Նիկոլ Փաշինյան՝ մեկ անձ – երկու կերպար. ռուս վերլուծաբանի անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին

0
67

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» (Fondsk.ru) էլեկտրոնային պարբերականի վերլուծաբան Արինա Ցուկաևան հոդվածով անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ.

«Հայաստանի համար հեղափոխական այս օրերին ավելի հաճախ է հնչում «Ինչ կա ՆԻկոլ Փաշինյանի ուսապարկում, որի հետ նա երբեք չի բաժանվում» հարցը:

«Ասում են՝ այնտեղ կատու է» – հեգնում են այն հայերը, ովքեր չեն աջակցում “թավշյա հեղափոխության” ճառասացի թեկնածությունն այլընտրանք չունեցող “ժողովրդական վարչապետի”  պաշտոնի համար:

Իսկապես, պարկի մեջ կատվի հետ ասոցիացիան ինքնըստինքյան է առաջանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ հակասական կերպար է: Ոչ շատ վաղուց նա հագնված էր “լոնդոնյան դենդիի” պես` մաքուր սափրված դեմք, նոր կոստյում և թարմ վերնաշապիկ, նորաձև փողկապ: Այն մարդը, ով այսօր գլխավորում է ցույցերը Հայաստանում, բոլորովին այլ տեսք ունի` մորուք, բեյսբոլի գլխարկ, զինվորական վերնաշապիկ, մեջքին մշտապես ուսապարկ, և նմանապես մշտական կապված ձեռքը (ըստ առասպելից մեկի՝ ձեռքի վերքի պատճառը ոստիկանության հետ բախման ժամանակ արձակված լուսաձայնային նռնակն է, ըստ մեկ այլի` Փաշինյանը փշալարի միջով փորձում էր ներխուժել Ազգային Ժողովի շենք):

Այնպիսի տպավորություն է, որ սրանք բոլորովին տարբեր Նիկոլներ են, որոնցից մեկը (կոստյումով և փողկապովը) հայտարարում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է “ոչ կամավոր, այլ ստիպված” և խորհրդարանական “Ելք”
խմբակցության նպատակն է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, ինչն անհնարին է ԵԱՏՄ կազմում: “Ելք”-ը, որը 2017թ. Նիկոլ Փաշինյանին նստեցրեց խորհրդարանական աթոռին, ի դեպ, միշտ կողմ է եղել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն: «ԵԱՏՄ-ին անդամակցելու և դրա շուրջ ընթացող գործընթացների համատեքստում լուրջ հարված է հասցվել Հայաստանի ինքնիշխանությանը, և այդ գործընթացները կշարունակվեն, դառնալով «X» պահից սկսած մեզ համար անվերահսկելի, եթե արդեն չեն դարձել», – պնդում էր փողկապով և  թարմ վերնաշապիկով Նիկոլը:

Ներկայիս «թավշյա» Փաշինյանը` ուսապարկով և բեյսբոլի գլխարկով, այլ կերպ սկսեց խոսել: «Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նման կազմակերպություններից դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն
հանրաքվեով: Բայց ես արդեն ասել եմ, որ մենք չենք պատրաստվում որևէ աշխարհաքաղաքական կտրուկ քայլեր անել: Ինչպես ես ասացի, մենք պատրաստվում ենք անել միայն այնպիսի քայլեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից», – ասեց նա 2018 թվականի ապրիլի 24-ին օտարերկրյա լրագրողների համար մամուլի ասուլիսի ժամանակ:

Երեկվա Փաշինյանը մեղադրում էր Ռուսաստանին «մեր ինքնիշխանությունը հատիկ-հատիկ վերցնելու» մեջ, իսկ հայ-ռուսական հարաբերություններն անվանում «ոչ
գործընկերային»: Սակայն այսօրվա Նիկոլը շատ ավելի թավշյա կեցվածք ունի:
«Կասկած չկա, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են: Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ
չկան: Սակայն մեր նպատակը ոչ թե այդ խնդիրները քննադատելն է, այլ բանակցությունների և երկխոսության միջոցով դրանք լուծելը: Վստահ եմ, որ Ռուսաստանի հետ այդ երկխոսությունը կստացվի»:

Առանց մորուքի Փաշինյանը  պնդում էր, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը «հակակշիռ է, որը պաշտպանում է Հայաստանի
ինքնիշխանությունը»: Մորուքով Փաշինյանը բազմավեկտոր է, նրա համար հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, ԵՄ և ԱՄՆ հետ համարժեք են, «Մենք ելնում ենք Հայաստանի ազգային շահերից, իսկ դա նշանակում է, որ մենք շատ ենք արժևորում հայ-իրանական հարաբերությունները, բարձր ենք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, գնահատում ենք փոխհարաբերությունները Հայաստանի և ԵՄ միջև, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունները, հայ-վրացական հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում զարգացնել որևէ երկրի հետ մեր հարաբերությունները այլ երկրների հետ հարաբերությունների վատթարացման հաշվին: Սա շատ կարևոր է»:

Դժվար է հասկանալ, թե որ Նիկոլ Փաշինյանն է իրականը:  Թվում է, թե խորաթափանց և համոզիչ է խոսում ուսապարկով մորուքավոր մարդը, բայց ինչ-որ բան խանգարում է հավատալ նրան, որ նա լքել է նախկին իր կերպարը` սափրված քաղաքական գործչին, ով բոլորովին այլ կերպ էր խոսում:

Ստացվում է, որ նրանք, ովքեր կատակում էին, որ Փաշինյանի մեջքին ուսապարկ չէ, այլ պարկի մեջ կատու, ճիշտ էին:

Այսօր էլ նա հակասական է, մեկ պնդում է բացառապես խաղաղ ցույցեր անցկացնելու վրա, ապա հանկարծ սպառնում կառավարական շենքերի բռնագրավմամբ, եթե խորհրդարանի կողմից «ժողովրդի վարչապետի» (հենց իր) աջակցության պայմանը չկատարվի: Նիկոլ Փաշինյանը մեկ կոչ է անում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա, առանց դրանց սպասելու, ասում է, որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի՝ «միանշանակ եւ անվերապահորեն ճանաչելով ժողովրդական, ոչ-բռնի, «թավշյա» հեղափոխության հաղթանակը»:

Հայաստանում բողոքի ցույցերը շարունակվում են՝ այժմ արդեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի, ինչպես նաև քաղաքապետարանի ղեկավարի արտահերթ ընտրությունների, Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հեռացման և “ժողովրդական վարչապետի” հաստատման պահանջներով: Այս պահանջները թարմացվում են ամեն օր, որովհետև, օրինակ, Երևանում՝ ավագանու իշխանափոխության մասին «Ելք»-ը սկսեց խոսել ապրիլի 26-ին: «Երևանը ընթացող իշխանափոխության լոկոմոտիվն է», – ասված է «Ելք»-ի հայտարարության մեջ: Արդեն իսկ պարզ է, որ վաղը նոր անուններ կհնչեն, ովքեր, ընդդիմության կարծիքով, պետք է հեռանան, մյուս օրը նոր ցանկ կհայտնվի…

Սերժ Սարգսյանի հրաժարականով մեկնարկել է մի գործընթաց, որն ընդդիմադիրներն անվանում են թավշյա հեղափոխություն. իրենց խնդիրն է փոխել երկրում ամբողջ իշխանությունը, փոխել հենց իրենցով՝ անգամ հասարակության կողմից ոչ բավարար աջակցության պայմաններում: Փողոցում ամբոխը, որքան էլ որ բազմաթիվ այն լինի, չի կարող ընտրություն համարվել:
Իսկ ընդդիմությունը վախենում է առանց ՙժողովրդի թեկնածուի՚ վարչապետության, այնուհետև ժողովրդի կառավարության՚ ամուր երաշխիքների ընտրություններից, եթե անգամ դրանք արտահերթ և արտաժամյա անցկացվեն, ուստի և չի ցանկանում այն. փողոցում ցնծող մարդիկ, որոնց թվում են ուսանողները և երեխաները, մի բան է, հասուն ընտրողները՝ լիովին այլ:

Այդ իսկ պատճառով ոչ Փաշինյանը ոչ մի կերպ չի ցանկանում Հայաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված երկար գործընթաց. եթե նա օրերս վարչապետ չընտրվի (ՙԵլք՚ խմբակցությունն արդեն իսկ պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը), ընտրությունների անհրաժեշտ կլինի սպասել առնվազն մինչև
հուլիս: Երկուսից ավելի ամսվա ընթացքում հեղափոխական կրքերը կմարեն, ՙգավրոշները՚ չեն մասնակցելու ընտրություններին, ուսանողները գնալու են արձակուրդի, երիտասարդությանը ընտրատեղամասեր մոբիլիզացնելն շատ ավելի բարդ է, քան ուրախ հեղափոխության կանչելը: Հայաստանում իշխանությունը ընտրությունների միջոցով զավթելը չի ստացվի, ուստի Փաշինյանին և նրա
(դեռևս) անհայտ կուրատորներին անհրաժեշտ է հեղափոխական ալիքը հիմա
օգտագործել:

Առավել ևս, որ առկա են հաջողության նախապայմանները. իշխանությունը կազմաքանդվում է, ՙՙդաշնակները՚՚ (Հայ հեղափոխական դաշնակցություն ֆեդերացիան, որն Ազգային Ժողովում յոթ տեղ ունի) դուրս են եկել իշխող
կոալիցիայից: ՙՙԲարեբախտաբար, մինչ օրս հնարավոր էր խուսափել իրավիճակի վատագույն հանգուցալուծումից: ՀՅԴ այս ողջ ընթացքում հետևողական ջանքեր էր գործադրում երկխոսության միջոցով երկրի և ժողովրդի շահերի համար ընդունելի և խելամիտ լուծում փնտրելու ուղղությամբ: Սակայն այդպես չի կարող շարունակվել, կարող են ի հայտ գալ լուրջ մարտահրավերներ՚՚,- բավական աղոտ բացատրում է կուսակցությունն իր մասնակցությունը խորհրդարանական կոալիցիայի փլուզման գործում: Հրաժարական են տվել երեք նախարար և Շիրակի և Արագածոտնի՝ ՀՅԴ-ական մարզպետները:

Փաշինյանի ընտրվելու համար անհրաժեշտ է 53 ձայն, այսօրվա դրությամբ ընդդիմությունն ունի 40-ը, հնարավոր է, 47` Դաշնակցության հետ միասին: Դա էլ այն դեպքում, եթե բացառապես բոլորն իրենց ձայնը տան Փաշինյանին: Նրան կմնա հայթայթել առնվազն 6 ձայն՝ իր կողմը գրավելով հանրապետականների մի
մասին: Հայաստանի վարչապետի ընտրության հարցի քննարկումը նշանակված է մայիսի 1-ի կեսօրին, հենց այդ օրն էլ կարող է կայանալ քվեարկությունը.
պատգամավորները կհավաքվեն միայն այդ հարցին նվիրված հատուկ նիստին:

Հայաստանում իշխանությունը կազմաքանդվում է, սակայն, դեռևս, չնայած ուսապարկով մորուքավոր մարդու կատաղի ակտիվությանը, չի փոշիանում:
Գլխավոր իրադարձություններն առջևում են, եթե միայն մինչև մայիսի 1-ը մնացած օրերի ընթացքում Փաշինյանը չգտնի իրեն համար անհրաժեշտ ձայները.

– դա, չնայած ցուցարարների՝ ՀՀԿ-ի հանդեպ ատելության ջանասիրաբար սերմանումին, այսպես թե այնպես կխաթարի նրա “ժողովրդական առաջնորդի”
իմիջը, որը ջանասիրաբար կերտում է հայկական հեղափոխության տեխնոլոգների
կողմից:

– դա նրան կստիպի դիմել բողոքի ծայրահեղականացմանը, իսկ նրանք, ովքեր ՙՙառաջնորդում՚՚ են Փաշինյանին, ամեն ջանք գործադրում են նրա 2018թ.
կերպարը տարանջատելու տասնամյա վաղեմության իր կերպարից, երբ փողոցային անկարգությունների արդյունքում մարդիկ մահացան:

Մայիսի 1-ին, ի վերջո, հայտնի կդառնա, թե հետագայում ինչ տեղի կունենա Հայաստանում. արդյո՞ք Փաշինյանը կփոխի իր հասարակ, բայց բազմանշանակ զինվորական ոճով վերնաշապիկը թանկարժեք կոստյումով, թե հանրապետականներն ամեն դեպքում կդիմակայեն ՙՙթավշյա հեղափոխությանը՚՚, առաջ կքաշեն վարչապետի սեփական թեկնածուին (այդպիսով դրդելով փողոցային բողոքի ցույցերի նոր ալիք), թե՞ մեկնարկ կտան խորհրդարանի արտահերթ ընտրությունների գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այն մասին, որ պատրաստ է շարունակել ցույցերը այնքան ժամանակ, մինչև չդառնա Հայաստանի վարչապետ: Ընդ որում, իհարկե, նա հղում է կատարել ցուցարարներին, իբր, «ես ընդամենը կարծում եմ, որ մարդիկ մեզ թույլ չեն տա գործել այլ կերպ»: Ուսապարկով (պարկում
կատվո՞վ) մարդու դերը կայանում է նրանում, որ թույլ չտա մարդկանց կանգ առնել, քանի դեռ ինքը չի նշանակվել Հայաստանի ղեկին»:

http://armenpress.am/arm/news/931817/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here