Դաշնակցության` Օսմանյան պետությունից պահանջը կյանքի և գույքի ապահովությունն էր

0
36

Նևզաթ Օնարան

Ինչեր ասես, որ չեն ասվել սուննի իսլամիստների կողմից փայլ հաղորդված Աբդուլ Համիդի` 64 սուննի քուրդ աշիրեթներից կազմավորած համիդիյե գնդերի վրա հիմնված ցեղապաշտական քաղաքականության մասին, քաղաքականություն, որի կիրառումը հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը: Պանթյուրքիստական-սուննի իսլամիստական գաղափարախոսությամբ համեմված մի հիմնավորում ստեղծվեց` հայերի բնաջնջման համար: Իսկ հայերի հոգսը ընդամենը կյանքի և գույքի ապահովությունն էր: Այսօր Սիրիայում քրդի պահանջն էլ է կյանքի և գույքի ապահովությունը: Այդ պահանջը 1908 թ. հեղաշրջման ժամանակ դաշնակցականների` իթթիհադականների, այսինքն` Օսմանյան պետության հետ բանակցությունների հիմնական նյութն էր: 6 տարի անց, 1914 թ. փետրվարի 8-ին ստորագրված բարենորոգումների ծրագիրը մի կողմ նետած երիտթուրքերը Աբդուլ Համիդի սկսած բնաջնջումը հասցրեցին Ցեղասպանության: Այնուհետև, 1923 թ. Անատոլիան վերջնականապես մաքրվեց քրիստոնյա հայ և հույն ժողովուրդներից:

1908 թ. հեղաշրջման ժամանակ ինչպես որ երիտթուրքերն էին Միություն և առաջադիմություն կուսակցությունը ներկայացնում, այնպես էլ դաշնակցականները ներկայացանում էին Հայ հեղափոխական դաշնակցություն օրինական կուսակցությունը, իսկ հնչակյանները` Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Ընդդիմության շարքերում տեղ գտած դաշնակցականների` իշխանության ղեկին գտնվող իթթիհադականների հետ բանակցություններն ու փոխառնչությունները ներկայացված են Տիգրան Մեսրոպ Կալիգյանի «Դաշնակցականները և երիտթուրքերը» գրքում, որի թուրքերեն թարգմանիչն է Դենիզ Մութլու Թաշյուրեքը, և որը տպագրվել է 2017 թ. Ստամբուլի Արաս հրատարակչության կողմից: Գրքում հրապարակված և առաջնային աղբյուր եղող փաստաթղթերը պատկանում են Դաշնակցություն կուսակցության արխիվին: Հեղինակի խոսքով` արխիվի հազարավոր վավերագրերը մասամբ հետազոտված են: Մեր ցանկությունն է, որ արխիվները լիովին բացվեն:

Դաշնակցականները 1908 թ. սեպտեմբերի 1-ին 15 հոդվածից բաղկացած բարենորոգումների մի ծրագիր են մշակել` Մեջլիսի օրակարգ բերելու համար: «Բոլոր տարրերի և կրոնական համայնքների համար բացարձակ հավասարություն» առաջարկող ծրագրի 4 հոդվածներում ամփոփ կերպով նշված է. 1. Պետք է ճանաչվի Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը: 2. Օսմանյան Հայաստանը սույն կայսրության անքակտելի հատվածն է, որը պետք է ղեկավարվի ապակենտրոնացման հիմքով: 3. Կենտրոնական-տեղական իշխանությունը պետք է հաստատվի` դեմոկրատական ներկայացվածության հիմքի համաձայն: 4. Պատգամավորները, դատական և տեղական մարմինները պետք է ընտրվեն գաղտնի քվեարկությամբ (էջ 35-36):

Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության մեջ Օսմանյան Հայաստանին վերաբերող պահանջների լուծման հարցին ընդհանուր առմամբ դրական մոտեցում ցուցաբերող իթթիհադականներն իրենց խոստումը չպահեցին: Դաշնակցականներն ու երիտթուրքերը 1908 թ. հեղաշրջումից սկսած մինչև 1914 թ. օգոստոս տասնյակ անգամ հանդիպեցին և բանակցեցին (էջ 73-74, 97-98, 118-125, 171-193, 265-269, 284-289): Նույնիսկ 1911 թ. սառած հարաբերությունները 1912 թ. լրիվ կտրվեցին (էջ 124-125, 135-142, 195), բայց հետագայում բանակցությունները շարունակվեցին: Դաշնակցականների հետ իթթիհադականների կազմավորած Համատեղ մարմնի կողմից 1910 թ. մարտի 20-ին ընդունված հոդվածները հետևյալն են. 1. Հողատարածքի խնդիրը, 2. անվտանգության հարցը, 3. իրավական խնդիրը, 4. պաշտոնյաների փոփոխման հարցը: Սույն մարմնի գործունեության դաշտը հստակեցվեց, բայց երիտթուրքերը թույլ չտվեցին, որ այն աշխատի (էջ 60-81):

1908 թ. ընտրությունների ժամանակ 10 հայ պատգամավոր ընտրվեց: Նրանցից երկուսը` Հակոբ Պապիկյանը (Թեքրիդաղից) և Պետրոս Հալաջյանը (Ստամբուլից), երիտթուրք էին (էջ 33-35), և հեղաշրջման երկու ակտիվիստները ևս ընտրվեցին: Մեկը Կարինի (Էրզրումի) դաշնակցական պատգամավոր Արմեն Գարոն էր` Գարեգին Փաստրմաջյանը, մյուսը` Սիսի (Քոզանի) պատգամավոր Մեծն Մուրադը` Համբարձում Բոյաջյանը: Արմեն Գարոն 1896 թ. բանկ Օտտոմանի գրավումն իրականացրած անձն էր, իսկ Մուրադը` Սասունում աբդուլհամիդյան հարկերի դեմ 1894 թ. գրանցված պայքարի կազմակերպիչը:

Գույք և անվտանգություն

Հայերի` գույքի ապահովության պահանջի հիմնական նյութը հողն էր: 1870-ականներից սկսած` հայերն իրենց հողերի զավթման հետևանքով չէին կարողանում գոյատևել սեփական հայրենի երկրում: Հայերի աքսորվելու, հողերից զրկվելու և զանգվածային գույքազրկման գործիքը Աբդուլհամիդի կազմավորած համիդիյե գնդերն էին, բացի այդ` որոշ քրդական աշիրեթներ էլ էին այդ զավթմանը մասնակից լինում: Թեև ոչ հայերի չափ, այնուամենայնիվ որոշ քրդեր, թուրքեր և ասորիներ էլ էին հողերի զավթման քաղաքականության զոհը դառնում: Հողատարածքները վերադարձնելու նպատակով հարուցված դատական հայցերն անարդյունք էին մնում: Թեև 1910 թ. հունիսին երիտթուրքերի հետ հողերի հարցը լուծելու համար մի շարք բանակցություններ եղան, սակայն` ապարդյուն: Մինչև իսկ, իթթիհադականները 1909 թ. ամռանը սադրազամ (վարչապետ կամ մեծ վեզիր-Ակունքի խմբ.) Հյուսեին Հիլմի փաշայի հրապարակած օրենքը կիրառումից հանեցին, ճիշտ այնպես, ինչպես արգելք էին դարձել 1908 թ. հեղաշրջումից հետո առաջին սադրազամ Քյամիլ փաշայի նախաձեռնությանը:

Հողերի զավթման հետևանքով հայերից մաքրված վայրերում քրդերն ու մահմեդական գաղթականներն էին վերաբնակեցվում, զավթված հողերն էլ նրանց էին տրվում (էջ 82-101, 159-161, 250, 257, 276) :

Եթե իշխանության ղեկին գտնվող երիտթուրքերը հայերի պահանջը և ընհանրապես հողի հարցը, աղաներին մաքրելով և գյուղացիներին հող տրամադրելով, լուծեին, անշուշտ 1908 թ. հեղաշրջումը կարմատավորվեր, բայց այդպես չեղավ:

Մեկ այլ կարևոր բանակցության հարց էր անվտանգությունը, այսինքն` կյանքի անվտանգության ապահովումը, որը նաև 1910 թ. ապրիլին կնքված Սալոնիկի պայմանագրի 5-րդ հոդվածն էր: Խնդիրը վերաբերում էր որոշ քուրդ աշիրեթների` հայկական գյուղերի վրա հարձակումներին: Իթթիհադականների իշխանության օրոք համիդիյե գնդերը չէին ցրվել, նույնիսկ 1908-1910 թթ. վերակազմավորվել էին` «Աշիրեթական գնդեր» անվանման տակ:  1911 թ. վիճակն սկսեց վերստին վատթարանալ. Մուշում և Սասունում հայերի դեմ հարձակումները հաճախակի դարձան, և 1912 թ. ևս հարձակումներին արգելք չկարողացան լինել: Նույն դրությունը պահպանվեց նաև 1913 և 1914 թթ. (էջ 108-116, 142-158, 206-7, 248-60, 292-3):

Մուտքիում կյանքի և գույքի ապահովության խնդիր հարուցած Հաջը Մուսան, (էջ 144, 156, 198) Մուստաֆա Քեմալի` Էրզրումի համագումարում համայնքի ղեկավար ըտրվելու համար վերջինիս հատուկ նամակ ուղարկելով, ընդգրկվել է քեմալական պայքարի մարտիկների շարքում և եղել Մուտքիի աշիրեթի ղեկավարը (Տես` Nutuk/Söylev, Vesikalar/Belgeler, cilt: 3, Türk Tarih Kurum Yayını, Ankara-1989, s. 1265, 1273, 1441): Դա ընդամենը մեկն է այն նշաններից, թե թուրք-քրդական միասնությունը որ հիմքով և ինչպես է ապահովվել:

Երբ առաջին աշխարհամարտի ահազանգը հնչեց, հայ առաջնորդները` դաշնակցականները ներառյալ, հավաքվեցին` իրավիճակը գնահատելու նպատակով: 1915 թ. երիտթուրքերի կողմից, հետաքննության անվան տակ, Դիարբեքիրի ճանապարհին սպանված պատգամավոր Գրիգոր Զոհրապը կանխատեսել էր, թե վաղը ինչ է պատահելու. իթթիհադական կառավարությունը 1914 թ. փետրվարի 8-ին ստորագրված Հայկական բարենորոգումների ծրագիրը չիրագործելու համար մի կողմ է նետելու և վրեժ առնելու հայերից (էջ 300-303): 1915 թ., երբ հայերը պոկվեցին իրենց հողերից, սպանվեցին նաև 7 հայ պատգամավորները, այդ թվում` Զոհրաբը:

Մինչև 1914 թ. ամառ տևած դաշնակցականներ-երիտթուրքեր/պետություն բանակցություններից կարելի է հանգել հետևյալ հստակ եզրակացությանը. իթթիհադականները, այսինքն` պետությունը տեր չկանգնեցին իրենց ստոգարությանը… Այլ կերպ ասած, Օսմանյան կայսրությունը մեծ բան համարեց հայերին կյանքի և գույքի անվտանգության ապահովումը: 1895 թ. և դրանից առաջ, ինչպես նաև` 1878 թ. Աբդուլ Համիդը ևս տեր չէր կանգնել իր ստորագրությանը:

1908 թ. հեղաշրջումը խորացնելու հնարավորություն տվող երկու հիմնական հոդվածներ կային: Մեկը Օսմանյան պետություն-պալատ օլիգարխիան վերացնելն էր, իսկ մյուսը` հայերի և մյուս միլլեթների պահանջները բովանդակող ազգային խնդիրն ու հողային հարցը լուծելը: Երկուսն էլ անտեսվեցին, և հեղաշրջումը խեղդվեց: Հեղաշրջումը խեղդողները իշխանության ղեկին գտնվող երիտթուրքերն էին: Իթթիհադականները հեղաշրջումից հեռացան` պանթյուրքիզմ-սուննի իսլամին փարվելուն և իշխանությունը կենտրոնացնելուն զուգընթաց:

Դաշնակցականներ-երիտթուրքեր/Օսմանյան պետություն բանակցության գործընթացը հիշեցրեց մեկ դար անց քրդական հարցում Դոլմաբահչեի համաձայնությունից հետո Իմրալը կղզում կայացած բանակցությունները… Բացի այդ, սույն գրքով է՛լ ավելի խորացավ Իմրալըում ժամանակ առ ժամանակ օրակարգ բերվող Հայկական հարցի առանցքում արվող մեկնաբանության անտեղի լինելու մասին գաղափարս:

nevzatonaran@gmail.com

https://www.evrensel.net/haber/342691/tasnaklarin-osmanlidan-talebi-can-ve-mal-guvenligi

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here