ԶՐՈՅՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅԿՈՊ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿՈՒՈՂ ՀԱՄՇԷՆԱՀԱՅ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

0
177

«Համշէնի Լիզուն Գոյսըւող Չա»

Զրուցեց՝ ԱՐՄԻՆԷ ՍԱՆՈՍԵԱՆ

Պատմաբան

«Քոնի համշէնցին գայ, Համշէնի լիզուն գոյսըւիլ չի: Քոնի դըհայ լիզուն գայ, համշէնցին գաբռի…», այս մասին մեզ հետ զրոյցում փաստեցին Մայկոպում բնակուող համշէնցիները:

Վերջին շրջանում յատկապէս շատ է կարեւորւում լեզուի դերը՝ իբրեւ ինքնութեան, ազգային գիտակցութեան, մշակութային տարրերի պահպանման հիմնական գործօնի:

ԵՈՒՆԵՍԿՕի «Աշխարհի վտանգուած լեզուների ինտերակտիւ ատլաս»ը փաստագրում է մահացած կամ վտանգուած լեզուները՝ 1950թ.ից ի վեր: Արուած ուսումնասիրութիւնների արդիւնքում հրապարակուած եւ աւելի ուշ՝ ՄԱԿի կողմից թարմացուած քարտէզում, բացայայտ վտանգուած լեզուների շարքում է նաեւ արեւմտահայերէնը եւ նրա «կը» ճիւղին պատկանող, հնագոյն եւ ինքնատիպ Համշէնի բարբառը՝ համշեցնակը, որը ներկայացուած է որպէս առանձին լեզու՝ համալրելով վերացող լեզուների շարքը:

Լեզուի պահպանմանն ուղղուած հարցերի շուրջ ցանկացանք զրուցել համշէնահայ մեր հայրենակիցների հետ:

Ուղեւորութիւնը դէպի Ռուսաստան էր՝ Ադիգէայի կենտրոն Մայկոպ քաղաքը, որտեղ համշէնցիները բնակւում են հոծ խմբերով:

Մեր հետաքրքրութեան գլխաւոր թեման լեզուի պահպանման ու սերունդներին փոխանցման խնդիրն էր, ինչպէս նաեւ՝ ակունքների իմացութեան հարցը. ով որտեղից, երբ է եկել, հաստատուել այս շրջանում, կապը միմեանց եւ այլ տարածքներում բնակուող համշէնցիների հետ, մշակութային առանձնայատկութիւնների պահպանման գործում արուող քայլերն ու ինքնութեանն առնչուող հարցերը:

 

Համշէնցիները Մայկոպում

 

Կրասնոդարի (նախկինում՝ Եկատերինոդար) երկրամասում համշէնահայերը հաստատուել են 19րդ դարի վերջին եւ 20րդ դարի սկզբներին՝ Տրապիզոն քաղաքի շրջակայքերից, թուրքական Սեւ ծովի ափին գտնուող Օրդու, Սամսոն (Ջանիկ) քաղաքներից:

Քրիստոնեայ համշէնահայերը Ռուսաստանի կողմից ցանկալի բնակիչներ էին, քանի որ հաստատուելով սեւծովեան մերձափնեայ շրջաններում՝ մեծապէս շէնացնում էին այդ տարածքները, ինչպէս նաեւ՝ դրանով լուծւում էր այդ շրջանները բնակեցնելու խնդիրը:

Կուբանի, Բելորեչենսկի, Ապշերոնի շրջաններում եւ Մայկոպի արուարձաններում հիմնելով փո-քր բնակավայրեր՝ համշէնցիները զբաղւում էին հիմնականում անասնապահութեամբ, գիւղատնտեսութեամբ եւ, ըստ տարածաշրջանի աւանդոյթի, ծխախոտի աճեցմամբ:

Սեւ ծովի ռուսական ափերին ընկած տարածքները բնակլիմայական պայմաններով շատ նման էին Պոնտական ափին: Ուստի, ծանօթ լինելով ճահճային կլիմային, համշէնահայերին հեշտութեամբ է յաջողւում այստեղ զարգացնել ծխախոտագործութիւնը:

Համշէնցիները մեծ թիւ են կազմում Կրասնոդարի երկրամասում, Ադիգէայում եւ Աբխազիայում: Նրանց ընդհանուր թիւը կազմում է աւելի քան 200,000 մարդ: Համշէնահայերի հիմնական մասը՝ թուով 150,000 մարդ, ապրում են Կրասնոդարի երկրամասում: Ադիգէայի Ինքնավար Հանրապետութեան Մայկոպի շրջանում ներկայում ապրում են մօտ 10,000 հայեր:

Մայկոպում բնակուող համշէնցիները հայկական համայնքի հնագոյն շերտն են, ովքեր սերտօրէն կապուած են միմեանց, պահպանում են իրենց լեզուն՝ Համշէնի բարբառը, համշէնական ինքնատիպ մշակոյթին բնորոշ տարրերը:

«Ես ինքս ազգասէր եմ եւ հայրենասէր», մեզ հետ զրոյցում նշում է Մայկոպում բնակուող համշէնահայ Եղիշէ Թահմազեանը, «եւ իմ ազգասիրութիւնն ինձ ստիպում է նաեւ հումանիստ լինել ու յարգել միւս բոլոր ազգերին: Մենք, օրինակ, ապրելով ադիգէյների (ինքնանուանում՝ ադըղէ) մէջ, պահպանում ենք մեր լեզուն, կրօնն ու սովորոյթները, միեւնոյն ժամանակ՝ յարգելով նրանց կրօնն ու ազգային աւանդոյթները:

 

Ակունքների Մասին Յիշողութիւնները, Գաղթի Ճանապարհի, Ռուսաստանում Հաստատուելու Մասին Պատմութիւնները

 

«Մեծերից յետոյ դժուար է ամէնը պահպանել, եթէ գրառուած չի եղել», փաստում են մայկոպաբնակ համշէնցիները:

Մեր զրուցակից Եղիշէ Թահմազեանը, դեռ տատիկի՝ Սրբուհու պատմածներից շատ լաւ յիշում էր իր գերդաստանի պատմութիւնը ակունքներից: Պատմեց, թէ ինչպէս էին տատն ու պապը 1800ականների վերջերին դէպի Ռուսաստան գաղթել՝ Կրասնոդարի երկրամասի Լոօ ծովափնեայ գիւղ, իսկ հայրն արդէն ծնուել էր այնտեղ: Ակունքներով՝ Տրապիզոնի նահանգի Ունիէ գաւառից են:

«Մոմս ըմըն ինչ գասէր, ըմըն պոն կիդէր», մեզ հետ զրուցում էր, ինչպէս ինքն է ասում, «Համշէնի հայգագան բարբառի Ջանիկի խօսուածքով», ինչպէս նաեւ գրական հայերէնով:

«Մեզ հետ բազմաթիւ համշէնահայ ընտանիքներ են գաղթել: Որը ցամաքով է հասել Բաթումի կողմերը, որը նաւ է վարձել… եկել, հասել են Ռուսաստան, Աբխազիա: Գալով հաստատուել են Լոօ, Սոչի, Մայկոպ՝ Կրասնոդարի, այն ժամանակուայ Եկատերինոդարի երկրամասում, Աբխազիայում… Սկզբում բոլոր ընտանիքներն էլ եկել են ծովափ, յետոյ սփռուել են ամբողջ ափով: Այստեղ նրանց անտառներ էին տալիս եւ նրանք, ինչպէս Թուրքիայում, զբաղւում էին հողագործութեամբ, այգեգործութեամբ»:

Ռուսաստանում եւ Միջին Ասիայում կան նաեւ մահմեդական համշէնահայեր, որոնց ընդհանուր թիւը հասնում է մօտ 3000ից 4000ի: Նրանք պահպանել են մայրենի բարբառը, համշէնական ծէսերն ու աւանդոյթները:

 

Որքանով Է Նոր Սերունդը Պահպանել Լեզուն

 

Մեր զրոյցին միացաւ նաեւ համշէնահայ Սարգիս Զէյթունեանը, ով պատմեց գաղթի իր պատմութիւնը: 19րդ դարի վերջերին, պապի ընտանիքը եկել է նաւով՝ Տրապիզոնի նահանգի Աքչէաբադի գաւառակի Առղալիա գիւղից: Սկզբում հաստատուել են Նիժնի Լոօ գիւղում, իսկ 1979ին տեղափոխուել են Մայկոպ:

«Այն ժամանակ, երբ տատս, հայրս, մայրս ողջ էին, մենք մեր տանը մեր բարբառով էինք խօսում, իսկ հիմա մեր երեխաները ռուսական դպրոց, համալսարան են յաճախում, եւ նրանց համար հիմնական շփման լեզուն, ցաւօք, ռուսերէնն է», պատմում է Սերգէյ Զէյթունեանը, ով մեզ հետ խօսում էր բացառապէս Համշէնի բարբառով՝ միայն տեղ-տեղ ռուսերէն գործածելով:

«Միր դըղաքը հասգընանգու, ամա բադասխանը ռուսերէն գուդան, շադը ռուսերէն խօսինգու…», ասում է նա, շեշտելով մի կարեւոր հանգամանք եւս, որ լեզուի պահպանման հիմնական օջախը եղել եւ մնում է գիւղը, իսկ քաղաքներում այն աստիճանաբար իր տեղը զիջում է ռուսերէնին:

Մեզ հետ զրոյցում մէկ այլ համշէնահայ՝ Արտաւազդ Օգանեսեանը, յիշում էր, թէ ինչպէս էին իր նախնիները գաղթել Տրապիզոնի նահանգի Աքչէաբադի գաւառակի Մալայ գիւղից, որտեղի բարբառը չէր մոռացուել, եւ որով խօսում էր իր հարեւանների հետ մինչեւ օրս:

Համշէնի բարբառով էր զրուցում նաեւ Թամարա Գագռիմանեանը՝ պատմելով տատիկից լսածները, «ջարդէն առաջ» Տրապիզոնից գաղթելու եւ Մայկոպում հաստատուելու մասին, բայց պատմութեան շատ մանրամասներ ջնջուել էին յիշողութիւնից:

«Ես բիջիգ վախտըս գաբրէի Ադիգէա, որդեղ կազակներ գաբրէին ու համշէնցիներ: Տուսը կազակնիյուն լիզուն խօսէինքգու, դոնը մէկ մէզի՝ հայերէն, միր Համշէնի լիզուն», պատմում է նա՝ շեշտելով, որ տան մէջ, մտերիմների շրջանում միտումնաւոր խօսելով բացառապէս մայրենի բարբառով, այն կարելի է փրկել մոռացութիւնից:

Լեզուի պահպանման հարցում համշէնցիները, ընդհանուր առմամբ, լաւատես էին, հիմնուելով այն փաստի վրայ, որ Համշէնի բարբառն իր խօսուածքներով գոյատեւել է եւ հիմա էլ չի կորչի՝ մատնանշելով Թուրքիայում, Արդուինի նահանգում բնակուող իրենց հայրենակիցներին:

«Հիմի Տաջկաստանին մէջը (Թուրքիա), մահմեդական հայերը (համշէնահայերը) բիթուն հայերէն խօսինգու, լիզուն բայաձ են ընէր. մնինէյը Համշէնի լաֆով գասին: Մէկ իրար հեդ խօսինքանա, իրար հասգընանքգու, իրարու հեդ գաբը ըլլիանայ, լիզունա մընագու…»:

Որպէս լեզուի պահպանման, ինչպէս նաեւ փոխանցման կարեւորագոյն միջոց են Համշէնի մնիները:

Ռուսաստանում, հիւսիսային համշէնցիների մօտ, մնիները գրառւում են հիմնականում ռուսերէն տառադարձումով՝ Համշէնի բարբառով, նոյնը ինչպէս Թուրքիայի տարածքում, արեւելեան՝ Արդուինի շրջանում ապրող համշէնցիների մօտ, Համշէնի բարբառով՝ թուրքերէն տառադարձումով:

Համշէնի մնիներն այսօր էլ հնչում են համշէնական հաւաքոյթներին, հարսանիքներին:

 

Համշէնցիների Կապը Միմեանց Հետ

 

Համշէնցիները փաստեցին, որ կապը միմեանց հետ շատ սերտ է. ապրում են մէկ ընտանիքի նման՝ միմեանց հոգսերով եւ ուրախութեամբ:

Իսկ հեռւում բնակուող իրենց հայրենակիցների հետ կապը հիմա, առաւել քան երբեւէ, աւելի դիւրին է դարձել՝ սոցցանցերում շփման միջոցով: Այսկերպ հնարաւոր է բարբառի խօսուածքային առանձնայատկութիւնների, եղած տարբերութիւնների մասին տեղեկանալ միմեանց հետ նամակագրութեամբ:

Ինչպէս նշեցին զրուցակիցներս, այս առումով առաւել մեծ է շփուելու ցանկութիւնը Թուրքիայի տարածքում ապրող համշէնահայերի հետ: Թէեւ այստեղ վերագտել էին իրենց երկրորդ հայրենիքը, բայց ակունքների, մայր հողի հանդէպ կարօտն ու հետաքրքրութիւնը մեծ է: Այստեղ էին հաւաքուել տարբեր շրջաններից, եւ դեռ «ով որտեղից էր եկել պատմութիւնները» մնայուն են յիշողութիւնների մէջ:

Զրոյցի ընթացքում ներկայացրինք, որ ինչպէս Հայաստանում հրատարակւում է «Ձայն Համշէնական» ամսաթերթը, Մոսկուայում «Համշէն» ամսագիրը, այնպէս էլ Թուրքիայում ապրող համշէնցիներն արդէն ունեն իրենց հանդէսը՝ «Գոր»ը: Վերջինս լայն տարածում ունի եւ կոչուած է համշէնցիների լեզուի, մշակոյթի, պատմութեանն ուղղուած հարցերի լուսաբանմանը, քննարկմանն ու պահպանմանը: Այս փաստին իմ զրուցակիցներն արձագանգեցին մեծ խանդավառութեամբ՝ ինչպէս սեփական մշակոյթի պահպանմանն ուղղուած մեծ եւ կարեւոր քայլի:

 

«Համշէնի Լիզուն Գոյսըւող Չա»

 

Ազգային ինքնութեան պահպանման եւ գոյատեւման առաջին պատասխանատուն լեզուն է, ուստի մեր հարցադրումներն ուղղուած էին պարզելու, թէ համշէնահայ մեր հայրենակիցները, կապուած բնակութեան վայրից, որքանով են պահպանել լեզուն եւ աւանդոյթները:

Մայրենին, ինչպէս ազգի ձեւաւորման սկզբնափուլում՝ նրան զուգահեռ զարգացող ինքնաարտայայտման միջոց, այնպէս էլ յետագայում, փաստացիօրէն հանդէս է գալիս իբրեւ ազգի գոյատեւման գործօն: Եթէ լեզուն ոչնչացուի, ազգն էլ կ՛ոչնչանայ: Եթէ մէկը չունի իր սեփական լեզուն, ուրեմն՝ ձուլուած է:

«Աստեղոնկ վով հայերէն կիդա, ան Համշէնի լաֆը խօսիգու. մէկ մեզի, միր դըղոցը հեդը միր լիզուն խօսինքգու», փաստում են մեր զրուցակից համշէնցիները:

Համշէնցին արդէն քանի դար պահպանել ու սերունդներին է փոխանցել իր լեզուն՝ տատից թոռ, շուրթից շուրթ:

Լեզուն այսօր էլ կենսունակ է ու ճկուն, համշէնցիները նրանով խօսում են, շփւում միմեանց հետ, մնիներ երգում, հիւսում նոր խաղիկներ եւ պատմութիւններ:

Մայկոպում կատարուած հարցադրումները մէկտեղելով՝ կարող ենք փաստել, որ համշէնցիները հակուած են լեզուի, մշակութային առանձնայատկութիւնների պահպանմանն ու անպայմանօրէն փոխանցմանը սերունդներին՝ ինչպէս նախկինում, նոյնպէս եւ հիմա:

Ասուածը հաստատենք մեր զրու-ցակից, համշէնահայ Եղիշէ Թահմազեանի՝ լեզուի պահպանման գործօնի ուժի մասին փաստող մի պատմութեամբ.

«Մաշտ մը, դըղայ մը, ընու օնունը Սուրէն էր, պանագէն նոր էգաձ էր, հայերէնը մոռցաձ էր: Գըրագը գալբարիճով խառնիլն իքեն, գալբարիճը (կրակխառնիչը) բոչեն քաշաձ ունի, քաշելուն բէս մէգըն միտքը պերուշա հայերէնը, ըմուն ցաւիգու, հայերէնը միտքը գուկայ… Լիզուն մոռցուիլ չի, մոռցուի անա, օր մը ասմուն միտքըդ էգող ա, էդծեւ պոն…», կատակում է նա, բայց ձայնի մէջ վստահութիւն է ու հաւատ, որ «Համշէնի լիզուն գոյսըւող չա»:

 

Akunq.net

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here