար այդ մէկը բան մը չէր: Մենք արդէն սորված էինք մահուան հետ ապրիլ»:

Համայում ապրում են չորս տարի, մայրս այդտեղ է սկսում իր գիտակցական կեանքը եւ կապւում մանկական պատկերում դրոշմուած, իր նկարագրութեամբ, գեղեցիկ ջրառատ այդ շրջանի հետ, յատկապէս երբ Համայի որբանոցից հայրը գտնում ու տուն է բերում գաղթի ճանապարհին սպաննուած իր քրոջ 10 տարեկան աղջկան` Մարիամին եւ 13 ամեայ տղային` Աւետիսին, որոնց հետ մեծանում է մայրս:

Մեծ հայրս` Յակոբը, ըստ մօրս պատմածին, առաջադէմ, հեռատես անձ լինելով, իր զաւակների ճակատագիրը չուզենալով կապել այդ փոքրիկ զուտ արաբական գիւղաքաղաքին` ընտանիքը  կրկին տեղափոխում է Հալէպ: Կրկին նոր փորձութիւն, նոր կայք, նոր միջավայր, նոր դժուարութիւններ: Սակայն մեծ մօրս ասածի պէս, այլեւս ոչինչ կարող էր սարսափեցնել նրանց:

Հալէպում մեծ հայրս յաջողութիւն է գտնում մեծ մօրս օգնութեամբ հիւսուածքի աշխատատեղի բացելով եւ առեւտուրի մէջ ու միասին ձեռք են մեկնում որբանոցներից եւ փողոցներում անտէր թափառական հայ երեխաներին հայերի ընտանիքներում տեղաւորելու գործին: Յաւելեալ չորս երեխայի էլ կրկին իրենց տուն են բերում, մինչեւ նրանց ազգականները յայտնւում ու վերցնում են նրանց: Այսպէս, օրէ օր աճող ընտանիքի հետ էլ աւելի է աճում, բարելաւում նաեւ նրանց տնտեսական վիճակը: Սեփական խանութ եւ աշխատատեղի ունենալով, հետեւաբար` նիւթապէս յառաջադիմելով, ըստ արեւելեան սովորութեան, մեծ հօրս կոչում են Յակոբ աղայ: Այս աշխատասէր, անչափ բարի զոյգը շուտով բախտաւորւում է մէկ այլ տղայ զաւակով, ծնւում է նրանց Միհրան որդին:

Ամէն ինչ կորցրած եւ կրկին վերագտած Աստուրեան զոյգի` Յակոբ աղայի եւ Մարիձայի համար ընտանիքից զատ առաջնահերթ է դառնում հայ համայնքի հոգեկան վերակենդանացումը: Իրենց պէս Հալէպ հաստատուած հայութեան համար անհրաժեշտ էր եկեղեցի եւ դպրոց ունենալ, եւ մեծ հայրս օրէ օր նիւթապէս աւելի բարելաւուելով` հայրենանուէր այլ մարաշցիների հետ ձեռնարկում են Նոր Գիւղի թիթեղածածկ եկեղեցին ու դպրոցը փոխարինել հաստատուն եկեղեցիով եւ դպրոցով:

Մեր ընտանեկան ալպոմում դեռ խնամքով պահւում է 1937թ. մայիս 16-ին Ս. Գէորգ եւ հետագային Մեսրոպեան վարժարանի հիմնաքարի օծման պատկերը, թէեւ, ցաւօք, հետագայ հաղորդագրութիւններում երբեք չի յիշւում մեծ հօրս անունը: Նոյնիսկ 2000 թ. Հալէպ իմ այցելութեան ժամանակ որեւէ տեղ չկարդացի իր անունը: Բայց դա երբեք կարեւոր չէ եղած մեր ընտանիքի համար: Վստահաբար մեծ հօրիցս ինձ է փոխանցուել այդ յատկութիւնը` երբեք անուան ետեւից չվազել:

Անմիջապէս եկեղեցու մօտ էլ մեծ հայրս կառուցում է երկյարկանի իր տունը, որ մեծ մայրս յաճախ այցելի եկեղեցի, քանի մեծ մայրս հաւատացած էր, որ Աստծոյ հովանաւորութեամբ է փրկուել եւ անկեղծ հաւատացեալ էր:

Նրանց տան դռները միշտ բաց են եղել բոլոր փրկուածների համար, որոնք մխիթարուել են հանդիպումներով միայն: Իրար այցելելը, իրար օգնելը, իրար ունեցուածքը կիսելը բնազդ է եղել նրանց համար: Այդպէս են հասակ առել իրենց հայրենի քաղաքներում եւ իւրաքանչիւրը թուրքի ճիրաններից միայն իր հետ փրկել բերել է պապենական սովորոյթները` յամառօրէն շարունակելով դա ՀալԷպում եւ ամէնուր: Իմ ծնողները այն հասցրել էին մինչեւ Խորհրդային Հայաստան, մինչեւ Ամերիկա, այդ յատկութիւնն արդէն մտել էր իրենց արեան մէջ, դարձել իրենց մասնիկը:

Հայութեան վերընձիւղման այդ տարիները հոգեկան եւ գիտակցական զարթօնքի մի դժուար խճանկար է եղել, ուր իւրաքանչիւր շրջանից փրկուածը փնտռել է ոչ միայն իր արիւնակցին, այլ նաեւ` իր քաղաքից փրկուածին. թէկուզ` անծանօթ, ընդունել է նրան հարազատի պէս` իրենց ապրած սարսափը սփոփելով իրար շունչ զգալով: Նոյնիսկ մեծագոյն հոգեբանն անգամ չի կարող նկարագրել նրանց հոգում տեղի ունեցած ալեկոծումները: Փրկուածների միակ մխիթարութիւնը իրար տեսնելը, իրարմով սփոփուելն է եղել: Չէ՞ որ բոլորն էլ անցել էին նոյն արիւնալի ճանապարհը:

Մայրս` Լուսինը, ինչպէս իր ողջ սերունդը, անհոգ, ուրախ մանկութիւն չի ունեցել: Հասակ առնելով անմիջական յետեղեռնեան մթնոլորտում` մանկուց սնուել է փրկուած մարաշցիների, սվազցիների, զէյթունցիների, ատանացիների, խարբերդցիների եւ իրենց տուն այցելող այլ փրկուածների ամէնօրեայ լացով ողողուած, սարսափազդու, մարդկային գազանութիւնը նկարագրող անհաւատալի պատմութիւններով: Կորուստների կսկիծը այնքան թարմ է եղել եւ իրենց անցած ճանապարհը` այնքան դժոխային, որ մարդիկ կարիք են ունեցել ցաւակցուելու, մխիթարուելու: Մայրս պատմում էր, որ շատերը հացին ձեռք չէին կարողանում տալ, այն յիշեցրել է սովամահ եղած իրենց երեխաներին, իրենց հարազատներին: Հաւանաբար այդ միջավայրն էլ մօրս դարձրել էր ծայրայեղ մարդասէր, բարի ու առատաձեռն:

Բնականաբար դժուար է եղել բոլորի համար եւ բոլորն էլ մեծից փոքր, առանց տրտունջի օգնել են իրար` ազատագրուելու ապրուած սարսափներից:  Այսօրուայ հոգեբանների օգտագործած միջոցը մեր ժողովուրդը օգտագործել է բնազդով եւ ձրիօրէն:  Ըստ մօրս, իր միակ ուրախ ժամանակը դպրոցն է եղել:

Մայրս յաճախում է աւետարանականների Փեթել դպրոցը, աւարտում Ամերիկեան քոլեճը,  տիրապետում մի քանի լեզուների: Եղբայրը` Միհրանը, ուսման հանդէպ շատ սէր չունենալով, աւելի կապւում է հօր գործերին, քաջ, ճարպիկ, անսահման բարի ու խելացի լինելով` օգնում է հօրը: Այդ քաջութիւնն ու բարութիւնն էլ դառնում են իր եւ իր ընտանիքի դժբախտութեան պատճառը: 13 տարեկանին, տեսնելով, որ արաբ փողոցային տղաները քաշքշում են մի հայ աղջկայ, նրան պաշտպանելու համար կռուի է բռնւում նրանց հետ:  Նրանց փախուստի մատնած պահին տղաներից մէկը քարով  հարուածում է իր քունքին, որը եւ դառնում է իր մահուան պատճառը: Դեռ կորուստներից չապաքինուած` խաղաղ ժամանակուայ զաւկի կորուստը աննկարագրելի ծանր է ազդում ողջ ընտանիքի եւ յատկապէս մեծ մօրս վրայ` թարմացնելով եւ խորացնելով իր կրած բոլոր կորուստները: Մեծ մայրս հաւատացեալ կին լինելով, մինչեւ իր կեանքի աւարտը, թէեւ երբեք չէր ըմբոստանում Աստծոյ դէմ, սակայն երբեք էլ չէր կարողանում հաշտուել, թէ ինչո՛ւ Աստուած այդքան դաժան վարուեց իր հետ:

Այդ տարիներին դէպի արտասահման, զարգացած երկրի ու ապահովութեան յոյսը ձգել է հայ երիտասարդութեան եւ մեծ մօրս որդին` Յովհաննէսը, մեկնում է Հարաւային Ամերիկա` Պուէնոս Այրես: Սակայն մեծ մայրս, յատկապէս` իր Միհրան որդու կորուստից յետոյ, չդիմանալով իր փրկած միակ զաւակի բաժանմանը, ստիպում է որդուն վերադառնալ Հալէպ: Շուտով երկուսի` մեծ հօրս եւ մեծ մօրս տղաներին` Աւետիսին եւ Յովհաննէսին, ինչպէս նաեւ որդեգրեալներին մեծ շուքով ամուսնացնում են:

Հերթը հասնում է մօրս` Լուսինին, որն իր գեղեցկութեամբ եւ խելքով գրաւում է շատերի ուշադրութիւնը, բայց մայրս այդ շատերի մէջ ընտրում է Ալեքսանտրեթից Հալէպ գաղթած, որբ մեծացած Պօղոս Աբուսէֆեանին:

Իսկենտերունի յայտնի գերդաստանի` Շամլեան եւ Աբուսէֆեան, ընտանիքի ճակատագիրն էլ շատ տարբեր չէր մնացեալ հայութեան ճակատագրից: Հօրս մայրը` մեծահարուստի դուստր Արաքսի Շամլեանը, ամուսնանում է համալսարանաւարտ, մի քանի լեզուներ տիրապետող, բարձր պաշտօնի տէր, հմայիչ Եղիա Էֆենտիի հետ, ունենում երեք զաւակ` Պօղոս, Մեսրոպ եւ Արաքսի: Շատ երիտասարդ մահանում է հօրս մայրը, իսկ հօրը` Եղիա Էֆենտիին թուրքերը ձերբակալում, տանջանքների ենթարկելուց յետոյ արիւնլուայ ձեռքն ու ոտքը շղթայած` նետում են նաւակի մէջ ու բաց թողնում ծով: Կիսամեռ վիճակում մեծ հօրս պատահականօրէն փրկում են արաբ ձկնորսները: Մինչ ունեւոր ընտանիքի որբացած երեխաներին  մօրաքոյրները յանձնում են որբանոց, նրանց հայրը` Եղիա Էֆենտին, իմ մեծ հայրը, այլեւս տուն չի վերադառնում, գնում է անապատներ` որբեր փրկելու, անտեղեակ, որ իր զաւակները որբանոցում են: Այդ դժուարին առաքելութեան ճանապարհին էլ մահանում է, անյայտ ու անգերեզման: Այդպէս էլ երեխաները այլեւս չեն տեսնում իրենց հօրը: Որբացած երեխաներին  Հալէպում տէր է կանգնում նրանց հօրաքոյրը` երէցկին Հայկուհի Գերմանիկեանը,  որը ամուսնացել էր զէյթունցի տէր Խաչատուրի հետ: Թէեւ իրենք արդէն երեք երեխայով ծանրաբեռնուած` Վահէ, Մեսրոպ եւ Քնարիկ, հազիւ իրենց ապրուստն են հոգացել, բայց սիրով, գրկաբաց իրենց յարկի տակ են ընդունել այս երեք որբերին եւ զաւակի պէս խնամել: Հօրս` Պօղոսին իրենք են ամուսնացրել մօրս` Լուսինի հետ, 1940-ին, Հալէպում:

Հայի չար ճակատագիրը, սակայն հետեւել է իրենց: Ամուսնութիւնից մէկ շաբաթ առաջ մահացել է մօրս պաշտելի հայրը, իմ մեծ հայրը` Յակոբ աղան, սուգի մէջ խեղդելով հարսանեկան ուրախութիւնը: Այդ սուգով էլ ամուսնացել են հայրս ու մայրս:

Ըստ արաբական օրէնքի, մեծ հօրս ողջ ունեցուածքը անցել է իր որդուն` Աւետիսին, մօրս խորթ եղբօրը, որը տիրանալով հօր հարստութեան եւ տանը, նորապսակներին եւ մեծ մօրս անմիջապէս դուրս է արել հայրական տնից: Արդէն պարզ էր, որ այս զոյգի ճակատագիրը այնքան էլ հեշտ չէր լինելու: Սկսւում է նոր կեանք ե՛ւ մօրս, ե՛ւ հօրս, ե՛ւ մեծ մօրս համար: Ապահովութեան եւ նորաձեւութեան սովոր մայրս, իր աշխատանքի ներդրումով հարստացած մեծ մայրս, դէմ առ դէմ կանգնում են ե՛ւ սիրելիի, ե՛ւ ունեցուածքի կորուստի առջեւ: Սակայն այլեւս անկարելի էր Եղեռնի ճանապարհը անցած անձին յուսահատեցնել: Մեծ մայրս իր կամքով, մայրս իր ծով լաւատեսութեամբ,  հօրս անսահման սիրով, նոր բոյն են հիմնում` մեծ մօրս էլ իրենց մօտ վերցնելով: Մի բոյն, որը դիմանալու էր` հոգեկան, տնտեսական նոր կորուստների, քաղաքական տարբեր փլուզումների, տարբեր երկինքների տակ նորոգուելով բազմանալով եւ ամէնուրեք աւելի զօրանալով:

Շուտով սիրով լի այս զոյգը երջանկանում է արու զաւակով, որին կնքում են մօրս հօր` Յակոբի անունով: Սեւ ճակատագիրը սակայն որոշել էր կախուած մնալ իրենց գլխին եւ դեռ մէկ տարին չլրացած կորցնում են իրենց առաջին զաւակին: Մայրս մինչեւ իր կեանքի վերջն էլ դեռ ողբում էր իր առաջնեկի մահը:

Վիշտը մասամբ սփոփւում է երկրորդ աղջիկ զաւակի ծնունդով, որին կնքում են հօրս մօր անունով` Արաքսի: Արաքսին դառնում է ընտանիքի սուգն ու կորուստները սփոփողը, ընտանիքի պաշտամունքը: Մէկ այլ աղջիկ զաւակի` Մարի Ռոզի ծնունդը կարծես հաւասարակշռում է ընտանիքի բերկրանքը` աստիճանաբար հաշտեցնելով իրենց վիճակուած բախտին:

Հազիւ իրենք իրենց գտած, բարեկեցիկ կեանք ստեղծած` սկսւում է հայրենադարձութեան եռուզեռը, եւ իմ ծնողները մտածելով, որ իրենց երեխաները հայրենիքում ապահով կը մեծանան, մեր ընտանիքն էլ հազարաւորների հետ ներգաղթում է հայրենիք` մեծ մօրս ընդմիշտ բաժանելով Եղեռնից փրկած իր միակ որդուց` Յովհաննէսից, իր դժուարին կեանքի եւ Ուզունեան գերդաստանի միակ վկայից:

Դա 1946-ն էր, խորհրդային մեր երկրի ամենածանր տարին: Պատերազմը նոր էր աւարտուել, հայութիւնն էլ մասնակցած լինելով` մեծ կորուստներ էր տուել: Ընտանիք չկար, որ տղամարդ կորցրած կամ հաշմանդամ վերադարձած ամուսին կամ որդի չունենար: Համատարած սով ու չքաւորութիւն, սուգ էր տիրում երկրում: Մի կողմից պատերազմի կորուստները, միւս կողմից` ստալինեան սուրը լափում էր ժողովրդին` արիւն, սարսափ, կսկիծ սփռելով ողջ երկրում, մինչ Ներգաղթի կոմիտեն, արտասահմանում, Ստալինի հրամանով, հայրենադարձութիւն էր կազմակերպում, ուռճացած սուտ քարոզներով խաբում ժողովրդին` հայրենիք վերադառնալու: Թուրքի սրից փրկուածները հազիւ նոր ապահով կեանքի յունի մէջ մտած, ի սէր հայրենիքի երազանքին ու սիրոյն, միամտօրէն կուլ են գնում այդ քարոզչութեան: Հազարաւոր հայերի հետ նաեւ մեր ընտանիքը, պապենական հողերից զրկուած, հայրենիքի կարօտով, բռնում է հայրենադարձութեան ճամբան` ապահովութեան հրճուանքով լեցուած:

Ներգաղթած հայութիւնը առաջին իսկ պահից հիասթափուելով` դէմ առ դէմ կանգնում է տեղի աննկարագրելի թշուառութեան առջեւ: Ետդարձ չկար: Քարոզուած ոչ միայն առատութիւնն ու բարեկեցիկ կեանքը գոյութիւն չունէր, այլ ներգաղթողների կեանքն էլ վտանգուած էր: Պարապ խանութների, ցեխի մէջ կորած փողոցների, անօթի, վատ հագնուած ժողովուրդի վիճակին աւելանում էին գիշերային ձերբակալութիւններն ու մարդկանց, ընտանիքների անհետացումը:

Պաթումի խառնիճաղանճ նաւահանգստից ներգաղթողներին ուղարկում են Հայաստանի ծայրամասի գիւղերը, որի մասին գաղափար անգամ չեն ունեցել նրանք, եւ ուր աւելի ահաւոր վիճակ է տիրել:

Բարեբախտաբար մեր ընտանիքին ուղարկում են Լենինական, Գիւմրի: Ասում եմ` բարեբախտաբար, քանի որ ընտանեօք մեզ տեղաւորել են Քա.Կէ.Պէ-ի աշխատակցի տանը` նրա երկու սենեակներից մէկը վարձով տրամադրելով մեր ընտանիքին: Անշուշտ սկզբում ծնողներս գաղափար անգամ չեն ունեցել, թէ ո՛ւմ տանն են ապրում: Հաւանաբար զարմացած եւ հիացած մեր ընտանիքի կրթութեամբ եւ բարութեամբ, կամ աւելի ճիշդ` անբացատրելի դիպուածով, նրանք դառնում են մեր պահապան հրեշտակները: Ըստ մեծ մամայիս, իր աստուածն է հսկել է մեզ:

Հայրս Հալէպում շարքային դաշնակցական է եղել եւ հայրենիք տեղափոխուելիս հրաժարական չի տուել, որը եւ փրկել է մեր ընտանիքին աքսորից: Տարիներ անց մեր այն հարցին, թէ ինչո՞ւ հրաժարական չի տուել, նա միշտ կը պատասխանէր. «Այդ կուսակցութիւնը իմ արեանս մասն է, արիւնէն կրնա՞ս հրաժարիլ»:

Համայնավարները ունեցել են բոլոր ներգաղթողների տեղեկութիւնները եւ ինչպէս գիտէք, դաշնակցականներին իրենց թշնամին համարելով, առաջինը ոչնչացրել են նրանց: Թէեւ հօրս երկար տարիներ գիշերները տարել են Քա.Կէ.Պէ.-ի նկուղում հարցաքննութեան, ծեծել են եւ ստիպել խոստովանելու, որ դաշնակցական է, սակայն չկարողանալով հաստատել եւ մեր տանտիրոջ պաշտպանութեամբ, հայրս ճողոպրել  է: Ես փոքր երեխայ` չէի քնում, մինչեւ հայրս տուն վերադառնար եւ իմ մանկական յիշողութեան մէջ դրոշմուել է հօրս գունատ, ծեծուած, կա՛մ աչքը, կա՛մ դէմքը կապտած, կա՛մ արիւնլուայ վիճակը, որի համար վերմակը գլուխս քաշելով` երկար ժամեր լալիս էի, մինչեւ մեծ մայրս հեկեկոցներս լսելով` գալիս, հանգստացնում էր ինձ: Հօրս չարչարուած, մեռելային գունատութեամբ այդ պատկերը մինչեւ օրս չի ջնջուել իմ յիշողութիւնից:

Մատնիչները վխտացել են ամէնուրեք, հսկել նոյնիսկ մեծ մօրս եւ մօրս. ի՞նչ են խօսում, ո՞ւմ հետ են տեսակցում: Չնայած` մարդիկ վախից չեն էլ տեսակցել միմեանց, ոչ մէկը միւսից լուր է ունեցել: Մայրս իր հօրեղբօր աղջկան գտել է միայն 10 տարի յետոյ, նոյն քաղաքում ապրելով հանդերձ:  Հարցաքննել են նոյնիսկ երեխաներին: Ես շատ փոքր եմ եղել, դեռ չեմ խօսել, իսկ մեծ քոյրս բաւական խելացի ու լեզուանի` նրանց հարցաքննութեանը պատասխանել է. «Չէ՞ք տեսնար, երեխայ եմ, ինչո՞ւ ինծի կը հարցնէք»:  Հարեւանը մատնել է հարեւանին, որդին` հօրը, կամ` հակառակը: Մարդիկ վախեցել են իրենց շուքից:

Հայրս աշխատանքի է տեղաւորել «Պարան արտել»-ում, մայրս մի քանի լեզուների տիրապետելով` մտածել է դասաւանդել, կամ թարգմանութիւններով օգնել ընտանիքին, սակայն տանտէրը խորհուրդ է տուել ոեւէ մէկին չյայտնել այդ մասին, հարցումի դէպքում նոյնիսկ ժխտել, քանի որ օտար լեզու իմացողներին որպէս լրտես առաջինն են ձերբակալել: Ներգաղթած հայութիւնն էլ տեղացիների հետ ապրել է նոյն ահ ու սարսափի մէջ, անքուն գիշերներ լուսացրել, անհանգիստ, ականջալուր սպասելով, որ գիշերով սեւ մեքենան ո՞ւմ տան առաջ է կանգնելու, ո՞ր հարեւանն է առաւօտեան անհետանալու: Ոչ մէկը կարողացել է տեղեկութիւն ստանալ անհետացողի մասին: Մայրս ու մեծ մայրս էլ անհանգիստ գիշերներ են լուսացրել, մինչ լուսաբացին յայտնուել է հայրս ծեծուած ու ծայրայեղ յուսահատուած, սակայն գոհ, որ մէկ օր էլ բաշխեցին իրենց:

Մեծ մայրս կամ մայրս յաճախակի իրենց հագուստեղէնն ու ոսկեղէնները սեւ շուկայում լալով, ամաչելով, հսկող ոստիկաններից թագնուելով վաճառել, մեր սնունդի համար դրամ են հայթայթել: Շատ անգամ ոստիկանները իրենց ձեռքից կոպտաբար խլել ու սեփականացրել են վաճառելիքները` յայտնելով, որ վաճառք չի թոյլատրւում, եւ տուն են վերադարձել կողոպտուած, յուսահատուած, պարապ ձեռքով: Ոչ մէկին չեն կարողացել բողոքել: Հօրս աշխատավարձը միայն տան վարձին է բաւարարել:

Այս համատարած թշուառութեան, երկրի աքսորին ու մատնութեան աւելացել է նաեւ տեղի հայութեան կոպիտ, մինչեւ անգամ թշնամական վերաբերմունքը: Ներգաղթողներին ախպար պիտակը փակցնելով` ամէնուրեք ծաղրել ու արհամարհել, թշնամաբար են վերաբերուել`  շեշտելով, որ իրենց բաժին հացն են իրենցից խլել: Հայրենադարձները օրէնքի առջեւ էլ որպէս երկրորդ կարգի անձեր են եղել, որպէս երկրի հաւասար քաղաքացի չեն ընդունուել: Ուրեմն լուռ ու մունջ, իրենց շուքից անգամ վախենալով` մեր ընտանիքն էլ շատերի պէս մտել է իր պատեանի մէջ, քանի որ իրենց խօսած արեւմտահայերէնն էլ չեն հասկացել, տարիներ այդպէս վախով են ապրել: Մեզ` երեխաներիս փողոցում, դպրոցում «ախպարի ճտեր» էին ասում ու մեզ լացով տուն ուղարկում:

Ծնողներս այրել են իրենց հետ բերած թերթերն ու գրքերը` հայերէն թէ օտար լեզուներով: Իսկ հայկական դրօշակը, որը յետոյ պահում էինք սնտուկում, մեծ մայրս միշտ մէջքին կապած է պահել, որ տան խուզարկութեան ժամանակ չգտնեն: Ամենափոքր ոչ խորհրդային իրի յայտնաբերումը կարող էր ճակատագրական լինել ընտանիքի համար, աքսորում ու բանտում յայտնուել:

Այս դժուարութիւնների մէջ ծնւում է մեր ընտանիքի արու երրորդ զաւակը, որը միայն մի քանի ամիս է ապրում: Տան սառը պայմանները, սնունդի, վառելիքի պակասը, պատճառ է դարձել նորածինի մահուան: Կրկին վիշտ համատարած յուսահատութեան մէջ:

Աւելի ուշ կառավարութիւնը ցածր վարկով հողամասեր է տրամադրել տներ կառուցելու եւ հայրս իր ձեռքով կառուցել էր մեր քարաշէն մեծ տունը, Գիւմրիում, որն աչքի էր ընկնում իր պարսպապատ պարտէզով: Մայրս այնպիսի ճկունութեամբ է միշտ ղեկավարել մեր ընտանիքը, որ բոլորը կարծել են` մենք ունեւոր ենք: Մեր տան դռները միշտ բաց են եղել բոլորի համար, մեր ունեցած սակաւ ապրուստը մայրս կիսել է չքաւորների հետ: Այդ իր առատաձեռնութեան շնորհիւ էլ սովամահութիւնից փրկել է շատերին, որոնց զաւակներն ու թոռներն անգամ մինչեւ օրս երախտագիտութեամբ են յիշում մօրս: Իմ մանկական յիշողութեան մէջ մնացել են այն օրերը, երբ չաքսորուած սակաւ հայրենադարձները հիւրընկալւում էին մեր տանը ու պատմում իրենց կեանքից տխուր հատուածներ, յետոյ մէկը ջութակ էր նուագում, յայտնի ջութակահար էր եղել, մայրս հատուածներ էր մէջբերում Սիամանթոյից, Վարուժանից, Պէշիկթաշլեանից, եւ այս ամէնը դրսի լրտեսներից  թագցնելու համար փողոցի կողմի պատուհանի տակ ռատիոընդունիչն էին միացնում, ու բոլորը տան բակի կողմի սենեակում փակւում, մոմի լոյսի տակ: Վախը միշտ ուղեկցել է մեզ` ախպարներիս:

Հայրենադարձների մի մասը յայտնի արուեստագէտներ են եղել` երգիչ-երգչուհիներ, դերասաններ, խմբավարներ, երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, որոնց դժուարութեամբ, բայց տեղ են տուել, իսկ այլ է եղել արհեստավարժ մասնագէտների վիճակը, ճարտարապետ, ճարտարագէտ, բժիշկ, տնտեսագէտ, որոնց աշխատանք չեն տուել: Միւս կէսն էլ արհեստաւորներ` դերձակ, կօշկակար, հիւսն, գորգագործ, որոնք բոլորն էլ ապրուստի համար աշխատել են իրենց տներում, անշուշտ` գաղտնի, սեփական աշխատանքը արգելուած էր: Իմ հօրս մօրաքրոջ որդին Գահիրէի ֆրանսական հիւանդանոցի գլխաւոր բժիշկն է եղել, տոքթ. Շամլեան, եւ Երեւանում աշխատանք չգտնելով, իրեն ճանաչողներին, հիմնականում հայրենադարձներ, պետութիւնից գաղտնի, մեծ վախով ու զգուշութեամբ տանն էր բուժում: Այս մասին կարելի է հատորներ գրել, ինչպէս նաեւ` արհեստաւորների: Որքան յիշում եմ, մեր տունը արհեստաւորների ապրանքների պահեստն էր, քանի որ մենք արհեստաւոր չէինք, մեր տունը խուզարկութեան չէր ենթարկւում, հայրս աշխատանք ունէր: Նոյնիսկ մինչեւ 60-ական թուականները ականատես եմ եղել իմ ընկերուհիների ընտանիքներից, երբ յանկարծակի խուզարկման էին գալիս, ինչպէս ողջ ընտանիքը իրարանցումի մէջ, միանգամից գունատուած, աճապարանօք, փորձում էին թագցնել մէջտեղում եղած ապրանքը, յաճախ էլ տեղ չգտնելով` հիւանդ ձեւացող տանտէրը մտնում էր թագցուող ապրանքով լեցուն անկողինը; Անշուշտ դրան յաջորդող փրկութեան հանգստութիւնը սրբում էր ապրուած վախը, բայց` խորը աւեր գործելով, ազդելով ընտանիքի ֆիզիքական եւ հոգեկան առողջութեան վրայ:

Մայրս իւրայատուկ յատկութիւն ունէր` ստուգման եկող այդ անձերին համոզելու, յաճախ էլ կաշառելու, եւ միշտ մօրս լուր էին հասցնում, որ այսինչ մարդու տունն են խուզարկում, մայրս հասնում ու հարթում էր ամէն ինչ: Իր կրթութիւնը, ազնուականութիւնն ու մարդկանց հետ հեզօրէն յարաբերուելու ձեւը միշտ վստահութիւն է ներշնչել դիմացինին եւ անկարելին կարելի դարձրել:

Ահա մի դէպք` մօրս անհաւատալի կարողութիւնից: Մեր ընտանիքը Երեւան տեղափոխելու ընթացքին, մի անգամ գնացքով ճամբորդելիս, Երուսաղէմից ներգաղթած, մեր հարեւան տարեց զոյգին օգնելու համար, կօշկակար ամուսնու, որին Յովհաննէս էմմի էինք կոչում, գաղտնի կարած կօշիկների մի մեծ ճամպրուկ, իրենց խնդրանքով, մայրս վերցնում է հետը` Երեւանում վաճառքի համար նրանց ծանօթին յանձնելու: Այդ տարիներին գնացքում հսկիչները ստուգել են ուղեւորների ճամպրուկները եւ արգիլուած ապրանք գտնելիս բանտարկել են անձին: Մայրս այդ գիտենալով հանդերձ յանձն է առնում օգնել նրանց, վստահելով, իր խօսքերով, Աստծուն: Գնացքի խուցում մօրս դիմաց նստում է զինուորական բարձրաստիճան մէկը, սարսափի մատնելով մօրս: Մայրս մի կերպ ինքն իրեն տիրապետելով` սկսում է խօսակցութեան մէջ մտնել նրա հետ եւ իր բնաւորութեամբ մարդամօտ լինելով եւ զարմանալիօրէն միշտ հետաքրքիր նիւթեր գտնելով բարեկամանում է նրա հետ, նրան պատմում է իր հօր եւ մօր մասին, որը միշտ իր պատմութեան սկիզբն էր լինում, պատմում է արտասահմանի հայութեան, նրանց ապրած կեանքի մասին: Մինչ այդ իրենց մօտեցող հսկիչը տեսնելով զինուորականի հետ մօրս խօսակցութիւնը, հեռացել է խոնարհումով` առանց ճամպրուկը ստուգելու: Բաժանուելուց առաջ զինուորականը, որը պարզուել է Երեւանի գլխաւոր ոստիկանապետն  է, ինքն է վերցնում  կօշիկներով լի արգելուած մօրս ճամպրուկը, իջեցնում գնացքից, տանում է մինչեւ թաքսիների կանգառը եւ մօրս յարգանքով ճանապարհում: Այպիսին էր մայրս, հպարտ էր, որ ախպար է, հպարտ էր իր ծննդավայրով, իր հերոս ծնողներով, իր որբ մեծացած ամուսնով, յատկապէս` իր ազգով, իր հետ Հայաստան բերած արեւմտահայի ազնուագոյն վարք ու բարքով:

Երբեք չեմ մոռանում. մի օր դպրոցից տուն գալով` տեսանք երեսը ճանկռոտուած, լացից ուռած աչքերով, սեւազգեստ մի կին, որին կերակրելուց եւ ճանապարհելուց յետոյ մայրս պատմեց եղելութիւնը: Այդ առաւօտ շուկայում մայրս տեսել է, որ վաճառող կանայք ծեծում են սեւազգեստ մի կնոջ: Մայրս անվախօրէն մօտենում է, ինքն էլ մի քանի հարուած ստանալուց յետոյ, փրկում է կնոջը` նախ առանց ճանաչելու, յետոյ ճանաչում են իրար, Հալէպի իրենց հարեւանուհին` Մարիձան է լինում: Մայրս ծեծող կանանց ստիպում է ներողութիւն խնդրել նրանից` յայտնելով, որ այդ կինը հերոս է, մեծարուելու է եւ ոչ թէ ծեծի արժանի եւ պատմում է նրա կենսագրութիւնը, թէ ինչպէս 11 տարեկանին, Եղեռնի ժամանակ մի թուրք փախցրել է նրան ու իր կինը դարձրել: Մարիձան երկու անգամ փորձել է փախչել նրա մօտից եւ երկու անգամ էլ բռնուել է, պատժուել է չարաչար, սակայն երբեք չի հաշտուել թուրքի հետ ապրելուն, թէեւ նրանից զաւակ էլ է ունեցել: Թէկուզ մահուան գնով, նա որորշել է փախչել: Թուրքի ձիապանը, նոյնպէս հայ տարագիր, Գէորգը, ականատես է լինում Մարիձայի ամէնօրեայ մղկտումներին: Երբ երրորդ անգամ Մարիձան երեխան գրկին գիշերով դուրս է գալիս տնից, Գէորգը միանում է ու միասին Ռաքքայից փախչում, մի կերպ հասնում են Հալէպ: Մարիձան ամուսնանում է իր փախուստին օգնած հայի հետ եւ իմ ծնողների հարեւանը դառնում, նրանց հետ էլ հայրենադարձւում է: Այդ օր գտնում են իրար, պարզւում է` ամուսինը հայրենիքում սովամահ է եղել, իսկ նա տներում լուացք է անում ու դրանով մի կերպ պահում իր որդուն: Մայրս այդ կանանց մի լաւ ամօթանք տալուց յետոյ, որ նրանք էլ չեն տարբերւում թուրքից, Մարիձային բերում է տուն: Այդ օրուանից սկսած Մարիձան իր որդու հետ մեր տան յաճախակի հիւրն էր: Իր որդին դարձաւ փաստաբան եւ չտեսնուած հայրենասէր էր: Ահա այսպիսին էին արեւմտահայ ախպարները` մօրս սերունդը, թուրքից ամէն գնով փրկուած, հայրենիքում հալածուած, երբեք իրենց աւանդոյթներից, իրենց սովորութիւններից հրաժարած:

Մօրս կազմակերպուածութեան եւ լաւատես ձգտումի շնորհիւ` տեղափոխւում ենք Երեւան: Ընտանիքը նորից էր բազմացել երեք աղջիկով` Ժաննա, Անի եւ Զապէլ, արդէն ութ հոգի էինք, հինգ աղջիկ երեխայ, հայր, մայր եւ մեծ մայր, ում Մեծիկ էինք անուանում ու խելայեղօրէն պաշտում:

Հայաստանում, ըստ արեւելեան սովորութեան, սիրով չէին ընդունում աղջիկ զաւակներին, յատկապէս` այդ տարիներին եւ միշտ ծաղրանքով ու ցաւակցօրէն էին ընդունում մեր հնգեակի գոյութիւնը, այնքան, որ երբեմն մեր վրայ էլ էր ազդում ու վախենում էինք մեր թիւը ասելու: Այս արհամարհանքի, չքաւորութեան մէջ, պատկերացրէք, որքան դժուար է եղել մօրս համար հինգ աղջիկ զաւակ մեծացնելը, սնունդի դժուարութիւնից բացի` կար նաեւ հագ ու կապ հայթայթելու դժուարութիւնը: Մեր դպրոցական համազգեստը մայրս էր յարմարեցնում, եւ մէկս միւսինը հագնելով` մեծանում էինք, դժուարը կօշիկներն էին, որը ստիպուած` հագնում էինք, մինչեւ նորը գտնուէր: Մայրս մեզ մեծացրել էր ժուժկալ մթնոլորտում եւ մեզ սովորեցնում էր յարգել ունեցածը:

Հայրս, անչափ փափուկ ու սիրալիր անձ, միշտ օգնող, միշտ իր ունեցածը կիսող, որբութեան դառնութիւնը համտեսած` երազել է մեծ ընտանիք ունենալ եւ գուրգուրանքով էր պահում այդքան դժուարութիւններով ու կորուստներով ստեղծած մեր ընտանիքը եւ արհամարհելով շրջապատի ցաւակցութիւնը` հինգ աղջիկ ունենալու համար, պարծենում էր իր հինգ աղջիկներով:

Հայրս պաշտում էր մօրս եւ մեծ մօրս, եւ նրանք էլ փոխադարձաբար` իրեն: Խորհրդային կոպտացած միջավայրում դա էլ էր ծաղրի նիւթ դառնում, բայց ծնողներիս վրայ դոյզն իսկ չէր ազդում: Տեղացիների համար անընդունելի էր, որ զոքանչը փեսայի ընտանիքում ապրի, ատում են զոքանչին, եւ նոյնիսկ մինչեւ օրս Հայաստան ծնուած, կրթուած ու արտասահման եկած փեսաներն անգամ զոքանչին ատող անբուժելի ախտով են տառապում: Մեր ընտանիքին ծաղրել են նաեւ դրա համար: Սակայն հօրս համար մեծ մայրս մինչեւ վերջ պաշտամունքի առարկայ էր: Մենք սեղան չէինք նստում մինչեւ Մեծիկը ներկայ չլինէր: Հայրս էլ, մայրս էլ առողջ մտածողութեան տէր էին, մեզ մեծացրել են անկախ գիտակցութեամբ, ընտանիքում երբեք հօր իշխանութիւն, տղամարդու կոպտութիւն չենք զգացել, եւ երբեք իրենց համոզմունքներից, որն էր` արեւմտահայութեան չափանիշները, չհեռացան նրանք: Մեր ընտանիքի ազգականներից ոչ մէկը ունէինք մեր շրջապատում, բոլորը, ե՛ւ մօրս ե՛ւ հօրս կողմից մնացել էին արտասահմանում, եւ մենք սահմանափակուած էինք մենք մեզնով եւ մեր շրջապատի հայրենադարձ ծանօթներով:

Բնականաբար ամէն ինչով` կենցաղով, բարոյական սկզբունքներով, կրթութեամբ, մտածողութեամբ, հայրենասիրութեամբ եւ հիմնականում բառապաշարի, լեզուի տարբերութեան պատճառով սկզբնական շրջանում ծնողներս չեն կարողացել շաղուել տեղացիների հետ:

Հօրս միայն կիրակի օրերին ենք վայելել, միշտ աշխատել է երկու տեղ, որ մայրս միայն մեզ հոգայ: Նրանց համար մեր հայեցի դաստիարակութիւնը, այն էլ` արեւմտահայ հոգեբանութեամբ ու բարքով, առաջնակարգ խնդիր է եղել եւ բնականօրէն մեզ կրթելու ողջ ծանրութիւնը մայրս իր վրայ է վերցրել: Մեր ընտանիքում օգտագործուող լեզուն արեւմտահայերէնն էր, իսկ դպրոցում եւ հասարակութեան մէջ մենք արդէն դպրոցական` օգտագործում էինք արեւելահայերէնը: Ռուսերէնը մեր տանը արգելուած էր, քանի որ ծնողներս ատում էին ռուսներին, որոնք պատճառ եղան մեր երկրի  եւ արեւմտահայութեան քայքայումին: Մայրս ամէն առաւօտ մեր մազերն էր սանրում հայ երգերով ու բանաստեղծութիւններով, հիմնականում` արեւմտահայ, որոնց բոլորին մօրս շնորհիւ ծանօթացանք մանկուց, որոնք դարձան մեր մասնիկը: Մայրս անդադար պատմում էր Մարաշի, իր հօր, Հալէպի մասին:

Զարմանալիօրէն, առանց Մարաշը տեսնելու, մինչեւ իր կեանքի վերջը նա կապուած մնաց Մարաշին` մեզ էլ անուղղակի կապելով ոչ միայն Մարաշին, այլ մեզնից կողոպտուած ողջ տարածքներին:

(Շար. 3)

 

Կարդացէք նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Facebook Iconfacebook like buttonTwitter Icontwitter follow button