ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

0
22

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության որոշումը նույնն է և անփոփոխ է`կողմ քվեարկել ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյան թեկնածությանը: Այդ մասին իր ելույթում  հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մեր դիրքորոշման նպատակը հստակ է` հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սա մեր ժողովրդի և քաղաքական ուժերի հասունության և իմաստնության փորձություն է: Դեռ Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ մեր մտահոգություններն ասել էինք, որ պարտավոր ենք ապացուցել, որ այս նոր կառավարման համակարգով երկրում բան է փոխվելու, որ արատավոր բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախ և առաջ փոխել կարգերը ու օր առաջ հաստատել նոր կարգեր: Այո, պնդում էինք, որ հնից օր առաջ ազատվելու համար երկրում պետք էր նոր կարգեր հաստատել: Հիշեցնում էինք սակայն, որ Աստվածաշունչը զգուշացնում է, որ նոր գինին հին տակառների մեջ չեն լցնում, որովհետև նոր գինին կպատռի հին տակառը»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` հիմա ունենք նոր, ֆորսմաժորային իրավիճակ, որ անհապաղ լուծումներ է պահանջում: Ըստ Ռուստամյանի` Սերժ Սարգսյանն իր հրաժարականով դրա համար դուռ բացեց և ապացուցեց, որ վարչապետի պաշտոնի ստանձնումը նեղ հատվածական շահ չէր հետապնդում:«Հիմա Հանրապետականի հերթն է՝ ապացուցել, որ նեղ կուսակցական շահ չի հետապնդում և պատրաստ է գնալ խաղաղ հանգուցալուծման ճանապարհով: Այս պահին, շարժման առաջին փուլը, որը կարելի է բնորոշել, որպես իրեն սպառած հինը մերժելու փուլ, որոշակի առումով կատարված է: Հիմա սկսել է ամենադժվարինը՝ արարման փուլը, այդ մերժման հիմքում ընկած պատճառների վերացման փուլը: Մենք պարտավոր ենք անցյալի սխալները չկրկնելով թույլ չտալ, որ համաժողովրդական զարթոնքի ներուժը մսխվի, ժողովուրդը հիասթափվի, այլ անենք ամեն ինչ, որ բոլորը, ամեն մի քաղաքացի զգա ժողովրդական շարժման բերած նոր շունչն ու ճաշակի դրա բարերար արդյունքները»,– ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը` ավելացնելով, որ այս արարման փուլը հաջողելու գրավականը նախ և առաջ արտաքին ուժերի միջամտությունը բացառելն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունը պահպանելը, հասարակությունն օտարների և յուրայինների չբաժանելը և ներազգային համերաշխության ու բոլոր կողմերի համախոհության վրա հիմնված միասնաբար առաջ ընթանալը:

«Սա պետք է լինի հաղթանակ, որի մեջ իրենց դերակատարությունն են բերում բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ խոսել և համաձայնեցրել ենք այս փուլի հետ կապված սկզբունքային և առաջնահերթ  նշանակություն ունեցող մի շարք կարևորագույն հարցեր, որոնցից ես հատկապես ուզում եմ առանձնացնել հետևյալները. պետք է իրականացնել խաղաղ հանգուցալուծման ներքաղաքական այնպիսի գործընթաց, որը չի վտանգի մեր դիրքերն ու պաշտպանունակությունը ղարաբաղյան ճակատում: ԼՂ հակամարտության կարգավորում այն սկզբունքներով, որոնց հիմքում ընկած է Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով արդեն իսկ արտահայտված կամքը,  Ընտրական համակարգի բարեփոխումը` տարածքային, ռեյտինգային ընտրակարգի վերացմամբ, խորհրդարանական կառավարման համակարգի հետագա զարգացումը՝ ուղղված իշխանության լիարժեք ապակենտրոնացմանը, համազգային շահերից բխող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում և Հայոց ցեղասպանության ճանաչման հետևողական գործընթաց, ԵՄ, ԵԱՏՄ, և ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային հարաբերությունների շարունակում»,- ասաց Ռուստամյանը:

 

http://armenpress.am/arm/news/932050/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here