Ովքեր կարող են փոխարինել Գրիգոր Ավալյանին և Աղվան Վարդանյանին խորհրդարանում

0
38

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները փոփոխությունների կհանգեցնեն նաև խորհրդարանի կազմում: Մայիսի 1-ին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Բացի այդ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս վայր կդնի մանդատը, քանի որ մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը նա դեմ գնաց ՀՅԴ-ի որոշմանը Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում կողմ քվեարկելու մասին: Վարդանյանը հայտարարեց, որ չի քվեարկելու և պատրաստակամություն հայտնեց վայր դնել մանդատը, եթե կուսակցությունը պահանջի:

Դրան հետևեց ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը, որով Աղվան Վարդանյանին պահանջում են վայր դնել պատգամավորական մանդատը: Խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՅԴ-ն կարող է այդքանով չբավարարվել և Վարդանյանին նույնիսկ կուսակցությունից հեռացնել:

«Արմենպրես»-ը ներկայացնում է, թե խորհրդարանում ովքեր կարող են փոխարինել Գրիգոր Ավալյանին և Աղվան Վարդանյանին: Աղվան Վարդանյանը պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով, հետևաբար խորհրդարանում նրան կարող է փոխարինել կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի տակ գրանցված թեկնածուն, ով տվյալ դեպքում Ռուզաննա Առաքելյանն է: Եթե Ռուզաննա Առաքելյանը հրաժարվի իրեն հասանելիք մանդատից, ապա նրան հաջորդում է Սպարտակ Սեյրանյանը:

Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել ՀՀԿ տարածքային ցուցակով Տավուշի մարզից, ինչը նշանակում է, որ նրան Ազգային ժողովում կփոխարինի Տավուշի մարզի ՀՀԿ տարածքային ցուցակում ամենաշատ ձայներ հավաքած երկրորդ թեկնածուն: 13-րդ ընտրատարածքում (Տավուշի մարզ) ՀՀԿ տարածքային ցուցակում Գրիգոր Ավալյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Հակոբ Հակոբյանն է, ով նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր: Գրիգոր Ավալյանը հավաքել է 17 հազար 113 ձայն, իսկ Հակոբ Հակոբյանը` 8090 ձայն:

http://armenpress.am/arm/news/932143/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here