Սփյուռքահայ գործարարը սպառնում է պաշտոնյաների անուններ հրապարակել

0
401
«Մինասյանները մշտապես պարծեցել են, որ ունեն ընկերական եւ բիզնես հարաբերություններ պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, որոնց հովանավորությունն էլ վայելում են: Ես, բնականաբար, կհրապարակեմ առաջիկայում այն բարձրաստիճան պաշտոնյայի անունը, ով, ըստ Մինասյանների, հովանավորում էր իրենց, եւ նաեւ կխոսեմ այն համատեղ հայաստանյան եւ արտասահմանյան բիզնեսների մասին, որոնցում կա ե՛ւ Մինասյանը, ե՛ւ այդ բարձրաստիճան պաշտոնյան, ով, ըստ մամուլի տեղեկությունների, շուտով ստանալու է նոր եւ շատ ավելի բարձր պաշտոն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց սփյուռքահայ գործարար Մանուկ Շխրտմյանը:

«Կհրապարակեմ այն բարձրաստիճան պաշտոնյայի անունը, ով օգնել է յուրացնել իմ գումարները»

Սփյուռքահայ գործարարից 830 000 ԱՄՆ դոլար են «քցել»

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամ, Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմյանը, ով 2008 թ.-ից մշտական բնակություն է հաստատել Երեւանում, արդեն շուրջ 7 տարի է՝ պայքարում է՝ փորձելով հետ բերել 830 000 ԱՄՆ դոլարի հասնող գումարը, որը, ըստ Շխրտմյանի, յուրացվել է իր նախկին գործընկերների կողմից, ովքեր գումարը ստանալուց անմիջապես հետո գնացել են արհեստական սնանկացման: – Պարոն Շխրտմյան, ինչպե՞ս եղավ, որ նման մեծ գումարը Ձեզ մինչեւ այսօր այդպես էլ չի վերադարձվել: – Այս պատմությունն իսկապես աչքի է ընկնում իր տհաճությամբ եւ մարդկային ու իրավական հնարավոր բոլոր նորմերի խախտմամբ: Ես 1988 թ.-ից մինչեւ այսօր օրգանապես կապված եմ մեր երկրի հետ, երկրաշարժի օրերից մինչեւ այսօր իմ ուժերի ներածի չափով փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի թե՛ ինքս ներդրումներ անեմ մեր երկրում, թե՛ հնարավոր օգնություններ ուղարկեմ եւ թիրախային խմբերին օգտակար լինեմ եւ թե՛ դրսի իմ արտասահմանյան գործընկերներին միշտ համոզել եմ մեր երկրում ներդրումներ անել՝ չնայած առկա բարդույթներին, թե Հայաստանում սփյուռքահայ գործարարներին «քցում են»: Ինչպես ասում են, ցավ ի սիրտ, այդ ուղտը մի օր իմ դռանն էլ չոքեց: Հիմա բուն պատմության մասին: 2011 թ.-ին Հրաչյա Քոչար 23 հասցեում ես մեծ խանութ ունեի, որտեղ զբաղված էի Մեծ Բրիտանիայից ներկրված ներկերի եւ այլ շինտեխնիկայի առքուվաճառքով: «Յունի Թելլ» ընկերության այդ ժամանակվա տնօրեն Վարդան Մինասյանը առաջարկեց ինձնից գնել խանութի տարածքը, որի համար պետք է վճարեր 340 000 ԱՄՆ դոլար: Վաճառքը կայացավ, եւ, ըստ մեր ունեցած պայմանավորվածության, գումարի կեսը ստացա անմիջապես, իսկ մյուս կեսը պետք է ստանայի երկու տարի հետո, որը, բնականաբար, ոչ միայն չստացա, այլ նաեւ այդ գումարին ավելացան շատ ավելի մեծ գումարներ: Դրանից հետո Վարդանն ու իր հայրը՝ Արթուր Մինասյանը, ով, ի դեպ, արդեն մոտ երկու տարի է՝ մահացել է, ինձ համոզեցին Բաղրամյան փողոցի վրա իմ կողմից կառուցված նորակառույցի առաջին հարկի տարածքն իմ երաշխավորությամբ ֆինանսական ընկերություններից մեկում գրավ դնել եւ դրա դիմաց 290 000 ԱՄՆ դոլար գումար վարկ վերցնել եւ վերանորոգել նախկին «Հայբիզնես» հյուրանոցը: Ես այստեղ ուզում եմ շեշտել, որ այդ քայլին գնացի զուտ ընկերական զգացողություններից ելնելով եւ վստահելով իմ գործընկերներին: Քանի որ հյուրանոցի վերանորոգման համար, ըստ իրենց, գումարը չէր հերիքում, ինձնից խնդրեցին, որպեսզի ես իմ տունն էլ դնեմ իբրեւ գրավ, որի դիմաց իրենք ստացան 230 000 ԱՄՆ դոլար: Ավելացնեմ, որ այդ ընթացքում ես նաեւ իրենց տվեցի իմ խնայողությունները, եւ, այսպիսով, հայր եւ որդի Մինասյանները ինձ պարտք մնացին 830 000 ԱՄՆ դոլար, որից ոչ մեկ սենթ անգամ ես մինչեւ այսօր չեմ ստացել: Բոլոր գործարքների փաստաթղթերը կան, սակայն Արթուր Մինասյանը մահանալուց առաջ ամբողջ պարտավորությունները գրավոր վերցրել էր իր վրա՝ որդուն փորձելով ձերբազատել հետագա խնդիրներից: Բայց այս բոլոր գործարքները կատարվել է որդու ընկերությունների միջոցով՝ «Յունի Թելլ», «Արմենիան Հոսփիթալիթի Հոլդինգ» եւ այլն… – Իրավապահներին դիմե՞լ եք: – Այո՛, փորձել եմ: Դիմել եմ դատախազություն, վերջիններս էլ գործը վերահասցեագրել են Կենտրոնի ոստիկանությանը: Հիմա շուրջ երկու շաբաթ է՝ սպասում եմ տեղեկատվության: Մտահոգությունս այն է, որ Մինասյանները մշտապես պարծեցել են, որ ունեն ընկերական եւ բիզնես հարաբերություններ պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, որոնց հովանավորությունն էլ վայելում են: Ես, բնականաբար, կհրապարակեմ առաջիկայում այն բարձրաստիճան պաշտոնյայի անունը, ով, ըստ Մինասյանների, հովանավորում էր իրենց, եւ նաեւ կխոսեմ այն համատեղ հայաստանյան եւ արտասահմանյան բիզնեսների մասին, որոնցում կա ե՛ւ Մինասյանը, ե՛ւ այդ բարձրաստիճան պաշտոնյան, ով, ըստ մամուլի տեղեկությունների, շուտով ստանալու է նոր եւ շատ ավելի բարձր պաշտոն: Հիմա հարցը շատ հստակ է: Ես իմ ամբողջ կյանքում ոչ մեկից ոչ մեկ փեննի չեմ վերցրել: Այո՛, սխալվել եւ հավատացել եմ Մինասյան ընտանիքին, սակայն չեմ պատրաստվում թույլ տալ, որ իմ քրտինքով վաստակած գումարները նրանք վայելեն: Այս խնդիրը, խոստանում եմ, շատ ջուր է քաշելու, եւ, բնականաբար, օգտագործելու եմ իմ ունեցած բոլոր հնարավորությունները՝ հարցին մեծ հնչեղություն տալու համար: – Պարոն Շխրտմյան, Դուք նաեւ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ եք, արդյոք հարցը կհնչեցվի՞ նաեւ քաղաքական հարթությունում: – Տեսե՛ք, մինչեւ օրս ես փորձել եմ կուսակցությանը հեռու պահել նման խնդիրներից, սակայն հարցն իսկապես պետք է դիտարկել Հայրենիք-Սփյուռք փոխադարձ վստահության պայմանների ներքո: Բնականաբար, ես չեմ ասում, որ ինձ «քցելու» մեջ մեղավոր է պետությունը: Ո՛չ, մեղավոր են անհատները: Սակայն արդարադատությունը իրականացվում եւ իրականացվելու է պետական մարմինների կողմից: Երբ որ դու՝ իբրեւ սփյուռքահայ, հավատալով Հայրենիքի տարբեր պաշտոնյաների կոչին, գալիս ես Հայաստան, տեղափոխում այստեղ ամեն ինչ, ինչ որ արտասահմանում ձեռք ես բերել տարիների աշխատանքի արդյունքում, բնական է, որ նաեւ ունես պաշտպանության եւ գույքի անձեռնմխելիության կարիք: Այս տարիների ընթացքում ես լռելյայն, առանց ավելորդ գովազդի միլիոնավոր դոլարների օգնություն եմ բերել Հայաստան: Սրա մասին չեմ խոսել, պարտքս եմ համարել, սակայն, թերեւս, այս զոռբայության պայմաններում պետք է նաեւ մի քիչ անհամեստ լինել: Երկրաշարժի տարիներին «Օգնի՛ր Հայաստան» հիմնադրամին Մանչեսթրից տոննաներով օգնություն եմ ուղարկել, Արցախյան ազատամարտին հսկայական քանակությամբ դեղորայք, ուտելիք, զինվորական շարժական փռեր եմ ուղարկել, դրանից հետո այստեղի զանազան կազմակերպություններին, հիվանդանոցներին, դպրոցներին, մանկապարտեզներին մեծ քանակությամբ օգնություններ եմ հատկացրել: Այս ամենը վկայող բոլոր թղթերը գտնվում են իմ արխիվում, որի մասին, անկեղծ ասած, չէի էլ մտածում, որ պետք կունենամ բարձրաձայնել: Իմ ակնկալիքը մեկն է՝ արդարադատություն: Չի կարելի մարդուց գումար կորզել, հետո սնանկացած հայտարարել եւ այս կերպ հարցը փակել:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Առավոտ»

http://www.aravot.am/2018/02/24/938896/

© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here