«ՄԵԴԻԱՄԱՔՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՀԿ-Ի ԿՈՂՄԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ

0
191

«Պատրաստ Եմ Երիտասարդների Դաշնակիցը Լինել»

Վարեց՝ ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

Ստորեւ՝ ՀՀԿի կողմից ՀՀ նախագահի պաշտօնում առաջադրուած Արմէն Սարգսեանի հարցազրոյցը «Մեդիամաքս»ին.

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Պարոն Սարգսեան, Հայաստանում եւ Սփիւռքում ձեր հանդիպումների մասին պատմող հաղորդագրութիւններում յաճախ խօսւում է այն մասին, որ ներկայացրել էք ապագայ Հայաստանի ձեր տեսլականը: Տեսլականը երկարաժամկէտութիւն է ենթադրում, բայց ես ուզում եմ հարցնել տեսանելի ապագայի մասին՝ եթէ ընտրուէք նախագահ, պաշտօնավարելու էք 7 տարի: Ինչպիսի՞ն կ՛ուզէք Հայաստանը տեսնել 2025 թուականին:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Կը ցանկանամ երիտասարդ Հայաստան տեսնել: Նկատի չունեմ միայն այն, որ երիտասարդներն աւելի շատ ներգրաւուած լինեն պետական կառավարման համակարգում: Ցանկանում եմ, որ Հայաստանը ոգով երիտասարդ լինի՝ 21րդ դարին համահունչ:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Երբեմն կարող ենք կարծիքներ լսել, որ մեր հարուստ պատմութիւնը՝ մեծ արժէք լինելով հանդերձ, երբեմն խանգարում է մեզ, եւ մենք ապագային նայելու փոխարէն տարւում ենք անցեալով: Ինչպէ՞ս գտնենք «ոսկէ միջինը»:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Պատմութիւնն ու ժառանգութիւնը մեծագոյն արժէքներ են, բայց մարդը պէտք է ապագայով ապրի: Յիշողութիւններով ապրելով՝ չենք աճում: Պէտք է ապրել վաղուայ օրով: Անցեալը եւ ժառանգութիւնը, անշուշտ, կարեւոր են, սակայն անցեալը չպէտք է ապրելակերպ լինի:

Անհատների, կազմակերպութիւնների եւ պետութիւնների պարագայում ամէն ինչ իսկապէս սկսւում է տեսլականից: Եթէ այն չունենաս, չիմանաս, թէ երկիրն ուր ես տանում, ժամանակակից պետութիւն ունենալ չես կարող:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Վերջին շրջանում շատ հանդիպումներ էք ունեցել երիտասարդների հետ: Նրանց մէջ տեսնո՞ւմ էք ժամանակակից Հայաստան կառուցելու ներուժը:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այո, նրանք ֆանտաստիկ (հրաշալի-Խմբ.) ներուժ ունեն: Հայ երիտասարդները միշտ էլ աչքի են ընկել ստեղծագործ ներուժով, պարզապէս տարբեր ժամանակները տարբեր պայմաններ ու հնարաւորութիւններ են տալիս: Իմ սերնդի երիտասարդութիւնը անցաւ Խորհրդային միութիւնում, եւ մենք կարող էինք միայն երազել ազատութեան այն աստիճանի մասին, որն ունեն այսօրուայ երիտասարդները:

Նրանք ազատ են, բայց այսօր ես մեծ հաւաքական ստեղծագործ մթնոլորտ չեմ տեսնում՝ կան առանձին խմբեր, օազիսներ, կղզիներ, որոնք միմեանց հետ չեն կապւում, երբեմն նոյնիսկ տեղեակ էլ չեն միմեանցից: Կարծում եմ՝ օգտակար կը լինի կազմել 25-40 տարեկան ծագումով հայերի ցանկ, որոնք աշխարհի տարբեր մասերում յաջողութիւնների են հասել: Համոզուած եմ, որ նրանց թիւը հսկայական է լինելու: Գրեթէ ամէն օր շփւում եմ այդ մարդկանց հետ տարբեր երկրներում եւ ինքս կարող եմ 100 հոգուց բաղկացած ցուցակ կազմել:

Ի դէպ, մեր զրոյցից յետոյ այստեղ է գալու այդ երիտասարդներից մէկը՝ Մուշեղ Թովմասեանը: Նրա հայրիկը աստղագէտ է, իմ ուսանողն է եղել, ես էլ Մուշեղի կնքահայրն եմ: (Զրոյցի ընթացքում պարզւում է, որ մենք Մուշեղ Թովմասեանի մասին գրել ենք մի քանի տարի առաջ՝ նա «Մեդիամաքս»ի 50 Գլոբալ հայերը նախագծի հերոսներից էր-Հեղ.)

Մեր նոր սերունդը լաւն է՝ Հայաստանում եւ Սփիւռքում: Անշուշտ, Սփիւռքի աւանդական կազմակերպութիւնները եւ կառոյցները պիտի պահպանուեն, բայց նոր սերունդը պէտք է վերաձեւակերպի տեսլականը:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Բայց գոյութիւն ունեցող համակարգերը՝ թէ՛ Հայաստանում եւ թէ՝ Սփիւռքում, ուժեղ հակազդեցութիւն են ցուցաբերելու:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Իհարկէ: Այդպէս եղել է եւ լինելու է՝ ցանկացած համակարգ սկսում է դիմադրել‘ ինքնապահպանման բնազդից ելնելով: Բայց աւելի լաւ է նոր սերնդի էներգիան ուղղուի այդ հակազդեցութեան յաղթահարմանը, քան վատնուի այլ բաների վրայ:

Յաճախ խօսում ենք մեր ՏՏ (Information Technology-IT. Տեղեկատուական արհեստագիտութիւն-Խմբ.) ոլորտի յաջողութիւնների մասին, որոնք, անշուշտ առկայ են: Սակայն ես մեր ՏՏում տեսնում եմ որոշակի փակուածութիւն, «արգելոց»ի վերածուելու միտում: Տաղանդաւոր ու եռանդուն երիտասարդները պէտք է ճանաչեն միմեանց ու զգան, որ իրենք են երկրի տէրը, իրենք էք այն ղեկավարելու, տնտեսութիւնը զարգացնելու:

Ինձ յաճախ երիտասարդները հարց են տալիս՝ ինչպէ՞ս էք պատկերացնում Հայաստանի ապագան: Ես էլ ասում եմ՝ դուք պէտք է ասէք, դուք էք դա անելու: Ես իմ դերը տեսնում եմ այդ անցումն ապահովելու մէջ:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Կարո՞ղ ենք ձեւակերպել, որ եթէ ընտրուէք Հայաստանի նախագահ, երիտասարդները՝ ի դէմս ձեզ, դաշնակից կ՛ունենան:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այո: Նրանք էլ իմ դաշնակիցներն են լինելու, քանի որ ուզում եմ, որ մեր երկիրը լինի երիտասարդ, էներգիայով լեցուն, փոփոխութիւնների ձգտող: Երիտասարդութիւնը հոգեվիճակ է, տարիքի հետ կապ չունի: Շարլ Ազնաւուրն այսօր 94 տարեկան է, բայց հոգով երիտասարդ է:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Յաճախ ենք խօսում Հայաստան-Սփիւռք կապերի ճիշդ բանաձեւը գտնելու մասին: Դուք կարծո՞ւմ էք, որ հէնց երիտասարդները պէտք է դառնան այդ «բանալին»:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Այո: Հայաստանի եւ Սփիւռքի կապերը պէտք է կառուցուեն ապագայի վրայ: Իսկ աւանդական կառոյցներն ու կազմակերպութիւնները պէտք է նոր իմաստ եւ բովանդակութիւն ձեռք բերեն: Կարծում եմ՝ բոլորն էլ գիտակցում են, եւ նոր աւիւնի կարիքն ունեն:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Իսկ կարո՞ղ ենք ակնկալել, որ Սփիւռքը՝ իր ամբողջ բազմազանութեամբ հանդերձ, կոնսենսուսի (համախոհութեան-Խմբ.) կը գայ այն մասին, որ կենտրոնը Հայաստանն է:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Կարծում եմ՝ դրանում բոլորը վաղուց համոզուած են: Խնդիրն այլ է՝ այո՛, կենտրոնը Հայաստանն է, բայց դա ի՞նչ է նշանակում: Մարդիկ պէտք է իրենց Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների մասնակից զգան:

 

ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Դուք յաճախ խօսում էք կրթութեան կարեւորութեան մասին: Այսօր խօսեցիք օազիսների կամ կղզեակների մասին՝ այդպիսիք ունենք նաեւ կրթութեան ոլորտում, սակայն մեր միջնակարգ կրթութիւնն իր ձեւով ու բովանդակութեամբ հին է, կարծրացած ու չի համապատասխանում ժամանակակից պետութեան պահանջներին:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Երբ խօսում ենք միջնակարգ կրթութեան մասին, ապա այն, ինչ այսօր ունենք Երեւանում, պէտք է ապահովենք նաեւ ամենահեռաւոր գիւղերում: Տաղանդաւոր երեխաները ծնւում են ամէն տեղ, եւ բոլորը լաւ կրթութիւն ստանալու իրաւունք ունեն:

Կրթական համակարգի կարեւորագոյն խնդիրներից մէկը պէտք է լինի նաեւ տաղանդաւոր երեխաների բացայայտումը: Դպրոցը միայն այն տեղը չէ, որտեղ երեխան կրթութիւն է ստանում: Դպրոցում պէտք է կարողանան բացայայտել երեխայի երաժշտական, մարզական կամ մաթեմատիկական տաղանդները եւ ծնողներին խորհուրդ տան երեխայի ապագայի վերաբերեալ:

Իսկապէս, կրթութեան ոլորտում մենք բազում եւ լուրջ խնդիրներ ունենք: Ունենք նաեւ լաւ օրինակներ եւ պէտք է փորձենք դրանց դրական փորձառութիւնն ի մի բերել եւ կառուցել ազգային կրթական համակարգ, որը չի նմանակելու արտասահմանեաններին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here