Վայրի բնություն է վերադարձվելու երկու արջ

0
19

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը «Հոդված 3» ակումբում մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ընթացքում լրագրողներին է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)  կողմից և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ իրականացվող անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության լայնածավալ ծրագիրը: Ասուլիսին մասնակցել են FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության ծրագիրը, որը ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իրականացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության, Բրիջիդ Բարդո հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ։ Բանախոսը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում առաջիկա օրերին նախատեսվում է վայրի բնություն վերադարձնել նախորդ տարի ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից ՀՀ Լոռու մարզում հայտնաբերված՝ առանց մայրական խնամքի երկու արջի քոթոթի։ Տեսչության ահազանգից հետո քոթոթները տեղափոխվել էին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան, որտեղ առանց մարդու հետ շփվելու, հատուկ խնամքի միջոցով նախապատրաստվել են վայրի բնություն վերադարձնելուն։

ՀՀ բնապահպանության  նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել FPWC հիմնադրամին և IAR-ին արդյունավետ համագործակցության համար և նշել որ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրը գտնվում է բնապահպանական գերատեսչության ուշադրության կենտրոնում և այն լուծելու համար հասարակական կազմակերպությունների ու մասնագետների հետ համատեղ մշակվել է օրենքի նախագիծ, որը  շուտով ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողով։

ՀՀ բնապահպանության փոխնարարը հայտնել է, որ հետևողական են լինելու գույքագրված անազատ պայմաններում պահվող ևս 80 արջերի խնդրի լուծման հարցում և տեղեկացրել է, որ ծրագրի մեկնարկը մարդկանց մոտ փոխել է երևույթի ընկալումը, ինչի արդյունքում անազատ պայմաններում արջեր պահող ավելի շատ անհատներ ինքնակամ հիմնադրամին են փոխանցում համապատասխան չափանիշներին չհամապատասխանող պայմաններում պահվող կենդանիներին։

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) տնօրեն Ալան Նայթը  պատրաստակամություն է հայտնել ավելի ինտենսիվ աշխատել ՀՀ նոր ձևավորված իշխանությունների հետ վայրի կենդանիների պաշտպանության հարցերում։ Ուրախությամբ արձանագրելով, որ ծրագրի շրջանակներում արդեն 15 արջ գտնվում է ապաստարանում՝ բանախոսը նկատել է, որ նոր կենդանիներ ընդունելու համար անհրաժեշտ է ընդլայնել ապաստարանի տարածքը, ինչի համար Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը պատրաստ է ցուցաբերել աջակցություն։

http://armenpress.am/arm/news/933879/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here