Սպանություններով հիշատակվող տարածքներ` Սուր, Նուսայբին և Ջիզրե

0
29

Դիարբեքիրի Սուր, Մարդինի Նուսայբին և Շըրնաքի Ջիզրե գավառները 100 տարի առաջ էլ էին սպանություններով հայտնի, Հայոց ցեղասպանության պատճառով։

Սերդար Քորուջու

Վերջին 1,5 տարվա ընթացքում Դիարբեքիրի Սուր, Մարդինի Նուսայբին և Շըրնաքի Ջիզրե գավառները հիշատակվում են միայն սպանություններով։ Իսկ պատճառը Անկարայի կողմից որպես հատուկ գործողություն ներկայացված, սակայն շրջանում միայն ավերում բերած ժամանակաշրջանն է։ Սակայն սա առաջին անգամը չէր։ Մոտ 100 տարի առաջ էլ սույն շրջաններըը հայտնի էին սպանություններով, Հայոց ցեղասպանության պատճառով․․․ Ըստ Դիարբեքիրի քաղաքապետարանի կայքէջում տեղ գտած արձանագրությունների` 1913 թ․ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցի Սուրբ Կիրակոսի զանգակատունը հարձակման արդյունքում քանդվել է, որի փոխարեն` նախորդից ավելի երկար, 29 մետր բարձրությամբ նորն է կառուցվել։ Աշտարակի վրա Զիլջիյանների կողմից տեղադրված զանգը, իսկ վերևում էլ 3 մ  24 հարգի ոսկե խաչ էր տեղադրվել։

Իսկ որոշ ժամանակ անց  շքեղ զանգակատունը հրետակոծության պատճառով քանդվել է։ Քաղաքապետարանի կայքում ընդամենը այսքան տեղեկություն է հաղորդվում, սակայն պատճառները չեն նշվում։ Միակ հայտնի պատճառն այն է, որ այն ավելի երկար էր, քան շրջապատում եղած մինարեները․․

Դիարբեքիրի հայկական թաղամասում իրականացված հատուկ գործողության միջոցով «մարդկանց որսը»

1914 թ․՝ այդ ավերումից մոտ մեկ տարի անց, Դիարբեքիրի քաղաքի կենտրոնում գտնվող հայկական թաղամասը հատուկ գործողությամբ շրջափակվում է։ Ըստ Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանություն» գրքի, որը թուրքերենով հրատարակվել է 3 տարի առաջ, 1915 թ․ ապրիլ ամսվա կեսերին՝ ապրիլի 16-ին, վերջին քայլն է արվում. սկսում են «մարդկանց որսը»։  Այդ նպատակով թաղամասը ժանդարմերիայի, ոստիկանության,  չերքեզ ավազակախմբերի և աշխարհազորայինների կողմից շրջափակվում է։ Նպատակն էր հարևան տների կտուրներում թաքնված «դասալիքներին» ձերբակալելն ու ապրիլ ամսվա սկզբին Դիարբեքիրի նահանգապետ դոկտոր Ռեշիդի կողմից արձակված հրամանի կիրառումը, այն է՝ զենքերն հանձնելը, որի համար նրանք  մտնում էին տներ ու գտնված զենքերը հավաքում։ Սակայն, ըստ հայ ականատեսների, ձերբակալվածներից ոմանք դեռևս զինվորական ծառայության չկանչված երիտասարդներ էին։ Տների խուզարկությունները ընթանում էին բռնություններով ու բռնաբարություններով։ Այդ գործողության հետևանքով քաղաքի առաջադեմ մարդկանց էլ ներառյալ՝  մոտ 300 տղամարդկանց ձերբակալում են ու գցում քաղաքի կենտրոնում գտնվող բանտը։

Դիարբեքիրի հայերի կողմից ինքնապաշտպանության չդիմելու որոշումը

Ապրիլի 19-ին եպիսկոպոսաց խորհրդի անդամների, եկեղեցական պատվիրակների ու բարեգործական միությունների ձերբակալումից մեկ օր անց՝ ապրիլի 20-ին, հայկական եպիսկոպոսարանում ժողով է հրավիրվում։ Նրանց ձերբակալել էին կամ փախչողներին իթևան տալու, կամ էլ փախչելու հարցում օգնելու համար: Օրակարգը հայտնի էր՝ ինքնապաշտպանության դիմելո՞ւ էին, թե՞ ոչ։ Առկա պայմաններում ձեռք առնվելիք միջոցները հաշվի առնելով՝ եթե անգամ խոսվում էր ապստամբություն կազմակերպելու մասին, հակառակ որոշում  է կայացվում։ Քաղաքի առաջադեմ անձինք ոչ մի բան չձեռնարկելու որոշում են կայացնում։ Քանի որ նրանց ձեռքում պաշտպանական հնարավորությունները սահմանափակ էին և ամենաշատը կարող էին մեկ ամիս դիմանալ․․․

Այս ժողովից հետո՝ ապրիլի 21-ի առավոտյան, Դիարբեքիրի քաղաքական կուսակցության առաջնորդները ձերբակալվեցին, նրանց քաղաքի փողոցներով պտտելով` խոշտանգում էին։ Իսկ մայիսի 11-ին հերթը հասավ քաղաքի վերնախավի ներկայացուցիչներին։ Այդ անձանց շարքում կային պետական պաշտոնյաներ, փաստաբաններ, մտավորականներ, առևտրականներ, բանկիրներ, արքեպիսկոպոս Անդրեաս Չելեբյանը, բողոքականների հոգևոր հովիվ Հակոբ Անտոնյանը և այլ եկեղեցականներ։ Ձերբակալվածներին խոշտանգել են։ Նրանց պատճառաբանությունն այն էր, թե փորձում են իմանալ թաքցված զենքերի տեղն ու ստիպել խոստովանել «ապստամբության» ծրագրեր մշակելը։ Նրանց տաքացած երկաթներով այրել են, եղունգները պոկել, գլուխները կախոցի մեջ դրել ու ոտքերին նալ խփել։ Այս ընթացքում, երբ բազմաթիվ մարդիկ էին սպանվում, եպիսկոպոս Մկրտիչ Չըղադյանի տանջանքերը ժողովրդի աչքի առջև շարունակվում էին։ Խոշտանգողների կողմից հանվել են նրա ատամները, քունքերը տաք երկաթով այրել են, աչքերը հանել և դհոլ-զուռնայով քաղաքի մուսուլման թաղամասերով ընդհանուր տոնական տրամադրությամբ շրջել։  Դիարբեքիրի Ուլու մզկիթի բակ տարվելու ժամանակ պետական պաշտոնյաների ու եկեղեցականների թողտվությամբ կաթիլ-կաթիլ կերոսին են լցրել նրա վրա ու վառել։

Պետության ձեռքով ապատեղեկատվության տարածման օրինակ Քոզանդերեում

Երբ սկսվեց աքսորը, Դիարբեքիրի քաղաքապետ դոկտոր Ռեշիդի կողմից ուղղորդված քարոզչության ուղղությամբ վերջին քայլն արվեց։ Դիարբեքիրից հարավ` մեկ ժամ հեռավորության վրա տեղակայված Չարաքըլը գյուղի մոտակայքում գտնվող Քոզանդերեում քրդերն ու Teşkilat-ı Mahsusa-ի հետ կապ ունեցող ավազակախմբերը արդեն շրջանում պատրաստ կանգնած էին, ու մի քարավան ոչնչացվել է։ Խոշտանգված ու սպանված հայերի դիերին մուսուլմանների հագուստ էին հագցնում, գլուխները ծածկում և նկարում էին։ Լուսանկարները բազմացնելով՝ նախ Դիարբեքիրում, ապա՝ Ստամբուլում ու նույնիսկ Գերմանիայում տարածում էին  որպես  «հայ ապստամբների» բերած աղետի զոհեր․․

Մայրիկ ի՞նչ է սա

Տեղահանվածների մեջ ողջ էր մնացել նաև 1915 թ․ 5 տարեկան հասակում եղած Կարապետ Մկրտչյանը։ Պրոֆեսոր Վերժինե Սվազլյանին իր պատմությունը բանավոր հաղորդած Մկրտչյանը իրենց՝ քաղաքից դուրս հանվելը հետևյալ կերպ է նկարագրում․«1915 թ․ մեզ հանկարծակի աքսորեցին։ Ես շատ փոքր էի, բայց Տիգրանակերտում ինչքան մարդ կար, բոլորին դուրս հանեցին։ 15 տարեկան քեռիս ինձ իր ուսերին առավ։ Մայրս էլ փոքրիկ եղբորս գրկած` քայլում էր։ Այս բաները լավ եմ հիշում։ Ինձանից 6 տարի մեծ եղբայրս՝ Նշանը, տատիկիս ձեռքը բռնած` քայլում էր։ Քայլելու ժամանակ մեզ ձեռնափայտով, մտրակով, թրերով հարվածում էին»։

Բազմաթիվ մարդկանց մահվանն ականատես եղած ընտանիքը կարողացավ փրկվել այն բանի շնորհիվ, որ մայրերը դերձակ էին։ Հետագայում Հալեպում, Բեյրութում և Հայաստանում ապրած Մկրտչյանի հիշողության մեջ Մարդինի ճանապարհն այսպես է մնացել․ «Մինչև 1918 թ․ մնացինք։ Այդ շրջանում համաներման հրաման արձակվեց․ ով ցանկանում էր, կարող էր վերադառնալ հայրենի բնակավայր։ Մայրիկս մի մեծ ուղտ էր գնել, այդ ուղտը վաճառեցինք, նրա փոխարեն մի ավանակ գնեցինք: Ինչ ունեինք-չունեինք` բարձեցինք վրան։ Մայրս էլ նրա վրա նստեց։ Ճանապարհ բռնեցինք դեպի Մարդին։ Մարդինի ճանապարհին մայրս մեզ իր մոտ կանչեց, մի փոսի մոտ ծնկի եկավ, այդ փոսի մեջ մարդկանց բազմաթիվ ոսկորներ կային։ Ոսկորները հանեց ու համբուրեց։ Մենք դրան նշանակություն չտվեցինք։ Քանի որ մենք մոռացել էին հայերենը, քրդերենով հարցրեցինք․ «Մայրիկ, ի՞նչ է սա», նա պատասխանեց․                «Սրանք մեր քույր-եղբայրների ոսկորներն են…»։

Սուրսայր թրերով` հայերի հետևից․ Նուսայբին

Հայոց ցեղասպանությունը կատարվել է նաև մեկ այլ տեղում՝ Դիարբեքիրի վիլայեթին կից Մարդինի սանջակում գտնվող Նուսայբինում։ Բելգե հարատարակչության կողմից հրատարակված Իվ Տերնոնի «Մարդին 1915 թ․» գրքի համաձայն` Նուսայբինում ջարդերը սկսվել են 1915 թ․ օգոստոսի 16-ին։ Առաջին սպանվածները քաղաքի առաջադեմ մարդիկ էին։ Այնուհետև տղամարդիկ ու կանայք սպանվեցին։ Շրջանի բոլոր հայերը սպանվում էին, միայն Սինջար փախածներն են կարողացել փրկվել։

Նուսայբինը միևնույն ժամանակ շրջանով անցնող տեղահանվածների ճանապարհին եղած մահվան կանգառներից մեկն էր։ Ըստ Գևորգյանի, Մարդինում ողջ մնացած վերջին տղամարդիկ, այսինքն՝ զինվորական ծառայության կանչվածները, ավելի ուշ փոքր քարավաններով Նուսայբինի ճանապարհին սպանվում էին։ Մարդին ուղարկված ավազակներն ու այլ քուրդ աշիրեթներ այդ ընթացքում ակտիվ մասնակցում էին հյուսիսից եկող աքսորյալների քարավանները ոչնչացնելու գործին։ Խարբերդից ու Էրզրումից եկած 2 հազար մարդ էլ սեպտեմբերի 14-ին Նուսայբինում սպանվեց։

Նուսայբինի հյուսիսարևելյան մասում գտնվող հնագույն քաղաքի մնացորդներով հայտնի Դարան էլ էր որպես մահվան հովիտ ընտրվել։ Օրինակ՝ 1915 թ․ հուլիս ամսին էրզրումցի 7 հազար աքսորական սպանվեց։ Նրանց դիերը նետվում էին հսկայական բյուզանդական ջրամբարներ։

Գերմանացի հյուպատոսի օգնական Հոլշտեյնը Նուսայբինի հարավում գտնվող ճանապարհի ողջ երկայնքով մեկ սուրսայր սրերով շրջող մուսուլմանների էր հանդիպում։

Ջիզրեն Ցեղասպանության ընթացքում․ քրիստոնյաների կոկորդն էին կտրում

Նուսայբինի նման Մարդինի սանջակում գտնվող մեկ այլ վայր էլ Ջիզրեն էր։ Ըստ Գևորգյանի, Թուր Աբդինի ապստամբության պատճառով Ջիզրեի կենտրոն մինչև օգոստոսի 28-29 կոտորած չէր նախապատրաստվում։ Երբ սկսվեցին կոտորածները, նախևառաջ թիրախորվեցին ուղղափառ ու կաթոլիկ ասորի հոգևորականները։ Դրանից հետո  բոլոր հայ տղամարդկանց հետ մի քանի ուղղափառ ու կաթոլիկ ասորի տղամարդիկ էլ են ձերբակալվում, կտտանքների ենթարկվում ու սպանվում։ Շրջանում բնակվող համայնքներն իրենց ղեկավարների սադրանքով և կանոնավոր բանակի միջնորդությամբ անասելի բռնություն են կիրառում։

Ըստ ականատեսների վկայությունների, Ջիզրեի ծայրամասային թաղամասերում քրիստոնյա տղամարդկանց կոկորդները մատաղացու գառան նման կտրում էին, դիերը գցում Տիգրիս գետը։ Իսկ կանանց ու երեխաներին սեպտեմբերի 1-ին լաստ են նստեցնում ու ուղարկվում Մոսուլ։ Այդ ընթացքում «բախտավորներին» քրդերը փախցնում էին, իսկ մնացածին` ջրի մեջ խեղդում։ Ըստ Տերնոնի` Տիգրիս  գետը լի էր դիերով։ Մոսուլի ժողովրդին մեկ ամիս շարունակ ասվում էր, որ չխմեն Տիգրիս գետի ջրից։ Հայերեն մի ողբ խեղդամահ եղողների շուրթերին էր․ «Գետերը գիտեն, թե քրդերը մեզ ի՞նչ արեցին. մեզ տանջեցին, սպանեցին ու ջուրը նետեցին»։

Լուսանկարը` Houshamadyan.org-ի արխիվից

Թարգմանեց Անի Մելքոնյանը

https://m.bianet.org/bianet/insan-haklari/185826-adi-olumle-anilan-topraklar-sur-nusaybin-ve-cizre

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here