Ինչո՞ւ պետք է հավատանք, որ ձեր կողմնորոշումը Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հարցում փոխվել է. Բաբուխանյանի հարցն ու Փաշինյանի պատասխանը

0
23

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչ գաղափարներով է առաջնորդվելու Հայաստանը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում, նա ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապված. խորհրդարանում ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը գաղափարական հարթակում էին:

«Մենք և դուք ունենք գաղափարական խորը տարաձայնություններ: Մենք ազգային պահպանողական գաղափարախոսության հետևորդներն ենք, դուք՝ լիբերալ: Երբ ասում էիք, որ Հանրապետական որևէ թեկնածու չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու, արդյո՞ք դուք նկատի ունեիք, որ երկիրը պետք է առաջնորդվի միայն լիբերալ գաղափարներով և չի կարելի թույլ տալ ազգային պահպանողական գաղափարախոսությամբ ղեկավարել երկիրը: Դրանից բացի, ժամանակին դուք ասել եք, թե չգիտեք, թե ինչ ասել է ազգային արժեքային համակարգը: Ասեմ՝ ազգային գաղափարախոսությունը ենթադրում է պայքար տոտալիտար աղանդների դեմ, պայքար սեռական փոքրամասնությունների արտոնություններ տալու դեմ, վուլգար ֆեմինիզմի դեմ և ապազգային այլ գաղափարախոսությունների դեմ: Իսկ եվրոպական լիբերալ գաղափարախոսությունը հանդուրժողականություն է ցուցադրում այս խնդիրներին: Հաջորդ դիտարկումը, արտասահմանում ձեզ պաշտպանում են այնպիսի ծայրահեղ արևմտամետ գործիչներ, ինչպիսիք են Սահակաշվիլին, Նավալնին, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Միտչելն անթաքույց ձեզ աջակցություն է հայտնել: Կարծում եմ, որ ձեր շրջապատում նույնպես շատ են արևմտամետ գործիչներ, եթե դրան գումարենք հակառուսական արտահայտությունները, ձեր նախընտրական ծրագրում ԵԱՏՄ-ից դուրս գալու դրույթը, ապա մենք հիմա ինչո՞ւ պետք է հավատանք, որ ձեր կողմնորոշումը Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հարցում փոխվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայկ Բաբուխանյանը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում այսպես կոչված « -իզմերով» պայմանավորված սահմանազատումները  վերանում են հետևողականորեն:

«Չեզոք օրինակ ներկայացնեմ, կոմունիզմը և մասնավոր սեփականությունը համարվել են անհամատեղելի երևույթներ, բայց այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, որն աշխարհի զարգացած երկրներից է, համատեղել է կոմունիզմը և մասնավոր սեփականությունը, ինչը նշանակում է, որ «-իզմերի» դարաշրջանը վաղուց ավարտվել է: Հիմա մի դարաշրջանում, երբ ամենակարևոր խնդիրը մարդու երջանկությունն ապահովելն է, կարծում եմ, որ դա բացարձակ կապ չունի որևէ «-իզմի» հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարություններին, ապա նա նշեց, որ այսօր իրավիճակային փոփոխություն է տեղի ունեցել:

«Մեր նախընտրական ծրագրում ասվել է և տրվել է գնահատական ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և որևէ գաղտնիք չկա, որ մենք դեմ ենք քվեարկել այդ որոշմանը: Մեր նախընտրական ծրագրում ասված է, որ այդտեղ կան ռիսկեր, որոնք պետք է կառավարվեն: Մեկ իրավիճակ է, երբ այդ ռիսկերին ստիպված ես անդրադառնալ որպես ընդդիմություն, մեկ այլ իրավիճակ է երբ կարող ես անդրադառնալ որպես իշխանություն: Իրավիճակների տարբերությունն այն է, որ դու հնարավորություն ունես այդ խնդիրները քննարկել գործընկերների հետ և գալ ընդհանուր հայտարարի: Մեր տրամադրվածությունը հենց այդպիսին է: Այս իրավիճակը ճշգրիտ գնահատելու համար պետք է արձանագրել մի բան, ես պարտավոր եմ ներկայացնել ժողովրդի հավաքական տեսակետը, նույնիսկ վեր կանգնել նախկինում իմ ասածներից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուն նաև ընդգծեց, որ անթույլատրելի է համարում, այն, որ որևէ քաղաքական գործիչ կոչվի արևմտամետ, ռուսամետ, ամերիկամետ, իրանամետ, վրացամետ:

«Հայաստանում քաղաքականություն պետք է ծավալեն միայն ու միայն հայամետ քաղաքական գործիչները: Եվ ես Հայաստանի Հանրապետության ազգային գաղափարախոսության առանցքը համարում եմ հետևյալը՝ Հայաստանի՝ որպես պետության, գոյության իմաստը, մարդկային հոգևոր տնտեսական, ֆինանսական ներուժի կենտրոնացումն է սեփական տարածքում, և այդ ներուժի անվտանգությունը, բնականոն   զարգացումն ապահովելն է: Եվ իմ ամենամեծ նպատակը մեծ հայրենադարձության ապահովումն է»,-հավելեց նա:

Ազգային ժողովի հատուկ նիստին գրանցվեց 102 պատգամավոր, քվորում ապահովվեց, խորհրդարանը սկսեց աշխատանքները: ԱԺ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

http://armenpress.am/arm/news/932007/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here