Նշանաւոր Միջոցառում Հայաստանի Գրողների Միութիւնում

0
112

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Օրերս Հայաստանի Գրողների միութեան ստեղծագործական ընթացքը նշանաւորուեց եւս մէկ ուշագրաւ, ազգանպաստ իրադարձութեամբ: Գրողների միութեան սրահում տեղի ունեցաւ վերջերս լոյս տեսած բացառիկ արժէքաւոր եւ հետաքրքրական ժողովածուի շնորհահանդէսը: Ժողովածուի խորագիրն է` «Դէպի ակունքը լոյսի», ենթավերնագիրն է` «Ժամանակակից հայ գրողն ու գրականութիւնը 21-րդ դարի մարտահրաւէրների առջեւ»: Հատորը ընդգրկում է սփիւռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նիւթեր: Այդ համաժողովը տեղի է ունեցել Հայաստանում, Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը, 2017 թ. հոկտեմբերին: Յիշեալ ժողովածուն, բացի համաժողովում տեղի ունեցած ելոյթներից, իր մէջ ներառում է նաեւ սփիւռքահայ գրողների ստեղծագործութիւնները: Այդ հեղինակներից են` Սարգիս Վահագն, Վարանդ, Շուշիկ Տասնապետեան, Անուշ Նագգաշեան, Սալբի Քիւրքչեան-Թաշճեան, Սեդա Վերմիշեւա, Խաչիկ Տետէեան, Տիգրան Գաբոյեան, Արտեմ Կիրակոզով, Գարրի Կալամկարով եւ այլք:

Գրքի շնորհահանդէսին իրենց ողջոյնի, ժողովածուի բովանդակութեան, բարձր գնահատանքի եւ ստեղծագործական վերլուծութեան խօսքն ասացին Հայաստանի գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտոնեանը, բանասիրական գիտութիւնների դոկտոր Պետրոս Դեմիրճեանը, Մ. Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի տնօրէն Վարդան Դեւրիկեանը, Ռուսաստանի դաշնութեան հայերի միութեան փոխնախագահ Վլադիմիր Աղայեանը: Բանաստեղծութիւնների ընթերցմամբ հանդէս եկաւ ՀՀ վաստակաւոր դերասան Սիլվա Եուզբաշեանը: Ժողովածույում ամփոփուած սփիւռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նիւթերի վերնագրերը արդէն իսկ խորիմաստօրէն ներկայացնում են արդի հայ գրականութեան առջեւ եղած բազմազան խնդիրներ, դրանց լուծման ազգանուէր ու բարձրամակարդակ հեռանկարներն ու միջոցները: «Հայոց միասնական գրականութեան պատմական եւ արդիական հիմքերը» (Պետրոս Դեմիրճեան), «Օտարագիր հայ գրականութիւնն ու մեր անժամանցելի դատը» (Գրիգոր Ջանիկեան),  «Իրանահայ գրականութեան հարցեր» (Վարանդ), «Ապահովել շարունակութիւնը» (Ժիրայր Դանիէլեան)` այս եւ մի շարք այլ ուշագրաւ յօդուածներում անկողմնակալօրէն եւ գիտական պատշաճ մակարդակով նշւում են աշխարհասփիւռ հայ գրականութեան պահպանման եւ զարգացման ճշմարիտ ուղիները:

Մնում է աչալուրջ լինել բոլոր այս խորհուրդներին եւ գտնել ազգային ու ստեղծագործական ուժ` այս ամէնը մշտապէս իրականացնելու համար:

Երեւան – Պէյրութ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here