Քաղաքագետը տրամաբանական է համարում ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի՝ կառավարությունում պորտֆել ստանալը

0
40

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ձևավորվող կառավարությունը չի կարելի անվանել ազգային համաձայնության կառավարություն, որովհետև այնտեղ ներկայացված չի ԱԺ խոշոր ուժերից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Հաշվի առնելով քաղաքական խաղի կանոնները, պարզ է, որ պետք է ձևավորվեր կառավարություն, որը չենք կարող անվանել ազգային համաձայնության կառավարություն, որովհետև այնտեղ ներկայացված չի ԱԺ խոշոր ուժերից մեկը։ Սակայն համաձայնության, կամ կոալիցիոն տեսանկյունից ինչ-որ էլեմենտներ առկա են։ Բնականաբար, խոսքն այն նախարարների մասին է, ովքեր ներկայացնում են ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքն ու օժանդակել են Փաշինյանին վարչապետի ընտրության ժամանակ»,- ընդգծեց Մարգարովը:

Նա տրամաբանական է համարում, որ Կառավարությունում իրենց պորտֆելները ստանում են «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Քաղաքագետի պնդմամբ՝ տրամաբանական է նաև ենթադրել, որ այս համամասնական բաշխումը շարունակվելու է փոխնախարարների և մարզպետների նշանակման պարագայում նույնպես:

«Կարելի է առանձնացնել նաև այն դաշտը, որը քաղաքականացված չէ, բայց ներկայացնում է այն շերտը, որոնք իրենց երաշխավորել են որպես պրոֆեսիոնալներ այս կամ այն ոլորտում։ Հատկապես խոսքը Արտաքին գործերի և պաշտպանության նախարարության մասին է, որտեղ երևում է, որ նշանակումները եղել են՝ հաշվի առնելով ձեռք բերված տեսական պայմանավորվածությունները և պատրաստակամությունը տվյալ մարդկանց կողմից՝ աշխատել նորանշանակ վարչապետի թիմի հետ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:

Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությունը ինչ-որ առումով անձնավորված է, այլ ոչ թե ինստիտուցիոնալիզացված՝ փորձագետը նկատեց, որ Կառավարությունը և Փաշինյանն ունեն բավականին մեծ սոցիալական կապիտալ, որը նրանք ձեռք են բերել այս բողոքի ալիքի շրջանակում։

«Այդ կապիտալը օգտագործելը իրենց համար բարդ է լինելու՝ փորձելով բարեփոխումներ իրականացնել: Գտնվելով  օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրավիճակում  և ունենալով սոցիալ տնտեսական սահմանափակումներ՝ պարզ է, որ բարեփոխումների գործընթացը բարդ է լինելու»,- նշեց քաղաքագետը:

 

 

http://armenpress.am/arm/news/933741/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here