Արդեն 30 տարի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է. Լարիսա Ալավերդյան

0
75

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն արձանագրում է, որ արցախյան շարժումն առաջին հերթին արդյունք էր անտանելի դարձած այն ճնշման, որին ենթարկվել է հայ ժողովուրդն Արցախում և Սովետական Ադրբեջանում: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սխալ պատկերացում կա, թե Սովետական Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հալածանքներն ու վայրագ գործողությունները եղել են ի պատասխան արցախյան շարժման: «Սխալ հայացք կա այս ամենին և կարծես ընդհանուր մոտեցումն այն է, թե ի պատասխան ղարաբաղյան շարժման են տեղի ունեցել այդ վայրագությունները: Այսօր ավելի քան երբևէ հայությունը պետք է իր համար հստակեցնի, որ արցախյան շարժումը եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած այդ ճնշումներին, որոնք, անշուշտ, ամենապարզ դրսևորումը ստացել են Արցախում, որովհետև այն, ինչ ստացվել էր Նախիջևանում, չէր ստացվել Արցախում: Ադրբեջանցիները կարողացել էին հայաթափել Նախիջևանը, սակայն նույնն Արցախում անել նրանց չէր հաջողվել»,– ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա հավելեց, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել ոչ միայն 1988թ. փետրվարի 27-29-ը, ինչպես ֆիքսվել է, այլ շարունակվել են նաև դրանից հետո: «Այն ժամանակ Սովետական Միությունում որևէ մեկը չէր պատկերացնում, որ այդ ամենը ոչ թե սովորական մի որևէ գործողություն է, այլ բացահայտումն է Ադրբեջանի այն ռազմավարական նպատակների, որոնք դրված են եղել դեռ 1918թ.: Եվ պատահական չէ, որ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրենց ռազմավարական նպատակների մասին բացահայտ հայտարարություններ է անում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ նախկին օմբուդսմենն ընդգծում է, որ սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, եղել են դատական նիստեր, գրվել են բոլոր ցուցմունքները, սակայն դրանք մինչ օրս ոչ քաղաքական գնահատական են ստացել, ոչ էլ` իրավական: «Դատական վճիռներ կայացվել են, սակայն ոչ ոք չգիտի` իրականացվե՞լ են այդ վճիռները, թե՞ ոչ: Այդ վայրագություններից տուժածների ընտանիքներին էլ մինչ օրս կոմպենսացում չի եղել: Այդ վայրագություններին զոհ է գնացել 32 մարդ, որից 26-ը` հայեր, սակայն մահապատժի է դատապարտվել ընդամենը մեկ մարդ, ու հայտնի էլ չէ, այդ դատավճիռը իրականացվել է, թե ոչ, իսկ Սովետական Միությունում համարեցին, որ Սումգայիթում տեղի են ունեցել խուլիգանական մոտիվներով գործողություններ: Սումգայիթի ջարդերը երեք օր չեն տևել, ոչ էլ երեք տարի: Արդեն 30 տարի է այդ ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է, և, ցավոք, այդ քաղաքականությունը համարժեք գնահատական չի ստանում»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Նա ցավով է նկատում, որ Հայաստանում էլ դեռևս Սումգայիթի ջարդերը չեն ճանաչվել որպես կազմակերպված ցեղասպանական գործողություններ, և մինչ այս պահը այդ վայրագություններից տուժած անձինք հատուկ կարգավիճակ չունեն:

http://armenpress.am/arm/news/922525/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here