Աղքատությունը որպես խնդիր Հայաստանում հաղթահարելի է. Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Հակոբ Հակոբյանին

0
22

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում գումարված հատուկ նիստում, որտեղ պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց սոցիալական հարցերում նրա անելիքների մասին ընտրվելու դեպքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը նշեց, որ Փաշինյանի ղեկավարած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտի հետ կապված առանձնապես դրույթներ ընդգրկված չեն, մինչդեռ որպես վաղվա վարչապետ նա պետք է կուսակցության ծրագիրը դարձնի իր քաղաքականության առանցքը: Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչ մոտեցում ունի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ժողովրդագրության, կենսաթոշակների, աշխատավարձերի ու աղքատության հետ կապված:

«Աղքատության հետ կապված կա պարզ լուծում. մենք ունենք համապատասխան բյուջետային եկամուտներ, տնտեսություն, որը պատրաստ է, ի վիճակի է ապահովել մարդկանց նվազագույն և ավել կարիքները: Ակնհայտ է, որ այսօր տեղի ունեցող փոփոխությունների պատճառներից մեկն էլ այն է, որ հայաստանցիները հասկացել են, որ խնդրի լուծման համար այլևս չի կարելի հույս կապել իշխող մեծամասնության հետ և հարկավոր են փոփոխություններ»,- ասաց Փաշինյանը: Նա այս օրերին տասնյակ զանգեր է ստանում Սփյուռքի հաջողակ, մեծահարուստ գործարարներից, ովքեր ասում են, որ օր առաջ գալու են և ներդրումներ անեն Հայաստանում:

«Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ հստակ հայկական Սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին: Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման: Իհարկե, ես հիմա չեմ կարող ասել, թե մինչև քանի տոկոս կիջնի աղքատությունը, բայց ես համոզված եմ, որ աղքատությունը որպես խնդիր Հայաստանի Հանրապետությունում հաղթահարելի է»,- նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն:

Արձագանքելով պատասխանին՝ Հակոբ Հակոբյանը նկատեց, որ պատասխանը վերաբերում էր միայն գործազրկության պակասեցմանն ու հետևաբար նաև աղքատության նվազմանը, սակայն հստակ պատասխան չհնչեց աշխատավարձերի ու կենսաթոշակների հետ կապված:

Պատասխանելով այս դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց., որ տնտեսության զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը բնականաբար կբերի աշխատողի պահանջարկի, որն ինչքան մեծ է, այնքան բարձր է աշխատավարձը. «զարգացող տնտեսությունում եթե լուծվում է աշխատատեղի, բյուջետային եկամտի խնդիրները, մյուս խնդիրները չեն կարող մնալ նույն մակարդակի վրա»:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

http://armenpress.am/arm/news/932017/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here