Ինչպես շենքերը դարձնել էներգաարդյունավետ եւ նվազեցնել բնակիչների ծախսերը․ ՄԱԶԾ-ն աշխատաժողով է գումարել

0
65

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախաձեռնությամբ մայիսի 17-ին Երեւանում տեղի ունեցավ «Բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության կառավարում և ֆինանսավորում» խորագրով աշխատաժողով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Մեկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին բազմաբնակարան շենքերի կառավարման օրենսդրության լավագույն փորձը, պետական և դոնոր կազմակերպությունների կողմից շենքերում էներգաարդյունավետության ռազմավարությունների իրականացման ճանապարհները, այդ թվում նաև բազմա­բնակարան շենքերի աջակցության պետական գործակալությունների   ստեղծման և գործունեության աջակցության ճանապարհով:

Աշխատաժողովի ընթացքում նաեւ հնչեցին փորձագիտական կարծիքներ՝ Հայաստանում Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների միջազգային լավագույն փորձի կիրառելիության վերաբերյալ:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համա­տեղ և Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ, իրականացնում է «Շենքերի էներգա­արդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» վեցամյա ծրագիրը: Այն ֆինանսավորում է Կլիմայի կանաչ հիմնադրամը 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային հատկացման միջոցով:

Լրագրողների հետ զրույցում խոսելով ծրագրի մասին՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ պրն Դմիտրի Մարիյա­սինն ասաց, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության միջոցառումները կարող են ապահովել 50-60 տոկոսով Էներգասպառման նվացեզում, համապատասխանաբար, այդ շենքերում բնակվող ընտանիքների՝ էներգիայի ծախսերը կնվազեն գրեթե նույն չափով։

«Մեր ծրագրի նպատակն է անել այնպես, որ բազմաբնակարան շենքերն ունենան շենքերի ջերմամեկուսացման հստակ ֆինանսական համակարգ։ Կարծում ենք, որ, օրինակ, առանձին ընտանիքների՝ բնակարանի պատուհանները փոխելու համար գումար տրամադրելու փոխարեն, շատ ավելի արդյունավետ է շենքն ամբողջությամբ վերանորոգել նորագույն տեխնոլոգիաներով, որպեսզի ջերմության կորուստը նվազի  հատկապես ձմռանը։ Դրա համար շենքի բնակիչները պետք է միավորվեն եւ համաձայնության գան, թե ինչպես պետք է ֆինանսավորվի նախագիծը։ Մեր ծրագիրը միջոցներ է տրամադրելու այդ սխեմայի նախապատրաստման համար, որպեսզի այն առավելագույնս թափանցիկ լինի քաղաքացիների համար։ Մենք նաեւ միջոցներ ենք նախատեսել՝ օժանդակելու ամենակարիքավոր ընտանիքներին։ Սխեման շատ պարզ է․ այսօր բնակիչները մեծ գումարներ են ծախսում իրենց բնակարանները տաքացնելու համար։ Դրա փոխարեն շենքը վերանորոգելուց եւ էներգայի ծախսը կրճատելուց հետո նրանք այդ գումարը աստիճանաբար կվճարեն այն կազմակերպությանը, որը կիրականացնի շենքի վերանորոգումը»։

Մարիյասինի խոսքով՝ մի քանի տարի հետո արդեն Հայաստանում կլինի առնվազն 300-400 էներգաարդյունավետ շենք։

Ծրագիրը մեկնարկել է 2017թ. հուլիսին նպատակ ունենալով շուկայի խոչընդոտները հաղթահարելու միջոցով նպաստելու էներգա­արդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումներին  ինչպես հասարակական, այնպես  էլ բնակելի շենքերում: Այդ միջոցառումները պետք է նպաստեն ՀՀ-ում շենքերի էներգասպառումից արտանետվող ջերմոցային գազերի կրճատմանը և ապահովելով խոցելի տնային տնտեսությունների ռեսուրսների խնայումը:

http://armenpress.am/arm/news/933896/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here