Մեծ թվով մարդկանց կողմից Հայաստանում ներդրումների ձգտում կա. նախարար Մինասյան

0
22

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավական մեծ թվով անձանց կողմից Հայաստանում ներդրումների ձգտում կա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշեց, որ այս պահին չկա որևէ ցուցանիշի վատթարացման նշան, որը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի տնտեսական իրավիճակի տեսանկյունից: «Մենք մեր ենթակառուցվածքները պետք է բերենք հավուր պատշաճի, որ ներգրավենք նոր ներդրումներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ պետական արտոնություններով պայմանավորված (մաքսատուրքերից ազատում)՝ հաշվարկված շուրջ 35 միլիարդ դրամի ներդրում է առկա, աջակցության այլ գործիքներով, որոնք վերաբերում են վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը և ԱԱՀ-ի հետ վերադարձներին, կամփոփվեն առաջիկա երեք օրերին:

Անդրադառնալով համակարգում իրականացվելիք փոփոխություններին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջիկայում ավելի համալիր կերպով հանդես կգան՝ ներառյալ կառավարության ծրագրում իրենց առաջարկությունները ներկայացնելը: Նրա խոսքով՝ իրենց ծրագրում կլինեն ինչպես նոր մոտեցումներ, այնպես էլ կապահովեն նախորդ կառավարության որդեգրած ուղղություններում և ոլորտներում իրականացվող ծրագրերի շարունակությունը: «Նոր ծրագրում կլինեն նաև նոր մոտեցումներ, այդ թվում՝ հակամենաշնորհային քաղաքականության մասին»,-հավելեց նախարար Մինասյանը:

Բնապահպանության նախարարի 19-ամսյա փորձն էլ նրան տվել է այն համոզումը, որ կայուն զարգացման հենասյուները՝ սոցիալական ներառականությունը, տնտեսական աճը, բնապահպանական կայունությունը, ճիշտ պահելով է, որ կարելի է հասնել կայուն աճի:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին, որը մայիսի 17-ին ստորագրվել է Աստանայում, որով ապրանքների լայն շրջանակի համար կկիրառվի զրոյական կամ արտոնյալ մաքսատուրքերի ռեժիմ, ապա, ըստ Մինասյանի, այն նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար: Մի կողմից՝ Հայաստանի տարածքն օգտագործելու տեսանկյունից, մյուս կողմից՝ «Մեղրի» ազատ առևտրի գոտում արտադրություններ հիմնելու և ծառայություններ մատուցելու առումով: Նա հայտնեց, որ այդպիսի համաձայնագիր է նախատեսված նաև Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև:

http://armenpress.am/arm/news/933882/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here