Արտաքին Գործոց Նորանշանակ Նախարար Զոհրաբ Մնացականեան՝ 8 Հարց Ու Պատասխան

0
37

Պատրաստեց՝ ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

«Պարզաբանում» խորագրի հերթական թողարկումը պատմում է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականեանի մասին.

 

  1. Որտե՞ղ է աշխատել Զոհրաբ Մնացականեանը:

Զոհրաբ Մնացականեանը Հայաստանի ամենափորձառու դիւանագէտներից է:

ԱԳՆում նա աշխատում է 1991 թուականից:

Եղել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանութեան երկրորդ, յետագայում առաջին քարտուղարը, զբաղեցրել է ԱԳՆ առաջին եւրոպական վարչութեան, Եւրոպայի վարչութեան պետի, ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին յարաբերութիւնների վարչութեան պետի պաշտօնները:

Եղել է Ժնեւի ՄԱԿ գրասենեակում եւ այլ միջազգային կազմակերպութիւններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շուէյցարիայի համադաշնութիւնում ՀՀ դեսպան, Եւրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2011-2014թթ. Զոհրաբ Մնացականեանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր:

2014 Ապրիլին նշանակուել էր Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւնում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

Ունի արտակարգ եւ լիազօր դեսպանի դիւանագիտական աստիճան:

 

  1. ՄԱԿի ո՞ր կառոյցներն է ղեկավարել Զոհրաբ Մնացականեանը:

2016 թուականի Յունուարին ՄԱԿում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականեանն ընտրուել էր կազմակերպութեան Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչութեան հիմնադրամի (ՄԱԲՀ) եւ Ծրագրերի իրականացման գրասենեակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ՝ մէկ տարի ժամկէտով:

 

  1. Ո՞րն եղել է Զոհրաբ Մնացականեանի առաջին յանձնարարութիւնը ԱԳՆում:

«Երբ նախարարութիւն եկայ, ինձ որպէս քննութիւն յանձնարարուեց նամակ գրել Մեծ Բրիտանիայի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու ցանկութեան մասին: Այդպէս, իմ առաջին աշխատանքն եղաւ ՀՀ արտգործնախարարի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին նամակի նախագծի պատրաստումը», պատմել էր Զոհրաբ Մնացականեանը 2012 թուականին «Մեդիամաքս»ին տուած հարցազրոյցում:

 

  1. Ինչի՞ համար 2017 Դեկտեմբերին Զոհրաբ Մնացականեանը շնորհակալագիր ստացաւ ՀՀ նախագահից:

2017թ. Դեկտեմբերի 29ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհակալագրերով պարգեւատրեց Հայաստանի եւ Եւրոպական Միութեան միջեւ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի բանակցութիւնների գործընթացում ներդրում ունեցած պաշտօնեաներին: Նրանց թւում էր Զոհրաբ Մնացականեանը:

Զոհրաբ Մնացականեանը Եւրոպական Միութեան հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի գլխաւոր բանակցողն էր: Դեռեւս 2013 թուականի Յուլիսին նա յայտարարում էր, որ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրուելու է Նոյեմբերին Վիլնիւսում կայանալիք Արեւելեան Գործընկերութեան գագաթնաժողովում եւ լիովին ուժի մէջ կը մտնի 2017-2018թթ.:

ԵԱՏՄին Հայաստանի անդամակցութիւնից յետոյ Ասոցացման համաձայնագրի կնքումը անհնարին դարձաւ, սակայն բանակցուած փաստաթուղթը դարձաւ այն հիմքը, որի վրայ կառուցուեց Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը:

 

  1. Ինչի՞ համար է Զոհրաբ Մնացականեանը Խաղաղութեան մրցանակ ստացել:

Ամէն տարի Սեպտեմբերի 22ին՝ Խաղաղութեան միջազգային օրը, The Association for Trauma Outreach & Prevention (ATOP) եւ Meaningfulworld կազմակերպութիւնները պարգեւատրում են կազմակերպութիւններին եւ անհատներին, որոնց աշխատանքն արժանի է յատուկ ճանաչման՝ գլոբալ (համշխարհային-Խմբ.) եւ տեղական մակարդակներով խաղաղութիւն հաստատելու ջանքերի եւ մարդասիրական գործունէութեան համար:

2016 թուականի Խաղաղութեան մրցանակակիրների թւում էին ՄԱԿում ՀՀ դեսպան Զոհրաբ Մնացականեանը, սպառնալից վերաբերմունքի դէմ ուղղուած կրթական ծրագրերի մշակող Էշլի Թոբիասը եւ Խաղաղութեան միջազգային ինստիտուտը:

2015թ. Սեպտեմբերի 11ին՝ Հայաստանի Հանրապետութեան երկար տարիների յամառ դիւանագիտական ջանքերից յետոյ ՄԱԿի Գլխաւոր ասամբլէան (ժողովը-Խմբ.) բոլոր ցեղասպանութիւնները դատապարտող բանաձեւ էր ընդունել: Բանաձեւը Դեկտեմբերի 9ը սահմանում է որպէս «Ցեղասպանութեան յանցագործութեան զոհերի յիշատակի եւ այդ յանցագործութեան կանխարգելման միջազգային օր»:

 

  1. Ի՞նչ է ասել Զոհրաբ Մնացականեանը «խաւիարային դիւանագիտութեան» մասին:

2016 թուականի Նոյեմբերին «Միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանումը. Ջուր, խաղաղութիւն եւ անվտանգութիւն» խորագրով ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի բաց քննարկման ժամանակ Զոհրաբ Մնացականեանն ասել էր.

«Որպէս բարի կամքի դրսեւորում Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները պարբերաբար առաջարկել են ջրի բաշխման մեխանիզմներ, որպէսզի այդ ռեսուրսներն (միջոցները-Խմբ.) աւելի արդիւնաւէտ համատեղ օգտագործուեն Ադրբեջանի հետ, որը կարող է յանգեցնել նաեւ կողմերի միջեւ վստահութեան ձեւաւորման: Սակայն, Ադրբեջանը նախընտրում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել եւ կասկածելի «վկայութիւններ»ի միջոցով ապատեղեկատուութիւն տարածել: Խաւիարային դիւանագիտութեամբ զբաղուելու փոխարէն՝ Ադրբեջանը լաւութիւն կ՛անի ինքն իրեն եւ տարածաշրջանին՝ համաձայնեցուած ձեւաչափի շրջանակում անկեղծօրէն ներգրաւուելով բանակցային խաղաղ գործընթացում»:

 

  1. Ի՞նչ է ասել Զոհրաբ Մնացականեանը եւրոպական արժէքների մասին:

«Երբուանի՞ց եւրոպական արժէքները սկսեցին ընկալուել զուտ սեռական փոքրամասնութիւնների իրաւունքների համատեքստում: Փաստօրէն, միլիոնաւոր ֆրանսիացիներ, որոնք Փարիզում ցոյցեր են անում՝ ի պաշտպանութիւն աւանդական ընտանիքի, դո՞ւրս են եւրոպական արժեհամակարգից: Անհեթեթութիւն է, այդպէս չէ՞: Չէ որ նրանք Մոնտեսքիւի, Վոլտերի, Կամիւի, Սարտրի յետնորդներն են, եւ այս ցուցակը կարելի է երկար շարունակել», 2013 թուականին գրել էր Զոհրաբ Մնացականեանը «Մեդիամաքս»ի իր «Ընտրովի Խտրականութիւն Գոյութիւն Չունի» սիւնակում:

«Եւրոպական արժէքները երեք հազարամեայ քաղաքակրթութեան արդիւնք են: Նրանց հիմքում են Արիստոտելը եւ Պլատոնը, Նարեկացին եւ Գօշը, Վերածնունդն ու Ռեֆորմացիան, Բենթամը եւ Միլը, Հեգելը եւ Ռուսօն, Քոբդենը եւ Ադամ Սմիթը, Մազինին ու Դիւնանտը, Դեստոեւսկին եւ Բուլգակովը, արդիւնաբերական յեղափոխութիւնը, ազատ առեւտուրը, ազգային ազատագրական շարժումն ու քաղաքացիական ազատութիւնները: Եւրոպան նաեւ գիտի, թէ ինչ է գաղութատիրութիւն եւ պատերազմներ, խտրականութիւն ու ցեղասպանութիւն եւ ամօթի մոխրից յառնել է դէպի ժողովրդավարութիւն, մարդու իրաւունքներ եւ հիմնարար ազատութիւններ: Սա հէնց այն է, ինչը մենք հոգեհարազատ ենք համարում մեր հասարակութեան եւ մեր երեխաների համար», գրել էր ապագայ նախարարը:

 

  1. Ի՞նչ է կարծում Զոհրաբ Մնացականեանը դիւանագիտական պարտութիւնների ու յաղթանակների մասին:

«Դիւանագիտութիւնը ծառայութիւն է, ինչպէս պաշտպանութեան ոլորտը, որ պահանջում է խիստ կարգապահութիւն, ցանկացած նոր օտար պայմաններին ադապտացուելու (յարմարուելու-Խմբ.) կարողութիւն, պետական շահի ընկալում ու տիրապետում համապատասխան գործիքներին, որոնց միջոցով իրականացւում է պետութեան արտաքին քաղաքականութիւնը:

Դիւանագիտութեան մէջ պարտուելն առաջին հերթին վերաբերում է փոխզիջման բալանսը (հաւասարակշռութիւնը-Խմբ.) խախտելուն, այլ ոչ թէ ամէն բան զիջելուն, քանզի վերջինս ուղղակի կապիտուլեացիա (անձնատուութիւն-Խմբ.) է, ինչը դիւանագիտական ոլորտից չէ:

Ընդհանրապէս, դիւանագիտական պարտութիւններն ու յաղթանակներն այս մասնագիտութեան մէջ տարբեր են սպորտի կամ ռազմական ոլորտից:

Մենք ներկայացնում ենք մի պետութիւն ու ժողովուրդ, որ իր քաղաքակրթական հարստութեամբ ու ներուժով, մարդկային գործօնով ու բազմաշատ տաղանդով մեզ հաղորդում է այլ ազգերի ու ժողովուրդների յարգանքը: Ինքնավստահութիւնն (բացառելով ինքնասիրահարուածութիւնն, իհարկէ) ու պարկեշտութիւնը դրանից բխող շարժիչ ուժ են մեր աշխատանքում», ասել էր Զոհրաբ Մնացականեանը 2015 թուականին «Մեդիամաքս»ի հետ զրոյցում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here