«ՀՐԱՊԱՐԱԿ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԻՐԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆԻ ՀԵՏ

0
205

Վարեց՝ ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Թուրքիայի ներխուժումը Սիրիա հայկական մամուլում մեկնաբանւում եւ գնահատւում է ոչ այնքան ահաբեկչութեան դէմ պայքարի համատեքստում, որքան ռուս-թուրքական մերձեցումից յետոյ Թուրքիայի ձեռքերին ազատութիւն տրուելու տեսանկիւնից: Եւ դա պատահական չէ, քանի որ հէնց ռուս-թուրքական մերձեցումից յետոյ միանգամայն նոր իրավիճակ ստեղծուեց Սիրիայում, որն իր ազդեցութիւնն է թողել նոյնիսկ ԱՄՆ գլխաւորած կոալիցիայի գործողութիւնների վրայ: Հետաքրքիր է նաեւ Արեւմուտքի լոյալ (հաւատարիմ-Խմբ.) վերաբերմունքը՝ Աստանայի հարթակում ընթացող Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ քննարկումների նկատմամբ, որոնք, եթէ հետեւենք եռեակի յայտարարութիւններին, միտուած են Սիրիայի խնդրի կարգաւորմանը: Իրանի իսլամական խորհրդարանի հայ պատգամաւոր Կարէն Խանլարեանը, սակայն, կարծում է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Աստանայի հարթակում ոչ այնքան համագործակցում են, որքան հետապնդում են սեփական արտաքին քաղաքական շահերը՝ տարածաշրջանում իրենց ազդեցութեան պահպանման եւ ամրապնդման հեռանկարով: Նրա կարծիքով՝ Սիրիայի խնդրի կարգաւորման հարցերում Իրանի եւ Ռուսաստանի տեսակէտները մեծ հաշուով հակասում են Թուրքիայի տեսակէտներին, սակայն Աստանան տուեալ պահին միակ հարթակն է, որ, դիցուք՝ Ռուսաստանին եւ Իրանին հնարաւորութիւն է տալիս ինչ-որ չափով վերահսկելի պահել Թուրքիայի գործողութիւնները Սիրիայում:

 

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ.- Այսինքն, հակառակ պարագայում, Թուրքիան կարող է աւելի՞ հեռուն գնալ:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Այո: Ռուս-թուրքական հակամարտութիւնն այս տարածաշրջանում դարաւոր պատմութիւն ունի: Այս երկրները միշտ էլ վիճարկել են տարածաշրջանային առաջատարի դերը: Այսօր Սիրիայի թուլանալով՝ թուլանում է նաեւ Ռուսաստանը: Եւ Թուրքիան դա լաւ է հասկանում ու, խաղալով Ռուսաստանի դաշնակցի դերը (չենթարկուելով Ռուսաստանի դէմ միջազգային պատժամիջոցների պահանջներին, գազի եւ զինտեխնիկայի ակտիւ առեւտրային գործարքներ կնքելով), առաջ է տանում իր գործերը Սիրիայում: Բայց Թուրքիան ոչինչ անել չէր կարող, եթէ, ի հեճուկս Իրանի, շարունակեր միանշանակ պաշտպանել Սաուդեան Արաբիա-Իսրայէլ-ԱՄՆ հակաիրանական եռեակի գիծը: Էրդողանը դիմել է խորամանկութեան՝ արհեստական հակասութիւն ձեւաւորելով թուրք-ամերիկեան եւ թուրք-իսրայէլեան յարաբերութիւններում: Նա Իսրայէլը յայտարարում է ահաբեկչական երկիր, միջազգային հարթակներում, ինչպէս դա տեղի ունեցաւ նաեւ վերջերս՝ կապուած Անգլիայում ռուսական հետախուզութեան նախկին աշխատակցի թունաւորման դէպքի հետ, դէմ գնում Արեւմուտքի յայտարարութիւններին: Իրանում, սակայն, սա դիտարկում են որպէս ժամանակաւոր երեւոյթ եւ համարում, որ վաղ թէ ուշ Թուրքիան կրկին յայտնուելու է ամերիկեան արտաքին քաղաքականութեան շրջագծում: Անհերքելի է, որ, ի տարբերութիւն Ռուսաստանի եւ Իրանի, Թուրքիան Սիրիայի նկատմամբ քրդերի դէմ պայքարի անուան տակ հողային պատերազմ է մղում՝ զաւթողական յստակ նկրտումներով: Թուրքիայի նպատակը Սիրիայի տարածքային ամբողջականութեան փլուզումն է: Քրդական հարցերում ոչ պակաս զգայուն Իրանը, որքան էլ շահագրգիռ լինի Սիրիայի ամբողջականութեան պահպանման հարցում, չի կարող այս պահին կտրուկ առճակատման գնալ Թուրքիայի հետ վերջինիս զօրքերի՝ Աֆրին ներխուժելու պատճառով: Թուրքիայի այդ քայլն իր հերթին հարուած է նաեւ Սաուդեան Արաբիային, որ նոյնպէս փորձում է ակտիւ դերակատարութիւն ունենալ Մերձաւոր Արեւելքում, ինչը չի համապատասխանում Իրանի ծրագրերին:

 

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ.- Իսկ ի՞նչ հանգուցալուծում կ՛ունենայ այս բարդ իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ Իրանն էլ աւելի է փորձում սիրաշահել Թուրքիային՝ օգտագործելով Ադրբեջանի հետ իր յարաբերութիւնները՝ առաջարկելով նորանոր կոմունիկացիոն (հաղորդակցութեան-Խմբ.) ծրագրեր:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Դժուար է ասել, թէ ինչ վերջաբան կ՛ունենայ Սիրիայի կարգաւորման գործընթացը կամ, որ աւելի ճիշդ է ասել՝ սիրիական պատերազմը: Այստեղ կայ քաղաքական լրջագոյն խնդիրների բախում: Կողմերից իւրաքանչիւրը փորձում է պարտուած չհեռանալ, թէեւ բոլորն էլ բարոյական պարտութիւն արդէն իսկ կրել են այդ պատերազմում: Նկատի ունեմ այն տառապանքները, որ պատճառուել են Սիրիայի ժողովրդին, եւ այն անվերականգնելի կորուստները, որ հասցուել են այդ երկրի յիրաւի ծաղկուն քաղաքներին ու տնտեսութեանը: Սակայն անխուսափելիօրէն գալու է օրը, եւ այս հակամարտութեան ակտիւ կողմերը կրկին վերադասաւորուելու են իրենց աշխարհաքաղաքական ալեանսներում (դաշինքներ-Խմբ.), որովհետեւ նրանց փոխյարաբերութիւնները, վերջին հաշուով, գլոբալ աշխարհաքաղաքական բեւեռներով են պայմանաւորուած: Իսկ ինչ վերաբերում է այս փուլում Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում նկատուող տնտեսական աշխուժութեանը՝ կապուած տարանցիկ ճանապարհների հետ, կարող եմ ասել, որ դա Իրանի համար գերխնդիր չէ եւ որեւէ կերպ չի անդրադառնայ Հայաստանի հետ Իրանի յարաբերութիւններին: Իրան-Ադրբեջան տնտեսական ծրագրերը, որքան էլ Բաքուից դրանք ներկայացնեն որպէս Հայաստանի շրջափակման կամ մեկուսացման ծրագրեր, միեւնոյն է, ժամանակի որոշակի կտրուածքում, երբ տարածաշրջանում յստակեցուեն ուժերի փոխյարաբերութիւնները, այդ ծրագրերը կ՛ենթարկուեն որոշակի սրբագրումների՝ քաղաքական հիմնական օրակարգերի ազդեցութեան տակ:

 

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ.- Պարոն Խանլարեան, համաշխարհային մամուլն էլ գրում է, որ այսօր Սիրիայում Թուրքիան դարձել է հիմնական խաղացող՝ մինչեւ այն աստիճան, որ նոյնիսկ ՄԱԿը չի պահանջում թուրքական օկուպացիոն (գրաւող-Խմբ.) զօրքերը դուրս բերել Սիրիայի տարածքից: Կարելի՞ է պնդել, որ Սիրիայի խնդրի կարգաւորման գործընթացում Թուրքիայի ինքնագլուխ պահուածքը բխում է ԱՄՆ եւ միջազգային կոալիցիայի շահերից:

ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆ.- Ես կ՛ասէի՝ Թուրքիայի պահուածքն առնուազն չի շօշափում Արեւմուտքի շահերը Մերձաւոր Արեւելքում: Բանն այն է, որ ԱՄՆն եւ կոալիցիան ձգտում են Սիրիայում նոր իշխանութիւն ձեւաւորել եւ առաւել կառավարելի ընդդիմութիւն: Արեւմուտքը եւս հանդէս է գալիս Սիրիայի միասնականութեան օգտին, սակայն ո՛չ Ասադի ուժեղ եւ միանձնեայ իշխանութեան պայմաններում: Համաձայն չեմ այն պնդումների հետ, թէ Թուրքիան հիմնական խաղացող է դարձել Սիրիայում: Ռուսաստանը եւ ԱՄՆն աւելի մեծ ուժեր ունեն Սիրիայում եւ աւելի հզօր զինտեխնիկա (ռազմական սարքեր-Խմբ.), սակայն այդ երկրները, նրանց հետ՝ նաեւ Իրանը, ի տարբերութիւն Թուրքիայի, որ հակաահաբեկչական պայքարի անուան տակ բացայայտ զաւթողական պատերազմ է սկսել, աւելի շատ հակուած են Սիրիայի խնդրի քաղաքական կարգաւորմանը եւ այդ երկրի միասնականութեան պահպանմանը եւ դրանով իսկ առաւել ծանրակշիռ դերակատարութիւն ունեն, քան Թուրքիան: Վերջինս ստիպուած կը լինի վաղ թէ ուշ դուրս գալ ոչ միայն Իրաքից, որտեղ եւ տարածքից: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕի անդամ երկիր է, եւ նրա պահուածքն անհասկանալի է նաեւ այդ համատեքստում: Հիւսիսատլանտեան դաշինքի համար անթոյլատրելի են նմանատիպ գործողութիւնները: Եւ սա նոյնպէս հանգամանք է, որ յուշում է Թուրքիայի ակտիւութեան (աշխուժութեան-Խմբ.) ժամանակաւոր լինելը:

Սիրիայում Թուրքիայի գործողութիւնները յղի են վտանգներով հէնց Անկարայի համար: Սա ինձ յիշեցնում է Իրաքի ներխուժումը Քուէյթ՝ 1990-1991 թուականներին, որ յայտնի է նաեւ «Ծոցի առաջին ճգնաժամ» անուամբ: Այն աւարտուեց միջազգային ուժերի ներգրաւմամբ ու Իրաքի պարտութեամբ: Դա Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ առաջին խոշոր ռազմական բախումն է՝ օդային ուժերի եւ գերճշգրիտ զէնքի աննախադէպ օգտագործմամբ, ինչը, շատ մասնագէտների կարծիքով, վկայել է նաեւ ռազմական արուեստում նոր դարաշրջանի բացման մասին: Եւս մի յատկանշական բան՝ իրաք-քուէյթեան հակամարտութիւնը լայնօրէն լուսաբանւում էր մամուլում եւ հեռուստատեսութեամբ: Նոյն բանը նկատւում է նաեւ հիմա՝ կապուած թուրքական «Ձիթենու ճիւղ» գործողութեան հետ: Անկարան հասկանում է դա եւ կը փորձի առաւել զգոյշ մանեւրել ինչպէս Արեւմուտքի, այնպէս էլ իր հզօր հարեւանների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւններում:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here